Օսկարակիր  դերասանուհի Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին։ Այս մասին հայտնում է  SCREENDAILY-ը, հավելելով, որ 2018 թվականին ավստրալուհի դերասանուհին Կաննի կինոփառատոնի ժյուրի նախագահն էր։

Մեկնաբանելով իր նշանակումը Բլանշետն ասել է. «Ամեն տարի ակնածանքով  հետևում եմ  Վենետիկի ընտրությանը և ամեն տարի այն զարմացնում է իր հստակությամբ: Վենետիկը աշխարհի առավել կինոմթնոլորտային փառատոներից է։ Սադրիչ և ոգեշնչող միջավայրի տոն, որը կինո է իր բոլոր ձևերով»:

Բլանշետը կինոյի եւ թատրոնի դերասանուհի է։ «Օսկարի» երկակի մրցանակակիր է, «Ոսկե գլոբուսի» եռակի հաղթող, երեք անգամ արժանացել է Բրիտանական կինո ու հեռուստաակադեմիայի (BAFTA), երկու անգամ՝ ԱՄՆ-ի Կնոդերասանների գիլդիայի մրցանակներին։ Նրան մեծ հաջողություն են բերել «Ելիզավետա», «Մատանիների տիրակալը», «Ավիատոր», «Աղմկահարույց օրագիրը», «Ոսկե դար», «Քերոլ», «Ժասմին» եւ այլ ֆիլմեր։ Ավելի քան քսանամյա դերասանական կյանքի ընթացքում նա նկարարհանվել է 40-ից ավելի ֆիլմերում եւ խաղացել է շուրջ 20 ներկայացումներում։ Նրա անվանական աստղը տեղ է գտել նաեւ Հոլիվուդի փառքի ճեմուղում։

Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 2-12-ը վենետիկյան գեղատեսիլ  Լիդոյում։