Երիտասարդ ռեժիսոր Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմն ընդգրկված է  2020 թ․Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Կինոնկարի  պրեմիերան տեղի է ունեցել 2019-ին Լայպցիգի վավերագրական ֆիլմերի փառատոնում: Ֆիլմն  ընդգրկված էր փառատոնի մրցութային ծրագրում։

Ֆիլմը ԵվրասիաԴոկ համատեղ արտադրության ֆորումին մասնակցած ամենահաջողված նախագծերից է, որով այս պահին հետաքրքված է ևս 15 փառատոն: Սիլվայի հետ զրուցել ենք  ֆիլմի ստեղծման մանրամասնություններից ու էլի շատ հետաքրքիր բաներից։

Լուսանկարչական մրցույթից մինչև ԵվրասիԴոկ

-Ավարտել եմ ԵՊՀ լրագրության ֆակուլտետը։ Իմ հետաքրքրությունների շրջանակներում միշտ էլ կարևոր տեղ է ունեցել վավերագրական կինոն: Եվ հիմա եմ հասկանում, թե բուհական կրթությունը որքան շատ է ինձ օգնում տարբերել լրագրությունը վավերագրական կինոյից:

Ես երկար տարիներ զբաղվել եմ լուսանկարչությամբ: Մի անգամ պետք է մասնակցեի լուսանկարչական մրցույթի: Հարկավոր էր գնալ Արցախ և նկարել ֆոտոպատմություն՝ խաղաղաշինության մեջ կանանց դերի մասին: Սկզբում մտածում էի գտնել որևէ զինվորական կին և նկարել նրան: Բայց հենց այդ օրերին պատահական հանդիպեցի «The HALO Trust» կազմակերպությունում աշխատող կանանց, որոնք միանգամից գրավեցին ինձ իրենց համազգեստով: Հետագայում ավելի մոտիկից ծանոթացա նրանց և հասկացա՝ այդ կանանց աշխատանքի առանձնահատկությունները ցույց տալու համար լուսանկարները քիչ են. ավելի մեծ կտավի գործ է պետք:

Վերադառնալուց հետո շատ պատահաբար համացանցից իմացա ԵվրասիաԴոկի մասին, ներկայացրի երեք էջանոց մի նախագիծ, որ պարզապես այդ կանանց մասին ֆիլմ նկարելու գաղափարի արտահայտում էր: Բայց ԵվրասիաԴոկի առաջին փուլի տասնօրյա դասընթացի ժամանակ  այդ երեք էջանոց նախագիծը դարձավ 30 էջ, և արդեն համատեղ արտադրության ֆորումին ներկայացա պատրաստի սցենարով: Ի սկզբանե մեծ հաջողություն էր, որ գտա հաջող պրոդյուսեր, ով պատրաստ էր գումար ներդնել և նկարել ֆիլմը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ստեֆան Ժորդանին դուր էր եկել հենց ֆիլմի գաղափարը: Ֆրանսիական կողմի շնորհիվ նախագիծը գտավ նաև հայկական համարտադրող՝ «Հայկ» կինոստուդիան: Նկարահանումները, որ տևել են 6-8 օր, իրականացրել է հայկական կողմը: Բայց մինչ նկարահանումները կատարած նախապատրաստական աշխատանքներս տևել են մոտ մեկ տարի: Ֆիլմում կադրից դուրս խոսք չկա, չկան երկխոսություններ, հարցազրույցներ: Սցենարը զարգանում է այդ կանանց աշխատանքի  հիման վրա: Ամեն ինչ նկարվում է հենց այնպես, ինչպես որ կա: Բուն նկարահանումից հետո աշխատանքները շարունակվեցին ևս հինգ ամիս:

 

 

 

Ուժեղ բնավորությամբ հետաքրքիր կանայք

-Ականազերծող այդ կանայք հեշտությամբ դարձան վավերագրական կինոյի հերոսներ, հեշտությամբ մասնակցեցին նկարահանումներին, որովհետև մինչ այդ ես ապրել եմ նրանց հետ, բավական երկար շփվել, հարցազրույցներ արել, տեղեկացել ընտանիքների մասին և այլն: Այդ ամենն, իհարկե, ֆիլմում չկա, որովհետև ընթացքում հասկացա՝ ֆիլմի համար պետք է նրանց աշխատանքի ցուցադրումը, որովհետև հենց դա էր ինձ հետաքրքիր: Եվ ինչպես հետագայում պարզվեց, ոչ միայն ինձ: Առ այսօր ես պահում եմ կապն այդ կանանց հետ, անպայման տեղեկացնում ֆիլմի հաջողությունների մասին: Եվ նրանք ամեն անգամ զարմանում են՝ ինչու է, ասենք, գերմանացիներին, հետաքրքրում իրենց մասին ֆիլմը: Ես գտել եմ այդ հարցի պատասխանը: Հայերիս համար մեծամասամբ զարմանալի չէ, երբ կինը պատերազմ է մեկնում կամ տղամարդուն բնորոշ աշխատանք անում, իսկ Եվրոպայում դա տարօրինակ է: Նրանք չեն հասկանում՝ ինչո՞ւ են ականազերծման այդ վտանգավոր աշխատանքները  կատարում կանայք և ոչ թե, ասենք, ռոբոտները: Հիմնականում հետաքրքրվում են այն երկրները, որոնք չեն ունեցել պատերազմներ: Նրանց համար սա նորություն է, ինչն էլ հենց գրավում է:

Եվ իրապես այդ կանանց ամենօրյա աշխատանքը շատ ծանր է թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես: Բայց նրանք շարունակում են մնալ կանացի, որովհետև, վերջիվերջո, կին են ու մայր: Ընթացքում նաև հասկացա, որ ականազերծող կանայք, որքան էլ ուժեղ են աշխատանքի մեջ, ունեն մի թույլ կողմ. կարոտում են իրենց երեխաներին: Արդյունքում գիտակցում ես՝ ֆիլմի հաջողությունը պայմանավորված է ճիշտ ընտրված հերոսներով:

Վտանգավոր նարահնումներ

-Նկարահանման ընթացքում ինքս էլ կարծես ական հանեցի այդ կանանց հետ, ոչ թե ուղիղ իմաստով, այլ նրանց աշխատանքի ընթացքում զգացի դրա ողջ ծանրությունը: Եվ, հենց այդ ժամանակ մի մեծ քայլ առաջ գնացի, որովհետև սկսեցի շատ բաներ այլ կերպ տեսնել կյանքում: Նրանք պնդում են, որ երբ աշխատանքից հետ ես գալիս ոչ մի վնասվածք չստացած, ուրեմն վախենալու էլ ոչինչ չկա: Երբ նկարահանումներից հետո այդ նույն ճանապարհին ականազերծողների մեկ ուրիշ մեքենա պայթեց, նոր հասկացա՝ որքան վտանգավոր է եղել մեր աշխատանքը: Բուն նկարահանումների ժամանակ այնքան ոգևորված էի, որ ոչինչ չեմ զգացել:  Իրականում դաշտում չես զգում վտանգը, չես հասկանում, որ ամեն քայլափոխի կարող ես պայթել ականի վրա: Ասեմ, որ մեզ նաև հեշտ չեն թողել, որ գնանք նկարահանումներին: Նախ տվել են քիչ թվով օրեր և հատուկ ուղղորդել, թե ամեն բան ինչպես պիտի արվի: Բացի դրանից, կային ուղեկցողներ, և մենք իրավունք ունեինք շարժվելու միայն նրանց հետևից, այն էլ մեկ գծով: Անգամ օպերատորը չէր կարող նկարել անհրաժեշտ դիրքից: Ի դեպ, ֆիլմն ունի շատ պրոֆեսիոնալ ու տաղանդավոր օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյանը: Մենք նաև պաշտպանիչ հանդերձանք էինք կրում, ինչը ևս հավելյալ բարդացնում էր աշխատանքը:

Հանուն երեխաների ֆիզիկական ու նյութական ապահովության

-Ականազերծման այդ դժվարին աշխատանքն այս կանայք անում են և´ գումարի համար (Արցախում չկա աշխատանք, ու հատկապես այնպիսի աշխատանք, որով կկարողանաս պահել երեխաներիդ), և´ հայրենասիրական զգացումներից դրդված, որովհետև միայն գումարի համար ուղղակի հնարավոր չէ ամեն օր վտանգել կյանքդ: Հինգ հերոսներից չորսն ամուսնալուծված բազմազավակ մայրեր են, որ իրենց երեխաներին տեսնում են միայն շաբաթ և կիրակի օրերին: Կանայք հստակ գիտակցում են՝ ականապատված տարածքները շատ մոտ են գյուղերին, և հաճախ հենց երեխաներն են գնում դաշտեր՝ խաղալու, փայտ հավաքելու, ու պայթում են ականների վրա: Ականազերծող կանայք ցանկանում են հանգիստ լինել իրենց և ուրիշների երեխաների համար:

Տարօրինակ, վախենալու, իրական

-Լայպցիգի փառատոնի մրցութային ծրագրին մասնակցելուց հետո ֆիլմը շատ դրական արձագանքներ ունեցավ, որոնցից ամենակարևորն, իհարկե, Ռոտերդամի փառատոնն է: Այն կսկսվի հունվարի 22-ից: Փորձում եմ ո՛չ ոգևորվել, ո՛չ էլ մտածել այդ ուղղությամբ. թող ֆիլմն իր ճանապարհը հարթի: Այս պահին անգամ աշխատում եմ նոր նախագծի վրա՝ կրկին ԵվրասիաԴոկի շրջանակներում: Միայն թե, ես շատ եմ ուզում, «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմը ոչ թե ունենա բազում մրցանակներ, այլ հանդիսատեսը տեսնի ու պատկերացնի ականազերծման աշխատանքների տարօրինակ, վախենալու, իրական մանրամասները,  որի շնորհիվ մեծ  թվով մարդիկ այսօր ապահով են զգում իրենց:

Պատմում է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ստեֆան Ժորդանը

-Ինձ նախագծի մեջ ամենաառաջինը գրավեց Սիլվայի  տեսլականը: Նա հստակ պատկերացնում էր, թե ինչպես է նկարահանելու ֆիլմը, ինչ դիտանկյունից է ներկայացնելու այդ կանանց: Սիլվան ցանկանում էր մանրամասն նկարել ականազերծող կանանց աշխատանքը միայն. ինչպես են փորում, հանում ականները և այլն: Նա ճշգրիտ մանրամասնությամբ ցույց է տալիս այդ աշխատանքի  վտանգավորությունը: Գարեջրի բաժակի շուրջ շատ երկար քննարկում էինք ֆիլմի ամենատարբեր մանրամասներ՝ վերջնականապես հասկանալու համար, որ մենք նույն կերպ ենք տեսնում ֆիլմը: Մասնագիտական առումով շատ հետաքրքիր էր աշխատել Սիլվայի հետ: Մոնտաժն արել ենք Ֆրանսիայում, և այն տևել է մի քանի ամիս, որովհետև  պետք էր իսկապես իրականացնել այն, ինչ կար երիտասարդ ռեժիսորի ծրագրերում: Իսկ դա այնքան էլ հեշտ չէր, որովհետև ֆիլմում գրեթե չկան երկխոսություններ, այն դեպքում, երբ այն տևում է 70 րոպե:

Ամեն անգամ, երբ աշխատում ենք նման նախագծերի վրա, ուզում ենք, որ դրանք հետարքրքեն բոլորին: Իհարկե, պատերազմի թեման ինքնին ունիվերսալ է։ Դրա համար էլ ֆիլմը կարող էր մարդկանց զգայուն դարձնել Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակի հանդեպ: Աբսուրդ է, երբ պատերազամից հետո պատերազմը չի ավարտվել, որովհետև դեռ կան չականազերծված ականներ:

Որքան էլ մենք մանրամասն էինք աշխատել ֆիլմի վրա, շատ բաներ, միևնույնն է, չես կարող կանխատեսել: Ուստի ֆիլմի հաջողություններն անսպասելի էին: Ի վերջո, սա Սիլվայի առաջին ֆիլմն է,  այսինքն՝ հանդիսատեսի համար նա նոր ռեժիսոր է: Բայց դա չխանգարեց, որ ֆիլմը լավ ընդունվի թե´ Լայպցիգում, թե´ Փարիզում կայացած տեղական մի փառատոնի շրջանակներում: Էլ չեմ խոսում Ռոտերդամից եկած հրավերի մասին: Այժմ մեզ էլ է հետաքրքիր, թե ինչպես կզարգանա ֆիլմի ճակատագիրը:

Եվ ես հիմա որպես մարդ եմ ասում, ինձ համար շատ կարևոր է, որ հանդիպել եմ Սիլվային: Մենք նրա հետ ոչ միայն աշխատել ենք ֆիլմի շուրջ, այլև Սիլվան ինձ ներկայացրել է Հայաստանը, իրական Հայաստանը:

 Արփի Խաչատրյան