Հայաստանը 2020-ի ՝ առաջին անգամ, առանձին տաղավարով  կներկայանա (փետրվարի 20-27-ը) Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում (EFM ) ։ Այս մասին գրված է  Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում: Բեռլինալեի շրջանակներում, արդեն 30 տարի կազմակերպվող ամենամյա կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը, որը նաև Բեռլինալեի կինոշուկայի հայկական տաղավարի համակարգողն է, երեկ մանրամասներ է ներկայացրել կինոշուկայում հայկական տաղավարի կողմից կազմակերպվելիք աշխատանքների մասին, որին հրավիրված էին այն պրոդյուսերներն ու ռեժիսորները, որոնք մասնակցելու են կինոշուկային իրենց արտադրանքով և կինոնախագծերով։

Հայկական տաղավարը հնարավորություն կընձեռի հայ պրոդյուսերներին և ռեժիսորներին ավելի արդյունավետ կազմակերպելու իրենց աշխատանքները կինոշուկայում (հանդիպումներ, պրեզենտացիաներ, միջոցառումներ և այլն )։ Հայկական թիվ 125 տաղավարը Բեռլինում տեղակայվելու է Մարիոթ հյուրանոցում։

Հատուկ Բեռլիալեի կինոշուկայի համար Ազգային կինոկենտրոնը հրատարակել է կատալոգ, որտեղ ներառված են բոլոր այն կինոգործիչները, որոնք նախապես տեղեկացրել են կինոշուկային իրենց մասնակցության մասին, ինչպես նաև տրամադրել համապատասխան նյութեր ներկայացվելիք արտադրանքի և կինոնախագծերի վերաբերյալ։