Նրանք մի մասնիկն են Փարաջանովի «Նռան գույնի»
«Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի ամենահայտնի ֆիլմն է. գուցե այն պատճառով, որ նվիրված է դեռևս ուշ միջնադարից մեծ ժողովրդականություն վայելող բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովային։ Քնարերգուի կյանքի սիմվոլրիկ պատմությունը, փարաջանովյան գունեղ, գեղագիտական պատկերները, Սոֆիկո Չիաուրելիի անսովոր դերակատարումը, Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը ձևավորում են ֆիլմի համահավաք ամբողջությունը։
«Նռան գույնը» կամ, ինչպես հենց սկզբից ֆիլմը վերնագրել է Փարաջանովը, «Սայաթ Նովան» նկարահանվել է 1968 թվականին։ Նկարահանումները մեծ մասամբ կատարվել են Սանահինում և Հաղպատում։ Փարաջանովի անկանխատեսելի, անսովոր տաղանդին ծանոթ ստեղծագործական խումբն անգամ նկարահանումների ժամանակ լիարժեք չի պատկերացրել, թե ինչ է ուզում ռեժիսորը, ոչ ոք հստակ չի իմացել՝ վերջնարդյունքն ինչ է լինելու։ Բոլորը պարզապես կատարել են Փարաջանովի հրահանգները՝ ներքուստ քաջ գիտակցելով, որ տարօրինակ հանճարը առնվազն հերթական գլուխգործոցն է ստեղծելու, և իրենք՝ յուրաքանչյուրն իր չափով, մասնակցում է կինոարվեստի նոր էկրանավորմանը։
Սերգեյ Փարաջանովը ֆիլմին երկար է նախապատրաստվել, բացի գլխավոր դերակատարներից, փնտրել է նաև զանգվածային տեսարանների կերպարներին։ Փնտրել է ոչ թե դերասանական միջավայրում, այլ որտեղ պատահի։ Նրա համար կարևոր չի եղել՝ պրոֆեսիոնալ է, թե ոչ, միայն թե կերպարն իր ամբողջականության մեջ համապատասխաներ իր պատկերացումներին։
«Նռան գույնը» ֆիլմից 52 տարի է անցել։ kinoashkharh.am-ը փնտրել ու գտնել է այն մարդկանց, ովքեր առնչություն են ունեցել նկարահանումների հետ, մասնակցել են ֆիլմի ստեղծմանը։ Նրանք հետաքրքիր ու հիշարժան պատմություններ գիտեն, որոնց մեծ մասը ոչ մի անգամ դեռ չեն պատմել. այդ հուշերի արժեքը տասնամյակների հեռավորությունից ավելի է կարևորվում։
Դավիթ Ներսիսյան («Նռան գույնը» ֆիլմի օպերատորի ասիստենտ, կինոժապավենի նեգատիվների պատասխանատու)
– Արդեն սկսել էինք ֆիլմի փորձնական կտորների վրա աշխատել, բայց բուն նկրահանումները դեռ չէին սկսվել։ Նկարիչների միության մոտ գտնվող սրճարանում նստած էինք։ Փարաջանովը եկավ։ Սրճարանում երիտասարդ նկարիչներ էլ կային՝ Արա Շիրազը, Ռուբեն Հովնաթանը, Ռուդոլֆ Խաչատրյանը։ Մեզ հետ էր նաև գրող Ալեքսանդր Թոփչյանը։ Ընդհանուր առմամբ՝ 13-14 հոգի էինք։ Փարաջանովը բոլորին համոզեց մորուք պահել, որ իր ֆիլմում նկարահանվեն։ Ես դեռ այն ժամանակվանից մորուքով էի։ Այդպես էլ եղավ. բոլորը մորուք պահեցին, և Փարաջանովը «Նռան գույնում» երիտասարադ վանականների դերում նրանց նկարեց, այդ թվում և ինձ։ Ինձ այլ կերպարներում էլ նկարեց՝ սազանդար, վանական, մոնղոլ։ Ես պարկապզուկ էի փչում. Փարաջանովն ասում էր՝ ինչ շարժումներ անեմ, կամ խաչքարն ինչպես քանդակեմ։ Նա փոքր առաջադրաքներ էր տալիս, մենք էլ կատարում էինք։ Ես նաև տեխնիկական մասի պատասխանատուն էի՝ կինոխցիկը ժապավենով լիցքավորում էի, սարքավորումները սպասարկում, մի քանի օրվա նկարահանած ժապավենները տանում էի երևակման։ Ժապավենները Փարաջանովն ինձ էր վստահել, դրանք տեղափոխելիս ես իրավունք ունեի գնացքում մի ամբողջ խցիկ վարձել, որպեսզի ապահով տեղ հասցնեի։ «Նռան գույնի» յուտկևիչյան տարբերակի գունադրումը Մոսկվայում ես եմ արել։
Լևոն Աբրահամյան (ազգագրագետ)
-Ես միայն ինձ վրա չեմ նկատել. նրանք, ովքեր շփվել են Փարաջանովի հետ, կրել են նրա ազդեցությունը։ Ինձ վրա նա շատ խոր հետք է թողել, անգամ հիմա երազներումս տեսնում եմ նրան։ Փարաջանովը կփոխեր իմ ճակատագիրը, եթե նրան չձերբակալեին։ Նա ուզում էր Անդերսենի մասին ֆիլմ նկարել, իսկ ես որոշել էի դիմանալ բոլոր դժվարություններին ու այդ ֆիլմը նկարելիս օգնել նրան։ Բայց Փարաջանովին ձերբակալեցին, ու ես դարձա ազգագրագետ։ Իհարկե, հետո շատ խորն ուսումնասեիրեցի նրա կինոարվեստը։ «Նռան գույնում» փայլուն դերասաններ կային, բայց մենք՝ ոչ դերասաններս, ուղղակի անում էինք այն, ինչ Փարաջանովն էր ասում։ Ես նուռ ուտող վանականներից մեկն եմ։ Դերասանության հետ ոչ մի աղերս չունեցողներին անգամ նա կարողանում էր այնպես ներշնչել, որ նրանք նկարահանման հրապարակում անեն այն, ինչ պետք էր իրեն։ Մեկի մեջ նա պլաստիկա էր գտնում ու շեշտում հենց այդ հատկանիշը. օրինակ՝ Վիլեն Գալստյանին փայլուն դերասան չի կարելի համարել, բայց նա հրաշալի պլաստիկա ուներ, ինչն էլ շատ պետք էր Փարաջանովին։
Փարաջոնվին ոչ թե պետք էր իր ֆիլմերում ազգագրություն ցույց տալ, այլ դեկորացիաներով, զանազան իրերով, նոր արտահայտչամիջոցներով ցույց տալ գեղեցիկ, անկրկնելի պատկերներ: «Նռան գույն» ֆիլմում մատաղի տեսարանը հորինված ծես է, հորինված ազգագրություն: Այդպիսի մատաղ չի լինում: Ֆիլմում այդ տեսարանը կարծես շուկա լինի, որտեղ գունեղ հագնված տատիկները մարդկանց «էստի՜ համեցեք» են անում: Հետո կանայք իրար հետ կռվում են, գոռգոռում: Իրական ազգագրության մեջ նման բան չկա: Բայց գյուղացի կանայք մտնում են դերի մեջ, ասես իրական ծիսակարգ են ներկայացնում: Մատաղն աղբյուրի վրա են անում. նման ավանդույթ գոյություն չունի: Մորթվող կենդանիների արյունը հոսում է՝ կարմիր ներկելով շուրջը: Հիշում եմ` Երևանում ֆիլմի պրեմիերայի օրն անվանի մի պատմաբան ասաց, որ ազգագրության առումով ամեն ինչ անթերի է: Փաստորեն, Փարաջանովն այնքան համոզիչ էր ներկայացրել, որ անգամ մասնագետներին էր խաբել ու վստահեցրել, թե իր պատկերածը ազգագրություն է:
Մելքոն Ալեքյան («Նռան գունը» ֆիլմում նկարահանվել է մանուկ Սայաթ-Նովայի դերում)
– Գիտեմ, որ ինձնից բացի, մանուկ Սայաթ-Նովայի կերպարի համար մի տղա էլ էր ընտրվել, անգամ փորձնական նկարահանվել էր։ Բայց թե ինչպես ու ինչու հենց ես ընտրվեցի այդ դերի համար, չեմ կարող ասել։ Չեմ էլ տեսել այդ տղային, որ ասեմ՝ նա՞ էր ավելի սիրուն, թե ես։ «Նռան գույնից» հետո ինձ հրավիրեցին «Հնձան» ֆիլմում նկարահանվելու։ 7 տարեկան երեխայի դեր պիտի խաղայի, բայց արդեն մեծ էի, տարիքս չհամապատասխանեց։
Ինձ համար բացի նկարահանումները, նաև հետաքրքիր էին շրջագայությունները Հաղպատում, Սանահինում։ Ես այն ժամանակ ֆիլմի մասին գաղափար չունեի, չգիտեի՝ ինչ է նկարվում։ Դրա կարևորությունը հետո իմացա։ Մորեղբորս աղջկա ընկերներից մեկը կինոյի և թատրոնի ինստիտուտում էր աշխատում. որ իմացավ՝ Փարաջանովի ֆիլմում նկարահանվում եմ, գրկեց ինձ, ասաց՝ գիտե՞ս ինչ մեծ պատիվ է նրա կողքին լինելը, նրա հետ աշխատելը։ Ես զարմացա։ Հետո, իհարկե, հասկացա, թե ինչ մեծության հետ եմ գործ ունեցել։ Սոֆիկո Ճիաուրելին հաճախ էր ինձ գրկում, սիրում։ Ընդհանրապես որպես երեխայի՝ բոլորն էին ինձ սիրում։
Սանահինում էինք։ Մեր կողքին մանկապարտեզ կար։ Երախաների հետ ծանոթացա, մի օր էլ ասացի՝ ուզո՞ւմ եք մազերս գլխիցս հանեմ։ Նրանք զարմացան՝ ինչպե՞ս։ Այդպես կեղծամս հանեցի։ Ես ացետոնի հոտը տանել չէի կարողանում։ Վարսավիրը ասաց՝ դե որ այդպես է, կեղծամդ ացետոնով կմաքրեմ, որ այլևս գլխիցդ չհանես։ Մաքրեց ու էլի գլխիս հագցրեց։
Երբ ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում էկրան բարձրացավ, բոլորն ինձնից ինքնագիր էին ուզում։ Ես էլ 10 տարեկան էի, ի՞նչ ստորագրություն, ինչ բան, անունս էի գրում միայն։ Կտորներ կան, որ նկարահանվել եմ, բայց դրանք ֆիլմում չեն ընդգրկվել։ Իրականում մեծ հպարտություն եմ զգում, որ խաղացել եմ «Նռան գույնում»։ Բարի, երջանիկ հիշողություններ են մնացել այդ ֆիլմից։
Տիգրան Մանսուրյան («Նռան գույնը» ֆիլմի կոմպոզիտորը)
-Ես հաճախ էի այցելում Մարտիրոս Սարյանին։ Սովորականի նման նրանց տուն գնացի։ Պարզվեց, որ Վարպետի ու նրա հարսի հետ պետք է գնանք արվեստի աշխատողների տուն, որ դարձյալ Սարյան փողոցի վրա էր։ Դուռը բացեցինք. ներսում շատ մարդ կար։ Նրանցից մեկը, որ երեկոյի կենտրոնական դեմքն էր, մոտեցավ, բարևեց Սարյանին, հետո՝ ինձ։ Պարզվեց՝ Փարաջանովն է։ Մինչ այդ, ես նրան չէի հանդիպել։ Փարաջանովն այդ օրերին Երևան էր եկել, որովհետև նրա «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը ցուցադրվել ու առանձնապես տպավորություն չէր գործել։ Նա Երևան էր եկել այդ սխալն ուղղելու և միաժամանակ իր հետ բերել էր նոր ֆիլմի՝ «Սայաթ-Նովայի» սցենարը։ Հենց այդ երեկո Փարաջանովը բոլորին պատմեց իր նոր ֆիլմի մասին։ Այնքա՜ն հետաքրքիր էր ներկայացնում՝ գունեղ դրվագներով, լռության պահերով, կիսատ թողած նախադասություններով, պլաստիկայով։ Այս տարօրինակ մարդը մոգական ուժով գրավեց բոլորին։
Երբ «Նռան գույնն» արդեն նկարահանված էր, ես այդ նույն պատմածը նույն ձևով տեսա ֆիլմում։ Փարաջանովն ուզեց, որ ես «Սայաթ-Նովայի» համար երաժշտություն գրեմ, ու 1969 թվականին ես հայտնվեցի նրա ֆիլմում։ Մինչ այդ ես Էստոնիայում էի եղել, այնտեղի ազգային գրադարանում ուսումնասիրել էի նորագույն երաժշտության ձայնագրություններն ու նոտաները։ Դա կոնկրետ երաժշտություն էր։ Էստոնիայից Հայաստան էի բերել Պիեր Շեֆերի «Սիմֆոնիա մեկ մարդու համար» գործը, որի մասին կարդացել էի, բայց չէի լսել։ Ձայնագրություներ էի բերել նաև Պիեր Անրիից։ Երբ նկարահանված «Նռան գույնը» տեսա, հասկացա, որ կոնկրետ երաժշտության աղմուկներ են պետք՝ տարբեր տեղերից որսացած ձայներով։ Ֆիլմ պիտի ունենա իր երաժշտությունը՝ դիզայն-երաժշտություն, կիրառական երաժշտություն, ոչ թե այն դասականը, որը նվագում են։ Ես տեսա, որ Փարաջանովը բնության մեջ գոյություն ունեցող նյութերից շարժվող կոմպոզիցիաներ է սարքել՝ շարժվող, որովհետև կինո է։ Բայց դա շրջանակի մեջ էր առել՝ գեղեցիկ, ընտիր. կենդանի շարժվող գեղանկարչություն, որ ուներ կինոյի բոլոր տվյալները։ Նրա կինոխցիկը չի շարժվում, դու ես շարժվում նրա նկարածի մեջ, սա նկարչության կարևոր տվյալներից մեկն է. կտավն անշարժ է, իսկ կտավի միջինը շարժվում է։ Ես տեսա, որ նույնը ես պետք է անեմ ամենապարզ ձայների միջոցով, բայց ամենահամարձակ, անսպասելի միացություններով։
Փարաջանովյան պատկերների մեջ պարադոքսներ կային, նույնը պետք է արվեր նաև երաժշտության հետ։
1969 թվականին ես սկսեցի աշխատել «Նռան գույնի» երաժշտության վրա։ Տևեց 3 ամիս։ Ամենապարզ ձայներից ամենահամարձակ միացությունները հավաքեցի. ամբողջ ստուդիայում ոչ ոք չէր հասկանում, թե ես ինչ եմ անում։ Մոնտաժող մի կին կար, որի հետ աշխատում էի, նա ձայները կտրատում էր, ես երեկոյան գալիս էի տուն, դրանք միացնում։ Ափսոսում եմ, որ ոչ մի նոտա չեմ պահել։
Փարաջանովը երբեք չի վախեցել կոպիտ միացություններից։ Լինելով էսթետ՝ նա այնպիսի անհնար բաներ էր թույլ տալիս։ Հետո երբ նկարահանված նյութը նայում էինք, տեսնում էինք, որ շատ գեղեցիկ է ստացվել։ Այդպես էլ երաժշտության մեջ՝ անսովոր միացություններ։
Փարաջանովի կողքին լինել ու նրա խաղի մասնակիցը չդառնալ, անհնար էր. դու նրա հետ պետք է ապրեիր, այդ խաղի հաճույքը զգայիր։ Գեղեցիկի հետ ապրելու, գեղեցիկը տեսնելու, գեղեցիկով վարակվելու պահեր էին, որոնք ապրել եմ Փարաջանովի հետ։ Մի հին պահեստում, որտեղ կինոյի տարբեր առարկաներ կային, նա հանում էր, սրբում, հիանում, հրճվում։ Նա այդ իրերի կյանքն էր տեսնում, թե ինչ դեր են խաղացել ֆիլմերում։ Ես փարաջանովիզմով վարակված էի ու համարձակ էի։ Այն ժամանակ այդ տեսակ երաժշտություն ստեղծելու համարձակությունն ու պահանջն օդի մեջ էր։ Համարձակության վիրուսն օդի մեջ էր։ Այսօր համարձակ խաղ ստեղծելու հաճույքը, ուրախությունը չեմ կարծում, թե այն նույն սրությամբ կա, ինչ այն ժամանակ։ 1960-ականներն ուրիշ էին։ Դա մնաց անկրկնելի։
Նա ինձ ասել էր՝ ես Կիև եմ գնում, հենց գործդ վերջացնես, հեռագիր կտաս, կգամ։ Հեռագիր տվեցի, եկավ։ Շատ հուզված էի, չգիտեի՝ ինչպես կարձագանքի Փարաջանովը։ Ես կանանց էի հրավիրել, որոնք ոչ թե պետք է երգեին, այլ գլխային ձայներ հանեն՝ աններդաշնակ, կտրտվող ձայներ։ Նրանք չհասկացան՝ ինչ եմ ուզում իրենցից։ Բոլորին հետ ուղարկեցի ու այդ ձայները ես հանեցի։ Ֆիլմում երբ մոնղոլը նետն արձակում է, ու ճիչեր են լսվում, դա իմ ձայնն է։ Ստուդիա եմ բերել կամպանա տուբոլարե զանգեր, որոնցով նվագել եմ։
Ձայնի որակի հոգեբանական ազդեցությունը պատկերի վրա շատ կարևոր է. օգտագործել եմ Կոմիտաս, ժողովրդական մեղեդիներ։ Որևէ հնարված բան չկա. ձայնի ու պատկերների հարաբերությունը վերածվել է ֆոնետիկայի։
Ես Փարաջանովից որևէ ուղղություն չեմ ստացել. նրա կողքին էի, գիտեի նրա ապրումները և գիտեի՝ նրան ինչ է պետք նաև կինոերաժշտության մեջ։ Երբ մտա ֆիլմի մեջ, տեսա, որ նա ձայնային համակարգ արդեն ստեղծել է։ Ես այն անխախտ թողեցի, դատարկ մասերը լցրեցի միայն, ու չստացվեց այնպես, որ իմ ու նրա ձեռագրերը տարբեր լինեն. ոչ, մենք մի ամբողջություն ստեղծեցինք։ Պետք էր ձայներին 2-րդ, 3-րդ իմաստ տալ։ Ֆիլմում Աննա թագուհու մարմնի տառապանքն ենք տեսնում, նրա մարմնի պահանջը երեխայի ձայն լսելն է, ուրեմն ձայնի կյանք պետք է դրվեր այդ կադրի տակ, ինչն էլ արել եմ։ Դա ապրած, զգացած ձայն է՝ ոչ սովորական, ֆիզիկական ձայն։
Փարաջանովը դուրս եկավ բանտից և նկարահանեց «Աշուղ Ղարիբը»։ Այդ ֆիլմի երաժշտության մեջ և՛ ֆոլկլյոր կա, և՛ արևելեք։ Իմ պատկերացմամբ՝ դա պետք էր հղկել, մաքրել, պետք էր բոլորովին ուրիշ որակ ստանալ։ Երբ համեմատեք «Նռան գույնն» ու «Աշուղ Ղարիբը», կտեսնեք, թե ինչ պիտի լիներ, և ինչ եմ արել ես։ Փարաջանովի ընտրած երաժշտությունն ու իմ աշխատանքի արդյունք երաժշտությունը տարբեր են։ Պետք էր ձայներին տալ 2-րդ, 3-րդ իմաստ։ Ես տեսել եմ «Մոռացված նախնիների ստվերները»։ Առաջինը, որ կատեգորիկ դեմ եմ եղել, ֆիլմի երաժշտությունն է, որ գրել է մի ուկրաինացի կոմպոզիտոր։ Անտանելի վատ է դա, Փարաջանովի էսթետիկայի հետ բացարձակապես կապ չունեցող բան է։ Պետք էր ճանաչել Փարաջանովին, ապրել նրա ապրածը, զգալ նրա զգացածը, և երաժշտությունն ինքնին կգար։
Վիլեն Գալստյան («Նռան գույնը» ֆիլմում մարմնավորել է երիտասարդ Սայաթ-Նովային)
-Այդ օրը ես պարում էի «Ժիզել»՝ Ալբերտի դերում։ Էդգար Հովհաննիսյանը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն էր և հորդորել էլ Փարաջանովին, որ նա տեսնի իմ պարը։ Փարաջանովն ասել էր. «Հաճույքով, ես Վիլենի մասին լսել եմ, բայց չեմ տեսել»։ Եկան-տեսան։ Փարաջանովն ասաց. «Էլ ոչ մի փորձ, ոչ մի ուրիշ դերասան, իմ Սայաթ-Նովան բեմում է, ես հենց նրա նման պլաստիկ Սայաթ-Նովա եմ ուզում»։ Մինչ այդ՝ շատ դերասանների էին փորձել, շատերի թեկնածությունն էր առաջարկվել, այդ թվում՝ Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի։ Ես վստահ էի, որ Փարաջանովը նրանցից մեկին կընտրի։ Ներկայացումից հետո ինձ կանչեցին Էդգար Հովհաննիսյանի կաբինետ։ Ես լսել էի Փարաջանովի մասին, գիտեի, որ Կիևում ֆիլմ է նկարել, հիմա էլ պատրաստվում է «Սայաթ-Նովան» էկրան հանել։ Ու ինձ առաջարկվեց Սայաթ-Նովայի դերը։ Ես առանց տատանվելու համաձայնեցի, որովհետև գիտեի՝ ինչ ռեժիսորի հետ գործ ունեմ, բացի այդ՝ Սայաթ-Նովա էի խաղալու։ …Նկարեցին։ Փարաջանովը շատ գոհ էր. ես լիարժեք կատարել էի նրա առաջադրանքները։ Երբ ֆիլմը պատրաստ էր, շատ տարաձայնություններ հնչեցին։ «Սայաթ-Նովա չի սա, մեր ուզածը չի»,-շատերն ասացին։ Բայց այդ ֆիլմն աշխարհն ընդունեց։ Իհարկե, այն նման չէր Կիմ Արզումանյանի «Սայաթ-Նովային»։ Այլ մոտեցում, նոր մոտեցում, նոր կինո էր «Նռան գույնը»։
Շատ հեշտ ստացվեց մեր աշխատանքը։ Անկասկած, դեռ այն ժամանակ մենք գիտեինք, որ մեր դիմաց հանճար է կանգնած։ Նա նաև փայլուն նկարիչ էր, լավ գիտեր պարարվեստը, բալետի դպրոցում էր սովորել, բայց ցածր հասակի պատճառով բալետը թողել էր։ «Սայաթ-Նովայից» հետո ես իմ դերերին ավելի խորն սկսեցի նայել, շատ կերպարներ սկսեցի տեսնել Փարաջանովի աչքերով։ Մտածում էի՝ ինչպես կաներ Փարաջանովը, ինչ պլաստիկայով. Փարաջանովի ներկայությունը ես միշտ էի զգում։
Մի անգամ հարցրեց. «Վիլեն, ինչի՞ վրա ես աշխատում»։ Պատասխանեցի՝ «Սասունցի Դավթի»։ «Սցենար ունե՞ս, կբերե՞ս»,-հարցրեց։ Սցենարը տարա, նայեց, ասաց՝ լավ։ Մեկ-երկու ժամ առանձնացավ «Երևան» հյուրանոցի իր համարում ու սկսեց իր սցենարը գրել։ Բերեց, ասաց՝ կարդա։ Ասացի՝ լավ կլինի դու կարդաս։ Շատերն էին ներկա՝ Էդգար Հովհաննիսյանը, երաժիշտներ, նկարիչներ։ Շատ հետաքրքիր էր։ Նա ընկալել էր բալետային գործի լիբրետոն, որը ես էի գրել, ու դրա վրա կառուցել էր կինո-բալետ։ Երջանիկ կլինեի, եթե այն միասին բեմադրեինք։ Այն պետք է լիներ օպերա-բալետ. Էդգար Հովհաննիսյանն արդեն գրել էր երաժշտությունը։ Այդպիսի ժանր չկա։ Ես պետք է պարեի, Խանդութ Խաթունն ինձ պատասխաներ երգով։ Ես, իհարկե, բեմադրեցի, բայց ի՛մ «Սայաթ-Նովան»։ Փարաջանովինը պետք է միայն Փարաջանովը բեմադրեր։
Հայկանուշ Ներսիսյան («Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության բաժնի ինժեներ)
– Կուսակցական փակ ժողովի ժամանակ ասվեց, որ «վերևներից» իջեցված հրահանգը պետք է կատարվի։ Որոշվեց, որ «Նռան գույնը» ֆիլմի ժապավենը պետք է վերացվի։ Հաջորդ օրը սովորականի նման աշխատանքի եկանք։ Որպես ստուդիայի արտադրության բաժնի ինժեներ՝ պետք է ես իրականացնեի դա։ Տնօրինությանը խնդրեցի-աղաչեցի՝ ի՞նչ կլինի, եկեք այդ բանը չանենք։ Ասացին՝ Հայկուշ, մեզ փաստի առաջ ես կանգնեցնելու։ Պատասխանեցի՝ դուք ասել եք, որ անեմ, ես չեմ արել, իսկ դուք չգիտեք էլ, որ ձեր հրահանգը չեմ կատարել։ … Դարձյալ չհամաձայնեցին, ասացին՝ արծաթը պիտի հանձնեք, որտեղի՞ց հանձնենք։ Գնացի գլխավոր ինժեների մոտ, խնդրեցի։ Ասաց՝ լավ, մի բան կանենք, արծաթի հարցը կլուծենք։ Կրկնօրինակ գունավոր ֆիլմեր տվեց, վառեցինք, արծաթը հանեցինք։ Դա գաղտնիք էր, որ ոչ ոք չիմացավ։ Մենք «Նռան գունի» նեգատիվը պահեցինք։ Քանի որ ֆիլմը միութնական էկրան դուրս չէր եկել, հետևաբար նեգատիվը հանձնված չէր։ Հենց այդ նեգատիվն էլ փրկեցինք. շատերը կարծում են, թե հատվածներ ենք փրկել, բայց ոչ, ֆիլմի ամբողջական տարբերակի նեգատիվն ենք փրկել։ Փարաջանովի կենգանության օրոք այդ նեգատիվից կրկնօրինակներ են տպվել։
Փարաջանովը բանտարկված էր։ Երբ Գևորկովը նրան նամակ էր գրում, ասում էի՝ ի՞նչ կլինի, գրեք, որ «Նռան գույնի» նեգատիվը պահպանված է, թող ուրախանա։ «Ի՞նչ ես խոսում, Հայկուշ, էդպիսի բանը ո՞նց գրենք»,- ասում էր։ Փարաջանովը բանտից դուրս եկավ, «Հայֆիլմում» ասացին, որ ֆիլմը փրկված է։ Նա շնորհակալություն հայտնեց ստուդիայի ղեկավարությանը՝ չիմանալով էլ որ նրանք այն մարդիկ են, որոնք համոզված էին, թե ֆիլմը ոչնչացվել է։ Ավելին՝ ժամանակ առ ժամանակ էլ ինձ ասում էին՝ լավ էլի, Հայկուշ, եթե դեռ չես ոչնչացրել, հիմա տար վառի էլի։ Ես էլ պատասխանում էի՝ վաղուց ենք վառել, բա արծաթը որտեղի՞ց հանձնեցինք։ Երբ Փարաջանովն ազատվել էր բանտից, այդ նույն մարդիկ ասացին՝ ափսո՜ս, որ ֆիլմը վառեցինք։ Ես էլ պատասխանեցի՝ ոչ մի ֆիլմ էլ չենք վառել։ Գնացիք, ժապավանների տեղը ցույց տվեցի, հենց Փարաջանովը ստուդիա եկավ, հպարատ-հպարատ հայտարարեցին՝ ֆիլմը ոչնչացված չէ։ Իմ մտքով էլ չէր անցնում Փարաջանովին ասել, որ ֆիլմը ես եմ պահպանել. չէի կարծում, թե մեծ բան եմ արել, ես դա եղբորս՝ Դավիթ Ներսիսյանի համար էի արել, որովհետև նա էր այդ ժապավեններով զբաղվում։ Ժապավենների երևակման ժամանակ Փարաջանովն ինձ ստիպում էր, որ բոլոր կադրերը նայեմ, ասում էր՝ եղբայրդ է բերել, չե՞ս ուզում տեսնել՝ ինչ է նկարված։ Իսկ ես դրանից ոչինչ չէի հասկանում։ Փարաջանովն էլ ասում էր. «Հաց ու պանիր կուտես, կհասկանաս»։
Դոնարա Սևաչերյան («Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես ֆիլմաֆոնդի վարիչ)
-51 տարի աշխատել եմ «Հայֆիլմում»։ Իմ ձեռքի տակով անցել են ստուդիայի բոլոր ֆիլմերը։ Ընդհանրապես ֆիլմը հանձնելուց հետո Մոսկվայից հրաման էր գալիս՝ բոլոր ելանյութերը 6 ամիս հետո այրել, արծաթը հանձնել։ Քանի որ «Նռան գույնը» մեծ աղմուկ հանեց, սկսեց շրջանառվել՝ նեգատիվի մնացորդներն այրե՞լ, թե թողնել։ Հրաման եղավ՝ ոչնչացնել։ Ես խորհրդակցեցի Հայկանուշ Ներսիսյանի հետ։ Նա ասաց՝ ոչ մի դեպքում չպետք է այրենք։ Բայց ինչպե՞ս պահեինք։ «Հայֆիլմն» այն ժամանակ հին շենքում էր՝ Տերյանի վրա։ «Նռան գույնը» թաքցրինք։ Հետո ստուդիայի նոր շենք տեղափոխվեցինք։ 110 տուփ նեգատիվի մնացորդներն ուղարկեցի արխիվ։ Մենք օրենքը խախտեցինք, այլ ֆիլմ այրեցինք, արծաթն ուղարկեցինք։ Հետո, իհարկե, բոլորն իմացան, որ ֆիլմը չենք ոչնչացրել. ռեժիսոր Վարդանովը հետո աշխատեց այդ ժապավենի վրա։
Փարաջանովը գալիս էր «Հայֆիլմ», բոլորս գիտեինք, որ նա հայտնի ռեժիսոր է։ «Նռան գույնը» շատերը չհավանեցին, չհասկացան։ Իսկ ես այդ ֆիլմը հայկական մանրանկարչության հետ եմ համեմատում։
Մելսիդա Մաթևոսյան («Երևան» կինոստուդիայում աշխատել է նեգատիվ ժապավենի մոնտաժող)
– Անցյալ տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնից առաջարկ ստացա. պետք է աշխատեի Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի և «Նռան գույնի» հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի նեգատիվի վրա։ 1960-ականներից մինչև 2000 թվականն աշխատել եմ «Երևան» ստուդիայում», ու մոտ 20 տարի հետո ինձ առաջարկում են թեկուզ կարճ ժամանակով վերադառնալ սիրելի աշխատանքիս։ Նեգատիվի մոնտաժող էին փնտրել ու ինձ գտել։ Ժապավեններն ամրացնող կպչուն հատուկ նյութ մեր երկրում չէին գտել. Լեհաստանից բերեցին։ …Մոտ մեկ ամիս աշխատել եմ այդ ֆիլմերի վրա։ «Հակոբ Հովնաթանյանն» ավարտել եմ. այն Լեհաստանում վերականգնվել ու թվայնացվել է, իսկ «Նռան գույնից» դուրս մնացած 103 տուփ ժապավենի միայն 1/3-ի վրա եմ աշխատել։ Ասում են՝ դեռ էլի գործ ունեմ, «Նռան գույնի» մյուս հատվածներն էլ պիտի մոնտաժվեն։ Հույս ունեմ։
Երբ 20 տարվա ընդմիջումից հետո ձեռնոցներս դրեցի, ձեռքս առա «Նռան գույնի» նեգատիվը, կարծես վերածնվեցի, նոր կյանք, շունչ ու ոգի ստացա։ Անասելի, անպատմելի զգացողություն էր։ Նույն վայրկյանին սկսեցի աշխատել։ Կինոկենտրոնի աշխատակցուհին նայեց, թե ինչպես եմ աշխատում ու ասաց՝ Մելսիդան ամեն ինչ հիշում է, հանգիստ եղեք։ Քանի որ 2 անգամ ինսուլտ եմ ստացել ու շատ բան եմ մոռացել, դուստրս զգուշացրել էր. «Մա՛մ, եթե տեսնես, որ մոնտաժելը մոռացել ես, ժապավենը վայր կդնես, ներողություն կխնդրես ու տուն կգաս, հիշողությունը լարելը քեզ հակացուցված է»։ Բայց ես այնքան անվրեպ ու արագ սկսցի գործս, որ ինքս ինձ վրա ապշել էի։ Հիվանդությանս պատճառով այնքան բան եմ մոռացել, բայց ո՛չ նեգատիվի մոնտաժը։ Ես հասկացա, որ դա մոռանալ կամ շփոթել ուղղակի անհնար է։ Առաջին աշխատանքային օրվանից հետո եկա տուն, դստերս ասացի՝ ոչինչ չեմ մոռացել, ամեն ինչ հիշում եմ։
Հ․Գ․«Նռան գույնը» շարունակում է համարվել Փարաջանովյան կինոարվեստի գլուխգործոց։ 4 տարի առաջ ֆիլմը վերականգնվել է Մարտին Սկորսեզեի հիմնադրամի միջոցներով՝ որպես հարգանքի տուրք համաշխարհային կինոյի Վարպետի՝ Սերգեյ Փարաջանովի հիշատակին։ Նորագույն տեխնոլոգիաներն այսօր կինոյում նշանակալի դեր ունեն, և որքան կարևորվում է այդ դերը, այնքան ուժգնանում է պահանջը՝ հետ նայելու և արժևորելու մարդու զգացական աշխարհի ստեղծած կինոարվեստը։ Փարաջանովյան ֆիլմերը, կոլաժները, նրա «Նռան գույնը» մարդու ստեղծարար, զգացական, մտավոր ու հոգևոր աշխարհի արգասիքն են, որոնց արժեքը տարեցտարի ավելի է բյուրեղանալու։
Նաիրա Փայտյան