Ինձ մոտ կինոն սկսվեց գրելուց, ոչ թե ռեժիսուրայից: Դպրոցից գիտեի, որ ուզում եմ ֆիլմեր նկարել: Շատ էի գրում: Մտածում էի սցենարիստ դառնալ, չէի պատկերացնում, որ կարող եմ ռեժիսոր լինել։ Ռեժիսորն ինձ համար անհասանելի բարձունք էր թվում այն ժամանակ: 17 տարեկանում բացահայտեցի իրական կինոն։ Երևանում ստացա լրագրողի մասնագիտություն։ Հետո մեկնեցի ՆյուՅորք՝  իմ  երազանքի կինոյի  հետևից ։ Վերդարձա Երևան ֆիլմ նկարելու ու մնացի ավելի երկար քան նախատեսել էի։

Ռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանի հետ մեր հանդիպումը մի փոքր երկարաձգվեց, բայց  հաստատ  կարող եմ ասել, որ չհանդիպելը, չծանոթանալը նրա հետ,  ինձ կզրկեր հետաքրքիր զրուցակցի հետ ծանոթանալու հնարավորությունից։ Երկար խոսեցինք ամեն ինչից,  անկեղծ, առանց  պաթոսի։ Նա սիրում է կինոն, ապրում է կինոյով, և ամենակարևորը,  ռեժիսորի և կինոյի բարեկամությունը այլևս անշրջելի իրողություն է։

Սովետական Հայաստան

Ես, օրինակ, միշտ սիրել եմ մասնակից լինել պատմությունների ստեղծմանը: Դեռ դպրոցից շատ էի գրում՝ պոեզիա, կարճ արձակ, ինտենսիվ օրագրեր, բակում բեմադրություններ անող ընկերներիս «սցենարիստն» էի: Նույնիսկ այնքան շատ էի գրում, որ մեծերն արդեն ձեռքիցս ուղղակի վերցնում էին թուղթն ու ասում՝ «գնա մի քիչ դուրս»: Երբ մասնագիտության ընտրության պահը եկավ, տանը հարց բարձրացավ՝ «թե բա՝ ի՞նչ կինո»: Ծնողներն ասում են, որ մասնագիտություն պիտի ընտրես ըստ նրա, թե վաղը դրանով ինչ գումար կարող ես վաստակել: Նրանք, գուցե, ճիշտ են, բայց պիտի քո ճիշտն էլ ունենաս չէ՞։

Ես  մեծացել եմ մութ ու ցուրտ 90-ականներին։ Կինոյի մասին գիտեինք միայն բրազիլական սերիալներից և նոր տարվա՝  սովետական դասական ֆիլմացանկից։ Առաջին անգամ կինոն բացահայտեցի  տասնյոթ տարեկանում։

Սովետական Հայաստանում գրեթե բոլոր մասնագիտություններով հնարավոր էր գումար աշխատել, ու մասնագիտություն ընտրելիս դա չէր որոշիչ գործոնը, այլ հակումներն ու մի քիչ էլ, իհարկե, գործի հեղինակությունը։ Կարծում եմ՝ ճիշտը դա էր, բայց հիմա ժամանակներն այլ են, պիտի ըստ պահանջարկի ընտրես։

Այսօր բոլորը հաշվապահ են, ուրեմն դու էլ պիտի հաշվապահ լինես, բոլորը ծրագրավորողներ են, դու էլ պիտի դա ընտրես, որ լավ ապրես: Ստիպված կոմպրոմիսային քայլի դիմեցի, ընտրեցի մի մասնագիտություն, որն, ըստ իս, հնարավորինս մոտ էր կինոյին և փոքր-ինչ գումար վաստակելու երաշխիք էր տալիս՝ լրագրություն: Ընդունվեցի Սլավոնական համալսարան։ Իհարկե, հետագայում այնտեղ շատ բան սովորեցի, որովհետև լրագրությունը բազմաբնույթ գիտելիքներ է տալիս, սովորեցնում է գրել, մտածել, շփվել ու դա շատ օգտակար է կինոյի ստեղծման համար, բայց  բավարար չէ: Շատ երախտապարտ եմ իմ դասախոս Լիլիթ Սուրենովնա Մելիքսեթյանին, որն ինձ թույլ տվեց նկատել աննկատը, իսկ բարդ բաների մասին կարողանալ խոսել պարզ լեզվով։

Առաջին ֆիլմը

Հիշում եմ, դեռ որպես  ուսանող 2007թ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնին էի գնացել: Զվյագինցևի «Վտարում» ֆիլմն էին ցուցադրում. այն ինձ ուղղակի ցնցեց: Հիմա չեմ ասի, որ դա աշխարհի ամենալավ ֆիլմն էր, բայց այդտեղ, այդ օրը, այդ պահին՝ այն ինձ համար այդպիսինն էր։ Ես ֆիլմը մի տեսակ ներսից տեսա, կարծես, ես էի նկարել ամեն կադր, մարսեցի յուրաքանչյուր հայացք: Այդ զգացողությունը վերապրելուց հետո ասացի՝ ես պիտի ռեժիսոր լինեմ և վերջ: Այս ամենն, իհարկե, ուղղակի սկիզբն էր այն դժվար ուղու, որը հետո ընտրեցի։

Ի՞նչ կապ ունես կինոյի հետ

Երբ որոշումս հստակ էր, պիտի մտածեի նոր կրթության մասին: Ինձ շատ-շատ օգնեց անգլերենիս իմացությունը: Ես պարզապես մտնում էի աշխարհի լավագույնի բուհերի կայքերն ու նամակներ գրում. «ձեզ մոտ սովորելու համար ի՞նչ է պետք»: Ամեն ինչ արել եմ լրիվ զրոյից, ոլորտին կամ ոլորտի մարդկանց ընդհանրապես չճանաչելով ու խորհուրդներ չստանալով՝ ինձ ու իմ ուժերին հավատալով: Բնականաբար, շատ մարդիկ այդ ընթացքում ծիծաղում էին վրաս, ասում էին՝ «դու, ընդհանրապես, ի՞նչ կապ ունես կինոյի հետ, լրագրո՞ղ չես». ես ուշադրություն չէի դարձնում: Եվ քանի որ կրթաթոշակի հույս ունեի, որոշեցի ընտրել լավագույն երկու բուհերը՝ երկուսն էլ Նյու Յորքում. Նյու Յորքի համալսարանն ու Կոլումբիայի համալսարանը: Երկու բուհերն էլ ընդունվեցի: Ընտրեցի Կոլումբիան, որովհետև «Լույս» հիմնադրամը այդ բուհի համար կրթաթոշակ էր տրամադրում:

Նյու Յորքում 4 տարի շատ ինտենսիվ սովորեցի ռեժիսուրա, սցենար ու պրոդյուսինգ: Իմ երկրորդ ուսանողական ֆիլմը («Հոգաբարձուներ» – հեղ.), որը նկարել էի որպես ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր, ընտրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում, մասնակցեց շատ այլ կինոփառատոների: Կինո նկարելը ինձ համար հեշտ տրված մի բան չէր: Ես կինո եկա ավելի ուշ, բայց՝ գիտակցված:

Նյու Յորքը՝ «the cherry on the cake»

Բոլորն ասում էին «Կոլումբիա ես ընդունվել Նյու Յորքի համար», ես ասում էի՝ «չէ, Նյու Յորքն ա, քաղաք ա էլի»: Պարզվեց, այն տորթիս կրեմի վրայի կարմիր հասա՜ծ ելակն է կամ անգլերենով  ասված «the cherry on the cake»-ը: Այնտեղ հասկացա, թե ինչպես է ամեն րոպե  փոխվում քաղաքակրթությունը,  առաջ քայլում, իրար բախվում, տրանսֆորմացվում:

Ես երբեք կարծրատիպեր չեմ ունեցել: Մտածողությունս միշտ եղել է շատ բաց, այն աստիճանի, որ ինձ հաճախ ասում էին՝ «լավ, դու գոնե ինչ-որ բանի հավատո՞ւմ ես, որ հստակ կարծում ես՝ սա սենց ա ու վերջ»: Այո′, շատ բաների եմ հավատում, երևի ամեն ինչին հավատում եմ, ուղղակի ինձ համար ամենագեղեցիկ սկզբունքներն եմ ընտրում և այդպես ապրում։ Իհարկե, միշտ չեմ այսպիսին եղել. ես մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում, որտեղ   որպես աղջիկ, կաշկանդված էի, հաճախ վարանում էի սեփական կարծիքս արտահայտելուց։ Եվ սա էլ այն դեպքում, որ իմ ընտանիքը բավականին,  առաջադեմ էր: Ներսումս մի թաքնված օվկիանոս էր գոյացել, որը ոչ մեկին ցույց չէի տալիս, բայց գիտեի, որ այն թանկ գին ունի և ինձ ուղղություն է ցույց տալու՝ դեպի լույս: Այդ օվկիանոսն ինձ շատ է պետք գալիս ստեղծագործելիս։ 

Նյու Յորքում ինձ համար բացահայտվեց, որ կարող եմ լինել ազատ ու դա դեպի երջանկություն տանող իմ ճանապարհն է։ Հասկացա նաև, որ եթե սեփական կարծիք չարտահայտես՝ կանտեսվես: Մարդ ես այնքանով որքանով կարող ես անկեղծ և բաց արտահայտվել, ու քո տեղը գծել, ասելով՝ «ես այս մարդն եմ»։ Ինչքան դա կարողանաս ավելի հստակ ցույց տալ՝ այնքան ավելի լսելի կդառնաս: Ինչքան լսելի դառնաս՝ այնքան ավելի ամուր կկանգնես ոտքերիդ վրա: Ես, էլ երբեք չեմ  լռում։

Կինո և խնդիր

Պետք չէ կաշկանդվել քննադատելուց սեփական հասարակությունը, որովհետև այդպես դու այն ավելի լավը չես կարող դարձնել: Դա նաև վերաբերում է կինոյին: Այսօր մեր ֆիլմերում՝ թե՛ ռեժիսորները, թե՛ սցենարիստները կամ վախենում են քննադատել մեր հասարակությունը, կամ էլ ցույց են տալիս վատը՝ առանց քննադատելու: Իսկ այդ էլեմենտը շա՜տ կարևոր է։ Ցույց են տալիս իդեալական ընտանիքներ, իդեալական մայրեր, հայրեր…ամեն ինչ  իդեալական է, հերոսներն ուղղակի ինչ-որ պատմությունների մեջ են ընկնում, այն էլ՝ իրենք չեն մեղավոր, այլ՝ միշտ շուրջը ստեղծված իրավիճակն է: Դա մարդու մոտ աշխարհայացք է ամրապնդում, որ «ես մեղավոր չեմ՝ բոլորն են մեղավոր, ես՝ չէ. ես չեմ միայն թքում դուրսը, ես չեմ մեքենան անկանոն վարում, ես չեմ միայն սիրուհի պահում»:

Կինոն խնդիրները վեր հանելու համար է: Եթե դու ֆիլմով չես բարձրաձայնում որևէ կոնֆլիկտ՝ այն զրոյի է հավասար։  Եթե հասարակությանը չես կրթում դրանով՝ ուղղակի կամ անուղղակի ձևով, ավելի լավը չես փորձում դարձնել․ ես այդ ֆիլմերին չեմ հավատում: Անկախ նրանից՝ հասարակությունն ուզո՞ւմ է ավելի լավը դառնալ, թե՞ ոչ: Իհարկե, այս ամենը պետք է նուրբ անել։ Շատ նուրբ, առանց պաթոսի, մատ թափ տալու և հանրակրթական ու դաստիարակչական տեքստերի։ Ուղիղ բառերը շատ քիչ են փոխանցում բուն թեմայի մասին, այլ ջրի պես հոսում գնում են։

Մի  ծաղկով գարուն

Պետք է գարուն բերել՝ միշտ, նույնիսկ, եթե դաշտում ծաղիկը մենակ է: Սա իմ կյանքի կարգախոսներից է։ Գիտե՞ք՝ ստացվում է: Եթե թեկուզ փոքր քայլեր անես դեպի այն կետը, որին հավատում ես, մարդկանց էլ կշրջես դեպի քեզ, որովհետև իրենք, ի վերջո, նկատում են ճշմարիտը: Նոր կինոգործիչները պիտի գիտակցեն դա ու կինոն ոչ միայն որպես բիզնես զարգացնեն, ժամանցային պրոդուկտ ստեղծեն, այլ ձգտեն լինել իսկապես արվեստագետ: Եթե դու քեզ համարում ես արվեստագետ՝ մեծ, շատ մեծ ֆունկցիա ես քեզ վրա վերցնում: Շատ դեպքերում կարող ես նաև տապալել այն, ինչ սկսել ես, բայց դա նորմալ է. սա կյանք է: Պիտի շարունակես։

Պրոդյուսերի աշխատանքը

Հայաստանում նոր էր ձևավորվում պրոդյուսերական ինստիտուտը, երբ սկսեցի հետաքրքրվել պրոդյուսերի գործունեության բնույթով։ ԱՄՆ-ում արդեն սովորեցի նաև պրոդյուսերի աշխատանքը։ Ինձ կարևոր էր հասկանալ՝ ինչպես ճիշտ կազմակերպել արտադրական պրոցեսը, քանի որ սկզբնական շրջանում իմ փոխարեն դա ոչ ոք չի անի։ Անկախ և հեղինակային կինոյի մեջ պրոդյուսերը նույնպես ստեղծագործող է։ Նա սցենարիստ-ռեժիսորի հետ հավասար անում է ամբողջ աշխատանքը՝ մտքի ձևակերպումից մինչև ֆիլմի արտադրություն։

ԱՄՆ-ում,  անկախ պրոդյուսերն այն մարդն է, որը հաճախ ձևավորում է ամբողջ ֆիլմը: Կինոն կարող է սկսվել պրոդյուսերի մտքից, որ «այ սենց մի սցենար կարելի է գրել ու նկարել» ու հետո արդեն նա գտնում է համապատասխան սցենարիստին, ռեժիսորին և այլն: Իհարկե, ավելի հաճախ, պրոդյուսերները լավ գաղափարով սցենարի և տաղանդավոր ռեժիսորների որսորդներն են։ Սա ավելի եվրոպական ոճ է. պրոդյուսերներն այցելում եմ բազմաթիվ մասնագիտական հարթակներ՝ գտնելու այն, ինչ կկպնի իրենց սրտին և այն ինչի վրա նրանք պատրաստ կլինեն տարիներ ու մեծ եռանդ ծախսել՝ սցենարը զարգացնելուց մինչև գումար գտնելը։ Պրոդյուսերի գործը, ցավոք, ինչ-որ տեղ չգնահատված է, բայց, օրինակ, ԱՄՆ-ում հաղթահարել են այդ մտածողությունը: Ասենք, եթե ֆիլմն «Օսկար» է ստանում, այն տրվում է պրոդյուսերին։

Վերադարձա Հայաստան 

Հիմա կարճամետրաժ ֆիլմիս վրա եմ աշխատում, հատուկ դրա համար եմ եկել Հայաստան: ԱՄՆ-ում ունեի աշխատանքի առաջարկներ, բայց երազանքս էր այստեղ իմ ֆիլմը նկարել:

Այդ շրջանում եղավ հեղափոխությունն ու հասկացա՝ ճիշտ ժամանակն է փորձել կինոյի ոլորտում ինչ-որ բան փոխել: Հուսով էի, որ ներկա կառավարությունն օգտակար կհամարի իմ գիտելիքը: Այդպես էլ ստացվեց: Աշխատեցի կինոյի հանձնախմբում, որն ուսումնասիրում էր տարվա կինոհայտերն ու բաշխում պետական ֆինանսավորումը: Նախորդ տարիներին ոչ մեկին պարզ չէր, թե այդ հանձնախումբն ի՞նչ է անում, ու ո՞րն է այդ գումարների բաշխման սկզբունքը, օրենքները և այլն: Երբ պատիվ ստացա լինել այդ տեղում, ինձ համար շատ բաներ հստակ դարձան: Սկսեցի ուսումնասիրել 14 տարվա բոլոր ֆինանասավորված ֆիլմերը, տեսա ինչ խնդրիներ կան։

Հետո, ես միացա IFCA՝ (Independent filmmakers community of Armenia) Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքին, որն այդ ժամանակ բաց հարթակ էր, բայց հետո այն ութ կինոգործիչներով գրանցեցինք որպես հասարակական կազմակերպություն և սկսեցինք համագործակցել մեր երազած բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

IFCA-ում ամեն հարց շատ ենք քննարկում, հաճախ՝ վիճում: Կարծում եմ, իրական առաջընթացի համար բավարար չէ, երբ գտնում ես մեկին, ով պարզապես քո համախոհն է ու վերջ: Դու չես աճում այնպես, ինչպես կաճեիր քեզ համախոհ, բայց բազմակարծիք միջավայրում. ճշմարտությունը ծնվում է վեճերի մեջ:

Այս ընթացքում կարողացանք մշակել կինոյի մասին օրենքի մի տարբերակ, որը բիզնես իրավաբան Կարեն Ֆիդանյանի օգնությամբ բերեցինք իրավական տեսքի:IFCA- ում հանդիպեցի նաև իմ ապագա ֆիլմի գլխավոր ուղեկցին՝ պրոդյուսերին և դերասանուհուն՝ Արմինե Անդային: Ֆիլմը կոչվում է «Թռիչք»։ Կարճամետրաժ այս ֆիլմի համար համաֆինանսավորում  և համատեղ արտադրության առաջարկ ստացանք Նիդերլանդների՝ «Սինեսյուդ» կազմակերպությունից:

Դիմեցինք նաև Հայաստանի ազգային կիոնոկենտրոն՝ ֆինանսավորման համար ( շեշտեմ, որ մեր հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո էր դա)։ Կարծում եմ, որ այն անձիք, որոնք պաշտոններ են զբաղեցնում կինոոլորտի պետական ապարատում, պետք է այդ ընթացքում զերծ մնան պետական աջակցության դիմելուց, քանի որ շահերի բախում է ստեղծվում։

Թռիչք

Ֆիլմն արդեն նկարել ենք։ Պրեմիերան նախատեսում ենք 2020 թվականին։ «Թռիչքը» պատմություն է մի կնոջ մասին, որը երկար տարիներ ապրելով արտասահմանում՝ արտաքսվում է, և ինքնաթիռում՝ ճանապարհին  փորձում է ինքնասպան լինել:

Այս ֆիլմը սկսեցի գրել, որովհետև ինձ անձնապես վերաբերող հուզանք կար մեջը։  Օպերատորը  Լի Անդրվուդն է, երիտասարդ  տաղանդավոր մասնագետ է։ Նրա հետ աշխատել եմ ուսանողական տարիներին: Արմինե Անդայից հետո երկրորդ գլխավոր դերասանը Ալեքսանդր Ստրոբելն է, որը բազմաթիվ ֆիլմերի և թատերական հսկա կենսագրությունից զատ, իր ֆիլմոգրաֆիայում ունի նաև «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։ Նա Ավստրիայից է։ Հիմա մոնտաժման փուլում ենք, գրեթե ավարտել ենք:

Մեր ներսի թաքուն պատմությունը

Անկեղծությունից ավելի օգտակար բան, այս աշխարհում, երևի  չկա: Ամեն մարդ իր ներսում ինչ-որ ծանր կամ խիստ անձնական պատմություն ունի, և եթե այն չի մոռացվում, միշտ հուզմունք է առաջացնում, ապա անընդհատ մտածելուց, մարդն ի վերջո հիվանդանում է՝ հոգեպես կամ ֆիզիկապես։ Երբ կիսվում ես, օրինակ՝ ընկերոջդ, ծնողիդ, հոգեբանիդ կամ եկեղեցականի հետ, թեթևանում, ազատվում ես: Ինձ համար մոտավորապես նույն ֆունկցիան ունի ֆիլմ նկարելը: Դու ազատվում ես աշխարհին տալով ներսիդ եղածը. դու անկեղծանում ես ու մաքրվում: Իհարկե, անկեղծությունը խոցելի է դարձնում, բայց ինչի՞ վախենալ այդ խոցելությունից:

Արվեստը միանշանակ անկեղծություն է․ քիչ անկեղծ կամ շատ անկեղծ չի լինում, կամ անկեղծ ես, կամ՝ չէ: Իմ անձնական ամենաանհասանելի անկյուններին փորձում եմ հասնել՝ ինձ վրա առաքելություն վերցնելով մյուսների համար մի բան ստեղծել, թե չէ կալարեի՝ հավես կա՞ փորփրելու և ցավ զգալու։ Այդպես մտքերդ ի մի ես բերում, միտքդ  պայծառանում, հավաքվում, ազատվում է… և, ի վերջո, փոխվում ես, լավանում: Կինոյի ամենագեղեցիկ ֆունկցիան դա է, ոչ թե ադի-բուդի ուտելով ուղղակի պատկերներ դիտելու մեջ:

Ոչ հայտնի, բայց շատ արժանի ֆիլմեր

Ֆիլմերի առումով շատ պահանջկոտ եմ: Մոտ մարդիկ գիտեն, որ ինձ  հետ կինո նայելը ծանր է։ Երկար  ընտրում եմ, ուսումնասիրում ռեժիսորի բոլոր գործերը։ Մի խոսքով։ Հիմա փորձեմ խորհուրդ տալ դիտելու ոչ դասականի չափ հայտնի, բայց շատ արժանի ֆիլմեր, որոնք իմ սիրած ֆիլմերի ցուցակում են.  Լուկրեցիա Մարտել, «Ճահիճ» («La ciénaga»), Գասպար Նոե «Մտնելով դատարկություն» («Enter the Void»), Պակ Չան Վուկ «Օլդբոյ» («Oldboy»), Ապիչատպոնգ Վիրասետակուլ «Քեռի Բունմին, ով կարողանում է հիշել իր անցյալ կյանքերը» («Uncle Boonmee Who Can Recall His Past Lives»), Էդվարդ Յանգ «Յի-Յի» («Yi-Yi») և «Թայբեյան պատմություն» («Taipei story»), Վոնգ Կար Ուայ «Չանքինգ Էքսպրես» («Chunking Express») և «Սիրո Տրամադրություն» (« In the Mood for Love»), Անդրեյ Զվյագինցև «Վերադարձ» («Возвращение»), Լարս ֆոն Թրիեր «Ճեղքելով ալիքները» («Breaking the Waves»), Անդրեա Առնոլդ «Ամերիկյան քաղցրիկը» («American honey»), Շոն Բեյքեր «Թենջրին» («Tangerine»), Ֆերնանդո Մեյրելես «Աստծո քաղաքը» («City of god»), Մեթյու Քեսովիթս «Ատելություն» («La Haine») և Պեդրո Ալմոդովարի բոլոր ֆիլմերը:

Յանա Շախրամանյան