Հայկական կինոյի քայլերը Բեռլինի կինոշուկայում
Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից՝ փետրվարի 20-27-ը գործող Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում Հայաստանն առաջին անգամ ներկայացել է առանձին տաղավարով։ Կինոշուկային մասնակցում է 20 հայ ռեժիսոր ու 15 պրոդյուսեր։ Ընդհանուր առմամբ ներկայացված է 50 հայկական կինոնախագիծ։ kinoashkharh-ը ներկայացնում է խճանկար՝ բեռլինյան կինոշուկայի երթևեկից։
Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյան
ԳԴՀ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը միշտ ցավով է արձանագրել, որ Բեռլինի կինոփառատոնում Հայաստանն առանձին տաղավար չի ունեցել։ «Մենք միշտ խոսում ենք հայկական ֆիլմարվեստի մասին, բայց եթե այդ ֆիլմարվեստը չկարողանանք արտահանել և օտարներին հասանելի դարձնել, այն կմնա միայն մերը՝ մեր երկրի սահմաններում։ Այսօրինակ քայլերը նաև մշակութային քաղաքականության համար են շատ կարևոր։ 2018 թվականին Բեռլինի կինոփառատոնի «Արսենալ» կինոսրահում մեկ ամիս ցուցադրվել են Փարաջանովի ֆիլմերը։ Փարաջանովին, իհարեկ, շատերն են ճանաչում, բայց չպետք է նրանով սահմանափակվենք, պետք է մեր կինոժառանգությունը շարունակենք դրսում ներկայացնել։ Եթե մենք գալիք տարվա համար որևէ բան ենք նախատեսում, այս տարի արդեն պետք է ծրագրենք այն, նախապատրաստենք. մենք միշտ պատրաստ ենք համագործակցելու և աջակցելու»,- հայկական տաղավարի բացման առիթով ասաց Աշոտ Սմբատյանը։
Որքանով են ճանաչում գերմանացիները հայկական կինոն. դեսպաի պատասխանը ոգևորիչ չէ։ Գերմանիայում հայկական կինոյի մասին գիտեն Փարաջանովի միջոցով, ընդ որում՝ նա հաճախ նույնացվում է Ուկրաինայի, Վրաստանի, բայց ոչ Հայաստանի հետ։ «Նառն գույնը» հաճախ է գերմանական հեռուստատեսությամբ ցուցադրվել, այն շատ հայտնի է Գերմանիայում, բայց «Նռան գույնից» զատ, հայկական կինեմատոգրաֆիայի մասին գերմանացիները տեղեկություն չունեն։ Քարոզչության պակասն ակնհայտ է՝ կարծում է դեսպանը։
Հայկական տղավարի պատասխանատու Մելիք Կարապետյան
Բեռլինի կինոշուկայում հանդիպումների նախնական պայմանավորվածություններ, իհարեկ, կային, բայց շատ հանդիպումեր էլ հանպատրաստից են եղել։ «Հենց առաջին օրվանից հայկական տաղավարի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր նկատվում։ Շոշափելի արդյունքները պետք է գրանցեն Հայաստանից Բեռլինի կինոշուկա եկած պրոդյուսերները։ Բայց կինոկենտրոնի ներկայացուցիչները՝ տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, նաև ես տարբեր հանդիպումներ ենք ունեցել։ Օրինակ՝ այսօր Ուզբեկստանի, Վրաստանի ներկայացուցիչների հետ ենք հանդիպել։ 10-15 րոպեում ընդամենը խոսում ենք հեռանկարների, համագործակցության հնարավորությունների մասին, տեղեկություն ենք փոխանակում, իսկ հետագա ընթացքը հետո է երևում։ Առաջին փուլը ձեռքսեղմումի, միմյանց ճանաչելու համար է, պայմանագրեր կնքելու, համագործակցելու փուլերը հետո են գալիս»,- բեռլինյան օրերի գնահատականը տվեց հայկական տաղավարի պատասխանատու Մելիք Կարապետյանը։
Ռեժիսոր Արամազդ Քալաջյան
Կինոռեժիսոր Արամազդ Քալաջյանը 7 տարի առաջ է Նյու-Յորքից Հայաստան տեղափոխվել՝ մշտական բնակության։ Ամուսնացել է հայուհու հետ և հույս ունի, որ մի օր ՀՀ քաղաքացիություն կստանա։ Նա մինչև հիմա ստեղծագործել է կերպարվեստի ժանրում. սովորել է հաղորդակցության դիզայն ու որոշել ունակությունները ներդնել կինոյում։ Գեղարվեստում, գույների աշխարհում իր զգացողություններն ու ապրումները ցանկացել է շարժման մեջ դնել, կադր ու պատկեր ստանալ, բայց ոչ թե թղթի, այլ էկրանի վրա։
«2009 թվականին նկարահենցի առաջին ֆիլմս. այն մեծ մորս մասին էր։ Հենց այդպես էլ վերնագիրն էր՝ «Մեծ մայրիկ»։ Երկրորդ ֆիլմս վավերագրական է՝ Ամերիկայում տեղի ունեցած տնտեսական, սոցիալական ցույցերի մասին. ֆիլմը երբևէ չի ցուցադրվել։ Այս կինոնախագիծը, որով ներկայանում եմ Բեռլինի կինոշուկայում, եթովպիական ջազ երաժշտության հիմքերի մասին է, որոնց հետ հայերը մեծապես կապ ունեն։ Ֆիլմի վերնագիրն է «Դեզետա», որը եթովպերեն նշանակում է կարոտ կամ հիշատակ»,- կինոնախագծի մասին նախնական տեղեկություններ հաղորդեց Արամազդ Քալաջյանը։
Եթովպիական ջազի պատմությունը հուզիչ ու խորհրդանշական է, ո՞վ կպատկերացներ, որ երաժշտության այս ճյուղը Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու Եթովպիայում զարգացել է պատահական մի դիպվածի շնորհիվ։
Ահա և պատմությունը. Եթովպիայի կայսրը Եվրոպա գնալու ճանապարհին Երուսաղեմում 40 հայ որբերի է հանդիպում, Հայոց ցեղասպանությունից հետո ընտանիք ու հայրենիք էին կորցրել։ 40 որբերից նվագախումբ էր կազմվել. կայսրն ունկնդրել է ու նրանց արվեստով ոգեշնչված՝ ասել է. «Ձեզ տուն ու աշխատանք կտամ, այսուհետև դուք իմ որդիներն եք և կլինեք Եթովպիայի կայսերական նվագախմբի անդամներ»։ Որբերի հետ է եղել նաև նրանց խմբավար Գևորգ Նալբանդյանը։
«Ընկերս երաժշտագետ է, նա է այս պատմություն ինձ պատմել, Գևորգ Նալբանդյանի եղբոր տղան՝ Ներսես Նալբանդյանը, եթովպիացի ջազ-երաժիշտների ուսուցիչն է եղել։ Հիմա ոչ Գևորգ Նալբանդյանն է ողջ, ոչ էլ նրա եղբոր տղան, բայց այս պատմությունն ապրում է ու դարձել է իմ և մյուս ռեժիսոր Գարեգին Պապոյանի համատեղ ֆիլմի թեման»,-ասաց Արամազդ Քալաջյանը։ Նախագիծն անցյալ տարի պետական աջակցություն է ստացել։ Ռեժիսորները հույս ունեն, որ Բեռլինի կինոշուկայում էլ համարտադրողներ ու գործընկերներ կգտնեն։ Այս օրերն հենց այդ ուղղությամբ են աշխատում։ Ավստրիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Իսրայելի ներկայացուցիչների հետ արդեն հանդիպել են։
Պրոդյուսեր Ինեսա Մկրտչյան
Պրոդյուսեր Ինեսա Մկրտչյանը «Մոտիվ ֆիլմս» կինոարտադրող ընկերության հիմնադիր տնօրենն է։ Բեռլինի կինոշուկա է բերել երկու կինոնախագիծ՝ «Պայքար» վավերագրական լիամետրաժ ֆիլմը, որը սցենարի զարգացման համար կինոկենտրոնից ֆինանսավորում է ստացել, և «Ելենա քեյք» խաղարկային նախագիծը։ Երկու ֆիլմերի ռեժիսորն էլ Լիլիթ Մովսիսյանն է։
Ինեսա Մկրտչյանը Բեռլինի կինոշուկայում առաջին անգամ է, բայց մեծ ակնկալիքներ ունի. ասում է, որ հանդիպումներից շատ բան է սովորում, համատեղ քննարկումների արդյունքում սցենարը կարող է փոփոխության ենթարկվել, ավելի հետաքրքիր ու գրավիչ դառնալ։ «Արտադրական կամ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմերի համար կինոշուկան ստուգատես է՝ արդյո՞ք նախագիծը հետաքրքիր է։ Պատրաստի կինոնանախագծերն էլ կարող են գործընկերներ գտնել։ Մի խոսքով՝ պատկերը հետևյալն է՝ մի բան է կինոշուկայի մասին լսելը, այլ բան՝ սեփական աչքերով այն տեսնելն ու մասնակցելը»,- ասաց Ինեսա Մկրտչյանը։
Նրա համար շատ կարևոր է, թե ով է ֆիլմի ռեժիսորը, որքանով է վստահում նրան։ Մեկ այլ հանգամանք ևս՝ ո՞րն է ֆիլմի նպատակը՝ փառատոնայի՞ն, թե դրամարկղային ճանապարհը։ Ռեժիսորին էլ պետք է վստահել։ Եթե փառատոներն են նպատակդ, ուրեմն ֆիլմում պետք է արվեստը գերակշռի, իսկ եթե դրամարկղային է լիենելու, ուրեմն թիրախներդ և ուղղությունդ պետք է այլ լինեն՝ որ երկրի հետ ես ուզում համագործակցել, քանի կինոթատրոնում է ֆիլմը ցուցադրվելու, հանդիսատեսն ովքեր են լինելու։ Պոտենցիալ եկամուտը հաշվարկում ես։ Հայաստանը դեռ փնտրտուքների մեջ է, մենք դեռ չենք կողմնորոշվել՝ մեր կինոն ինչի մասին պետք է լինի։
Պրոդյուսեր Կարինե Սիմոնյան
Բեռլինալեի կինոշուկայում Հայաստանի տաղավարը ոգևորել է հայ ռեժիսորներին ու պրոդյուսերներին։ Նրանցից ոմանք կինոշուկաների մասնակցության փորձ ունեն, մյուսները՝ ոչ, բայցևայնպես, բոլորն էլ համակարծիքն են, որ առաջին քայլը վաղուց էր պետք անել. մեր երկիրը չպետք է հետ մնա համաշխարհային կինոմիտումներից։ Պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը Բեռլինի կինոշուկային երկրորդ անգամ է մասնակցում։ Նրա կարծիքով այս հարթակը միջազգային կապեր ստեղծելու հրաշալի հնարավորություն է՝ հանդիպումներ ոչ միայն օտարազգի պրոդյուսերների, այլև փառատոների ղեկավարների հետ։ «Մեր թույլ կինոինդուստրիայով չենք կարող միայնակ գործել, լուրջ հաջողությունների հասնել, հետևաբար, նման հարթակների կարիքը մեր երկիրն, անշուշտ, ունի։
Այս տարի Բեռլին եմ եկել «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի համար համարտադրող գտնելու։ Նախնական պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք էի բերել։ Երեկ եմ իմացել, որ ֆիլմը սցենարի զարգացման համար կինոկենտրոնից աջակցություն է ստացել։ Միջազգային համարտադրողների և պրոդյուսերների համար շատ կարևոր հանգամանք է, որ ֆիլմի նախագիծը քո երկրից ֆինանսավորվում է ստացել»,-նկատեց պրոդյուսեր Կարինե Սիմոնյանը։
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» կատակերգություն-դրամա է. Յաշան շատ տարածված անուն էր Սովետական Միությունում։ Յաշաներ հիմա էլ կան, որոնք ապրում են զուգահեռ իրականություններում։ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմ է, որտեղ Բրեժնևն էլ կա, սովետական ժամանակաշրջանի մյուս դիկտատորներն էլ կան՝ Չեգևարա, Չաուշեսկի, Էրիխ Հոնեկեր։ Գերմանական մի ընկերություն նամակով հայտնել է մեզ, որ հետաքրքված են նախագծով, որովհետև Էդգար Բաղդասարյանն է ռեժիսորը. բացի այդ, Էրիխ Հոնեկերի անունն էլ է գրավել նրանց։ Շուտով հանդիպելու եմ այդ ընկերության ներկայացուցչի հետ»,- բեռլինյան նորությունները պատմեց Կարինե Սիմոնյանը։
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» նա ներկայացրել է նաև Clermont-Ferrand International Short Film Festival–ի Կլերմոֆերանի կինոշուկայում։ Այնտեղ էլ է դիկտատորների մասին ֆիլմը գրավել եվրոպացիներին։ Տեղեկատվական թերթիկները տեղում սպառվել են։ «Ընդհանրապես եվրոպական կինոընկերությունները շատ են հետաքրքրված Սովետական Միության պատմություններով, հատկապես դիկտատորների թեմաներով։
«Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» երկրորդ լիամետրաժ ֆիլմի նախագիծն է, որի պրոդյուսինգով է զբաղվում Կարինե Սիմոնյանը, մինչ այս՝ 6 կարճամետրաժ ֆիլերի պրոդյուսերն է եղել։ Ասում է, որ մասնագիտությամբ մաթեմատիկոս լինելն օգնում է ռացիոնալ մտածել, հաշվարկները ճշգրիտ անել։ Դրան գումարվում է այն, որ կինո շատ է սիրում։
Կարինեն օգնում է նաև ուսանողներին։ Վերջերս մի դեբյուտով մտել են Կլերմոֆերանի փառատոն, որտեղ 9200 ֆիլմերից ընտրվեց 80-ը, և իրենց դեբյուտն այդ 80-ից մեկն է եղել։ Դրանից հետո դռներ բացվեցին. հրավեր են ստացել շվեյցարական հեղինակավոր փառատոնից, Խորվաթիայից՝ նույնպես. ֆրանսիական կինոընկերություններից մեկն էլ է հետաքրքրված ֆիլմի դիստրիբյուցիայով։
Հույս ունի, որ Բեռլինում հայ պրոդյուսերները լուրջ հաջողությունների կհասնեն, գործընկերներ ձեռք կբերեն։ Նրա կարծիքով՝ հայկական տաղավարի ներկայությունը կինոշուկայում չափազանց կարևոր է։ Համարտադրությունները շատ կարևոր դեր ունեն հատկապես փառատոներում, որովհետև փառատոների ղեկավարների համար մեծ նշանակություն ունի, թե որ երկրների հետ ես համագործակցել։ Համարտադրությունը լրջություն է հաղորդում ֆիլմին։
Կինոքննադատ Կարեն Ավետիսյան
Բեռլինի փառատոնին ու կինոշուկայում միաժամանկ փորձում է ներկա լինել կինոգետ Կարեն Ավետիսյանը։ Նրա դիտարկմամբ՝ առաջին տրվա համար շատ արդյունավետ էր Հայաստանի մասնակցությունը կինոշուկայում։ «Հենց միայն մեծ հետաքրքրությունը մեր տաղավարի նկատմամբ ու այցելությունների հաճախականությունն արդեն իսկ աչք են շոյում։ Բեքի Փրոբսթին (երկար տարիներ Եվրոպական կինոշուկայի նախագահ), Քերեն Արիկիանին (Բեռլինի կինոփառատոնի համատնօրեն, Եվրոպական կինոշուկայի ներկայացուցիչ ԱՄՆ-ում նաախկին) տեսա մեր տաղավարում, իսկ յուրաքանչյուր երկրի ներկայացուցչության համար նրանք ցանկալի, պատվավոր հյուր են»,-նկատեց Կարեն Ավետիսյանը։
Կինոշուկան փառատոնի գլխավոր բաղկացուցիչն է, բայց նրանք, ովքեր շուկայում են, չեն հասցնում փառատոնի ֆիլմերը դիտել, իսկ փառատոնի մասնակիցներն էլ չեն հասցնում կինոտաղավարներ այցելել։ «Զուգահեռ օրակարգեր են՝ երկուսն էլ շատ կարևոր. եթե չլինի կինոշուկան, փառատոնային ֆիլմեր չեն ծնվի։ Հուսով ենք՝ Հայաստանի ներկայացուցչական մասնակցությունը կինոշուկայում ժամանակի ընթացքում առարկայական կդառնա արդեն կինփառատոներին, մեծ էկրաններին՝ լավ ֆիլմերի տեսքով»,- Հայաստանի մասնակցության հեռանկարները գնահատեց կինոգետը։
Պրոդյուսեր Վիկտորիա Ալեքսանյան
Վիկտորյան նշեց, որ բազմաթիվ պրոդյուսերների հետ հանդիպումներ է ունեցել, որոնք հետաքրքրված են «Իրենի աշխարհը» ֆիլմով: «Ես ներկայացնում եմ մեկ այլ ֆիլմ ևս՝ «Թռիչքը», որի ռեժիսորը, սցենարի հեղինակն ու պորդյուսերն եմ միաժամանակ: «Թռիչքը» գրեթե ավարտուն վիճակում է. պատրաստվում եմ այն ներկայացնել միջազգային կինոփառատոների և այդ ուղղությամբ արդեն աշխատում եմ, Բեռլինում հանդիպումներ եմ ունեցել փառատոների ներկայացուցիչների հետ:
Այն, որ Հայաստանը Բեռլինի կինոշուկայում առանձին տաղավար ունի, շատ ողջունելի է: Հուսով եմ, որ հետագայում չենք սահմանափակվի այսքանով, այլ ավելի կընդլայնենք մեր գործունեության ու ճանաչելիության սահմանները՝ հետևելով կինոաշխարհում տեղի ունեցող բարեփոխումներին ու նորություններին:
Պրոդյուսեր, ռեժիսոր Հայկ Մաթևոսյան
Պրոդյուսեր, ռեժիսոր Հայկ Մաթևոսյանն ընտրվել է Berlinale talents ծրագրում։ Այնպես որ նա Բեռլին գալու երկու պատճառ ունի՝ Berlinale talents հարթակը և հայաստանյան տաղավարի մասնակցությունը։ Հայկը ծնվել է Հայաստանում, 2008 թվականին մեկնել է Ամերիկա, սովորել UCLA-ի համալսարանի կինոյի ֆակուլտետում, ուսանել է Մարտին Սկորսեզեի ֆիլմերի սցենարիստ Մարդիկ Մարտինի արվեստանոցում։ System of a down-ի Դարոն Մալաքյանի երաժշտական տեսահոլովակը, որ նկարահանել է Հայկը, համաշխարհային պրեմիերաներից հետո 6 միլիոնից ավելի դիտում ունի։ Նկարահանել է նաև կարճամետրաժ ֆիլմեր,որոնցից մեկը ցուցադրվել է Լոկարնոյի միջազգային կինոփառատոնում, իսկ մյուսը՝ Վերներ Հերցոգի հիմնադրամում (Մյունխեն)։
Հակ Մաթևոսյանը նաև նկարահանել է Վերածննդի դարաշարջանի 6 գեղանկարների արտ-ինստալյացիան՝ իրական դերասաններով ու հագուստներով։ Այն ցուցադրվում է Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի ուղեկցությամբ։
12 տարի Հայաստանում չի եղել ու հիմա ուզում է լիամետրաժ դեբյուտային ֆիլմ նկարել հայրենիքում։ Հիմքում իր 83 տարեկան պապիկի ու նրա 102 տարեկան մոր պատմությունն է . մայր ու որդի չեն ուզում հեռանալ դատարկվող գյուղից։ Հայկն ուզում է այս պատմությունը լիամետրաժ խաղարկային ֆիլմ դարձնել, այդ նպատակով էլ նախագիծը բերել է Բեռլին։ Որոշ հանդիպումներ արդեն ունեցել է, հերթականը Berlinale talents-ի շրջանակում Վիմ Վենդերսի, ինչպես նաև 200 պրոդյուսերների հետ է լինելու։
Հայկ Մաթևոսյանի կարծիքով Հայաստանի տաղավարը մեծ քայլ է դեպի մեծ կինո, նա հայկական կինոյում միկրոհեղափոխության նախադրյալներ է տեսնում։
Ռ․Բագրատունյան
Բեռլին-Երևան, 24․02․2020