Կենտրոնական Լանքշիրի (Մեծ Բրիտանիա) համալսարանի պրոֆեսոր, լեհ կինոգետ Եվա Մազիրսկան, որ 20 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է, իր «Եվրոպական կինոն և միջտեքստայնությունը. Պատմություն, հիշողություն և քաղաքականություն» (European Cinema and Intertextuality. History, Memory and Politics, 2011) աշխատության առաջաբանը վերնագրել է` «Արդյո՞ք անցյալը օտար երկիր է»:

Օգտվելով Մարիաննա Հիրշի կողմից Հոլոքոստի առնչությամբ սահմանված և շրջանառության մեջ դրված հետհիշողություն (postmemory) հասկացությունից (Marianne Hirsch, Family Frames:  Photography Narrative and Postmemory, Cambridge, MA: Harvard University Press, 1997),  որն էապես տարբեր է զուտ հիշողությունից, կինոգետն Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի վերլուծության մեջ առաջ է քաշում հետնորդ-տարագիրներ (post-emigrants) հասկացությունը: Նա այդպես է անվանում ցեղասպանությունը վերապրած տարագիրներին հաջորդած սերունդը` «հետհիշողության սերունդը», այսինքն` նրանց հետնորդներին, ովքեր` նույն Հիրշի խոսքերով ասած` մեծացել են այն պատմությունների ազդեցության տակ, որոնք նախորդել են իրենց ծննդյանը…

Ելնելով Մարիաննա Հիրշի դիտարկումից, Մազիրսկան գրում է, որ հետհիշողությունը պարզապես հիշողություն չի նշանակում, այդ բառի ուղղակի իմաստով. հետհիշողությունը ենթադրում է փորձառության փոխանցման հնարավորություն հաջորդ սերնդին: Իր գրքի առաջին գլխում, որ վերնագրված է` «Անցյալի բեռը և ներկայի թեթևությունը. Ֆիլմի միջոցով շփում պատմական տրավմայի հետ» (The Burden of the past and the Lightness of the Present: Dealing with Historic Trauma through Film), Մազիրսկան դիտարկում է երեք ֆիլմ` Ժան-Լյուկ Գոդարի «Փառաբանելով սերը» (2001), Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը (2003) և Վոյցեք Մարչևսկու «Ուեյզեր»-ը (2000):

Հետնորդ-տարագիրների հետհիշողությունը «Արարատ» ֆիլմում

Հատված Եվա Մազիրսկայի «Եվրոպական կինոն և միջտեքստայնությունը. Պատմություն, հիշողություն և քաղաքականություն» վերլուծությունից։

«Արարատ»-ում, ինչպես և «Փառաբանելով սերը» ֆիլմում, անցյալը հետապնդում է պատումի մեջ ընդգրկված բոլոր հերոսներին: Դա նրանց ազգի և նրանց նախնիների անցյալն է: Մարիաննա Հիրշի խոսքերով ասած` այդ հերոսները մեծացել են այն պատմությունների ազդեցության տակ, որոնք նախորդել են իրենց ծննդյանը: Նրանց մեծ մասը 1915-ին թուրքերի կողմից իրագործված ցեղասպանության զոհերի կամ վերապրածների ժառանգները, հետնորդներն են: Նրանք ապրում են Կանադայում, ինչն ինքնին այդ ողբերգության հետևանք է:

Ականավոր կանադահայ ռեժիսոր Էդվարդ Սարոյանը (հորինված կերպար), ում մայրը վերապրածներից է, ֆիլմ է նկարում 1915-ի իրադարձությունների մասին, մեկ ուրիշ կերպար` Անին, հայկական ծագումով արվեստի պատմաբան է, տարագրության մեջ ինքնասպանություն գործած հայտնի հայ նկարիչ և Փոլլոքի ժամանակակից Արշիլ Գորկուն նվիրված մենագրության հեղինակը: Նա հանրության առաջ դասախոսություններ է կարդում` փորձելով վերծանել Գորկու կյանքն ու արվեստը պարուրող առասպելները:

Սարոյանի և նրա պրոդյուսերի խնդրանքով Անին դառնում է Սարոյանի ֆիլմի խորհրդական: Րաֆֆին` Անիի որդին առաջին ամուսնությունից, ներկայացնում է հայկական անցյալով իր համակությունը` ուղևորվելով դեպի այն վայրերը, ուր տեղի է ունեցել ցեղասպանությունը և տեսաֆիլմ նկարելով այնտեղ: Վերջինիս համար այդ ֆիլմը ցեղասպանությանը մերձենալու ճանապարհ է, նույնը իր հոր համար եղել է թուրք դիվանագետին սպանելու փորձը, ինչը բերել է նրա սեփական մահվան: Րաֆֆին հավատում է, որ իր հայրը դա արել է, որպեսզի վրեժ լուծի 70 կամ ավելի տարիներ առաջ թուրքերի գործածի համար:

Վերջապես, Րաֆֆու խորթ քույրը` Սելիան, ում հայրն Անիի երկրորդ ամուսինն է եղել և, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել, հավատում է, որ նրա մահը կապված է թե՛ Գորկու և թե՛ Րաֆֆիի հոր մահվան հետ: Ինքնասպան լինելով` նա փորձ է արել իրեն վերագրել  այդ երկու խիզախ և քաղաքականապես հասուն տղամարդկանց մահերը, նրանց, ումով այդչափ կլանված է եղել Անին, այդ կերպ ապացուցելով Անիին, որ ինքն արժանի էր նրա սիրուն և կապվածությանը:

Ինքնասպանությունների այդ բռնկումը կապում, միավորում է «Արարատ» և «Փառաբանելով սերը» ֆիլմերը: Հավասարապես, երկու ֆիլմում էլ ինքնասպանությունները հերոսների ռեակցիան են այն բանին, որ պատահել է նրանց նախնիների հետ: Հետևաբար, նորից հարց է ծագում` ինչու է հետհիշողությունն ավելի կարևոր այդ մարդկանց համար, քան իրենց ներկան և ինչու են նրանք ներկան ընկալում իբրև սոսկ անցյալի արտացոլանք: Պատճառներից մեկը, որ Էգոյանն առաջարկում է, անցյալի ահռելի բեռն է. անարդարության զգացումը և ցավը, որ ցեղասպանության զոհերի և վերապրածների սերունդը փոխանցել է իր հետնորդներին, ինչը նրանք արդեն փոխանցել են իրենց երեխաներին, թոռներին, առավել ընդարձակ` սփյուռքի հայկական համայնքին:

Այն փաստը, որ Թուրքիան երբեք չի հատուցել հայ զոհերին ու նրանց ընտանիքներին կորսված կյանքերի կամ ունեցվածքի, ինչպես նաև` երկրի ու պատմության կորստյան համար, և երբեք նույնիսկ չի ճանաչել գործած ցեղասպանությունը, ավելանում է նրանց տրավմային: Կանադահայերի համար 1915-ի իրադարձությունները բանալի են դեպի իրենց ինքնությունը. եթե դրանք պատահած չլինեին, նրանք Կանադայում չէին լինի այսօր: Այս պարագայում արդեն էական չէ, որ սփյուռքի համայնքները իրենց բնօրրանում մնացածներից ավելի հակված են կողմնորոշված լինել դեպի անցյալ` նրանք պահպանում են իրենց տան բանալին, փոխաբերական և երբեմն` բառացի, մեծամասամբ` խիստ եռանդուն:

Պատմության որոնումը որպես բանալի առ ներկան նույնպես արտացոլում է այն փաստը, որ ժամանակակից կյանքն Արևմուտքում, մասնավորապես, Կանադայում, ինչպես որ Էգոյանն է ներկայացնում, թվում է դրամայից զուրկ և, այդ իսկ պատճառով, զուրկ որևէ խոր իմաստից, ինչն արդյունք է կանադացիների կյանքի անցողիկ բնույթի: Դրա համոզիչ, հզոր խորհրդանիշն օդանավակայանն է, ուր նկարահանված է ֆիլմի զգալի մասը: Դատարկության զգացումը նույնպես օժանդակ արդյունք է Կանադայի քաղաքացիների հարաբերական նյութական հարմարավետության, իսկ այն փաստը, որ պետությունը և տարբեր հաստատությունները հոգում են նրանց կարիքների մեծ մասը, այս տեսանկյունից, սահմանափակում են նրանց գործելու պահանջը: Ուստի, Էգոյանի կերպարներն այս և նրա ավելի վաղ ֆիլմերում իրենք պետք է ստեղծեն դրամա, ինչպես որ վարվում է, օրինակ` երիտասարդ կինը «Ապահովագրական գործակալը» ֆիլմում (1991), հրդեհելով իր տունը, քանի որ «ինչ-որ բան պիտի պատահեր»:

Այլընտրանքորեն, նրանք փորձում են առավել հողեղեն կամ սովորական երևույթներում, իրադարձություններում անցյալի որոշ դրամատիկ դեպքերի տարբերակներ տեսնել: Անին` սովորականը դրամատիկ դարձնելու այդ սցենարն է վերագրում Սելիային, հոր հիշատակի առնչությամբ, երբ ասում է Րաֆֆիին. «Նա ուզում է, որ իր հոր մահն առավել նշանակալի լինի»: Անշուշտ, տարագիրների առաջին ալիքը կարիք չէր զգում դրամա և նշանակություն ավելացնելու իրենց կյանքին. այն բավական դրամատիկ էր:  Էմմա Ուիլսոնն «Արարատ»-ի իր վերլուծության մեջ տեղին է հիշատակում Սվետլանա Բոյմին. «Գաղթականների առաջին ալիքը հաճախ բացահայտ ոչ սենտիմենտալ է` արմատների որոնումը վերապահելով վիզայի խնդիրների բեռից թեթևացած իրենց երեխաներին ու թոռներին»: Այս տեսանկյունից, Հայաստանից վտարվածների երեխաները կարող են համեմատվել Հոլոքոստը վերապրածների հետնորդների հետ «Փառաբանելով սերը» կինոնկարում:

Նրբորեն նշելով  կանադացիների հարգալից վերաբերմունքը տարագիրների ու նրանց հետնորդների ազգային ավանդույթների հանդեպ` Էգոյանը նաև ցույց է տալիս, որ իրենք` կանադացիները, ում նախնիները եկել են Կանադա այնքան վաղուց, որ վերջիններս հիմա իրենց զգում են բնիկ կանադացիներ, ապրում են համարյա մշակութային դատարկության մեջ` կրոնի կամ ավանդույթի որևիցե այլ ձևի մեջ խարսխի պակաս ունենալով: «Արարատ»ում այդ դատարկությունը թաղանթապատված է Դեվիդի` մաքսատան սպայի և նրա արվամոլ որդու` Ֆիլիպի կերպարների միջոցով: Ի տարբերություն հայ վտարանդիների և նրանց հետնորդների, անգլոսաքս ծագումով այս մարդիկ չեն փայփայում ոչ մի ավանդույթ` լինի ազգային կամ` անձնական: Հայրը քրիստոնյա է, սակայն մենք զգում ենք, որ քրիստոնեությունը նրա համար ավելի շատ սովորույթի նշանակություն ունի, քան խոր հավատի: Ավելին, Դեվիդի կրոնական զգացմունքները միայն բախում են առաջացնում նրա և որդու միջև: Ավանդույթի և պատմության մասնաբաժնի բացակայությունն այն գործոնն է, որ բացատրում է, թե ինչու են այս երկուսը խոր հետաքրքրություն ցուցաբերում ուրիշ ժողովուրդների պատմության հանդեպ: Դեվիդի համար իր աշխատանքի գլխավոր հաճույքը այն մարդկանց կյանքի իմացությունն է, ում ինքը կասկածում է թմրադեղերի մաքսանենգության մեջ: Նա ուզում է ճանաչել, ուսումնասիրել նրանց միտքը ու միշտ վերջիններիս լսելու ժամանակ ունի: Ֆիլիպը, որ հսկիչ է Ազգային պատկերասրահում, մեծ հետաքրքրությամբ է լսում թանգարանի գիդերին, որոնք երիտասարդ այցելուներին տեղեկացնում են ցուցադրվող նկարների ստեղծման պատմական հիմքի մասին: Մենք գուշակում ենք, որ այս մարդկանց համար ուրիշների բարդակուտակ, դրամատիկ պատմությունները հանդես են գալիս իբրև ընտանիքը, ազգային պատմությունն ու առասպելները փոխարինող, այսինքն` մի բան, որ իրենք չունեն: Ինչևէ, ի տարբերություն հայերի, որ փորձում են յուրացնել իրենց նախահայրերի պատմությունները և վերապրել դրանք, այս մարդիկ պասիվ կերպով լսում են միայն: Փոխաբերական լեզվով ասած` նրանք անգամ չունեն սեփական հիշողություն կամ հետհիշողություն, այլ` միայն ուրիշների հիշողություն: Այս իմաստով, նրանք շատ նման են ամերիկացիներին, ինչը քննարկվում է «Փառաբանելով սերը» ֆիլմում:

Հայոց պատմության հիշատակման նախընտրելի եղանակը «Արարատ»-ի մեջ 1915թ. ցեղասպանության մասին ֆիլմ անելն է: Էգոյանի կինոպառումի մեջ Սարոյանի ֆիլմի կարևորությունը շեշտվում է այդ երկու ֆիլմերի վերնագրերի նույնությամբ: Ֆիլմից դուրս Էգոյանը նշել է, որ հարգանքով է վերաբերվում այդ տեսակ կինոյին, ինչը դրսևոորում է Սարոյանի ֆիլմի պրեմիերային հանդիսատեսի ընդունելության միջոցով, սակայն նա ինքն այդօրինակ ֆիլմ նկարել չէր ուզի: Դրվագներից ելնելով` տեսնում ենք, որ Սարոյանի ֆիլմը պայմանական է, էպիկական, հնաոճ պատմական` տասնամյակներ առաջ Հոլիվուդի արտադրած ձևի մեջ, որ այսօր կիրառվում է տարեց որոշ ռեժիսորների կողմից, ինչպես վարվել է Անջեյ Վայդան իր` «Օսկարի» ներկայացված «Կատին» (2007) ֆիլմում […]

Սարոյանի ֆիլմը քննադատվում է նաև ֆիլմի ներսում` փաստերը կեղծելու համար: Համաձայն Անիի, Վանը Արարատ լեռան մոտակայքում չէ և չի կարող երևալ այնտեղից: Սարոյանը փաստարկում է, որ Արարատն ընդգրկված է ֆիլմի մեջ, որովհետև այն հայ ազգի խորհրդանիշն է և վկայում է, թե ինչ է կորսվել ցեղասպանության հետևանքով:

Արարատը հայերի համար այն է, ինչ հրեաների համար Աուշվիցն է (նույնն է` Օսվենցիմ, Ս.Գ.)` հայկական կորուսյալ դրախտի խորհրդանիշը և այն կորցնելու դաժանությունը:

Այս փաստարկի համաձայն, Արարատի` իբրև աշխարհագրական տեղանքի և նրա պատմության ճշգրտումը զուգորդվում է իրական Աուշվիցի համալիր բարդության հետ, ինչը երբեմն պիտի զոհաբերվի` ուղի հարթելով առասպելական, «մոնոլիտիկ» Արարատի ներկայացման համար: Ենթադրվում է, որ առասպելական Արարատի դրամատիկ էֆեկտը շատ ավելի ուժեղ է, քան ցանկացած այլ իրական տեղանքի: Արարատի հավելումը Սարոյանի ֆիլմում կոչված է ցույց տալու, որ թուրքերը շատ խորն են խոցել հայերի սիրտը, և այդ կերպ ընդգծում է նրանց արարքի արատավորությունը: […]

Թարգմանությունը` Սիրանույշ Գալստյանի