Ուզբեկ ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան կայացավ «Սինեմա Սթարում»։  Դեռ կինոնախագիծ եղած ժամանակ բազամաթիվ տարակարծություններ էին հնչում։ Ոմանք համաձայն չէին, որ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմ նկարի ոչ հայ ռեժիսորը։ Թերևս ազգային պատվախնդրության հարց կար, բայց ի՞նչ արած. աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի մասին ֆիլմ նկարելու գաղափարը Ռազիկովն էր մտահղացել և ոչ թե որևէ հայ ռեժիսոր։ Կինոյի կառավարման ոլորտներում ֆիլմի գաղափարը լավ էր ընդունվել. արդյունքում մեր պետությունն աջակցեց նկարահանումներին,  ու «Սուսերով պար»  ֆիլմը դարձավ հայ-ռուսական համարտադրություն։

Բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ Յուսուպ Ռազիկովը պատմում է, որ սկզբում որոշել էր սերիալ նկարել, բայց ռուսական հեռուստաալիքները համագործակցության առաջարկը չեն ընդունել, ինքն էլ դիմել է Հայաստանին, հավանություն ստացել ու որոշել խաղարկային լիամետրաժ ֆիլմ նկարել։ Ռազիկովն ուսումնասիրել է Արամ Խաչատրյանի կյանքը. համոզվել է, որ հասարակական, ստեղծագործական աշխույժ կենսագրություն ունեցող կոմպոզիտորը հոգեկան խռովքի դրամատիկ պահեր գրեթե չի ունեցել։ Բայց մի դիպված նրա ուշադրությունը գրավել է։ «Սուսերով պար» ստեղծագործությունն Արամ Խաչատրյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1942 թվականին, գրել է Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրինության ճնշումների ներքո։ Ֆիլմում այդ ճնշումներն ավելի խոր են ներկայացված՝  կուսակցական կամայականությունների տիրույթում։

Արամ խաչատրյանի կերպարը մարմնավորել է ռուսաստանաբնակ հայ դերասան Համբարձում Քաբանյանը։ Երբ Ռազիկովն ընտրության առաջ է կանգնած եղել, Համբարձումը նամակ է գրել նրան. «Արամ Խաչատրյանի դերը  ես եմ խաղալու։ … Չգիտեմ, արյան կանչն էր, թե անբացատրելի այլ երևույթ, բայց ես ինձ տեսնում էի այդ դերում։ Իհարկե, Համբարձումն Արամ չի դառնա, բայց փորձել եմ էկրանից հաղորդել այն հոգեվիճակը, այն իրականությունը, որի մեջ ապրել է Արամ Խաչատրյանը»,- երևանյան պրեմիերայից առաջ ասաց Համբարձում Քաբանյանը։

«Սուսերով պարը» Արամ Խաչատրյանը գրել է 8 ժամում.  ընդամենը մեկ շաբաթից  պետք է կայանար «Գայանեի» պրեմիերան, իսկ  թատրոնի տնօրինությունն անընդհատ փոփոխություններ էր  պահանջում, ավելին՝ ստիպում ու ճնշումներ գործադրում, որ երիտասարդ կոմպոզիտորը ևս մի պար ավելացներ բալետին։  Բարոյահոգեբանական ծանր իրավիճակում, փաստի առաջ կանգնած Արամ Խաչատրյանը գրում է «Սուսերով պարը»։ Ֆիլմում ստեղծված է կուսակցական մի կերպար, որը նման է Սալիերիին։ Ինչպես Սալիերին էր նախանձում Մոցարտին՝ միաժամանակ հիանալով նրա հանճարով, այնպես էլ կուսակցական պաշտոնյան է դավեր նյութում, անընդհատ սադրում, բայց միաժամանակ ապշում, թե ինչպես կարելի է այդքան հանճարեղ լինել, ինչպես Արամ Խաչատրյանն է։ Վերջում, իհարկե, տաղանդը հաղթում է ապաշնորհությանը, անգամ եթե այն կուսակցական հզոր աթոռին է բազմած,  և «Սուսերով պարը» դառնում է «Գայանե» բալետի անքակտելի ու առանցքային  հատվածներից մեկը։

Նաիրա Փայտյան