Կանադահայ կինոօպերատոր Ալեն  Ջուլֆայանի ծննդյան ակունքներն սկիզբ են առնում պատմական Հայաստանի լեռներից: Նրա բնորոշմամբ՝ նախնիներն  այնքան են հալածվել, տեղահանվել, որ կորցրել են իրենց նախասկզբի պատմությունը: Մեծ մոր մայրը հրաշքով է փրկվել ջարդերից, հայտնվել Ստամբուլի որբանոցում, որի համար շատ ուրախ է եղել: Հոր և մոր ծնողները Կեսարիայից են տեղափոխվել Կ. Պոլիս:  Որոշ ժամանակ անց նրանք հեռացել են այնտեղից, բնակություն հաստատել հեռավոր Կանադայում:

Արձակագիր, հրապարակախոս Ասպրամ Ծառուկյանի զրույցը կանադահայ կինոօպերատոր Ալեն Ջուլֆայանի հետ

Ալեն Ջուլֆայանը ծնվել է 1974թ., Մոնրեալ քաղաքում: Ութ տարի  հաճախել է «Ալեք Մանուկյան Արմեն Քեպեք» հայկական դպրոցը, ապա ուսումը շարունակել անգլիական դպրոցում: Դեռ պատանեկան հասակից կինոխցիկը հրապուրել է նրան՝ որպես գաղտնիքնեով լի աշխարհը բացահայտելու զարմանահրաշ  գործիք:

1999թ. ավարտել է Մոնրեալի «Concordia University Cine program» կինոյի դպրոցը: Արդեն իսկ 1997թ. առաջին նկարահանումներով  մուտք է գործել  միջազգային կինոյի ասպարեզ: Բազմիցս  արժանացել է Կոնկորդիայի համալսարանի հանրահայտ նախագծի մրցանակներին:

Մասնակցել է 3 լիամետրաժ, 50 կարճամետրաժ, ավելի քան 20 վավերագրական  ֆիլմերի նկարահանումների: Այդ ընթացքում նաև որպես ռեժիսոր նկարահանել է  կարճամետրաժ և ծավալուն տարբեր բնույթի 15 ֆիլմ, այդ թվում՝  գովազդային տեսահոլովակներ:

Իր գործունեության ընթացքում  նակարած մի  շարք ֆիլմեր արժանացել են բազմաթիվ մրցանակների:  «Բոլորս միասին՝ հիմա»   ֆիլմում համատեղ հանդես են եկել միջազգային ճանաչում ունեցող կանադական «Արևի կրկեսը»  (Cirque du Soleil) և բրիտանական հռչակավոր Բիթլզ  (The Beatles) ռոք խումբը:

Այդօրինակ համագործակցությունը բացառիկ, աներևակայելի մի բան էր, որն իր  նախապատմությունն ուներ: ԵՎ այս երկու հզորների մնասին ֆիլմ նկարահանող օպերատորն Ալեն Ջուլֆայանն էր: Նկարահանումները տևել են երկու տարի: Ֆիլմն արժանացել է հանրահայտ «Գրեմի» մրցանակին: Հիշատակության արժանի է նաև Ալեն Ջուլֆայանի նկարած  «Touch The  Ski » ֆիլմը՝  «Արևի կրկեսի» հիմնադիր Գի Լալիբերտեի դեպի տիեզերք ճամփորդության մասին, որին մասնակցելու համար նա վճարել էր 35 միլիոն դոլար:

1984թ. Կանադայի Մոնրեալ  քաղաքում Գի Լալիբերտեն  և Ժելեմ Սենտ  Կուրան հիմնեցին «Արևի կրկես» ընկերությունը, որի գործունեությանը բնորոշ էր կրկեսային ու փողոցային ներկայացումների գեղարվեստական համակցությունը: Կրկեսին ճանաչում բերող բնորոշիչներից էր հատկապես ներկայացումներում  կենդանիների մասնակցությունից հրաժարվելը, նաև կրկեսային վարպետությունը տպավորիչ երաժշտության, պարարվեստի և ինքնատիպ ձևավորումների հետ համադրելը:

«Cirque du Soleil » ընկերության բազմաթիվ խմբերը  միաժամանակյա ելույթներով հանդես էին գալիս աշխարհի տարբեր քաղաքներում, իսկ հիմնական խումբը ներկայացումներ էր տալիս Լաս Վեգասում: Կրկեսի տարեկան շահույթը հասնում էր 600 միլիոն դոլարի: Այնպես որ Գի Լալիբերտեն  կարող էր 35 միլիոն դոլար «զոհաբերել» ոչ միայն  տիեզերքում լինելու բացառիկ իրողությունն ապրելու, այլև 10 օր այնտեղի հատուկ կայանում անցկացնելու համար: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է նա ամիսներ շարունակ մարզվել, նախապատրաստվել տիեզերական թռիչքին:

Լինելով մեծահարուստ՝ Գի Լալիբերտեն կարող էր վճարել հանրահայտ կինոօպերատորների՝ դեպի տիեզերք իր աննախադեպ  ճամփորդությանը  մասին  ֆիլմը նկարելու համար, բայց նա և խումբի մյուս անդամներն ասել են. «Ալենը պետք է նկարի», որովհետև նրա նկարահանման հմտությանը քաջածանոթ էին «Բոլորս միասին՝ հիմա» ֆիլմի նկարահանումներից:

Տիեզերական թռիչքի նախապատրաստության մասին ֆիլմն ստեղծելու համար Ալեն Ջուլֆայանը 10 ամիս անցկացնում է Ռուսաստանում, մի քանի անգամ որոշ ժամանակով լինում է Ղազախստանում գտնվող «Բայկանուր» տիեզերական կայանում, նաև՝ Իբիզա  քաղաքում՝ Գի Լալիբերտեի  շոգենավ տանը, Փարիզում նկարահանում է «Յու Թու» ռոք խմբի ելույթը և, որ ամենատպավորիչն էր, նկարահանումներ կատարում ՆԱՍԱ-ի տիեզերական կենտրոնում:

Ալեն Ջուլֆայանն առաջադրվել է Gemaux (Quebecois Emmy) մրցանակի համար՝ նկատառելով «Վարագույրների միջով» վավերագրական կինեմատոգրաֆում ակնառու ավանդը:

Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն ու կարոտը  հանգիստ չեն տվել Ալեն Ջուլֆայանին: Միշտ փայփայել է Հայաստան այցելելու միտքը, համոզված, որ ուշագրավ ու կարևոր բաներ է բացահայտելու… Եվ 2019թ. աշնանն էության խորքերում ապրող իր երկրորդ եսն  անզիջում շշնջացել է. «Սպասումիդ ժամանակն  սպառվել է, պիտի գնաս…»:

«Հայոց պատմությունը դպրոցում անցել էի, բայց Հայաստանում տեսածներս  տակնուվրա արեցին ներաշխարհս…»

…Աշնանավերջի  արևի շողերում մոտալուտ ցրտերի շունչ կար: Ալեն Ջուլֆայանը, տակավին չհարմարված երևանյան օդին, փոքր -ինչ մրսած էր, բայց հայացքում տաքուկ կայծեր կային: Հայաստանի մասին ֆիլմ է նկարելու և այդ նպատակով փութաջանորեն ձեռնամուխ էր  եղել անցյալ ու ներկա ժամանակների հայոց  պատմությունն ուսումնասիրելուն և  նկարահանման նախապատրաստական աշխատանքներին: Մեր զրույցն այդ  և էլի հետաքրքիր այլ բաների մասին էր …

Ասպրամ Ծառուկյան.-Պարոն Ջուլֆայան, ձեր ծնողների նախնիները պատմական Հայաստանից են, ավելի ստույգ՝ ո՞ր հատվածից :

ԱՋԱյո, նախնիներս Հայկական լեռնաշխարհից են, բայց այնքան են հալածանքների ենթարկվել, տեղահանվել, փախուստի դիմել, որ նախասկզբի հիշողության թելը կորսվել էր: Մեծ մայրիկիս մայրը հրաշքով է փրկվել ջարդից,  հայտնվել Ստամբուլի որբանոցում, որի համար շատ ուրախ է եղել: Պապերս Կոստանդնուպոլիս են եկել Կեսարիայից: Անգամ Ջուլֆայան ազգանունից է դա երևում,  որ նշանակում է՝ դերձանով գործ անող են եղել: Արևմտահայերի ազգանունները   պատկերացում էին տալիս, թե ի՛նչ արհեստ են ունեցել այդ գերդաստանի մարդիկ:

Ա.Ծ.- Կեսարիայից տողափոխվել են  Կ. Պոլիս, սակայն  այստեղ չեն  հիմնավորվել:

Ա. Ջ .- Ծնողներս՝ Նուբարն ու Նադյան ծնվել են Կ. Պոլսում: Երեխա են եղել, որ նրանց ընտանիքները մեկնել են Կանադա: Ավելի ստույգ՝ հայրս 17 տարեկան հասակում մենակ է հեռացել՝ խուսափելով զինծառայությունից, քանի որ այնքան էլ անվտանգ չէր  թուրքական բանակում ծառայելը: Հայերը գնում էին Կանադա, քանի որ այդ երկիրն ընդունում էր որևէ պատճառով տուժած մարդկանց: Մոնրեալում մորս ընտանիքը և հայրս հարևաններ են եղել, և ծնողներս  հավանել են իրար:

Ա. Ծ.-Եղե՞լ եք ձեր ծնողների ծննդավայրում, եթե՝ այո, ի՞նչն էր ձեզ համար առանձնապես  տպավորիչ:

Ա. Ջ.- Երկու անգամ եմ եղել, առաջին անգամ 1996թ., թե 1997թ.՝ հստակ չեմ հիշում: Երեք օր լարված նկարահանումներ էի կատարում Բուլղարիայի Սոֆիա քաղաքում: Աշխատանքս ավարտեցի և չնայած հոգնած, մրսած լինելուն՝ որոշեցի անպայման տեսնել Ստամբուլը: Տեղ հասա, ու առաջին միտքս սազ գնելն էր:  Երբ 19 տարեկան էի, մի քիչ կիթառ էի նվագում, նաև եգիպտական թաբլա, թուրքերեն  դումբելեք են ասում: Ուժգին ձայն հանող երաժշտական գործիք է: Երբ սազի նրբահունչ ձայնը լսեցի, այն ինձ շատ դուր եկավ, շատ  սիրեցի:  Չնայած վատառողջ լինելուն՝  հասա Թաքսիմ թաղամաս ու… գտա իմ սազը: Նաև շատ էի ուզում  տեսնել  Բոսվորի   կամուրջը, որը շատ նշանակալի իրադարձությունների, Կոստանդնուպոլսի 2000 տարվա  ու ավելի վաղ ժամանակների պատմության  վկան է եղել… Շատ սիրեցի Ստամբուլի հացը, դոներն էլ (Ղարսի խոռոված )  սիրեցի՝  նուրբ, բարակ հացով:

Ա. Ծ.-Սովորեցի՞ք սազ նվագել:

Ա. Ջ.-Ասեմ, որ  սիրելի գործիքս երկար չմնաց ինձ հետ: Նշանավոր երգիչ, երաժիշտ Սելին Դիոնն իր խմբով համերգ էր տալիս: Նրա բաս կիթառահարը զրույցի ժամանակ ասաց, որ լարային գործիքների մեծ հավաքածու ունի, բայց սազ չունի: Ու ես իմ սազը նվիրեցի Սելին Դիոնի  կիթառահարին, որպեսզի լրացնի  հավաքածուն:

Ա .Ծ. -Առաջի՞ն անգամ եք Երևանում:

Ա .Ջ. -Այո:  Առաջին այցելությունս է: Միշտ ծրագրել եմ ֆիլմ նկարել Հայաստանի մասին: Երբ Հայաստանում հեղափոխություն եղավ, մտածեցի, որ այլևս պետք չէ ձգձգել: Անհամբեր էի գալու: Երբ այցելում ես պատմական մի վայր, տեղեկանում, որ այն հազարամյակների պատմություն ունի, մտովի փորձում ես խորանալ, պատկերացնել, թե ինչե՜ր  են կատարվել այդ հեռու ժամանակներում:  Հայաստանում այդ զգացողությունն անբաժան է ինձանից: Ափսոսում եմ, որ այսքան ապրել եմ՝ չիմանալով ի՛նչ է Հայաստանը: Մոնրեալում 8 տարի  հայկական դպրոց եմ հաճախել, բայց շատ կարևոր է, որ իրական Հայաստանում ուսումնասիրեմ նրա պատմությունը, որպեսզի այնպես նկարեմ, որ ուրիշ ազգերի մարդիկ ֆիլմը դիտելիս զգան Հայաստանի  ժայռերին կյանք ու ոգի պարգևող  վարպետների ոգու ու բազուկների ուժը: Այդ նպատակով  տևական ժամանակ ապրելու եմ Հայաստանում,  ուսումնասիրեմ հուշարձանները, մոտիկից ճանաչեմ մարդկանց, հայկական ոգին:

Ա. Ծ.- Անսպասելի անցում կատարեմ. հայ լինելն  օգնե՞լ է ձեզ կյանքում:

Ա. Ջ.- Ոչ թե օգնել՝ փրկել է կյանքս: 1999թ. Սանկտ Պետերբուրգում էի: Կանադայում ապրող ռուս ռեժիսորի հետ, որն այդ քաղաքում էր ծնվել, շոգենավի վրա օրեր շարունակ սպասում էինք, թե երբ կբացվեն կամուրջները: Սպիտակ գիշերների ժամանակ էր: Ի վերջո շոգենավը հեռացավ՝ թանկարժեք  գործիքներով մեզ թողնելով անորոշ մի վայրում, որտեղ մարդիկ չկային: Մեզ հետ մնաց  նաև մի ռուս տղա, որ կարծում էր, թե մեր ետևից մեքենա է գալու: Լավ հարբած էր: Մոտավորապես մեկ ժամ անց մոտերքում մի փոքրիկ մեքենա հայտնվեց: Վարորդը համաձայնեց մեզ քաղաք հասցնել: Գործիքները տեղավորեցինք մեքենայի մեջ,  մեքենան շարժվեց: Մեկ էլ այդ հարբած տղան, որ նստել էր վարորդի ետևամասի նստատեղին,  խելագարի պես քաշեց վարորդի գլուխն ու սկսեց խեղդել: Վարորդը կարողացավ դուրս պրծնել նրա ձեռքերից, մեքենան կանգնեցրեց ու սկսեց ուժեղ հարվածներ հասցնել այդ հարբած խենթին: Զգացի՝ վատ բան է լինելու: Երբ նոր էինք նստել մեքենան,  ինձ թվաց, թե վարորդը հայ է: Դուրս թռա մեքենայից ու գոռացի. «Դու հա՞յ ես»: «Այո,-ասաց,- հայ եմ»: «Ես էլ կանադահայ եմ»,- վրա բերեցի ես: Նա թողեց հարբածին ու ասաց. «Կյանքումս կանադահայ չեմ տեսել»: Վտանգն անցավ: Հաշտվեցինք, և անգամ այդ տարաժամին գնացինք «Մաքդոնալդ»՝ սնվելու: Հայ լինելը  փրկեց մեզ:

Ա. Ծ. – The Beatels-ի և Cirque du Soleil-ի մասին ֆիլմն արժանացել է հայտնի «Գրեմի» մրցանակին:  Ֆիլմը նախապատմություն է ունեցել: Պատմեք այդ մասին:

Ա. Ջ. – «Cirque du Soleil»-ի ստեղծողներից Գի Լալիբերտեն և  բրիտանական աշխարհահռչակ The Beatles ռոք խմբի անդամներից Ջորջ Հարիսոնը մտերիմ ընկերներ էին: Երկու ընկեր միշտ մտածել են միասին մի լավ բան նկարել: Եվ երբ որոշեցին «Արևի կրկեսի» և «Բիթլզի» համատեղ մասնակցությամբ ֆիլմ նկարել, «Բիթլզի» անդամները հրաժարվեցին, ու նրանց ցանկությունը չիրականացավ: 2001թ. Ջորջ Հարիսոնը մահացավ թոքերի քաղցկեղից, և այդ ժամանակ խմբի  անդամները մտածեցին, որ գոնե  ետմահու  ֆիլմը նկարեն, որպեսզի իրենց ընկերոջ փափագը կատարվի, հոգին ուրախանա: Եվ պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային ճանաչում վայելող «Բիթլզի» անդամներն  «Արևի կրկեսի» հետ շոու արեցին, որը ես նկարեցի: Ֆիլմն արժանացավ «Գրեմի»-ի: Դա իմ ստեղծագործական կարիերայում նշանակալի դեր ունեցավ: Ֆիլմի հաջողության մի գաղտնիք ասեմ, Բիթլզների պատասխանատուներից մեկը՝ Յոկո Օնոն, որը Ջոն Լենոնի կինն էր, չէր ուզում որ մենք նկարենք իրեն, երբ ինքը քննադատում է ստեղծագործող անձանց: Ես խորամանկություն արեցի,   նրա զրուցակցին խնդրեցի միկրոֆոնն օձիքին այնպես ամրացնի, որ Յոկո Օնոյի ձայնն էլ արձանագրվի, և գաղտնաբար նկարեցի: Յոկոն, դրանից  անտեղյակ,  խոսում էր, չգիտեր, որ իրեն նկարահանում եմ: Անշուշտ, վերջում  իրեն ցույց տվեցինք: Նայեց ու սիրեց նկարածս: Մենք խոր շունչ քաշեցինք, որովհետև արածներս մեծ համարձակություն էր, ու եթե ասեր.  «Այս ի՜նչ եք արել, հանեցե՛ք այս կտորը», -անշուշտ, պիտի հանեինք ֆիլմից, ինչը ցավալի կլիներ:

Ծանոթ լինելով իմ աշխատանքին՝ Գի Լալիբերտեն և խմբի մյուս անդամները կամեցան, որ նկարահանեմ  իր՝ տիեզերական թռիչքի նախապատվելու մասին  ֆիլմը: 35 միլիոն դոլար էր վճարել, որպեսզի զգա տիեզերքում լինելու վիճակը, և  քանի որ տիեզերագնաց չէր, պատրաստ չէր այդպիսի թռիչքի,  պետք է մեկ տարի մարզվեր, որպեսզի  մարմինը դիմանար տիեզերքում մեծ լարումներին: Մարզվեց, թռավ և դեռ 10 օր էլ մնաց տիեզերքի հատուկ կայանում: Անշուշտ, մեծահարուստ լինելով՝ նա կարող էր հանրահայտ կինոօպերատորի ընտրել, բայց նա և իր ընկերներն ասեցին.« Ալենը պետք է նկարի»: 10 ամիս նրա  հետ էի այն վայրերում, որտեղ նկարահանումեր էին ծրագրված և նկարեցի «Touch The Sky» ֆիլմը՝ Գի Լալիբերտեի դեպի տիեզերք ճամփորդության մասին:

Ա. Ծ.-  Այո, ֆիլմի նախապատմությունը տխրեցնող էր: ՈՒզում եմ կինոյին չվերաբերող  հարց տալ: Հիացած եք Հայաստանով, նրա  պատմությամբ: Իսկ ի՞նչը ձեզ դուր չեկավ Հայաստանում և կամ տխրեցրեց :

Ա. Ջ.- Տխրեցնող, տրագիկոմիկ բաներ կան. այն, թե այստեղ ինչպես են վարում մեքենաները, որի պատճառով ամեն օր վթարներ են լինում, զոհեր, վիրավորներ: Շատ մտահոգիչ է: Կարծում եմ, որ մի քիչ երկար ապրելուց հետո, ձեր հարցին ավելի լիարժեք պատասխան կտամ: Ուզում եմ, որ ամեն բան էությունովս անցնի, որ  կարողանամ լիիրավ ասել՝ ի՛մն է Հայաստանը: Այդ՝ հարյուր տոկոսով իմը լինելու զգացողությունն  ունենում եմ, երբ Գառնիում եմ, Գեղարդում… Երևանում այլ զգացողություն է. շատ եմ ուզում, որ նյութապաշտությունը, թալանը վերանան: Երբ այդպիսի պատմություններ եմ լսում, փաստերի առնչվում, սիրտս տխրում է:

Ա. Ծ.- Ի՞նչն ուրախացրեց  կամ գրավեց ձեր ուշադրությունը, ասենք՝ հենց առաջին օրը:

Ա. Ջ.- Առաջին օրը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հյուրանոցում էի: Առավոտյան արթնացա, ու ինձ ողջունեց հյուրանոցի դիմացի շատրվաններով զբոսայգին: Վայելեցի խայտացող ջրերի հմայքը և ինձ զգացի որպես մի անհոգ մանուկ: Չորս օր ապրեցի այդ հյուրանոցում, ու ամեն օր շատրվաններն ուրախացնում էին ինձ:

Ա. Ծ.- Երբ ավարտեք նկարահանումները, ի՞նչ ճամփա է անցնելու ֆիլմը:

Ա. Ջ.- Նպատակս ֆիլմը համաշխարհային կինոփառատոներին ներկայացնելն է: Եվ որ այն ուշադրության, գնահատականի արժանանա: Ամենակարևորը՝ շրջագայի աշխարհում, տարբեր ազգության, տարբեր հոգեկերտվածքի մարդիկ դիտեն, զգան Հայաստանի հազարամյակների տրոփյունը, իմանան՝ ի՛նչ է Հայաստանը, հայը…

Ա. Ծ. –Այդօրինակ ֆիլմ ստեղծելու համար, անշուշտ, ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ:

Ա.Ջ.- Այո, լավ ֆիլմ նկարահանելու համար  մեծ գումարներ են պետք: Փառատոներին ներկայացնելու համար՝ նույնպես: Ես որոշ խնայողություներ ունեմ, սակայն նկարահանումները պատշաճ մակարդակով շարունակելու համար, անշուշտ, հովանավորների կարիք կզգացվի: Հուսամ՝ կգտնվեն կարող անձինք, որոնք կուզենան հովանավորել Հայաստանն աշխարհին ներկայացնող ֆիլմի աշխատանքները:

Ա. Ծ.- Վերջին մի  հարց՝ ֆիլմեր նկարահանելը  աշխատատար գործ է: Ի՞նչ տվեց ձեզ կինոյի աշխարհը:

Ա. Ջ. – Շատ բան. փորձություններ անցա, դժվարություններ հաղթահարեցի, ճանաչեցի աշխարհը՝ իր բոլոր գույներով ու երանգներով, որոնք հմայք տվեցին կյանքիս:

Ա. Ծ. – Շնորհակալություն՝  հետաքրքիր զրույցի համար: Մաղթում եմ՝ իրականանա ձեր փայփայած նպատակը: Մի օր կդիտեմ ձեր ֆիլմն ու երևի մի նոր Հայաստան կհայտնաբերեմ ինձ համար: Եվ օտարները կդիտեն ձեր ֆիլմն, ու աշխարհի մեջ կհայտնագործեն մի նոր աշխարհ՝ Հայաստանը…