Տորոնտոյի միջազգային փառատոնում առաջին անգամ ցուցադրված և «Լավագույն կանադական ֆիլմ» մրցանակի արժանացած «Անտիգոնե» (2019) դրաման գրանցել է փառատոնային աննախադեպ ակտիվ մասնակցություն։ «Անտիգոնեն» ներկայացված է «Օսկար» մրցանակաբշխության՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Սոֆի Դերասպեի «Անտիգոնեն» սուր սոցիալական դրամա է՝ սքողված հին հունական ողբերգության շղարշով։ Ֆիլմում  բարձրացված են  գաղթականների խնդիրները, նրանց ինտեգրման դժվարություններն ու ռասսիզմի հետևանքները։

Ռեժիսորը պատկերում է պայքար հանուն արդարության, որը ցավոք, գուցեև բարեբախտաբար, չունի ավարտ: Սոֆոկլեսի «Անտիգոնե»-ից ոգեշնչված, բայց իրադարձությունները ժամանակակից Մոնրեալում ծավալվող ֆիլմը տասնվեցամյա Անտիգոնեի պայքարի պատմությունն է: Աղջիկը Ալժիրից Կանադա է տեղափոխվել ծնողների ողբերգական մահից հետո՝ երեք տարեկանում, ապրում է տատիկի (Մինե) , քրոջ (Իսմենե) և երկու եղբայրների (Էթեոկլեսի և Պոլինիկեսի)  հետ: Սակայն մեկ ակնթարթում օրինակելի դեռահասի կյանքը վեր է  ածվում դժոխքի, երբ ոստիկանը սխալմամբ սպանում է Էթեոկլեսին, ապա ձերբակալում Պոլինիկեսին` «ոստիկանի վրա հարձակվելու» մեղադրանքով: Առանց իրադարձությունների պատճառները քննելու` դատարանը որոշում է երկրից արտաքսել Պոլինիկեսին, իսկ Անտիգոնեն առանց վարանելու կտրում է վարսերը,  ներթափանցում բանտ, օգնում  Պոլինիկեսին փախչել այնտեղից:

Ֆիլմը բազմաշերտ է, վարպետորեն զուգահեռվում են  միֆն ու ժամանակակից կյանքը: Սոֆոկլեսյան ողբերգության տարրերը սփռված են ողջ ֆիլմում` քաղաքի փողոցներում, հերոսուհու երազներում, անչափահասների ուղղիչ դպրոցի մեկուսարանում: Այս ամենին զուգահեռ աշխատում է  նաև սոցիալական մեդիան իր ողջ հզորությամբ՝  հավասարեցնելով մարդուն զրոյի կամ վերածելով նրան հերոսի։ Սակայն ֆիլմն իր ողջ հմայքը ստանում է գլխավոր հերոսուհու` Անտիգոնեի (Նահեմա Ռիչի) շնորհիվ, որը գերում է հանդիսատեսին  իր  պարզությամբ և անմիջականությամբ:

Ֆիլմի հերոսը շարունակում է  պայքարել, բարոյականության իդեալականացված ընկալումների համար, որոնք հաճախ չեն համընկնում մերօրյա  արժեքներին։ Ռեժիսորը ֆիլմում բարձրացնում է հարցեր, որոնք հնարավոր կդարձնեն վերանայել միգրացիայի խնդիրները, վերցնել պատասխանատվություն բոլոր նրանց համար, ովքեր ապրում են մեր կողքին` անկախ մազերի կամ մաշկի գույնից, կրոնից և ազգությունից:

Սոնա Կարապողոսյան