Շատ է պատահել, որ մեզ հիացրած ֆիլմի վերջում կարդացել ենք՝ ստեղծված է հայտնի գրողի գրքի հիման վրա: Անկախությունից հետո, գուցեև դրանից էլ առաջ, տասնամյակներ շարունակ կինոմասնագետները շեշտել կամ դժգոհել են, որ ժամանակակից հայ կինոն ու գրականությունը միմյանց  հետ կապ չունեն: Այդ հանդիպումը կայացավ  օրերս, դեկ­տեմ­բե­րի 13-15-ը անցկացված՝ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ՝  Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի կազմակերպած   «Կի­նոար­տադ­րող­նե­րի հա­մա­հայ­կա­կան ֆո­րու­մի» ժամանակ:  Ֆորումի վերջին օրը ներկայացվեց   «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագիրը, որի նպատակն ար­տադ­րող­նե­րի և ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի միջև հաղորդակցություն ստեղծելն էր:

Մինչ այդ հայտարարվել էր գրական ստեղծագործությունների մրցույթ, և ներկայացված երկու տասնյակ գործերից մաս­նա­գի­տա­կան ան­կախ հանձ­նա­խում­բը  (Անետա Երզնկյան, Միքայել Դովլաթյան,Նունե Հախվերդյան, Կարեն Ավետիսյան, Արմեն Սարգսյան) ընտ­րե­լ էր այն գործե­րը, ո­րոնք  էկ­րա­նա­վոր­ման հե­ռան­կար կունենան:

Վեց հեղինակի ութը գործն էլ դեկտեմբերի 15-ին ներկայացվեց հայազգի և օտար կինոարտադրողների դատին: Այսպիսի կազմակերպված  հա­ղոր­դակ­ցու­թյուն մինչ օրս չէր եղել, և շա­տե­րը տե­ղյակ էլ չեն, թե  ժա­մա­նա­կա­կից ինչ գրա­կան գոր­ծեր ու­նենք:

Հետահայաց ու մի քիչ էլ հանրածանոթ ու շաբլոն օրինակներով, առաջին գեղարվեստական- խաղարկային  համր կինոնկարը՝  «Նամուսը»,  ստեղծվել էր  կենդանի դասական Շիրվանզադեի վեպի հիման վրա: Տասը տարի անց առաջին հնչուն ֆիլմը ՝  «Պեպոն», նույնպես գրական հիմք ուներ: Մեզ ավելի մոտ ժամանակների օրինակներ կան: Մալյան, Դովլաթյան ռեժիսորները հիմնականում համագործակցել են իրենց ժամանակակից գրողների հետ՝ Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան, Ռուբեն Հովսեփյան, Վարդգես Պետրոսյան: Անկախությունից հետո այդօրինակ  ստացված համագործակցություն չի մտաբերվում :  Ընդ որում, անկախությունից հետո եղել են դեպքեր, երբ  հայ գրողը սցենարի համահեղինակ է եղել, սակայն առաջ է մղել ռեժիսորի  կամ պրոդյուսերի գաղափարը: Ասվածի  վառ վկայությունը  նույն  օրը  ներկայացված կինոնախագծերին էին, որոնց սցենարիստն ու ռեժիսորը նույն մարդն էր: Միայն մեկ կինոնախագծի՝  «Զուլալիի» հիմքում Նարինե Աբգարյանի համանուն պատմվածքն էր:

Քննարկում

Եվ ահա, մեծ խզումից տասնամյակներ հետո կազմակերպված աննախադեպ քննարկման սկզբում Մելիք Կարապետյանն ասաց, թե մրցույթին ներկայացվել են բացառապես հրատարակված գործեր, որպեսզի հեղինակային իրավունքի խախտում չունենանք, ստեղծագործությունները պաշտպանված լինեն:  Կազմակերպիչն ասաց, որ հայ գրողները հինգ րոպեում ներկայացնելու են իրենց գործերը, երեք րոպեում՝ պատասխանելու ժյուրիին հետաքրքրող հարցերին:

Ժյուրիի կազմում  հայ, հայազգի և արտերկրի կինոարտադրող- պրոդյուսերներ էին՝ Վիվիեն Ասլանյան, Կորյուն Ափրիկյան, Մարկ Բորդյուր, Ալեն Գրանժերար,Ռուբեն Ղազարյան, Նորիկ Քեշիշյա և Ռոբեր Քեշիշյան:

Առաջինը Արծվի Բախչինյանը ներկայացրեց  «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին » վեպը: Գլխավոր հերոսի նախատիպը հայ նկարիչ է,  գործողությունները կատարվում են Հայաստանում և բազմաթիվ երկրներում, անցյալ դարի 70-ականներից մինչև մեր օրերը ժամանակահատվածում: Հերոսը դեգերում  է տարբեր մշակույթների մեջ, և ամեն անգամ գալիս Հայաստան:

Ժյուրիի հարցին, թե ինչ ազդեցություն է ձեզ մղել գրելու այդ գործը, հեղինակը պատասխանեց, որ ողջ կյանքում ինքն էլ է ապրել տարբեր երկրներում, ծանոթ է եղել նաև նկարչի հետ: Իր պատկերացմամբ, կոմեդիա է, նաև դրամա, ներկայացվելու են հերոսի հուշերը, շատ երկրներ գնալու հարկ չկա, ինտերիերային միջավայրը բավարար է:

Ժյուրին հետաքրքրվեց նաև, արդյոք հերոսի խնդիրը միայն հայերինն է, թե բոլոր էմիգրանտներինը: Հեղինակի կարծիքով՝ գլոբալ:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի  «Հրեշտակ ց՚պահանջ »  պիեսը նախկինում բեմադրված է եղել, և ընտանեկան պատմություն է նոր ժամանակների մասին, երբ խաթարվել են  ընտանեկան ավանդույթները,  սակայն բոլորին օգնում է փոքրիկ, չարաճճի հրեշտակը: Պատասխանելով ժյուրիի հարցերին, դրամատուրգն ասաց, որ արդեն իսկ սկսել է պիեսը սցենարի վերածել, և որ միայն ընտանեկան խնդիր չէ, այլև սոցիալական և հոգեբանական:

Արձակագիր Հովհաննես Երանյանը ներկայացրեց  «Զինադադար » վիպակը՝ սոցիալական փոփոխությունների և ղարաբաղյան պատերազմի արդյունքում արվեստագետի խեղված կյանք, ազատագրված գյուղում հաստատվելու ճիգ: Ժյուրիի դիտարկմանը, թե այս շատ հարուստ պատմությունը կտեղավորվի արդյոք մեկ ժամ ու կես ֆիլմի մեջ, հեղինակը դրական պատասխան տվեց: Ժյուրիին հետաքրքրեց նաև, թե արդյոք հեղինակը տանում է այն գիծը, որ երկու կողմում էլ ճգնաժամ է եղել:

Լուսինե Հովհաննիսյանի  «Կրամսկոյի ու պապիս  «Անծանոթուհին » վիպակը իրական փաստերի վրա է հիմնված: Երևանում ծնված հեղինակը արմատներով Արցախից է, և պատմության հիմքում պապի գյուղում անցկացրած մանկության հուշերն են, սովետականացումից ցավոտ անցումը:

Ժյուրիի դիտարկմամբ, լավ մթնոլորտ ու միջավայր կարելի է ստանալ: Հարցին, թե ինչ ժանրի / ռեալիստական, ֆանտաստիկ/ և տևողության ֆիլմ է պատկերացնում, հեղինակն արձագանքեց, որ կարճամետրաժ, ռեալիստական ֆիլմ է պատկերացնում, որի լեյտմոտիվը նկարն է:

Արտավազդ Եղիազարյանի  «Կեսգիշերային պատմությունը », հեղինակի ներկայացմամբ, մեր օրերի երևանյան պատմություն է պարտքերի, կաշառակեր դասախոսին պատժելու մասին:

Ֆիլմի ժանրի մասին ժյուրիի հարցին ի պատասխան հեղինակն ասաց, որ պարոդիա չկա, պատկերացնում է գիշերային Երևանում կատարվող, երաժշտական ֆիլմ, գուցեև արժե ավելացնել ոստիկանական տեսարանները:

Սարգիս Հովսեփյանի  «Պաղպաղակ »պատմվածքը լավ կրթությամբ երիտասարդի մասին է, որի կյանքը փոխվում է առաջին հայացքից հաջող ամուսնությունից հետո:

Աշխույժ քննարկում առաջ բերեց պատմվածքը: Արդյոք այն մութ ու պեսիմիստական գործ է հարցին հեղինակը ծավալուն պատասխան տվեց. «Այո, տվյալ կոռումպացված համակարգում մարդն ազդեցության որևէ լծակ չունի, ինքն է փչանալու: Հերոսը լուրջ հոգեբանական խնդիրներ է ձեռք բերում, դառնում մանրախնդիր, փոքրոգի: Այո, շատ վատատեսական պատմություն է, ճահճի մեջ դրական ելքի շանս չկա»:

Հաջորդիվ Հովհաննես Երանյանը ներկայացրեց երկրորդ ստեղծագործությունը՝  «Մահացու հյուրախաղը », որը հեղինակի վերջին՝ իններորդ գիրքն է: 1988 թվականի շարժումից օրեր առաջ ժողովրդական թատրոնի կոլեկտիվը / դերասան-դերասանուհիներ, ռեժիսոր և վարորդ/ ավտոբուսով մեկնում է հեռավոր մարզ՝ հյուրախաղերի: Ճանապարհը կարճելու համար վարորդն անցնում է  Ադրբեջանով,  և կոլեկտիվը հայտնվում է գերության մեջ: Նրանք չգիտեին, որ հարևան պետությունը օրեր առաջ վերածվել էր թշնամի երկրի: Տառապանքներից ու զոհ տալուց հետո փրկվում են դեռևս կանգուն Սովետի շնորհիվ, սակայն կարճատև հյուրախաղը փոխում է բոլորի կյանքը:

Ժյուրին հարցեր չուներ:
Վերջում ներկայացվեց Կարինե Խոդիկյանի  «Հինգ մեքենա ճամփեզրից այն կողմ » պատմվածքը, որը  մարդկային անտարբերության մասին էր, և այդ անտարբեր վերաբերմունքը դրսևորվում էր պառկած մի մարդու հանդեպ, ով և կար, և չկար, մեռած էր, բայց վերջում վեր կացավ ու գնաց:

Հեղինակը ժյուրիի հարցին ի պատասխան ասաց, որ չի դատապարտում իր հերոսներին:

Ժյուրիի ամփոփիչ խոսքից կարելի էր հետևություն անել, որ հաճելիորեն զարմացած են, թե այսքան լավ պատմություններ կան, լավ պոտենցիալ կա, թեև երկար ճանապարհ ունեն անցնելու՝ մինչև կինոսցենար դառնալը: Մի դիտարկում էլ արեցին՝ ամբողջական պատկերացում ունենալու համար պետք է վեպերը կարդալ, և բազմաբաղադրիչ սյուժեի միջից գտնել կինոլեզվի համար հետաքրքիր զարգացումները:

Ֆորումի ավարտին միջազգային ժյուրին դրամական մրցանակի արժանացրեց  երկու հեղինակի՝ Կարինե Խոդիկյանին  «Հրեշտակ ց՚պահանջ »(առաջին մրցանակ՝ 500 հազար դրամ) և Հովհաննես Երանյանին՝ «Մահացու հյուրախաղ» (երկրորդ մրցանակ՝  480 հազար դրամ)  գործերի համար:

Ոչ միայն մրցույթին ներկայացված, այլև հաղթած ստեղծագործությունները ժամանակակից հայ գրականության ողջ ներկապնակը չէ, և հաջորդ տարիների մրցույթներին ավելի շատ հեղինակներ ու գործեր կներկայացվեն:

Գայանե Մկրտչյան