Մահացել է  103 տարեկան լեգենդար հոլիվուդյան դերասան Քըրք Դուգլասը: Այս մասին Instagram– ում գրել է նրա որդին՝ Մայքլ Դուգլասը (հայտնի դերասան)։ «Ամբողջ աշխարհի համար նա լեգենդ էր, դերասան կինեմատոգրաֆի «ոսկե դարից»,-գրել է Մայքլ Դուգլասը։

Ամերիկյան կինոակադեմիայի կազմած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում Դուգլասը զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը և  Հոլիվուդի «ոսկե դարաշրջանի» կենդանի դերասանների շարքում՝ առաջին տեղը: 1996 թվականին նա ստացել է «Օսկար» մրցանակ՝ կինեմատոգրաֆում ունեցած բացառիկ նվաճումների համար:

Քըրք Դուգլասը, որի իսկական անունն է Իսուր Գերշելևիչ Դանիելևիչ  ծնվել է 1916 թ. դեկտեմբերի 9-ին՝  ԱՄՆ-ի Ամստերդամ քաղաքում: Նրա դեբյուտը կինոյում տեղի ունեցավ 29 տարեկանում։ 44 տարեկանում Քըրք Դուգլասը ձեռք բերեց համաշխարհային ճանչում՝ «Սպարտակ» ֆիլմում խաղացած գլխավոր դերով։ 99 տարեկանում 15 միլիոն դոլար է նվիրաբերել ալցհայմեր (Alzheimer)  հիվանդությամբ տառապողների համար կենտրոնի կառուցմանը։ Դերասան, գրող, բարերար, ԱՄՆ պետդեպարտամենտի բարի կամքի դեսպանը իր կարիերայի ընթացքում ստացել է 27 մրցանակ, այդ թվում՝ պատվավոր «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Ոսկե արջ»  և բազում այլ պարգևներ։

Հ․Գ․Դուգլասի համար առաջին աստղային դերը 1949 թվականի «Չեմպիոն» ֆիլմն էր, որտեղ նա խաղում էր բռնցքամարտիկ Միջ Քելլի դերը, որին հաջորդեցին «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավ» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր հոլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգին, «Վիկինգները», ապա Կուբրիկի «Փառքի արահետներ» և վերջապես իր թերևս ամենաստղային ֆիլմը՝ «Սպարտակը», որից հետո նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Այդ ֆիլմի համար նա հանդես եկավ նաև որպես պրոդյուսեր և ֆիլմի բյուջեն ավելացրեց մոտ 12 միլիոն  դոլարով, ֆիլմը այդպիսով դարձնելով այդ ժամանակների ամենաթանկ նախագծերից մեկը:

1980-ական թթ. Դուգլասը գրեթե չէր նկարահանվում, զբաղվում էր քաղաքականությամբ և բարեգործական աշխատանքներով։ Գրել է երկու վեպ և հիշողությունների ինքնակենսագրական «Let’s face it: 90 years of living, loving, and learning» գիրքը, որտեղ նկարագրում է իր դերասանական կարիերայի մասին։ Երկար ժամանակ նա ցանկանում էր նկարահանել «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը, որի նկարահանման հեղինակային իրավունքը պատկանում էր իրեն։ Վերջիվերջո այն հանձնում է որդուն՝ Մայքլ Դուգլասին։