Կինոֆորումից մինչև կինոտեսիլք
Կինոյի մասին օրենքին շատերն են սպասում, բայց և հասկանում են, որ սպասելուն զուգահեռ՝ պետք է գործել, առաջ շարժվել։ Օրինակ՝ կրթվելու, աշխարհայացքն ընդարձակելու, համաշխարհային կինոպրոցեսին տեղեկանալու համար կինոյի մասին օրենքին սպասել պետք չէ։ Պետք է այսօրվա պահանջներին ու ընդունված կարգուկանոնին համապատասխան մտածելակերպ, հոգեբանություն ու մտահորիզոն ձևավորել, փորձել դուրս գալ նեղ ազգայինի կամ նեղ անձնականի սահմաններից ու աշխարհին նայելու դիտանցքը գոնե պատուհանով փոխարինել։
Կինոմիջավայր, կինոմթնոլորտ. այս նախադրյալները կինոյի զարգացման հիմքն են, մինչդեռ այսօր մեր կինոռեժիսորները չգիտեն, թե ով ինչով է զբաղված, ինչ ֆիլմ է նկարում։ Կինոյի ոլորտի այս և ուրիշ խնդիրներով մտահոգված՝ ԿԳՄՍ նախարարությունը դեկտեմբերի 13-15-ը կինոարտադրողների համահայկական ֆորում էր նախաձեռնել (ֆորումը կազմակերպել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը) և մեր երկիր հրավիրել սփյուռքահայ կինոգործիչների, որոնք մեծ մասամբ պրոդյուսերական աշխատանքով են զբաղված։ Ֆորումի նպատակն է համախմբել կինոյի համահայկական ներուժը, ի մի բերել այն խնդիրները, որոնք արդեն տևական ժամանակ հայաստանյան կինոարտադրությունն ունի և փորձել համատեղ ուժերով դրանք լուծելու ճանապարհները գտնել։
kinoashkharh.am-ն անդրադարձել է ֆորումի ընթացքում ծավալված քննարկումներին ու հարթակներին, որոնց մասակցել են աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հայազգի պրոդյուսերներ Վիվիեն Ասլանյանը, Կորյուն Ափրիկյանը, Ալեն Գրանժերարը, Ռուբեն Ղազարյանը, Նորիկ Քեշիշյանը, Ռոբեր Քեշիշյանը։ Նրանց և հայաստանյան կինոարտադրողներին արդյունավետ համագործակցություն մաղթեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը. « Վերջերս kinoashkharh.am-ին տված իմ հարցազրույցում էլ եմ ասել, որ այսօր ամենաոգևորող, լավատեսություն ներշնչող ոլորտը կինոասպարեզն է, որովեհտև , ըստ էության, ամենակառուցողական, ամենահիմնավոր բարեփոխումներն այս ոլորտում են կատարվում։ Շատ կարևոր է, որ ֆինանսական քննարկումների մակարդակից տեղափոխվենք օրենսդրական դաշտ, կառուցողական բարեփոխումների համակարգ։ Պրոդյուսերական ինստիտուտի կայացման լրջագույն խնդիր ունենք այսօր։ Ստեղծվում է գեղարվեստական առումով տաղանդավոր, հետաքրքիր արդյունք, որը կարճ կյանք է ունենում։ Մինչդեռ պրոդյուսերական ճիշտ աշխատանքի դեպքում այն կենսունակ կդառնա և ճանապարհ կունենա դեպի միջազգային կինոշուկա։ Ծագումով հայերը աշխարհի տարբեր երկրենում մեծ հաջողությունների են հասել, հսկայական փորձառություն են կուտակել, որից մենք չենք օգտվում կամ քիչ ենք օգտվում Վստահ եմ, որ այս համաժողովը շարունակական բնույթ է ունենալու, Սփյուռքի կինոգործիչների հետ համատեղ աշխատանքը հաջողվելու է»։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ևս հաստատում է՝ ոլորտը հիմնավոր շտկումների կարիք ունի. մեկուկես տարվա ընթացքում մի ամբողջ համակարգ է քանդվել և փոխարենը նոր մեխանիզմ է ներդրվել։ Կինոնախագծերի հայտերի ընդունման և ֆինանսավորման կարգն է փոխվել։ «2016-17 թվականներին մոտ 30 հայտ է ընդունվել, 2018-ին՝ մի քիչ ավելի, իսկ 2019-ին՝ 120 հայտ։ Դեբյուտները մեծ թիվ են կազմել, որովհետև մեզ նոր խոսք, նոր շունչ է պետք։ Համոզված եմ, որ 2020 թվականին ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու։ Մենք կինոհայտի տարբեր փուլեր ենք ֆինանսավորում՝ նախագծի զարգացումից մինչև արտադրություն, հետարտադրություն և տարածման։ Մեծ կարևորություն ենք տալիս և աջակցություն ենք տրամադրում նաև ֆիլմերի տարածմանն ու հանրայնացմանը»,-կինոֆորումի մասնակիցներին ողջունելով՝ ասաց կինոկենտրոնի ղեկավարը։ Նա շտապեց ուրախացնել լավ լուրով. Բեռլինի կինոշուկայում այս տարի Հայաստանն առաջին անգամ իր առանձին տաղավարն է ունենալու։ Շուշանիկ Միրզախանյանը դիմում է պրոդյուսերներին՝ գրանցվեք և Բեռլինի կինոշուկայում կունենաք ձեր տարածքը ։
Աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներն աշխատում են նաև հայ ռեժիսորների ու սցենարիտների հետ։ Օրինակ՝ ֆրանսահայ պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Կորյուն Ափրիկյանն աշխատել է Սերժ Ավետիքյանի («Փարաջանով» լիամետրաժ, խաղարկային ֆիլմ), Արամ Շահբազյանի («Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ խաղարկային ֆիլմ) հետ։ Նրա կարծիքով՝ Հայաստանի հայերը համաշխարհային կինոյում փորձ ունեցող սփյուռքահայ կինոգործիչների հետ պետք է կապեր ստեղծեն։ «Հայաստանյան կինոշուկան փոքր է, բնակչության թիվն էլ է քիչ, բայց ներուժը մեծ է, տաղանդների պակաս չկա։ Պարզապես հարկավոր է մեծ աշխարհ, միջազգային շուկա դուրս գալու միջոցներ, ելքեր գտնել, հայ տաղանդներին, այսպես ասած, արտահանել։ Իսկ դրա համար նախ և առաջ պետք է միջազգային հանրության պահանջները, ճաշակն իմանալ։ Օրինակ՝ եթե Փարաջանովը ստեղծագործեր այսօր, պետք է իր ֆիլմերն այլ կերպ նկարեր։
Հարկավոր է թեմաները, գաղափարները ներկայացնելու ձևերը ճիշտ ընտրել. թեմա և ոճ՝ ահա այսօրվա միջազգային կինոարտադրության կարևոր շեշտադրումները։ Ազգայինը միջազգայնացնելու ձևը պետք է գտնել։ Լավ է, որ Հայաստանն արդեն մի քանի տարի անդամակցում է Եվրիմաժին։ Այդ հարթակում աստիճանաբար հաջողության կհասնի»,- նկատեց Կորյուն Ափրիկյանը։
Թեհրանում ծնված, Գերմանիայում ապրող և ստեղծագործող Նորիկ Քեշիշյանը իրանա-գերմանական 4 լիամետրաժ համարտադրություն ֆիլմերի պրոդյուսեր է։ Վերջին տարիներին Հայաստանում նկարահանված ֆիլմերին ծանոթ չէ, կինոարտադրության խնդիրները որոշ չափով պատկերացնում է։ «Նոր մեդիաոլորտի պահանջները կինոարտադրության համար դժվարություններ են ստեղծում։ Օրենքները կյանքը կանոնակարգում են. կինոյի մասին օրենքն էլ շատ կարևոր դեր կունենա, բայց պակաս կարևոր չէ համագործակցության ձևավորումը։ Տարբեր փրոդաքշընները միանալով՝ կարող են շատ ավելի լավ արդյունքի հասնել, քան եթե գործեն առանձին։ Նոր սերունդը պետք է համարձակ լինի, հավատա իր ուժերին, համառորեն աշխատի և արևի տակ իր տեղը կունենա»,-վսատահ է իրանահայ պրոդյուսերը։
Հայաստանյան կինոարտադրության, կինոմթնոլորտի աշխուժացմանը միտված պետության քայլերը նաև ուղղված են մասնավոր կինոարտադրողներին համախմբելուն, նրանց ներուժը, հնարավորությունները գնահատելուն։ Ցավալի է, բայց հաճախ կինոգործիչները տեղյակ էլ չեն, թե որ ընկերությունն ինչ ծառայություններ է մատուցում, կինոարտադրությանն անհրաժեշտ ինչ գործունեությամբ է զբաղված։ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության փորձագետ Լուսինե Սարգսյանը ֆորումի աշխատանքներում 4 ուղղություն նշեց՝ 1. ինչ կինոռեսուրս ունի Հայաստանը, 2. համարտադրության սկզբունքներ, տեսակներ ու ձևեր, 3. կինոկրթություն, կրթական մեթոդներ, որոնք այսօր աշխարհում գործածական են, վարպետության դասեր, փորձի փոխանակում, 4. կինոյի տարածում, դիստրիբյուցիա։
«Սփյուռքը հսկայական ներուժ ունի, սփյուռքահայ կինոգործիչները համաշխարհային կինոարտադրության շարժը հրաշալի են պատկերացնում։ Շատերը տևական ժամանակ Հայաստանում չեն եղել կամ ընդհանրապես այստեղ չեն ծնվել, ու նրանց էլ է հետաքրքիր, թե Հայաստանն ինչ ներուժ ունի, ֆիլմերի համար ինչ պատմություններ ու թեմաներ ունենք մենք։ Հայկական պատմություններն աշխարհի համար բացահայտված չեն։ Չունենք ներքին շուկա, իսկ դրսի շուկայի համար կանոնակարգման ենթակա շատ խնդիրներ կան։ Այս հարցում մեզ շատ կօգնի կինոյի մասին օրենքը, որը ոլորտի մի շարք միջպետական պայմանագրերի մշակումն ու հաստատումը կկարգավորի»,-դաշտի զարգացման հեռանկարների մասին իր պատկերացումները հաղորդեց Լուսինե Սարգսյանը։
Կինոն մշակույթ է, մտածելակերպ, քաղաքակրթություն, կրթական մակարդակ ու նաև զենք։ Կինոյի միջոցով երկրներն ու ժողովուրդները քաղաքական, հասարակական ուղերձներ են հղում ու աշխարհի ուշադրությունն իրենց վրա հրավիրում։ Կինոյի միջոցով աշխարհին ճանաչելի դառնալ մեզ դեռ չի հաջողվել։
Կինոարտադրողների համահայկական ֆորումի արդյունքում համարտադրություններ ստեղծելու, հայկական կինոն միջազգային շուկա արտահանելու նպատակներ կան։ Աշխարհին Հայաստանի մասին տեղեկացնելու մեր կինոլեզուն պետք է փոխվի։ Ոլորտի պատասխանատուներին էլ է դա մտահոգում։ Փոխնախարար Արա Խզմալյանը գերխնդիրը կրթական համակարգում է տեսնում՝ նշելով, որ ստեղծագործական տաղանդ ունենք, բայց տաղանդի ձևակերպման պրոֆեսիանալ ինստիտուտները կամ գոյություն չունեն կամ խարխլված են։ Կինոարտադրության բոլոր օղակների՝ օպերատորների, մոնտաժողների, այլ մասնագետների պատրաստման խնդիր ունենք։ Մասանգիտական կրթության մեթոդները, ձևաչափերը պետք է արմատապես վերանայվեն։
«Պրոդյուսերական ինստիտուտի կայացման անհարժեշտություն ունենք ոչ միայն կինոյի, այլև բոլոր ոլորտներում։ Թատրոնում էլ տնօրենների, գրագետ կառավարիչների ինստիտուտը պետք է ամրապնդենք։ Եթե ճիշտ պահանջներ ձևակերպենք ու ճիշտ մարդկանց նշանակենք, խնդիրները կլուծվեն։ էկրան բարձրանալով՝ ֆիլմի կյանքն այդպիսով ավարտվում է, մինչդեռ պետք է լինեն այնպիսի պրոդյուսերներ, որոնք կզբաղվեն ֆիլմի տարածմամբ։ Մեր ներքին շուկան փոքր է, իսկ եթե ուզում ենք մտածել լուրջ կինոարտադրության մասին, պետք է մեր շուկայի շրջանակներն ընդլայնենք, այնպիսի արտադրանք ստեղծենք, որն օտարներին կհետաքրքրի»,-մեր կինոիրականությունն այսպես վերլուծեց Արա Խզմալյանը։
Ազգայինի և միջազգայինի մասին. նրա տեսակետը հետևյալն է՝ պետք է գիտակցենք, որ ճշմարիտ ազգային արժեքները միջազգային են։ Արվեստը նեղ ազգային, էթնոգրաֆիկ, միայն մեզ հասկանալի թեմաներին անդրադառնալու համար չէ, արվեստն ընդարձակում է սահմանները, ընկալումները, հարաբերությունները, նաև ընդհանուր լեզվի մշակման խնդիր է լուծում։
«Կինոյի արտադրության և վաճառքի համակարգում հաճախ արվեստի տեսակետից այնքան անտաղանդ բաներ են դառնում վաճառելի և եկամտաբեր. մենք սա շատ լավ գիտենք։ Բայց սրա կողքին տաղանդն ու արվեստն էլ կարող են վաճառելի դառնալ։ Մեր ազգային մշակույթը մենք հաճախ վերածում ենք ազգագրական էթնոգարֆիկ նյութի, բայց էթնոգրաֆիկ մշակույթը մի բան է, ազգային մշակույթը՝ բոլորովին այլ բան։ Արամ Խաչատրյան. ամենաազագային կոմպոզիտորը՝ սնված հայկական ժողովրդական երգարվեստից։ Բայց իտալացի կինոռեժիսոր Տինտո Բրասն իր «Կալիգուլա» ֆիլմում օգտագործել է հենց Արամ Խաչատրյանի երաժշտությունը»,-նկատեց փոխնախարարը։
Իրական երազանքների համար իրական նախադրյալներ են պետք. ջանքեր են գործադրվում, որ դրանք ստեղծվեն։ Մենք դեռ պետք է բացահայտենք, թե ինչ կինոռեսուրս, կարող ուժեր ունենք։ Ո՞վ գիտե՝ գուցե հեռավոր մի գյուղում հրաշալի կինոսցենար է գրվում, կամ մեկն իր հեռախոսով օպերատորական շեդևրներ է ստեղծում, կամ մի հովիվ մշուշոտ սարերում հրաշալի կինոերաժշտություն է շվշվացնում, կամ մի ջահել աղջիկ, ձորի պռնկին նստած, իրեն կինոյի հերոսուհի է պատկերացնում։
Նաիրա ՓԱՅՏՅԱՆ