Ավարտին մոտեցող մշակութային տարում անհավասար պայքար են մղում հերոսները, սրբերը և արքաները՝ արվեստամարտերում տարեցտարի հաղթելով, սրբադասվելով, թագադրվելով, ինչպես և պարտվելով, ապասրբացվելով ու գահավիժելով։ Մեզ էլ` պատերազմի ականատեսներիս, մնում է անողոք ռազմի դաշտերում սրասայր նիզակների բեկորներից հավաքել մեր մասին պատմող մի հայելացույց խճանկար, որում ուրվագծվում է 2019-ի չարագույժ ժպիտը։ 

Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը» գրանցեց հաջողություն ոչ միայն արվեստում՝ ստանալով Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծը», այլև կոմերցիոն` դառնալով երբևէ  ստեղծված առաջին R կատեգորիայի («մեծահասակների համար») ֆիլմը, որը կինովարձույթում հաղթահարեց 1 միլիարդ դոլարի սահմանագիծը։

Փաստը, որ դա հաջողվեց ոչ թե փրկչին` դասական իմաստով, սուպերհերոսին, այլ կատակերգուի դիմակով հոգեկան հիվանդ սերիական մարդասպանին։

Փաստն ինքնին խոսուն է, առավել ևս, երբ գիտակցում ենք, որ մասսայական հավանությունը խոսում է նաև մերօրյա աշխարհի նույնական տագնապի և ինչ-որ առումով նաև սուբլիմատիվ ինքնանույնացման մասին։


Տարվա հերոսը TIMES-ի շապիկին միանգամայն արժանի «չարագործ ծաղրածուն» է, իսկ «տարվա ֆիլմը»` «ոչ այնքան ֆիլմ», համենայն դեպս, ըստ մեկ այլ «տարվա ֆիլմի» հեղինակի` Մարտին Սկորսեզեի և համախոհների։
Թվում է, թե այսօր հնարավոր չէ առաջացնել մեծ ռեզոնանս որևէ բանով, որը «լինի զուտ այն, ինչ թվում է», հակասական ու իրարամերժ պետք է լինի ոչ միայն բովանդակությունը, այլ բուն ձևը. ժամանակակից արվեստի բանաձևերը արվեստի բոլոր տեսակներում են և ծաղրածուն չի կարող լինել զուտ ծաղրածու, ինչպես և` «բանանը չի կարող լինել զուտ բանան», ինչը նույն տարեվերջին, հերթական անգամ ապացուցեց արդեն ժամանակակից արվեստի Ջոկերը` իտալացի արվեստագետ Մաուրիցիո Կատելանը, որի Art Basel–ում ներկայացրած ինստալացիան գրեթե համանուն էր Ֆիլիպսի ֆիլմին`«Կատակերգու»։

Ինչպես Արթուր Ֆլեքը  չէր դառնա Ջոկեր, այնպես էլ Կատելանի բանանը `«Կատակերգու», եթե չլիներ մեդիան։ Ու, եթե առաջինի դեպքում դա պարզ է դառնում ֆիլմի բուն սյուժեից, ապա Կատելանի դեպքում` ժամանակակից արվեստի մեկ այլ բանաձևի  համաձայն ստեղծագործությունից դուրս, ևս մեկ անգամ ցուցադրելով ժամանակակից արվեստի ներգործության սպեկտորի ֆենոմենալ տրամագիծը, երբ «թե սրա ի՞նչն ա արվեստ»  ասելով մարդիկ իբր փակում են թեման, փոխարենը` բացում ֆեյսբուք-ինստագրամն ու տեսնում հազարավոր օգտատերերի կողմից մոխրագույն սքոչով  փակցված բանաններ, մանդարիններ, քյարաուզներ, գազարներ, սիգարետի գլանակներ, «ռազվադնոյ կլյուչներ», սեռական օրգաններ ու Վան Գոգի ականջներ։

Ջոկեր-Կատելանը տվել էր ընտրություն, և արդյունքում ջոկերյան գոհունակ քմծիծաղով հետևում է տիրաժավորման շեշտակի պրոգրեսիային, ու ի տարբերություն այդ տիրաժը ապահովողների, քաջ գիտակցում, որ հերթական անգամ մենք բոլորս դարձանք իր ստեղծագործության մասը։

Նրա բանանը կերան մի քանի օր անց, փոխարենը մենք այն ավելի ամուր փակցրեցինք մեր սոցցանցային պատերին՝ կպչուն ու մոխրագույն սոցիալական մեդիաժապավեններով։

«Կատակերգուն»  նույն ինքը` «Ջոկերը»,  նույն ինքը` «Կոմիքսը», կարծես, դարձավ 2019-ի գլխավոր հերոսը ու ոչ միայն «էլիտար-արվեստային», այլև կոմերցիոն զանգվածային տիրույթում, որտեղ, օրինակ` եզրափակիչ «Վրիժառուները»  չգերազանցված նախկին ռեկորդից մեկ տասնամյակ անց դարձավ ո՛չ ավել, ո՛չ պակաս` կինոյի պատմության ամենամեծ վարձութային հաջողությունը։

Գուցե՞ պատահական չէր Դևիդ Ֆոսթեր Ուոլեսը  իր պոստմոդեռնիզմի էստաֆետի հանձնումը ազադարող opus magnum-ը վերնագրել «Անվերջ կատակ»՝   հղում անելով շեքսպիրյան «Համլետ»–ին, որի էկզիստենցիալ դրամատիզմից «ձանձրացած» մարդկությունն այսօր փորփրելով հելսինգյորյան շիրմատակը, նենգաբար արթնացնում է մեռյալ ծաղրածու Յորիկին՝ հանձնելով նրան մեր իսկ կողմից սպանված Դանեմարքայի իշխանի գանգը, ու «Խե՜ղճ Յորիկ»–ի փոխարեն լայն ժպիտով արձանագրելով`«Խե՜ղճ Համլետ»։

Պարզունակ` «ես գիտեի կյանքը ողբերգություն է, մինչ հասկացա, որ այն կատակերգություն է» ամփոփումն այսօր, կարծես, հնչում է ծանրութեթև այլընտրանք կամ գուցե՞ ակամա պատասխան՝ «լինել–չլինելու» դարավոր խնդրին։

Գուցե տասնամյակի ավարտին մենք վերջնականապես թևակոխում ենք մի նոր մշակութաբանական փուլ, երբ հիպերիրականության միջանցքում գլխավոր սուպերհերոսը, այլևս ոչ թե հեգնելով սպանում է, այլ` սպանելով հեգնում։ 

Կարեն Ավետիսյան


Ես խեղդեցի նրան արցունքներով

«Ունդին», Քրիստիան Պեցոլդ ( 2020) Պարացելսը հավատում էր, որ բնության չորս տարրերը` երկիրը, ջուրը, օդն ու կրակն ունեն իրենց անտեսանելի ոգիները,...