2017 թվականի հուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ելույթներից մեկում հայտնեց մի միտք, որն այսօր դարձել է թևավոր, գերբացասական երանգ ստացած խոսք․ «կայարանը շատ կարևոր մի վայր է, որտեղ իրար են հանդիպում մարդիկ, ովքեր հաջողել են այս կյանքում և մարդիկ, ովքեր ոչինչ են։» Պարզվեց, որ մարդկանց վերոհիշյալ երկու տեսակներին էլ այս խոսքը վիրավորել է, և կարելի է պատկերացնել, թե ինչ դժգոհության ալիք բարձրացավ Ֆրանսիայում։ Քաղաքացիներն իրար կոչ էին անում արթնանալ, փոփոխություններ անել, քանզի Ֆրանսիայում բոլորն իրար հավասար են,  եղբայր են և ազատ են։

2020 թվականի հունվարը Ֆրանսիան դիմավորեց նույն գործադուլ ռեժիմով, որով փակել էր 2019 թվականի դռները։ Արդեն, գրեթե երկու ամիս է ինչ մայրաքաղաքում չեն գործում գնացքներ։ Մետրոյի միայն երկու ավտոմատ համակարգով գործող գնացքներում տեղաշարժվում ես, ինչպես ֆրանսիացիներն  են սիրում ասել, «պահածոյացված սարդինա ձկների տեսքով»։ Բայց գործադուլը շարունակվելու է, այնքան ժամանակ, որքան պետք է կառավարությանը թոշակային համակարգում (և ոչ միայն) փոփոխություններ կատարելու համար։

Իհարկե, տիրող իրավիճակի մասին արդեն գրվում են գրքեր, երգեր և իհարկե նկարահանվում ֆիլմեր։ Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի վերջին ֆիլմը՝ «Գլորիա Մունդին», ընդունվեց կինոսերների մեծ ոգևորությամբ և ամենախիստ կինոքննադատների կանաչ լույսով։ Ֆիլմն այսօրվա իրականության մասին է, որը ցավոք սրտի վարդագույն չէ, անգամ Գեդիկյանի  դրախտավայր Մարսելն այս անգամ մոխրագույն է և տխուր։ Բայց միաժամանակ, ֆիլմը հորդորում է գործել և չհանձնվել։  

Այս թեմայով Ռոբերտ Գեդիկյանի լավագույն հարցազրույցներից մեկը տպագրվել է կինոյին նվիրված «Cahiers du Cinema» (Կայե դը Սինեմա) ֆրանսիական ամսագրում։ Kinoashkharh-ը սիրով ներկայացնում է այդ նյութից որոշ հատվածներ։  Ամբողջական հարցազրույցը կարելի է կարդալ ֆրանսերենով՝ «Cahiers du Cinema»-ի նոյեմբերյան համարում։

Ռոբերտ Գեդիկյանի գրասենյակում ենք, սեղանին դրված է Մալիք Սիդիբեի լուսանկարների գիրքը:

«Սենեգալում մի ծրագիր ունեմ: Գաղափարը գալիս է Մալիք Սիդիբեի լուսանկարներից: Օրինակ, հետաքրքիր է, ո՞վ է այս գրքի շապիկի տղամարդը: 1960 թվականին էլեգանտ հագնված այս մարդը քայլում էր գյուղերով  և սոցիալիզմ քարոզում գյուղապետերին: Պատմությունը տեղի է ունենալու նույն ժամանակաշրջանում: Մեծ արկած է լինելու, պատմական մի շարք վերակառուցումներով

-Մենք շատ սիրեցինք  «Գլորիա Մունդին»:Այնտեղ արտահայտված է Ձեր զայրույթը,  դժգոհությունը, կապված այն համոզմունքի հետ, որ կա պայքար աղքատների միջև, որն արդարացնում է տնտեսական և սոցիալական բռնությունը:

-Ֆիլմը ծնվել է այդ զգացողությունից: Ես նախ գրել էի կատակերգություն, բայց հետո հասկացա, որ դրա ժամանակը չէ: Շատ էի զայրացած այն ամենով, ինչ կատարվում էր շուրջս: Դրդող ազդակ հանդիսացավ այն, որ եվրոպական ընտրությունների ժամանակ ձախակողմյան ուժերը չկարողացան համախմբվել Մարսելում : Ապա նաև երկաթուղայինների պարտությունը, ում պայքարը ես սատարում էի: Նրանք կարողացել էին հավաքագրել մեկ միլիոնից ավել եվրո, արդյունքում ամենն ավարտվեց ձախողմամբ: Այս բոլոր պարտություններն ու տիրող քաղաքական անհնարին իրավիճակն ինձ բերեցին այս ֆիլմի ստեղծմանը՝ զուգահեռ տիրող իրավիճակին: Անայիս Դեմուստիեի հերոսուհին, ով չնայած որ տառապում է կրճատումներից, հայտարարում է, որ եթե լիներ իր տնօրենի փոխարեն, ճիշտ նույնպես կվարվեր: Նույնն է նաև Արիան Ասկարիդի հերոսուհու դեպքում, ով ասում է սինդիկալիստին, որ եթե վերջինս դժգոհ է, կարող է գնալ իր սեփական ձեռնարկությունը հիմնել: Շատ ճնշված մարդիկ հավատարիմ են այդ մտքին: Անբարենպաստ պայմաններում ապրող մարդկանց մոտ դասակարգային գիտակցություն իրականում այլևս չկա:

-Դուք կապում եք Ձեր ֆիլմի ցանկությունը ներկայի հետ, կարծես կան հստակ պահեր ֆիլմ նկարահանելու համար:

-«Լա Վիլլայի» դեպքում նույն պատմությունն էր: Կար մի տարբերակ առանց երիտասարդ գաղթականների ժամանման տեսարանի: Ֆիլմի ստեղծումից երկու ամիս առաջ, ես հասկացա, որ դրա շրջանցումն անհնարին է:

-«Գլորիա Մունդիի» երիտասարդ հերոսները սարսափեցնում են: Կա օպորտունիզմից ծայրահեղ ցինիզմի հասնող կերպարների տարատեսակ շարան:

-Փորձեցի ստեղծել տարբեր նմուշների հավաքածու, նկարագրել պահվածքի բազում տեսակներ: Անգամ ամենահաճելին՝ Ռոբինզոն Ստեվենենի հերոսը, տարված է ղեկավար դառնալու այդ ծիծաղելի մտքով: Իհարկե, նա ավելի բարի է քան Գրեգուար Լոպրենս-Ռինգեի հերոսը, բայց այնուամենայնիվ ներկայացնում է տիրող գաղափարախոսության պատկերը:

-Իրոք, Ուբերի իր մեքենան վարելիս, նա սիրալիր է, խոսում է անգլերեն, ամենն անում է այնպես, ինչպես պետք է: Իրական փոքր ոոբոտ է:

-Այո, նա շատ  է ջանում: Հիմնականում, մեծ տարածում ունեցող նման վարքագծի նպատակն է ուրույն ուժերով հասնել հաջողության: Կոլլեկտիվ գաղափար այլևս չկա: Եվ անգամ Սիլվիի փորձը, որպես մայր, մասամբ պահպանել այդ ամենը, իրեն այնուամենայնիվ թողնում է կոլեկտիվից դուրս: Ես Արիանին ասացի, որ իր կարիերայում առաջին անգամ է, որ պետք է այդ աստիճանի ռասիստի դեր խաղա:

-Արիան Ասկարիդի բերանից դա անսպասելի է: Բայց նաև չափազանց կարևոր, քանզի այդպիսով մենք տեսնում ենք, որ ձեր քննադատությունը վերաբերվում է ոչ միայն  երիտասարդ սերնդին:

-Ճիշտ այդպես: Քանի որ իմ բոլոր հերոսներն ունեն գաղափարախոսական պարտություն, կարևոր էր նաև, որ իրենց խոսքը նույնպես գաղափարախոսական չլինի: Որպես կանոն, հիմնականում, ես ոչինչ չեմ ասում դերասաններին իրենց դերերի մասին։ Միակ բանը, որ ես ցանկանում էի ընդգծել այն էր, որ իրենց խոսքում պետք է բացակայի տեսական միտումը: Եվ ավելին, նրանց խոսքը պետք է լինի ապշեցնող աստիճանի ինքնաբուխ: Հերոսները պետք է լինեն մերօրյա իրականության ոգով, եթե կարելի է այդպես ասել։

-Դուք փորձում եք նրանց մի փոքր փրկել: Անաիս Դեմուստիեի հերոսուհին մարդկային ժեստ է անում՝ թույլ տալով գողին փախնել:  

-Պետք է դատել ոչ թե հերոսներին, այլ իրենց ստեղծած հասարակությունը: Իրականում, նրանք սարսափելի են (ծիծաղ): Ես այդ մասին խոսել եմ Lոլա Նայմարկի հետ, ով խաղում է քրոջը՝ Ավրորային, ով համարում էր իր հերոսուհուն լիովին խենթ: Բայց դե հարկավոր էր ստեղծել դերասանի և իր դերի միջև կապ։ Մենք մեծ ուշադրություն էինք դարձնում որոշ դետալների։ Ֆիլմի վերջում, երբ Ավրորան լաց է լինում՝ իմանալով ամուսնու՝ Բրունոյի և քրոջ սիրային կապի մասին, նա շատ հուզիչ է։ Այս լացի տեսարանը մենք ավելացրեցինք արդեն իսկ նկարահանման ժամանակ։ Մտաբերում եմ նաև այն տեսարանը, որտեղ Բրունոն Ավրորային առաջարկում է սիրով զբաղվել իր քրոջ հետ, երբ Ավրորան վերադառնում է խոհանոցից, կարծես 12 տարեկան աղջնակ լինի։ Նա նման է կորած երեխայի։ Այս պատճառով է, որ մենք երբեմն նկարահանել ենք նույն տեսարանի մի քանի տարբերակներ։ Անաիսի հերոսուհին չպետք է բաղ թողներ գողին, սակայն նկարահանման ժամանակ մենք առանց վարանելու փոխեցինք տեսարանը։ Բրունոն անկասկած բոլորից ամենասարսափելին է։ Բայց նա ունի չափազանց հուզիչ հայացք այն կարճ պահին, երբ ենթադրում է, որ միգուցե փոքրիկն իր երեխան է։ Այդ զգացմունքն ավելի ընդգծելու համար, մենք նույնիսկ ավելացրեցինք երեք նոտա։

-Չէի՞ք վախենում ճնշման ուժեղացումից, օրինակ այն տեսարանում, որտեղ Ավրորան և Բրունոն սիրով են զբաղվում։

-Ինձ համար այս տեսարանը շատ ժամանակակից է, այն հաստատում է մերօրյա իրականության հետ կապը։ Ես ինքս էլ հաճախ եմ նայում հեռախոսիս։ Պարզապես ցանկանում էի ցույց տալ, որ նրանք երջանիկ զույգ են, լավ հարաբերությունների մեջ են, սիրով զբաղվելն իրենց համար հաճելի է։ Այսինքն այս ահավոր զույգը նաև իրար սիրող զույգ է։ Չեմ կարծում, որ տեսարանը տխուր է։ Նույն տեսարանը կարող էր լինել նաև հաճելի հերոսների մասնակցությամբ։

-Այս զույգը հիշեցնում է 19-րդ դարի գրականության մեջ հաճախակի հանդիպող վաշխառուների կերպարները։

-Այո, իհարկե, ինչպես Դոստոեվսկու մոտ։ Ի դեպ, մենք նրանց անվանում էինք Տենարդիեներ։ Ճաշելու ժամանակ, կատակելով ասում էինք․«Տենարդիեներ, նստեք սեղանի ծայրին» ։

-21-րդ դարը նմանվում է 19-րդ դարում տիրող իրավիճակին։

-Ես ել եմ այդպես մտածում։ Անտանելի հետընթաց ենք ապրում։ Ամեն օր ստեղծվում է տպավորություն, որ ևս մեկ հասարակական ձեռքբերում վերացավ։ Հարց է բարձրանում, կարո՞ղ է շուտով երեխաները նորեն աշխատեն հանքերում շաբաթական 72 ժամ, ինչպես Էնգելսի կողմից հրատարակված «Աշխատավոր դասակարգի կարգավիճակը Անգլիայում» աշխատությունում էր։

-Միայն այն տարբերությամբ, որ դրանք կլինեն թվային հանքեր՝ լարերով միացված համակարգիչներին։

-Այո, ճիշտ այդպես։ Պաշտպանությունը վերացել է։ Այն ամենն, ինչ կարող էր ձևավորել ապստամբություն՝ պրոֆմիություններ, պրեսա, այս ամենը փլուզվել է։ Նույնիսկ սովետական միության փլուզումն ինչ-որ տեղ դրամատիկ էր, քանի որ այն կարողանում էր վախեցնել բուրժուազիային և թույլ տալ պահպանել ուժերի հավասարակշռություն։ Միայն հեղափոխության սպառնալիքը ստիպեց տրամադրել որոշակի դրամաշնորհներ արևմտյան երկրների աշխատողներին։ Իշխողները, վախենալով բռնագրավումից, ստիպված էին բաց թողնել բալաստը։ Այսօր, այս ապառնալիքի վերացումը դարձել է հսկայական ալիք, որ մեզ տանելու է ջրի տակ։ Այս մարդկանց համար ամենը դարձել է հնարավոր։

-Ֆիլմի վերջին վայրը բանտախուցն է, սենյակ, որտեղ ապրում է Ժերար Մեյլանի հերոսը։ Ճգնավորի խուցն է։

-Դա իր գրասենյակն է, վայր, որտեղ նա խորհում է, անգամ, եթե դա  հարկադրաբար է, ստիպված։ Նա դրսում է, ուսումնասիրում է: Ինձ համար այս հերոսն ինչ-որ տեղ հրեշտակ է:

-Երբ ֆիլմի ավարտին նա կանգնում է Ռոբինսոն Ստևենենի մեջքի հետևում, նա հիրավի ստանում է պահապան հրեշտակի տեսք։

-Դա է իր զոհաբերության պատճառը: Անկասկած որովհետև նա համարում է, որ իր կյանքն արդեն ձախողվել է և որովհետև մեղքի զգացողություն ունի Արիանի հերոսուհու կյանքը թշվառ դարձնելու համար, անգամ եթե հասկանում ենք, որ դա դժբախտ պատահար էր, ճակատագրականություն, ինչպես Արիանի հերոսուհին է ասում։ Ես գտնում եմ հիասքանչ Ժերարի այն հայացքը, երբ նա իմանում է, որ գոյատևելու համար կինը ստիպված է եղել մարմնավաճությամբ զբաղվել։ Սա ինչ-որ տեղ արդեն  անկենդան մարդու զոհաբերություն է։

-Ավարտական haiku-ի  (հայկու) մեջ, նա ասում է, որ իր ժամացույցի սլաքները հանել է, ժամանակն առաջ չի գնում։ Դուք որոշեցիք ֆիլմն ավարտել բանտում, այդ սարսափելի տեսարանով, որտեղ հերոսը ուղիղ մեզ է նայում։ Բայց չէ որ ֆիլմը սկսվել էր ծնունդով։

-Կարծում եմ, այս հերոսով ֆիլմն ավարտելը մեզ խրախուսում է մտածել։ Ինչ վերաբերում է ֆիլմի սկզբին, միտքն այն էր, որ ամեն ծննդյան մեջ քողարկված է հնարավորությունն ունենալու ողջ «աշխարհի փառքը», նույնիսկ եթե այն եթերային  է: Բայց այդ սուղ ժամանակվա մեջ, վատ ապրելն այնքան անհեթեթ է և անարդար։ Այստեղից իմ տուրքը Փելեշյանին, ումից մենք փոխառել ենք երաժշտությունն ու երեխային լողացնելու տեսարանը։ Այդպես էր արվում Սովետական Հայաստանում։ Ես ներշնչվել եմ Փելեշյանի «Կյանք» ֆիլմից: Մենք խոսեցինք հեռախոսով, նա համարում էր, որ ծննդաբերություն նկարելը լավ միտք չէ, բայց ես մտափոխ չեղա։

-Զոհաբերություն վերջում, խենթ քայլ, որ հաճախ է կրկնվում Ձեր ֆիլմերում։ Դա տեսնում ենք նաև «Կիլիմանջարոյի ձյուները» ֆիլմում։

-Կարծում եմ, դա իմ կապն է հերոսի հետ: Առաջին անգամ, երբ տեսա Բրեխտի «Գալիլեի կյանքը», տպավորվել էի մի արտահայտությամբ, ասում է թե « Դժբախտ է այն երկիրը, որը հերոսի կարիք ունի »: Շատ էի հավանում այս միտքը: Բայց այսօր անհամաձայնության մեջ եմ Բրեխտի հետ։ Միշտ կան մարդիկ՝ մեզ ցույց տալու համար, որ մարդկությունը շարունակում է մնալ մարդկություն։ Նույնիսկ կարող է մարդկությունը սահմանվում է հերոս լինելու իր կարողությամբ։ Այստեղից էլ գալիս է ֆիլմի կերպարի միտքը, ով օրինակելի մի բան է անում։

-Ովքե՞ր են այսօրվա հերոսները։

-Նրանք շատ են։ Բոլորս էլ մեր շուրջը գիտենք մարդկանց, որոնք օթևան են տալիս գաղթականներին։ Հիվանդանոցներն այսօր լի են հերոսներով, որոշ ուսուցիչներ հերոսներ են։ Հերոսներ կան ամենուր, իրենց հնարավորությունների չափով։

-Ֆիլմը մեզ գործողության է դրդում, սա պարտության ֆիլմ չէ։

-Դա ինձնից ուժեղ է, իմ խորին նյութափոխանակությունն է։ Ես կարող եմ լինել դեպրեսիվ, բայց միշտ ունեմ զգացողություն, որ պետք է գործել: «Քաղաքը հանգիստ է» ֆիլմն էլ է ճշմարիտ, թեպետ և սարսափելի։ Ես սիրում եմ այս ֆիլմի վերջը, երբ տղայի առջև դաշնամուր են դնում, և այդ անշուքության մեջ նա սկսում է նվագել Բախ, որովհետև ես պարզապես չեմ կարող լինել չոր։ Սա իրական պայքար է, նույնիսկ ինձ շրջապատող մարդկանց հետ, ովքեր նախընտրում են ավելի չոր լուծումներ։ «Գլորիա մունդիի» մեջ ոմանք կարծում էին, որ ֆիլմը պետք էր ավարտել Մեյլանի վրա, որը վերցնում է գոգաթին, իսկ դանդաղեցված պահը, տրամվայը, երաժշտությունը և այլ դետալներն ավելորդ էին։ Բայց այդ դեպքում, ֆիլմն ինձ համար կավարտվեր չափազանց չոր և կառաջացներ մեծ ֆրուստրացիա։ Ես ցանկություն ունեմ, որ այն ավարտվի հեռանկարով, մտորումներով, գեղեցիկ ժեստով և տա մեզ ցանկություն՝ անել նույնատիպ ժեստեր։ Ինձ համար կինոն, առհասարակ արվեստը, հիմնված է էմոցիաներ ապրելու, երաժշտության, մելոդրամայի ռիսկի վրա։ Պազոլինին կամ Ֆորդը անդադար դիմում են այդ ռիսկին։ Ի դեպ, այս պահին TCM-ով վերանայում եմ Ջոն Ֆորդի բոլոր ֆիլմերը՝ «Ինչ կանաչ էր իմ հովիտը», «Ցասման ողկույզները»․․․

Ինչ կանաչ էր իմ հովիտը» քիչ է սիրված, չնայած որ հիասքանչ ֆիլմ է, հատկապես ժեստերի ներկայացման մեջ։ Երբ երեխան հանքերում գալիս նստում մահացող հոր ձեռքերի մեջ, կարծես խարսխվում է քարի մեջ, դա հիանալի է։ Ինչպես Հյուգոյի մոտ է։

-Այո, հիասքանչ է։ Մայրը նույնպես փայլուն է, սառցե ջրերի մեջ նետվելուց առաջ իր խոսքը հիասքանչ է։ Եվ հետո, Ֆորդն ունի արագ առաջ գնալու ոճ։  «Ինչ կանաչ էր իմ հովիտը» ֆիլմի սկզբում նրանք նետում են վճարը մոր գոգնոցի մեջ, թերևս շատ հովվերգական ժեստ աշխատող դասի համար։ Այս տեսարանից քիչ անց Ֆորդը շատ արագ կադրով ցույց է տալիս պատուհանի դիմաց դրված ցուցանակը, ըստ որի վճարը նվազել է։ Այս փոքր տեսարանն ինձ չափազանց հուզեց։ Այդպես դրան նախորդող գոգնոցի տեսարանը լիովին այլ կարևորություն ձեռք բերեց։ Սկզբի չափազանցված տեսարանն է, որ առաջացրեց էմոցիա, երբ եկավ անցումային այդ կարճ պլանը։

-Դուք այն եզակիներից եք, որը համարձակվում է նկարահանել սոցիալական մելոդրամա և ստեղծել էմոցիոնալ խաղ։

-Երկար ժամանակ է, ինչ մտորում եմ էմոցիայի և բանականության միջև հեռավորության մասին։ Չեմ հասկանում՝ ինչու՞ է էմոցիայի նկատմամբ վախն այսօր այդքան ուժեղ։ Ես շատ սիրեցի Դիդի Ուբերմանի աշխատությունը Էյզենշտեյնի մասին (« Peuples en larmes, peuples en armes», «Արցունքներով ժողովուրդներ, զենքերով ժողովուրդներ»): Այն մեզ հիշեցնում է դեռևս հունական փիլիսոփայությունից եկող այս հնագույն պայքարի մասին։ Կարծես ոմանց կարծիքով, էմոցիան կարող է խանգարել որոշ բաների ընկալմանը։ Ասես բանականությունն անպայման պետք է լինի սառը և սթափ։ Իմ կարծիքով ճիշտը երկուսի միջև հավասարակշռություն գտնելն է։ Ես անգամ կարծում եմ, որ առանց էմոցիաների մենք ոչինչ էլ չենք սովորում։

-Դուք նախապես արդեն կարողանում եք ստեղծել հուզական լիցքեր՝ նկարահանելով նույն դերասաններին, ովքեր ծերանում են Ձեր ֆիլմերի միջով, և դա հիանալի է։ Սա դիտողին շատ զգայուն է դարձնում ։

-Երբեմն կան երևույթներ, որոնք բացահայտ են։ Նկարահանումները պլանավորված էին դեկտեմբեր ամսվա համար, բայց սեպտեմբերին մենք նկարահանեցինք այն տեսարանը, որտեղ Ժերար Մեյլանը, բանտից դուրս գալուց հետո, լողում է ծովի մեջ, մի բան, որ հերոսը վաղուց արդեն չէր արել։ Ես չէի ցանկանում, որ Մեյլանը հիվանդանա։ Մենք կազմեցինք փոքր նկարահանման խումբ․ Արիանն էր, Ժերարը և ես։ Քանզի արդեն տեղում էինք, որոշեցինք նկարահանել ողջ տեսարանը, բայց մտածում էինք երկխոսությունը վերանկարահանել դեկտեմբերին։ Բայց արդյունքում տեսարանն այդպես էլ շատ լավ էր ստացվել։ Եվ նման բան հնարավոր է միայն այն դեպքում, երբ դերասաններն իրար ճանաչում են այնքան երկար ժամանակ, որ կարող են ստեղծել էմոցիոնալ դաշտ առանց անգամ սցենարը կարդալու։ Հատվածը, որտեղ Արիանն ասում է Ժան-Պյեր Դարուսենին, որ նա իր հանդիպած ամենագեղեցիկ տղամարդն է, նկարահանվել է մեկ ժամում, երրորդ փորձից։ Իրականում իմ դերասաններն արդեն երեսուն տարի է, ինչ միասին կրկնում են իրենց դերերը: Փորձի համար բավարար երկար ժամանակ է (ծիծաղում է)։

-Ի՞նչպես ծնվեց  «haiku»ի միտք: Դուք գրու՞մ եք։

-Այո, ժամանակ առ ժամանակ զվարճանում եմ։ Ֆիլմի ստեղծման սկզբում ես մի քանի հատ գրել էի, առանց իմանալու՝ ինչու։ Այն մեկը, որը ֆիլմում է՝ « Մահը մեզ հետևում է (Կյանքը մեզ բռնում) Որոշ ժամանակ » : Մտածեցի, որ բանտում երկար ժամանակ անցկացրած այս մարդը կարող էր փորձել ըմբռնել աշխարհի գեղեցկության փախչող պահերը։ Հայկուն (haiku-ճապոնական բանաստեղծություն) ինձ թվում էր հնարավոր ոճ մի մարդու համար, որը գրականագետ չէ և նման ուսում չի ստացել։ Սա իհարկե լավ չէր երևում, բայց իր սենյակի հետին պլանում ես դրել էի հոմանիշենրի բառարան, ցույց տալու համար, որ նա խենթի պես աշխատում է իր վրա։ Մենք հերոսին տեսնում ենք միայն մի բառը մյուսով փոխարինելու պահին․ նա «գիշերը» փոխարինում է «լուսնով»։ Հեշտ չէր ընդունել այդ հայկուները։ Առաջինը լսում ենք այն պահին, երբ նա դուրս է գալիս բանտից և նստում մեքենան, բայց մենք դեռ չգիտենք, որ հերոսն է գրողը, անգամ եթե լսում ենք նրա ձայնը։ Իհարկե, հանդիսատեսի համար ավելի հեշտ կլիներ, եթե տեսարանը սկսվեր հերոսով, որը գրում է։ Բայց, ես ընտրեցի առաջին տարբերակը, որը նույնպես թվաց հաջողված։

-Շատ երաժշտություն կա, կարծես սովորականից ավելին։

-Ես վստահ էի, որ պետք է երաժշտություն, հատկապես Ռավելի «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» ստեղծագործությունը, որը ես արդեն օգտագործել էի «Կիլիմանջարոյի ձյուներ» ֆիլմում։ Պավանան բազմիցս է հնչում, բայց քանզի տեսարանները շատ տարբեր էին, անհնար էր օգտագործել նույն հատվածները։ Կան նաև Բախի հատվածներ ֆիլմի սկզբում և վերջում։ Նաև Մարիան Ֆեյթֆուլ, տոնական տեսարանի ժամանակ, ում շատ հաճելի է լսել: Ես կարծում էի, որ բավարար չափով երաժշտություն էի օգտագործել, բայց Միշել Պետրոսյանը, ֆիլմը դիտելուց հետո, առաջարկեց գրել բազմաթիվ հատվածներ։ Եվ արդյունքը հիանալի ստացվեց։ Հստակ կադրերի համար օգտագործված է տասներկու րոպե տևողությամբ դաշնամուրային կատարում, ինչպես օրինակ Գրեգուարի հայացքի ժամանակ, երբ նա խոսում է երեխայի մասին։ Երաժշտությունն ավելացնելով, մենք ընդգծեցինք պահի հուզականությունը։ Կամ, երբ Արիանը վերադառնում է աշխատանքից, հոգնած և ջարդված, դաշնամուրի մի քանի նոտաներն ուղեկցում են այդ հոգնածությունը և ստեղծում ինտրիգ։ Այս նոտաները տեսարանը տեղադրում են էմոցիաների և բանականության միջև, տալով մեզ մտորելու առիթ։

Ռոբերտ Գեդիկյանի հետ հարցազրույցի  հեղինակները Կայե դը Սինեմայի կինոքննադատներ՝  Ժան-Սեբաստիան Շովենը և Ստեֆան Դելորմն են:

Թարգմանությունը՝ Լիլիթ Սոխակյանի

Փարիզ, 2020թ

Կիտանո Տակեշի․Կինոդիմանկար

Ճապոնական կինոն հարուստ է հետաքրքիր էջերով, կերպարներով` սկսած համր շրջանից, ներառյալ անցյալ դարի 30-40-ականների ավանգարդը, 50-60-ականների ոսկեդարը, 70-80-ականների հեղինակային կինոն,...