Աղվերանում՝ դեկտեմբերի 1-ին, ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարության քննարկմանն ու մշակմանը։

Աշխատաժողովի նպատակ ուներ  ձևավորել երկխոսություն՝  կինոգործիչների, կառավարության և օրենսդիր մարմնի, ինչպես նաև պետական կազմակերպությունների և կինոյի ոլորտի հետ այս կամ այն կերպ առնչվող գերատեսչությունների միջև։

Աշխատաժողովին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ԱԺ պատգամավոր Աննա Կոստանայանը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, ՀՀ Ազգային Կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Հայաստանի Կինոմիության Նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը, ինչպես նաև կինոարտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, կինոգործիչներ, միջազգային և տեղական փորձագետներ և միջոլորտային ներկայացուցիչներ՝ տուրիզմի, ֆինանսների և ՏՏ ոլորտներից:

Աշխատաժողովի ընթացքում՝ կլոր սեղանի շուրջ, վեր հանվեցին Հայաստանում կինոյի զարգացմանը խոչընդոտող հստակ սահմանված մի շարք խնդիրներ, որոնց առաջարկվեցին լուծման գործող մոդելներ միջազգային փորձագետների և մասնագետների կողմից, իսկ հաջորդած աշխատարանի խմբերը տեղում մշակեցին կիրառելի ճանապարհային քարտեզ։ Արդյունքում նաև ձևավորվեց նոր համագործակցային լեզու ոլորտի ներկայացուցիչների և պետական մարմինների միջև։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի համոզմամբ․ «Նման համաժողովները շատ բարենպաստ են, քանի որ կարևոր է խնդիրների բարձրաձայնումը երկխոսության հարթակի ձևաչափով՝ խնդիրների հանգուցալուծում գտնելու համար»։

Աշխատաժողովի առաջին նիստը նվիրված էր միջազգային համատեղ արտադրությանն  ուղղված  ռազմավարությանը՝   որպես  կինոարտադրության  զարգացման  կենսական  գործոն, ինչպես նաև իրավա-ֆինանսական կարգավորումներին, պետական աջակցության մոդելներին և արտադրող – պետություն հարաբերություններին, որը համակարգեց կինոգործիչ, դերասան, գրող և ԻՖԿԱ-ի համահիմնադիր Արմինե Անդան։

Աշխատաժողովի առաջին նիստի ընթացքում կապ հաստատվեց Վրաստանի կինոյի ոլորտում կարևոր բարեփոխումների հեղինակ, Վրաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն, պրոդյուսեր և կինոիրավաբան Թամարա Թաթիշվիլիի հետ։ Որպես խոսնակ հանդես եկան ԵվրասիաԴոկ ծրագրի համակարգող, պրոդյուսեր Ֆրեդերիկ Վոլեուն և ֆինանսական իրավաբան, Էֆ Էմ Էս Քոնսալթինգ կազմակերպության տնօրեն և ԻՖԿԱ-ի գործընկեր Կարեն Ֆիդանյանը։

ԻՖԿԱ համահիմնադիր և աշխատաժողովի ընդհանուր համակարգող Սաթիկ Ստեփանյանի հրավերով ուղիղ տեսակապ հաստատվեց Իրանի՝ Ֆարաբի կինոհիﬓադրամի նախագահ՝ Ալիռեզահ Թաբեշհի և կինոհիﬓադրամի խորհրդատու, Մանոչեին Շահսավարի հետ։

Երկրորդ նիստը նվիրված էր կինոյի որակական կառավարման չափանիշներին, պետական աջակցության կառույցի հոգաբարձուների խորհրդի և հանձնախմբերի ստեղծման չափանիշներին, որը համակարգեց Ստեղծագործ Եվրոպայի Հայաստանյան գրասենյակի ղեկավար, ԻՖԿԱ-ի համահիմնադիր, ռեժիսոր Սեդա Գրիգորյանը։ Նիստի ընթացքում նաև կապ հաստատվեց Կոսովոյի ազգային կինոկենտրոնի տնօրեն Արբեն Ժարկուի հետ։ Կրթության ոլորտում չափանիշների հաստատման սեփական փորձով կիսվեց Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքս Մարտիրոսյանը։

Երրորդ՝ վերջին նիստը, անդրադարձավ պետական և մասնավոր ներդրումներ կինոոլորտ բերելու մոդելներին և խթանիչներին, ինչպես նաև կինոյի պետական աջակցման բյուջեի մեծացման անհրաժեշտությանը և նախապայմաններին։ ԻՖԿԱ-ի համահիմնադիր, ռեժիսոր, պրոդյուսեր Վիկտորյա Ալեքսանյանը, որը համակարգեց նիստը, նշեց բազմաթիվ ներդրումային աղբյուրների և նոր ֆոնդերի ստեղծման կարևորությունը կինոյի զարգամանն ընդառաջ։ Նիստին որպես խոսնակ մասնակցեցին Սմարթգեյթ վենչուրային հիմնադրամի համահիմնադիր գործընկեր Համբարձում Կաղկեցյանը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը, և Ակադեմի Ֆիլմզ կազմակերպության տնօրեն Արամ Թորոսյանը։

Նիստերին հաջորդեց աշխատարանների փուլը։ Աշխատաժողովի արդյունքները զեկույցի տեսքով կտրամադրվեն ԿԳՄՍ նախարարությանը՝ ոլորտի բարեփոխումների հետագա աշխատանքների համար։


Ուես Անդերսոնը հավաքել է բոլոր աստղերին

Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնն աստղային կազմ Է հավաքել իր տասներորդ՝ «Ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում Է Independent-ը: Բացի...

|21 Հունվար 2020,12:25