Յուրաքանչյուր տարվա ամփոփում  դժվարին մարտահրավեր է ոչ միայն  իմաստավորելու տարվա կինեմատոգրաֆիկ միտումները, այլև առանձնացնելու x (սովորաբար`10-ը) քանակությամբ ֆիլմեր` սեղմելով տարեկան հավանությունը տասնյակի սահմանափակ օղակում։
Ուստի, տասը ֆիլմերը չունեն լավից վատ կամ վատից լավ պրոգրեսիա, այլ պարզապես առաջարկվողը ընդամենը մեկ տասնյակ է 2019-ի կինոտպավորություններից։

1․«Ցավ և փառք» (Dolor y gloria), ռեժ.` Պեդրո Ալմադովար

Մի քանի անցողիկ ֆիլմերից հետո իսպանացի 70-ամյա Մաեստրոն վերադարձավ ամփոփելու ինքն իրեն։ «Ցավն ու փառքը» դարձավ Ալմադովարի լավագույն ֆիլմերից մեկը ու թերևս բոլորից ամենաանձնականը։ Ինքնահրկիզման աստիճանի անկեղծություն, միաժամանակ և՛ ֆիլմ-բազմակետ, և՛ ֆիլմ-վերջակետ։

2․«Մակաբույծը» (Parasite) , ռեժ.` Չուն հո Պոն

Դասակարգային պայքարի մասին 21–րդ դարում նկարահանված լավագույն ֆիլմերից մեկը և առաջին «Ոսկե արմավենու ճյուղը» նույն դարի լավագույն կինոմատոգրաֆներից մեկին` հարավ–կորեականին։ Աբսուրդիստական հուժկու ապտակ հարուստներին, աղքատներին և սոցիալական վերելակի վայրիվերումներից շիվարած հանդիսատեսին։

3․«Հոմանիշներ» (Synonyms), ռեժ.` Նադավ Լապիդ

Դժվար է գտնել էմիգրացիայի, ինտեգրացիայի, ասիմիլյացիայի կամ հաղորդակցության խնդիրներից ավելի «ծեծված» թեմա ժամանակակից հեղինակային կինոյում` այնտեղ, որտեղ նույքան դժվար է գտնել ավելի ստեղծարար ու յուրահատուկ անդրադարձ , քան «Հոմանիշները»։

4․«Փարոս» (The Lighthouse), ռեժ.` Ռոբերտ Էգգերս

Տարվա ամենատպավորիչ Էքսպրեսիոնիստական պոռթկումներից մեկը, ամենահեռանկարային հեղինականերից մեկի կողմից։ Պատինսոն-Դեֆո հանճարեղ դերասանական տանդեմը, և ինչպես հենց ինքը փարոսն է` կինոտարվա ամենավառ ու միաժամանակ ամենամռայլ հանգրվանը։

5․«Ներեցեք, ձեզ չգտանք» (Sorry we missed you), ռեժ.` Քեն Լոուչ

«Քես»-ից ուղիղ կես դար անց բրիտանական կինոյի նահապետը շարունակում է նկարահանել «միևնույն» ֆիլմը`դրա հետ մեկտեղ հաջողելով «կրկին» մատուցել «անկրկնելի» ֆիլմ»։   «Ներեցեք, ձեզ չգտանք»-ը ոչ միայն բացառություն չէ, այլև հերթական կենդանի «ֆիլմ-դասագիրքն» է հազարավոր ռեժիսորների համար։

6․«Վարդան Անյեսի աչքերով» (Varda par Agnès), ռեժ.` Անյես Վարդա

Ֆրանսիական կինոյի նահապետ տատիկի կյանքի օրոք «գրված» հետմահու կինոնամակը և իմաստուն կինոկտակը, որում իր ողջ «ունեցվածքը» երկու ժամ շարունակ շռայլորեն կտակում է համայն աշխարհի արվեստագետներին և արվեստասերերին։

7 «Մոնոս» (Monos) , ռեժ.` Ալեխանդրո Լանդես

Քաղաքական և մշակութաբանական մեծ փոփոխությունների ներքո էլ ավելի  ապշեցնող «Մոնոսը» գուցե հանդիսանում է 2019-ի ամենատպավորիչ պոստապոկալիպտիկ պատերազմական թրիլերը։

8․«Գաղտնի կյանք» (A Hidden Life), ռեժ.` Թերենս Մալիք

Ամերիկյան կինոյի կենդանի դասականին հաջողվեց դուրս գալ տևական ճգնաժամից. մեծ խնդիրները, մեծածավալ ֆորման և անթաքույց կինեմատոգրաֆիկ հավակնոտությունը այս անգամ Մալիքին ձախողելու փոխարեն ստեղծեցին նոր ժամանակաների լավագույն խաղաղասիրական և մարդասիրական ձոներից մեկը։

9․«Ազատություն» (Liberte), ռեժ.` Ալբերտ Սերա

Տարվա ամենաբացախոսական և միևնույն ժամանակ ինտելեկտուալ կինոկտավներից մեկը` խորունկ մտորումների և տեսողական հաճույքի մի անմոռանալի համադրություն, խարդավանքի, երեսպաշտության, բարոյականության և ազատության մասին։

10 «Կտորի մեջ» (In Fabric), ռեժ.` Փիթեր Սթրիքթլենդ

Կարմիր զգեստ, սև հումոր և հիացական ու ուժասպառ սպիտակ դրոշակ Պիտեր Սթրիքթլենդին կինոավանդույթների հետ ամենավտանգավոր, բայց և ամենափայլուն «խաղի» համար։

Բոնուս. տարվա լավագույն «հակաֆիլմը»

«MektoubMy Love» ( Intermezzo), ռեժ.` Աբդելաթիֆ Քեշիշ

Քեշիշի ռադիկալ, պոռնո-էրոտիկ, էքսպերիմենտալ,  մեդիտատիվ և կոնցեպտուալ «Մեկթուբը» տարվա ամենատարօրինակ կինոփորձառությունն է։ Ու եթե կինոն այսօր «կոնյուկտուրա» է, ուրեմն իսկական ֆիլմը կոչված է լինելու «հակակինո»։

Պատրաստեց Կարեն Ավետիսյանը


Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի ժյուրին

Օսկարակիր  դերասանուհի Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին։ Այս մասին հայտնում է  SCREENDAILY-ը, հավելելով, որ 2018 թվականին...

|16 Հունվար 2020,18:30