Աննախադեպ նախադեպը՝ շարունակական
Բեռլինի կինոշուկայում հայկական տաղավարի պաշտոնական բացումը (փետրվարի 23-ին) վերապահված էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին։ Կինոյի միջոցով մեր երկիրը ճանաչելի ու գրավիչ դարձնելու ձգտումների մասին փոխնախարարը միշտ է բարձրաձայնել։
«Շատ կարևոր է, որ մենք հասկանանք՝ 21-րդ դարում գեղարվեստական պրոցեսներն ինչ ուղղությամբ են զարգանում։ Եթե զարգացման ուղիները չձևակերպենք, առաջ չենք գնա։ Ներփակվել սեփական երկրի սահմաններում, այն էլ այնպիսի միջազգային ոլորտում, ինչպիսին կինեմատոգրաֆն է, նշանակակում է կանգնել փակուղու առջև»,- համոզված է Արա Խզմալյանը։
Հայ կինոյի զարգացումն առանց միջազգային համագործակցության ընդլայնման, առանց նոր գործընկերների բացահայտման ու առանց միջազգային կինոշուկաների հետ հարաբերվելու, դժվար է պատկերացնել։ Արա Խզմալյանը գտնում է , որ միջազգային կինոշուկա մտնելու համար սա չափազանց կարևոր քայլ է, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկային։
Փոխնախարարը նշանակալի քայլ է համարում, որ առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս միասնական ազգային տաղավարով, որտեղ մեր կինոարտադրողները հնարավորություն ունեն հրավիրելու իրենց գործընկերներին, զրուցելու, քննարկելու համագործակցության հնարավորությունները։
Նրա կարծիքով՝ առհասարակ մեր ներկայությունը միջազգային հարթակներում պետք է լինի շատ ակտիվ։ Այս անգամ միասնական ազգային տաղավարով ենք հանդես եկել, բայց հետագայում կարող ենք անհատական մասնակցությամբ էլ ներկա լինել տարբեր փառատոներում ու շուկաներում՝ կլինի Կաննի, Վենետիկի, թե մեկ այլ միջազգային հարթակ։ «Կինոոլորտի զարգացումը չի կարող ինքնահոսի, կամ անհատական նախաձեռնության սկզբունքով լինել։ Պետության դերն անհատական տարբեր նախաձեռնությունների, նպատակադրումների համախմբման և այդ ամենը մեկ ռազմավարական տրամաբանության մեջ դնելու մակարդակում պետք է լինի»,- կարծում է Արա Խզմալյանը։
Նա խոսեց նաև կինոյի ոլորտին պետական ավելի մեծ աջակցություն հատկացնելու անհրաժեշտության մասին։ Այնպիսի ֆինանսական ռեսուրսներ պահանջող ոլորտ, ինչպիսին կինոն է, ամենաքիչ ֆինանսավորումն է ստանում այսօր, բայցև ամենակազմակերպված, ամենաակտիվ ու ամենանախաձեռնող ոլորտն է։ Այն, ինչ կատարվում է Բեռլինում, անհատական նախաձեռնողականության, ինքնակազմակերպման շնորհիվ է, երբ տարբեր կինոգործիչներ համախմբվում են նույն նպատակի շուրջը. մի խումբն օրենք է մշակում, մյուսն ապահովում է մասնակցույթյունը ոչևէ կինոշուկայում կամ կինոարտադրանք է տարածում։
Ներքին խնդիրները
Փոխնախարարի դիտարկմամբ՝ մեր ներքի խնդիրներն ավելի ծանր ու լուրջ են, քան արտաքին հարցերը։ «Սկսենք հենց կինոյի ոլորտի կրթական համակարգից։ Այս այցի շրջանակում, մոտ օրերս այցելելու եմ Պոտսդամ, ծանոթանալու եմ կինոդպրոցի գործունեությանը, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպես ենք կրթական մոդելեները գործադրելու մեր երկրում։ Շատ կարևոր մեկ այլ խնդիր՝ հայ մարդը, որի վճարած հարկերով կինոարդյունք է ձևավորվում, տեղյակ չէ, թե ինչ ֆիլմ է նկարահանվում իր երկրում։ Միջազգային կինոփառատոներում մեր կինոարդյուքների մասին ավելի շուտ են իմանում, քան մենք՝ մեր երկրի ներսում։ Սա ընդհանուր համակարգային խնդիր է, որին նպաստում է նաև կինոդահլիճների բացակայությունը։ Հարցերի ու խնդիրների տեղատարափ կա, որը քայլ առ քայլ պիտի կարողանանք կարգավորել»,- ասում է փոխնախարարը։
Ռ․Բագրատունյան
Բեռլին-Երևան,22․02․2020