Մեզանից յուրաքանչյուրը ֆիլմ դիտելու իր գողտրիկ սովորություններն ունի: Ոմանց համար անգամ լավագույն action ժանրի ֆիլմերը նախընտրելի է դիտել տանը, ծածկոցով փաթաթված, սիրելի բազմոցին տեղավորված: Մյուսների համար համաշխարհային պրեմիերաների դիտման միակ ընդունելի տարբերակը կինոթատրոնն է՝ իր մեծ էկրանով, ձայնային հնարավորություններով և ֆիլմում սեփական ներկայության հրաշալի իմիտացիայով:

Իսկ ինչպե՞ս ենք մենք ընտրում կինոթատրոնները:

Հայաստանում գործող բոլոր կինոթատրոններն իրենց առանձնահատկություններն ունեն՝ տեխնիկական հնարավորություններից սկսած՝ մինչև դրանց տեղակայման վայր:

Kinoashkharh.am-ի տարեվերջյան զրուցակիցը Անահիտ Խաչատրյանն է՝ Հայաստանի առաջին և հիմնադրման օրվանից մինչ օրս իր գործունեության ոլորտը չփոխած միակ՝ «Մոսկվա» կինոթատրոնի մենեջերը (Ֆիլմերի ծրագրավորման և միջոցառումների կազմակերպման բաժին):

– Այսօր, երբ կինոթատրոնների պակաս չի զգացվում՝ գոնե Երևանում, ես, որպես շարքային կինոդիտող, հարց եմ տալիս ինքս ինձ՝ ինչպե՞ս պետք է ընտրեմ ֆիլմ դիտելու վայրը: Հիմա նույն հարցը Ձեզ եմ ուզում տալ՝ ինչո՞ւ ընտրել հենց «Մոսկվա» կինոթատրոնը:

– Մենք, կարծում եմ, այն եզակի կնոթատրոնն ենք, որն իր հիմնադրումից առ այսօր չի փոխել իր գործունեության հիմնական ուղղությունը: Շենքը կառուցվել է 1936 թ.-ին և որքան էլ դրանից հետո շենքում այլ կառույցներ են հայտնվել, այն հանրությանը հայտնի է որպես մի վայր, որտեղ ֆիլմեր են ցուցադրվում: Բացի այդ, մեր կինոթատրոնն առանձնանում է նրանով, որ ողջ տարվա ընթացքում կինոոլորտի, և ոչ միայն, ամենանշանակալի միջոցառումները կազմակերպվում են հենց մեզ մոտ: Հետևաբար, «Մոսկվա» կինոթատրոնը հանդիսատեսի համար դարձել է ոչ թե սովորական կինոթատրոն՝ իր հստակ օրվա ֆիլմացանկով, այլ կարևոր մշակութային տարածք, որտեղ տեղի են ունենում գրեթե բոլոր կինոփառատոնները, դրանց  բացման արարողությունները, որտեղ ողջ տարվա ընթացքում կարելի է գտնել տարբեր ազգերի և մշակույթների՝ ֆրանսիական, իտալական, արգենտինական, գերմանական, կորեական, չինական, ճապոնական ֆիլմերի ցուցադրություններ՝ օրիգինալ լեզվով: Այս առումով շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների հետ: Այս բոլոր ցուցադրությունների ժամանակ հանդիսատեսի համար մուտքն ազատ է, ինչը հնարավորություն է ստեղծում անվճար ծանոթանալու այլ ժողովուրդների լեզվին, մշակույթին, կենցաղին:

Բացի այդ, կինոթատրոնի տեղակայման վայրը, երևանյան այս չխաթարված կոլորիտը, ժամադրությունների անփոփոխ վայր լինելու սովորույթը, ամառային տաք երեկոներին  կինոթատրոնի աստիճանների՝ տարբեր, գեղեցիկ երիտասարդների հավաքատեղի դառնալը, ամբողջացնում են այն մթնոլորտը, որ չկա Հայաստանի ոչ մի այլ կինոթատրոնում:

– Խոսեցինք կինոթատրոնների տեղակայման վայրերի տարբերությունից, բացի զուտ մշակութային տարբերությունից, ինչո՞վ են տարբերվում, օրինակ, առևտրի կենտրոններում տեղակայված կինոթատրոնները:

– Առաջին ու ամենամեծ տարբերությունը առևտրի կենտրոններում տեղակայված կինոթատրոնների տեխնիկական առավելությունն է: Դրանց տեխնիկական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քանի որ կենտրոնները մուլտիպլեքս են, ինչը հնարավորություն է տալիս օրվա գրեթե բոլոր ժամերին ցուցադրություններ ունենալ: Բացի այդ, առևտրի կենտրոններում տեղակայված ցանկացած ժամանցի վայր՝ այդ թվում նաև կինոթատրոնները, ընկալվում են որպես ամբողջական կոմպլեքսի մաս. այսինքն՝ կարելի է գնալ մի տեղ, որտեղ կարելի է գնումներ կատարել, սնվել, հետո էլ կինո դիտել:

Մեր պարագայում մարդիկ գալիս են նպատակային՝ կինո դիտելու:  Բացի այդ, ելնելով այն հանգամանքից, որ «Մոսկվա» կինոթատրոնը նաև վայր է, որն ամենաշատն է հյուրընկալում կինոյի հետ կապված միջոցառումները, մենք, հաճախ, ստիպված ենք լինում կրճատել մեր խաղացանկը՝ դահլիճներն այլ միջոցառումների անցկացմանը տրամադրելու համար:

– Վերադառնալով կինոթատրոնների թվի ավելացմանը՝ հատկապես առևտրային կենտրոններում դրանց տեղակայմանը: Ինչպե՞ս դա ազդեց «Մոսկվա» կինոթատրոնի վրա: Մրցակցությունն ավելացա՞վ, թե դուք, այնուամենայնիվ, ունեք Ձեր հանդիսատեսի կայուն շրջանակը:

– Մեր հանդիսատեսի հետ շփման ընթացքում, անընդհատ մի ուրախալի փաստ ենք արձանագրում. մենք, իսկապես, ունենք հանդիսատես, որը շատ հավատարիմ է մեր կինոթատրոնին, և, անկախ այն բանից, թե որերորդ կինոթատրոնը կբացվի Հայաստանում, միևնույն է, ֆիլմ դիտելու համար ընտրում են հենց «Մոսկվա» կինոթատրոնը: Բայց պետք է նաև խոստովանենք, որ որքան շատանում են կինոթատրոնները, այդքան մեծանում է մրցակցությունը: Եթե փորձեք վերլուծել, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվում կինոթատրոններում, ապա կտեսնեք, որ ֆիլմացանկերում գրեթե նույն ֆիլմերն են: Իհարկե, կինոթատրոններն իրենք են մշակում իրենց խաղացանկերը՝ ելնելով մի շարք հանգամանքներից, սակայն, հիմնականում, դրանք կրկնվում են:

– Ես հենց այդ հարցին էի ուզում անդրադառնալ: Ես՝ որպես շարքային կինոդիտող, ֆիլմ ընտրելիս, օրինակ, մի քանի հանգամանք եմ հաշվի առնում՝ ֆիլմը, ցուցադրության ժամի և կինոթատրոնի տեղակայման վայրի հարմարությունը: Ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր կինոթատրոններում ֆիլմացանկը նույնական է՝ բացառությամբ ցուցադրման ժամերի կամ հաճախականության:

– Մենք արդեն շուրջ 20 տարի համագործակցում ենք աշխարհի լավագույն դիստրիբյուտորական ընկերությունների ԱՊՀ մասնաճյուղերի հետ: Նրանցից ստանում ենք տվյալ ամսվա պրեմիերաների ժամանակացույցը և կատարում ենք ընտրությունը՝ արդեն իսկ ունենալով հստակ պատկերացում մեր այցելուների նախընտրությունների կամ համաշխարհային թրենդերի վերաբերյալ, որովհետև սա, նախ և առաջ, բիզնես է: Մենք աշխատում ենք կառուցել մեր ֆիլմացանկն այնպես, որ գեղարվեստական բարձր արժեք ունեցող ֆիլմերը, որոնք, ցավոք, հիմնականում, ամենավաճառվող ֆիլմերը չեն լինում, զուգակցվեն թրենդային, կինովարձույթում մեծ հաջողություններ ունեցող ֆիլմերի հետ, որպեսզի կարողանանք ապահովել այդ բալանսը: Կարծում եմ՝ բոլոր կինոթատրոններն էլ այս չափանիշներով են առաջնորդվում, այդ իսկ պատճառով ֆիլմացանկերը կրկնում են իրար:

– Ընտրության ի՞նչ հստակ չափանիշներ եք առանձնացրել այս տարիների ընթացքում:

– Շատ տարբեր, կարող ենք անգամ տարվա ամիսներով ասել, թե ընտրության ինչ առանձնահատկություններ կան: Օրինակ՝ մենք գիտենք, որ հունվարին շատ են փառատոնային ֆիլմերը, քանի որ առջևում «Օսկարը» և «Ոսկե գլոբուսն» են: Այս ամիսներին մենք չենք սպասում բլոքբաստերների, այլ գեղարվեստական լուրջ արժեք ներկայացնող, բայց, որպես կանոն, կինովարձույթում իրենց չարդարացրած, փառատոնային ֆիլմերի:  Մարտ ամիսը ավանդաբար «Դիսնեյի» հերթական, փայլուն մուլտֆիլմի կամ հեքիաթի պրեմիերայի ամիսն է, ամառվա ամիսները կոմերցիոն, հաջողված մուլտֆիլմերի շրջանն են: Պրեմիերաների ամենահագեցած շրջանն, իհարկե, սեպտեմբերից-դեկտեմբեր ժամանակահատվածն է: Խոսքը ոչ միայն արտասահմանյան ֆիլմերի մասին է, այլև՝ տեղական արտադրության:

Բացի այդ, ընդունված է համարել, որ հինգշաբթին պրեմիերաների օր է: Կինոսերները գիտեն, որ գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի կինոթատրոններում կարող են առաջնախաղ գտնել: Իհարկե, լինում են բացառություններ. օրինակ՝ անցյալ շաբաթ պրեմիերա չունեինք, փոխարենն այս հինգշաբթի միանգամից երեքն ունենք:

– Իսկ տեսականորեն, հնարավո՞ր է ապահովել կինոթատրոնի բնականոն գործունեությունը միայն ֆիլմերի ցուցադրությամբ, առանց կողմնակի «մուտքերի»:

–  Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կինոթատրոնի գոյատևման հիմնական աղբյուրներից մեկը պոպկորնն է: Սա, իհարկե, չափազանցություն է, բայց դրանում ճշմարտություն կա: Կինոթատրոնի ինքնածախսատարությունը չի կարող ապահովվել միայն ֆիլմի տոմսերի վաճառքից: Եվ, ընդհանրապես, կինոթատրոնը պետք է դիտարկել իր ծառայությունների կոմպլեքս պատկերի մեջ: Հատկապես՝ մեծ կինոթատրոնների դեպքում:

– Ինչպե՞ս է որոշվում, թե որ ֆիլմը որքան պետք է մնա կինոթատրոնի ֆիլմացանկում:

– Որպես կանոն, տեղական արտադրության ֆիլմերը բավականին երկար են մնում ֆիլմացանկում, իսկ արտասահմանյան ֆիլմերի դեպքում, միջինում, երկու շաբաթ: Ամեն ինչ կախված է դիստրիբյուտորի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից:

– Իսկ ինչպե՞ս են ձևավորվում այդ հարաբերությունները՝ ֆիլմ արտադրողների կամ դիստրիբյուտորների հետ: Նոր արտասահմանյան ֆիլմի ցուցադրման թույլտվություն ձեռք բերելը թանկ հաճո՞ւյք է:

– Նախ, պետք է խոստովանենք՝ Հայաստանը արտասահմանյան ֆիլմարտադրողների համար ամենափոքր շուկաներից մեկն է: Բացի այդ, հարցը ոչ այդքան թանկ կամ էժան լինելու մեջ է, որքան դիստրիբյուտորի կամ ստուդիայի պահանջներին համապատասխանելու:

Արտասահմանյան ընկերությունները ոչ բոլոր կինոթատրոնների հետ են համաձայնում աշխատել, քանի որ ունեն շատ հստակ և խիստ պայմաններ՝ սկսած դահլիճների տեխնիկական հագեցվածությունից և հնարավորություններից, վերջացրած՝ ֆիլմի պոստերի տառատեսակով և դիզայնով: Այս կինոստանդարտներին չհամապատասխանելու դեպքում՝ ուղղակի անհնար է ցուցադրման իրավունք ստանալը: Մեզ համար սա մեր բազմամյա աշխատանքի մի մասն է, մենք արդեն կոփվել ենք, սակայն նորաստեղծ կինոթատրոնների համար համագործակցություն սկսելը բավականին բարդ է: Որպես լավ լուր պետք է նշեմ, որ Գյումրիում գործող մեր մասնաճյուղի՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի տեխնիկական վերազինումից հետո, վերջապես, հնարավորություն ստացանք արտասահմանյան ֆիլմեր ցուցադրել նաև այնտեղ:

– Մարզում այլ կինոթատրոններ կա՞ն:

– Ցավոք, շատ քիչ թվով: Կինոթատրոն կա Կապան քաղաքում, որը մեզ հետ կապ չունի, Քաջարանում կա մեկը, կինոսրահ կա Վանաձորում՝ փոքրիկ ցուցադրությունների համար, և Գյումրիում՝ մեր մասնաճյուղը:

– Մենք խոսեցինք նաև տեղական արտադրության ֆիլմերի մասին: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այս ֆիլմերի ցուցադրությունները առանձնապես շահույթ չեն ապահովում կինոթատրոնների համար:

– Բարեբախտաբար, սխալվում եք: Նախ, քանակական վերլուծություն անելիս՝ կտեսնենք, որ տարեկան միջինում 150-160 վարձույթային արտասահմանյան ֆիլմերի կողքին մենք ունենում ենք շուրջ 15 տեղական արտադրության ֆիլմ, սակայն դրանցից մի քանիսն այնպիսի հաջողություն են ունենում վարձույթում, որ կարող են գերազանցել միանգամից 50 արտասահմանյան ֆիլմերի ցուցանիշներ՝ իրար գումարած: Խոսքը, մասնավորապես, հայկական արտադրության կատակերգությունների և դրամաների մասին է: Դրա պատճառները շատ տարբեր են. նախ չկա լեզվական խնդիր, հետո՝ դրանք, որպես կանոն, նախատեսված են ընտանեկան դիտման համար, ինչը շատ կարևոր է հայ հանդիսատեսի համար:

Բացի այդ՝ շատերին հետաքրքրում է, թե ինչ են ստեղծում ժամանակակից հայ ստեղծագործողները: Պետք է հաշվի առնել նաև, որ համաշխարհային վարձույթի միտումները կիրառելի են նաև մեզանում, և պատահական չէ, որ հայկական արտադրության կատակերգությունները նման հաջողություն են ունենում վարձույթում, որովհետև այդպես է ողջ աշխարհում. կատակերգության ժանրը ամենադիտելիներից է: Ի դեպ, իմ հիշողության մեջ շատ վառ է մի դեպք. Ես նոր էի ընդունվել այստեղ աշխատելու, երբ կինովարձույթում հայտնվեց «Սուպեր մաման»: Շատ լավ հիշում եմ, որ տոմսերի համար հերթերը հասնում էին մինչև մուտք: Ուրիշ նման դեպք ես այսքան տարիների ընթացքում չեմ տեսել՝ ո՛չ տեղական ֆիլմերի դեպքում, ո՛չ արտասահմանյան:

Կան նաև ազգային առանձնահատկություններ. շատ պահանջված են նաև Ցեղասպանության և Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմերը, քանի որ դրանք զգայուն թեմաներ են մեզ համար:

Բացի այդ, երբ վարձույթում հայտնվում է տեղական արտադրության ֆիլմ, մենք դրա համար առանձնացնում ենք ցուցադրության լավագույն ժամերը:

– Ասացիք, որ նաև ավելի երկար եք պահում ֆիլմացանկում:

– Այո, որովհետև արտասահմանյան ֆիլմերը շատ ավելի արագ են հայտնվում առցանց հարթակներում, իսկ տեղական արտադրության ֆիլմերի դեպքում, իհարկե, երկար և բարդ պայքարից հետո, հաջողվում է ավելի երկար թույլ չտալ դրանց տեղադրումը տարբեր կայքերում:

– Իսկ ինչպե՞ս եք պայքարում դրա դեմ: Համոզված եմ, որ դա գրեթե անհնար բան է:

-Այո, գործնականում՝ անհնար է: Ինչ վերաբերում է արտասահմանյան ֆիլմերին, ապա կարգն այնպիսին է, որ կինոթատրոններում ցուցադրվելուց միայն երկու ամիս անց ֆիլմը կարող է հայտնվել առցանց հարթակներում: Խոսքն, իհարկե, օրինական դաշտի մասին է: Անօրինական ճանապարհով դրանք հայտնվում են առցանց շատ ավելի շուտ: Այս իմաստով մեր կինոթատրոնից երբևիցե արտահոսք լինել չի կարող, որովհետև մենք և, ընդհանրապես, բոլոր կինոթատրոնները, ֆիլմերը ստանում ենք կոդավորված, այսինքն՝ արտահոսքի դեպքում շատ հեշտ է հասկանալ, թե որ կինոթատրոնից է եղել այն: Այդ պարագայում կինոթատրոնը շատ զգալի տույժ-տուգանքների է ենթարկվում: Կինոթատրոնից արտահոսքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հանդիսատեսից մեկը, օրինակ, հեռախոսով նկարահանի էկրանը՝ ցուցադրության ժամանակ: Իհարկե, մեր հսկիչները շատ աչալուրջ են, բայց, միևնույնն է, դա բացառելը անհնար է:

– Ինչպե՞ս եք կարգավորում ֆիլմերի տարիքային սահմանափակման հարցը:

– Չնայած, որ ֆիլմերն արդեն իսկ ստանում ենք տարիքային սահմանափակման մասին նշումով, մենք ինքներս, որպես կանոն, դիտում ենք դրանք՝ ֆիլմացանկում զետեղելուց առաջ: Դա անում ենք, որովհետև հանդիաստեսը, որի համար նախատեսված է եղել ֆիլմը, հաճախ տարբերվում է մեր հասարակությունից: Հաճախ ենք խնդրում մեր աշխատակցներին այս կամ այն ֆիլմի համար տոմս չվաճառել, օրինակ, մինչև 12 տարեկան երեխաներին, որովհետև բառապաշարը, որով խոսում են ֆիլմում, կամ որոշ տեսարաններ, մեր կարծիքով հարմար չեն այդ տարիքի երեխաների համար, մինչդեռ նման սահմանափակում արտադրողները չեն նախատեսել: Օրինակ կարող եմ բերել հենց «Ջոկեր» ֆիլմի վրա: Մեր կարծիքով՝ այն շատ ծանր է անգամ չափահասների համար, քանի որ լուրջ հոգեբանական խնդիրների է անդրադառնում, կան բռնության տեսարաններ: Մենք տոմս վաճառում էինք միայն այն երեխաներին, ովքեր այցելում էին ծնողների հետ:

– Իսկ եղե՞լ են ֆիլմեր, որոնց ցուցադրումից հրաժարվել եք:

– Հրաժարվել չի եղել, բայց լինում են ֆիլմեր, որոնց դեպքում ցուցադրման լիցենզիոն ժամկետը, օրինակ, երկու շաբաթն է մեր կինոթատրոնում, սակայն ընթացքում հասկանում ենք, որ ֆիլմը պահանջարկ չունի, և բանակցում ենք դիստրիբյուտորի հետ՝ ժամանակահատվածի կրճատման վերաբերյալ: Զարմանալի բան կասեմ, բայց դրանք, հիմնականում, «Օսկարի» կամ «Ոսկե գլոբուսի» հավակնորդ ֆիլմերն են լինում: Օրինակ «Կանաչ գիրքը», որն անցյալ տարի օսկարակիր դարձավ, եղել է մեր ֆիլմացանկում, սակայն դրա ունեցած հաջողությունը համեմատական էր շարքային ֆիլմի հետ: Ցավոք, մեզանում փառատոնային կինոն դեռևս պահանջարկ չունի:

– Զրույցի սկզբում խոսեցինք տեխնիկական պահանջների մասին: Ուզում էի հարցնել՝ որքանով է «Մոսկվա» կինոթատրոնը մատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

– Եթե խոսքը հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց մասին է, ապա ուրախությամբ պետք է նշեմ, որ ամբողջությամբ մատչելի է, ունենք թեքահարթակներ և վերելակ: Մեր և ոչ միայն մեր հիմնական խնդիրը լսողության խնդիրներ ունեցող անձանց համար լուսագրերի բացակայությունն է, որը, ցավոք, բավականին մեծ ֆինանսական ներդրումների հարց է: Խնդիրը մասնակիորեն լուծվում է փառատոնների ժամանակ, քանի որ ցուցադրվող բոլոր ֆիլմերն ունենում են հայերեն լուսագրեր: Մյուս տարվա մեր ծրագրերում նախագիծ ունենք. կփորձենք շաբաթվա ֆիլմացանկից ընտրել գոնե մեկ ֆիլմ և ցուցադրել այն հայերեն լուսագրերով՝ կինոդիտումը մատչելի դարձնելով նաև լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Դա երազանքի նման բան է, բայց ոչ անհնար:

– Երբ զրուցում էինք Ձեր կինոթատրոնի առանձնահատկությունների մասին, ակամայից մտածում էի հին տեխնիկայի մասին: Եթե գաղտնիք չէ, պահպանել եք դրանք:

– Ոչ միայն պահպանել ենք. մենք այն եզակի կինոթատրոնն ենք, որտեղ դեռ կարելի է ժապավենով ֆիլմեր դիտել: Վերջին անգամ ցուցադրել ենք Փելեշյանի ֆիլմերը: Դա շատ հետաքրքիր թիմային աշխատանք է, որի մեջ, իրոք, հրաշք կա: Մի ողջ արարողություն: Այսօր մարդիկ հպարտանում են նորարարությամբ, մենք՝ նրանով, որ պահպանել ենք հինը: Ցավոք, տեխնիկայի պահեստամասերը, մասնավորապես լամպերը, արդեն չեն արտադրվում, և, եթե, Աստված մի արասցե, մեր ունեցած լամպերը փչանան, մենք այլևս չենք կարողանա ժապավենով ֆիլմեր դիտել:

– Իսկ ի՞նչ անակնկալներ ունեք տոնական օրերի համար:

«Մոսկվա» կինոթատրոնը տարեկան մեկ հանգստյան օր ունի՝ հունվարի 1-ին: Մյուս բոլոր օրերին մենք աշխատելու ենք. իսկ դեկտեմբերի 27-ից մեզ մոտ սկսվում են «հայրիկների օրերը», երբ հայրիկները զբաղվում են երեխաների ժամանցի կազմակերպմամբ, որպեսզի չխանգարեն մայրիկներին: Տոնական օրերին մեզ մոտ շատ ջերմ է լինում, քանի որ այդ շրջանում մարդիկ ջանում են լրացնել այն բացը, որ աշխատանքի, զբաղվածության պատճառով, ունեցել են ընտանիքի հետ շփումներում: Այդ օրերին մեզ մոտ ընտանեկան կինոդիտումների օրեր են, իսկ ֆիլմացանկում, հիմնականում, մուլտֆիլմերն են: 

Հարցազրույցը՝ Սոնա Մարտիրոսյանի