Ելիզավետա թագուհին, էլֆուհի Գալադրիելը, խելառ Ժասմինը, ճակատագրական Քերոլը, մահվան աստվածուհի Հելան և անգամ Քեթրին Հեպբյորնը՝ բոլոր այս դերերը պատկանում են Քեյթ Բլանշետին։ Իր ունիվերսալ տաղանդը գնահատելու համար բավական է դիտել թեկուզ Ջուլիան Ռոզեֆելդտի «Մանիֆեստոն»: Գերմանացի ռեժիսորի այս ժապավենում Բլանշետը խաղում է միանգամից 13 դեր, և ոչ մի անգամ չի կրկնում իրեն ոչ կերպավորումով, ոչ դերասանական հնարամտությամբ, որոնք օգնում են այդ կերպարները գծագրելու:

Քեյթ Բլանշետը սիրելին է քննադատների, լրագրողների և կինոակադեմիկոսների, որոնք դերասանուհուն հանձնել են երկու «Օսկար», երեք «Ոսկե գլոբուս», երեք BAFTA դիմակ և բազում այլ պարգևներ: Թերևս, իր ժամանակակիցներից ոչ ոք չի կարող պարծենալ այսքան տարբեր և հագեցած ֆիլմագրությամբ, որտեղ յուրաքանչյուր կինոնկար հրապուրիչ ուղևորություն է, արժանի առանձին պատմության: Անցյալ տարի դերասանուհին գլխավորեց Կաննի կինոփառատոնի ժյուրին, իսկ 2020-ի սեպտեմբերին Բլանշետը կգլխավորի նաև Վենետիկի միջազգային փառատոնի ժյուրին։

Քեյթ Բլանշետի տասը սիրած ֆիլմերը։

«Արնագույն եղունգ», (The Scarlet Claw), 1944 թ․, ռեժիսոր՝ Ռոյ Ուիլյամ Նիլ

Խորհրդային Միությունում Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի կերպարները անխզելիորեն կապված էին Վասիլի Լեոնովի և Վիտալի Սոլոմոնի անունների հետ: ԱՄՆ-ում ևս ունեն իրենց «դասական» զույգը՝ Բեյզիլ Ռեթբոունը և Նայջել Բրյուսը, որ խաղացել են Բեյքեր-սթրիթ 221բի դետեկտիվ արկածների մասին 14 ֆիլմերում: Դրվագներից մեկը կոչվում է «Արնագույն եղունգ», և այն հիմնված չէ Կոնան-Դոյլի պատմվածքի վրա: Ինչը, ի միջի այլոց, նույնիսկ լավ է, չէ որ այդպես Հոլմսի երկրպագուները ևս մի հնարավորություն են ստանում բավականություն ստանալու իր գովաբանված դեդուկտիվ մեթոդից: «Ես մանուկ հասակում պաշտում էի նման սոսկալի բաները: Այդ ֆիլմով ես հանգստանում էի»,- պատմել է Բլանշետը:

«Այս հրաշալի կյանքը», (It՚s Wonderful Life),1946 թ․, ռեժիսոր՝ Ֆրանկ Կապրա

Հոլիվուդի ոսկեդարի դասական այս ֆիլմը մոտավորապես 70-ական թվականներից ցուցադրում են Նավակատիքին, ինչպես որ Ռուսաստանում Ամանորի նախօրեին «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» ֆիլմը: Ի միջի այլոց, ամերիկյան ժապավենի սյուժեն փոքր-ինչ ավելի բարդ է, քան խորհրդային ֆիլմի սյուժեն: Գործողությունը տեղի է ունենում գոյություն չունեցող Բեդֆորդ քաղաքում, որտեղ ապրում է Ջորջ Բեյլին՝ արտաքուստ հաջողակ գործարար, օրինակելի ամուսին և սիրող հայր: Սակայն նրան հանգիստ չեն տալիս անձնասպանության մասին մտքերը, որոնք պետք է վերացնի անփորձ հրեշտակ Կլարենսը: «Սա բավականին խորիմաստ ֆիլմ է, եթե այն դիտում է դեռահասը, առանձնապես երբ իրեն զգում է անպետք, աննշան»,- ասել է Բլանշետը:

«Իմ քեռին», (Mon Oncle), 1958 թ․, ռեժիսոր՝ Ժակ Թատի

Ժակ Թատիի առաջին գունավոր ֆիլմը շարունակում է ֆրանսիացի ռեժիսորի նախորդ ֆիլմի հերոս պարոն Յուլոյի պատմությունը: Յուլոյին խաղում է անձամբ Թատին, և այս անգամ նա ներկայանում է որպես լռակյաց անճարակ մի մարդ, որն ապրում է քրոջ և նրա ընտանիքի հարևանությամբ: Նրանց տունը լի է ժամանակակից կենցաղային տեխնիկայով, այն տառացիորեն համատարած մեխանիզացիայի խորհրդանիշ է, բայց երբ նրա շեմին հայտնվում է Յուլոն, ամեն բան շարքից դուրս է գալիս: Բարի և զուտ ֆրանսիական այս կատակերգությունը 1959 թվականին արժանացել է «Օսկարի» իբրև օտարալեզու լավագույն ֆիլմ: «Մայրս ինձ մանուկ հասակում ցույց է տվել Թատիի ոչ միայն այդ, այլև մնացած բոլոր ֆիլմերը: Հիմա ես դրանք ցույց եմ տալիս իմ երեխաներին»,- նշել է Բլանշետը:

«Ջազում միայն աղջիկներ են», (Some Like it Hot), 1959 թ․, ռեժիսոր՝ Բիլլի Ուայլդեր

Գլխավոր դերերում Մերիլին Մոնրոյի և Թոնի Կյորտիսի մասնակցությամբ Բիլլի Ուայլդերի դասական կատակերգության մասին ասված է ավելի քան ամեն ինչ: 2015 թվականին այս ժապավենը արծաթ ստացավ ամերիկյան կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում ամենածիծաղելի ֆիլմերի ցանկում ըստ Սցենարիստների գիլդիայի վարկածի: Նրանց հետ համաձայն է և Քեյթ Բլանշետը: «Ես ծիծաղից մեռնում էի, երբ նայում էի լողափի տեսարանները»,- պատմում է դերասանուհին:

«Հեքլբերի Ֆինն», (Huckleberry Finn), 1974 թ․, ռեժիսոր՝ Ջեյ Լի Թոմսոն

Թոմ Սոյերի և իր հավատարիմ զինակիր Հեքլբերի Ֆիննի արկածների մասին Մարկ Տվենի վիպակը սիրում են ոչ միայն գրողի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, այլև Խաղաղ օվկիանոսի հակառակ կողմում, այսինքն Ավստրալիայում, որտեղ Բլանշետը ծնվել և մեծացել է: Ջեյ Լի Թոմսոնի 1974 թվականին նկարած ֆիլմ-մյուզիքլը համարվում է օրինակելի. բացի անպաճույճ երգերից, որոնք սիրվեցին երեխաների մի ամբողջ սերնդի կողմից, ֆիլմը արծարծում է ստրկության խնդիրը: «Ես ուզում էի լինել ինքը,- ասել է Քեյթը հարցազրույցում, նկատի ունենալով անտանելի Ֆիննին:- Կամ Նենսի Դրյու»:

«Խնջույք Կախված ժայռի մոտ»,(Picnic at Hanging Rock), 1975 թ․, ռեժիսոր՝ Պիտեր Ուիր

2018 թվականին մեկնարկեց «Խնջույք Կախված ժայռի մոտ» սերիալը, որտեղ գլխավոր դերը բաժին էր հասել Նատալի Դորմերին, որը «Գահերի խաղում» մարմնավորում է Մարգերի Թիրելին: Սերիալի հիմքում Ջոան Լինդսեյի համանուն վեպն է: Գիրքը պատմում է երեխաների անհետ կորչելու մասին, երբ նրանք իրենց ուսուցչուհու հետ Սուրբ Վալենտինի օրը էքստրեմալ արշավի են գնում: Սակայն այս պատմությունը էկրանավորել են նախկինում ևս. 1975 թվականին թողարկվել է «Խնջույք Կախված ժայռի մոտ» ֆիլմը, որի ռեժիսորը ավստրալացի Պիտեր Ուիրն է: «Երբ 13 տարեկան էի, ինձ հմայել էին խորհրդավորությունը, կանխազգացողության մթնոլորտը և անհավատալի սաունդտրեկը»,- պատմել է Բլանշետը:

«Բագսի Մելոուն»,(Bugsy Malone),1976 թ․, ռեժիսոր՝ Ալան Պարկեր

«Բագսի Մելոունի» շնորհիվ կինոաշխարհը խոսեց Ջոդի Ֆոստերի մասին. ապագա կինոաստղը և երկու «Օսկարի» արժանացած դերասանուհին նկարահանվել է Թոլլուլայի գլխավոր հերոսներից մեկի ընկերուհու դերում: Գանգստերական թեման 70-ական թվականների կեսերին առաջատար դիրքերում էր. «Կնքահայրը» կրակեց 1972 թվականին, սիկվելը թողարկվեց արդեն երկու տարի անց, «Յակուձան»՝ նույնպես 1974 թվականին: Սակայն «Բագսի Մելոունը» 20-ական թվականների ամերիկյան բանդիտների կյանքի մասին պատմող ֆիլմերի ֆոնին առանձնանում էր ոչ միայն մանկական դերասանական կազմով, այլև երգերով: Պատանեկության և երաժշտության հաջող միաձուլման համար ֆիլմ-մյուզիքլը արժանացավ «Օսկարի» երկու անվանակարգում, երեք «Ոսկե գլոբուսի» և բրիտանական կինոակադեմիկոսների միանգամից հինգ պարգևի: «Ինձ դյութեց կրեմային մարտի և երեխաների տեսարանը մեծերի աշխարհում»,- կինոնկարի մասին նշել է Քեյթ Բլանշետը:

«Հանքափորի դուստրը»,(Coal Miner՚s Daughter),1980 թ․, ռեժիսոր՝ Մայքլ Էփթեդ

«Հանքափորի դուստրը» բայոպիկ է Լորետտա Լիննի մասին, որը քենթուկցի աղքատ դեռահասից հասնում է մինչև ազգային կանտրի-բեմի աստղի: Եթե հիմա նկարեին ռեմեյկը, ապա արժեր կինոնկար հրավիրել Նատաշա Լիոննիին, որ խաղում է գլխավոր դերը «Մատրյոշկայի կյանքը» (գեղջկատիկնիկ) սերիալում, այնքան որ նրանք նման են: Օրիգինալ ժապավենում քանտրի-երգչուհուն խաղում է Սիսսի Սփեյսեկը, և այս ընտրությունը հարյուր տոկոսանոց հաջողություն էր.  1981 թվականին դերասանուհին իր քանտրի-երաժշտի վերափոխության համար «Օսկար» ստացավ: «Ես Սիսսի Սփեյսեկի երկրպագուն եմ,- ասում է Քեյթ Բլանշետը:- Իր քնքուշ ուժը՝ շրջակա ամեն բանի դեմ պայքարի զուգակցությամբ հիպնոսացրել էր ինձ: Նաև ես պաշտում եմ Թոմմի Լի Ջոնսին, այս ֆիլմում ես նրան տեսա առաջին անգամ»:

«Սովորական մարդիկ»,(Ordinary people),1980 թ․, ռեժիսոր՝ Ռոբերտ Ռեդֆորդ

1981 թվականին «Սովորական մարդիկ» ընտանեկան դրաման ստացավ ամերիկյան կինոակադեմիկոսների միանգամից չորս պարգև՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար, լավագույն ադապտացված սցենարի համար, լավագույն ռեժիսուրայի համար և, վերջապես, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Ես պատրաստվում եմ խաղալ Ռոբերտ Ռեդֆորդի հետ և չեմ կարող դադարել մտածելուց այդ գեղեցիկ, սրտահույզ ֆիլմի մասին,- նկատում է Քեյթ Բլանշետը 2015 թվականին «Ճշմարտություն» (Truth) ֆիլմի նկարահանումների նախօրեին:- Նրա գեթ մեկ հայացքում անգամ ոչ մի կասկած չկար, որ իր հերոսի ընտանիքը կամաց-կամաց փուլ է գալիս: Մերի Թայլեր Մուրը, որ խաղում է մոր դերը, սքանչելի էր»:

«Կոյաանիսկացի»,(Koyaanisqatsi),1982 թ․, ռեժիսոր՝ Գոդֆրի Ռեջիո

Հոպի հնդկացիների լեզվով այդ սարսափելի բառը նշանակում է «կյանք անկարգության մեջ, թափթփված կյանք», դա նաև թվային տեխնոլոգիաների դարաշրջանի կյանքի մասին Գոդֆրի Ռեջիոյի վավերագրական ֆիլմի անվանումն է: Ժապավենը բաժանված է մի քանի մասի, որոնցից յուրաքանչյուրում գլխավոր դերակատարը հատկապես երաժշտությունն է: Ֆիլմի կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասսը այն գրել է համարյա երեք տարում, դրանով իսկ ստիպելով ռեժիսոր Ռեջիոյին վերամոնտաժել արդեն պատրաստի կինոնկարը: «Այս հիպնոսացնող ֆիլմը ինձ վրա ներգործում է մինչև բջիջներս»,- ասում է Քեյթ Բլանշետը «Կոյաանիսկացի» ֆիլմի մասին:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը

Աղբյուր


Կիտանո Տակեշի․Կինոդիմանկար

Ճապոնական կինոն հարուստ է հետաքրքիր էջերով, կերպարներով` սկսած համր շրջանից, ներառյալ անցյալ դարի 30-40-ականների ավանգարդը, 50-60-ականների ոսկեդարը, 70-80-ականների հեղինակային կինոն,...