«Ադապտացիա», «Ճայ» և «Շապիտո» ֆիլմերի ռեժիսոր՝  23-ամյա  Մանե Բաղդասարյանը՝ Մաննեն (2 ն-ով Մաննե-ն նրա ստեղծագործական անունն է) ստացել է բազմաթիվ  գլխավոր մրցանակներ միջազգային կինոփառատոներում, արժանացել Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին ու երկու անգամ դարձել ՀՀ տարվա ուսանող: Չնայած ունեցած հաջողություններին Մանեն բացառիկ է իր տեսակով՝ արվեստում ձգտելով ավելիին  նա անընդհատ աշխատում  և կատարելագործում է իր մասնագիտական հմտությունները«նույնիսկ, եթե կողքից գովեն էլ, ես իմ սխալները լավ գիտեմ,  պետք է միշտ շարունակեմ աշխատել»: 

Ֆիլմը զգացողությունների փոխանցող

Անցյալ տարի ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կինոարվեստ ֆակուլտետը՝ Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցը: Հիմա սովորում եմ մագիստրատուրայում, աշխատում եմ գիտական թեզիս վրա։ Դրանում փորձում եմ տեսականորեն ներկայացնել այն ամենը, ինչը կիրառում եմ պրակտիկայում:

Շատ եմ սիրում վավերագրությունը, բայց հաճախ նաև մաքուր վավերագրությունից բացի՝ որոշակի էքսպերիմենտներ ու դասական կանոներից շեղումներ եմ անում: Ֆիլմերիցս մեկում ունեմ «անֆոկուս» կադրեր: Մարդիկ սկզբում նայում են ու ասում՝ «սա բռակ է»: Ասում եմ՝ «ոչինչ, ես այդպես եմ ուզում» ու արդյունքում դրանք միավորվում են մի կոնտեքստում ու դառնում ամբողջական «արտահայտություն»:

Իմ ֆիլմերը  ստեղծվում են, երբ շատ եմ տարվում որևէ թեմայով, գաղափարով, հերոսով կամ իրադարձությամբ: Հիմնականում նկարահանումներից առաջ ամբողջությամբ պատրաստի սցենար չեմ ունենում: Չգիտեմ, ամեն բան ինքնաբերաբար է ստացվում: Իսկ ոճային առումով ֆիլմը ձևավորվում է արդեն մոնտաժի փուլում: Շատ եմ սիրում 60-ականների կինոն ու դրա ոճը:
Ինձ համար կարևոր է, որ ֆիլմն, առաջին հերթին, փոխանցի զգացողություններ. ասենք, դիտողը ֆիլմի ավարտից  որոշ ժամանակ անց  նորից վերադառնա իր տեսածին  ու մտածի դրա մասին։

Ռեժիսուրան հաղորդակցվելու հնարավորություն

Ընտանիքս արվեստի հետ կապ ունի. մայրս նկարչուհի է, հայրս՝ օպերատոր: Բայց, չեմ կարծում, որ հենց դա է ազդել ինձ վրա: Մանկուց  մե՛կ երգչուհի եմ ուզել դառնալ, մե՛կ դերասանուհի, նույնսիկ եղել է շրջան, երբ ուզում էի քիմիկոս դառնալ: Մի փուլում էլ հասկացա՝ կա մի մասնագիտություն, որը շատ կոմպոնենտներ կարող է ներառել իր մեջ: Կարող ես ռեժիսոր լինել ու նկարել ֆիլմ, որտեղ կլինես դերասանուհի, կամ   երաժշտություն կգրես ֆիլմիդ համար, ու ֆիլմդ էլ կարող է քիմիայի մասին լինել:
Ռեժիսուրան լայն հնարավորություններ է տալիս հաղորդակցվելու  արվեստի բոլոր ճյուղերի հետ:
Հիշում եմ, ինստիտուտ ընդունվելուց առաջ նայեցի Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը: Բացահայտումի պես մի բան էր, որ կարող ես կարճամետրաժ ֆիլմ նկարել ու փոխանցել  իմպրեսիաների այդպիսի հզոր փունջ:

Ֆիլմերը

«Ադապտացիան» նկարել եմ  2017թվականին՝ որպես կուրսային աշխատանք: 20 րոպեանոց ֆիլմ է: Եթե կարճ ասեմ՝ «Ադապտացիա»-ում Երևանն է ու մարդիկ, ովքեր ադապտացվում, հարմարվում են իրենց խնդիրներին:
Մեկ-մեկ մտածում եմ, եթե հիմա նկարեի, գուցե, շատ բաներ այլ կերպ ցույց կտայի, բայց այդ շրջաում ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ մենք ուղղակի ներփակվել ենք ինքներս մեր, մեր հոգսերի, խնդիրների մեջ ու վերջ: Ֆիլմը սև ու սպիտակ է, բայց այս գույներն ինձ համար ոչ մի կապ չունեն, այսպես ասած, դեպրեսիվ տրամադրության հետ: Պարզապես ոճային առումով այդպես եմ զգացել:

«Ճայը»  նույնպես մտքերի ու զգացողությունների միքս է: Սկզբում մտածում էի նկարել ֆիլմ՝  ատոմային պատերազմների դեմ, հետո գիտության մասին, մտքերը զարգացան, միախառնվեցին… Արդյունքում «Ճայը», կարելի է ասել, բնապահպանական ենթատեքստ ունեցավ: Պրոդյուսերս՝ Արարատ Գրիգորյանը, մտքերիս ձևավորման ընթացքում ինձ հուշեց, որ Չեխովը շատ է սազում այդ գործին ու Չեխովի «Ճայ»-ում կա Նինայի մոնոլոգը, որն էլ կարող է ֆիլմի հիմքը լինել: Արդյունքում Նինան՝ «ճայը», կին տիեզերագնաց է, որը բնության հավաքական կերպար է: Նա թռնում է տիեզերք ու վերադարձին տեսնում, որ վերացել է մարդկությունն ու մարդկանց  աշխարհը: Բառերով մի քիչ պաթետիկ է հնչում ու զարմանալի, թե վավերագրությամբ նման սցենար ինչպես կարելի է նկարել, բայց օգտագործել ենք նաև արխիվային շատ կադրեր: Չգիտեմ, «Ճայի» վրա աշխատելիս բոլոր կանոնները խախտել եմ, անջատել դրանք գլխիցս: Ինձ շատ էին ասում՝ ոչինչ չի ստացվի, բայց հատկապես այդ ֆիլմից հետո հասկացա՝  ինչ մտածում պիտի անեմ: Ըստ իս, մարդիկ առաջին հերթին կինո են գնում, որ ինչ-որ բան զգան, ինչ-որ էմոցիաներ ստանան: Նույնիսկ, եթե մարդիկ նայում են «Ճայն»  ու մինչև վերջ չեն հասկանում դրանում ներդրված բոլոր մտքերը, բայց միևնույնն է, ես համոզված եմ, զգացական մակարդակի վրա շատ ազդակներ են ստանում: Պարտադիր չէ, որ դիտողին ինչ-որ կոնկրետ, ծամած մտքեր տաս: Նա ֆիլմը  դիտելուց  հետո պիտի մտածի:

«Շապիտոն»  կրկեսի մասին է: Այն նկարել եմ 2019թ.-ին ու այս տարվանից ուղարկելու եմ փառատոններ: Չէի հիշում, մանկությանս տարիներից, երբ եմ կրկես տեսել: Ինչ-որ աղոտ կադրեր էին մնացել, որոնք  պտտվում էին մտքումս: Երբ իմացա այս շրջիկ կրկեսի մասին, միանգամից գնացի նրանց մոտ ու սկսեցի նկարել: Ֆիլմը մարդկանց մասին է, որոնք ընտրել են մի մասնագիտություն, առանց որի այլևս  չեն կարող: Այս ֆիլմը նախորդ երկուսից տարբերվում է․այն հիմնականում  մաքուր վավերագրություն է:

«Երազանքը»  նոր ֆիլմիս խիստ պայմանական, աշխատանքային վերնագիրն է: Հետո հաստատ փոխվելու է: Չեմ ուզում, վախենում եմ շատ բան ասել ֆիլմի մասին, քանի որ չգիտեմ վաղն ինչ կմտածեմ ու կփոխեմ:
Սովորելուս վերջին տարին է, բայց ինստիտուտով քայլելիս ունենում եմ  նոստալգիկ պահեր։ Այդ վիճակը, չգիտեմ, կարծես մի 20  տարի հետոյի զգացողություն է , բայց  հիշում եմ, կարոտում լսարաններին, միջանցքներին, դասախոսներին: Ուզեցի ֆիլմում մեկ կամ մի քանի հերոսների միջոցով ցույց տալ ճանապարհը՝ երազանքին հասնելու կամ չհասնելու: Սա ֆիլմ է արտիստի ճանապարհի մասին, որն ստեղծվում է նոր միջավայրում, հաճախ նաև բարդ փոխհարաբերությունների, հեգնանքի միջոցով:

Վավերագրությունը՝ մարդու բնական վիճակ

(վավերագրությունը կքանդվի, եթե մարդուն զգուշացնես, որ նկարում ես)

Վավերագրությունը շատ եմ սիրում, որովհետև դրանում մարդն իր բնական վիճակով է: Բարդություններ լինում են, երբեմն ասում են՝ «մի՛ նկարի» կամ «ջնջի՛ նկարածդ»: Բայց նկատում եմ, որ մեր հասարակության մեջ  որոշակիորեն այդ միտումը փոխվել է: Հեղափոխությունից հետո մարդիկ մի տեսակ երևալու, նկարվելու, տեսախցիկի առջև խոսք ասելու ցանկություն ունեն: Ամեն դեպքում, եթե վավերագրող ես, ոչ մի դեպքում չես կարող մարդուն զգուշացնել, որ իրեն նկարում ես կամ նախապես թույլտվություն խնդրել: Մարդն այդ դեպքում կհագնի իր կոստյումը, կսանրի մազերը, կընդունի հատուկ դեմքի արտահայտություն ու անբնական կդառնա. ամեն ինչ կքանդվի:

Առաջին ֆիլմս  լրիվ մենակ եմ նկարել,  ռեժիսոր, օպերատոր, մոնտաժ ամեն ինչ ինքս եմ արել: Վավերագրությունը մեկ-մեկ պահանջում է, որ հերոսիդ հետ լրիվ մենակ լինես: Հակառակ դեպքում՝  նա կամաչի  օպերատորից ու չես ստանա անկեղծության այն աստիճանը, որ պետք է:

Առաջին մրցանակի մասին չինական լուրերից՝ «Google translate»-ի միջոցով

Ի սկզբանե ֆիլմիդ համար փառատոններ դու ես գտնում և ուղարկում, եթե ֆիլմը լավ է «գնում», արդեն փառատոններն իրենք են գտնում քեզ: «Ադապտացիան» առաջին անգամ ես  ուղարկեցի Չինաստան։ Հետոն շատ հետաքրքիր պատմություն է:  Ուղարկելուց որոշ ժամանակ անց «Google»-ում բոլորովին այլ բան էի փնտրում ու տեսնում եմ՝ իմ ֆիլմից կադրեր են ցույց տալիս իրենց լուրերով ու հաղորդավարը չինարենով ինչ-որ բան է ասում: Երևի մոտ 20 անգամ նայել եմ այդ կադրերը (ծիծաղում է- հեղ.): Հետո մի կերպ, «Google translate»-ով թարգմանել եմ ու հասկացել, որ ստացել եմ փառատոնի գլխավոր մրցանակը: Ճակատագրական մի բան էր: Եթե դա չտեսնեի, երևի մինչև հիմա չէի էլ իմանա, որ Չինաստանում գլխավոր մրցանակ եմ ստացել: Իրականում զարմացած էի, որովհետև շատ մեծ փառատոն էր ու 8000 իրական հանդիսատես ուներ և դրան էլ գումարած՝  հեռարձակվում էր իրենց հեռուստատեսությամբ:
Դրանից հետո, «Ադապտացիան»  Ռուսաստան ուղարկեցի, որտեղ էլ  2 անվանակարգում հաղթեցի: Նույնիսկ մի տեսակ վատ էի զգում, որ բոլոր մրցանակներն ինձ էին տալիս, որովհետև այնտեղ շատ հայտնի, տաղանդավոր մարդիկ կային:
Ի սկզբանե ունեցել եմ ինքնաքննադատություն ու շատ ուրախ եմ դրա համար: Իմ սխալները ես լավ գիտեմ: Նույնիսկ, եթե ֆիլմս «Օսկար» ստանա, գիտեմ, որ դա վատ է արված ու վերջ: Եթե մարդիկ չեն նկատել սխալս, ես հո՞ գիտեմ, որ այստեղ թերություն կա, որ այս մասն արագ եմ արել:

Երբ առաջին ֆիլմովդ արդեն հաջողել ես, որպես կանոն,  բոլորը սպասում են, որ երկրորդին, որ ասեն՝ «դե՛ լավ, առաջինի հաջողությունը պատահական էր, դե՛ ստացվեց…» ու դու պիտի կարողնաս ապացուցել, որ այդպես չէ: Թեև այլոց ինչ-որ բան ապացուցելու հատկություն չեմ ունեցել երբեք։ Ինձ համար կարևոր է, որ ես կարողանամ  լավ գործ անել:

Կյանքն իրական կինո 

Ինձ թվում է, մարդիկ  ֆիլմ են նայում, քանի որ ինչ-որ զգացողությունների պակաս ունեն․կան  մարդիկ, որ միշտ սիրո մասին ֆիլմեր են նայում, մարդիկ էլ կան սիրում են հաջողակ մարդկանց մասին ֆիլմեր: Ամեն մեկն իր զգացողությունն է ստանում ֆիլմից: Ես գիտեմ, որ ֆիլմի միջոցով իմ փոխանցածն ու մարդկանց ստացած զգացողությունները կարող են և տարբեր լինել:
Հիշում եմ, մի անգամ «Ադապտացիան» Երևանում ցուցադրեցի, ավարտից հետո մի կին մոտեցավ ինձ ու շատ հուզված ասաց՝ «այս ֆիլմն իմ մասին է»: Մի անգամ էլ  Բելառուսում նման մի բան եղավ․ ֆիլմի դիտումից հետո՝  հայկական արտաքինով մի բելառուսուհի մոտեցավ ու ասաց՝ «մենք տրոլեյբուսով երթևեկող ընկերուհիներով եկել ենք ֆիլմը դիտելու, այստեղ նստած ենք, ու այս ֆիլմը հենց մեր մասին է»: Այդ պատմությունն ինձ շատ հուզեց:

Եթե ստեղծագործության մեջ չկա գործող անձ՝  ուրեմն չկա արվեստ։ Այստեղ խոսքը միայն մարդու ֆիզիկական ներկայության մասին չէ․ Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավում  ինձ համար մարդու բացակայությունը միայն ֆիզիկական է: Կտավում կա մարդը. արևածաղիկները ծաղկամանում են, դրանք ինչ-որ մեկը հավաքել է, փունջ դարձրել, դրել ծաղկամանում: Ու հակառակը, կան ֆիլմեր, որոնցում բազմաթիվ հերոսներ կան։ Նրանք երկար հարցազրույցներ են տալիս, բաներ պատմում, բայց նրանցից ոչ մեկի կերպարը չկա, դու նրանցից ոչ մեկին չես կարողանում ճանաչել:

Չգիտեմ, ինձ համար իրական կինոն կյանքում է, հենց կյանքն է: Այդ պատճառով եմ վավերագրությունը շատ սիրում: Երբ նայում ես մարդկանց՝ իրենք բոլորը կերպարներ են: Լինում է՝ քայլում եմ ու մտածում՝ «այս մարդուն կարելի էր էսինչ ֆիլմում նկարել, այս մեկին՝ ծաղրածուական ռեպրիզայում»: Չկա մարդ, որը հետաքրքիր չէ: Բոլորն ունեն իրենց պատմությունը: Պարզապես ամեն մի կերպարին, ամեն մի մարդուն իր ճիշտ տեղում, իր ճիշտ «կինոյում» պետք է դնել:

Խորհուրդ է տալիս Մաննեն

Կփորձեմ առանձնացնել մի քանի ֆիլմ՝ համաշխարհային ու հայկական կինոյից, որոնք խորհուրդ եմ տալիս դիտել:
Համաշխարհային՝ Օթար Իոսելիանի «Երգող կեռնեխ», Լարս ֆոն Թրիեր «Տուն, որը կառուցել է Ջեքը», Գոդֆրի Ռեջիո «Կոյաանիսկացի», Ֆրանսուա Տրյուֆո «400 հարված», Քսավյե Դոլան «Եվ միևնույն է Լորանս»:
Հայկական՝ Արտավազդ Փելեշյան «Մեր Դարը», Ֆրունզե Դովլաթյան «Բարև, ես եմ», Բագրատ Հովհաննիսյան «Հնձան», Ռուբեն Գևորգյանց «Բարի հետք», Համո Բեկնազարյան «Տունը հրաբխի վրա»:

Յանա Շախրամանյան