Օրերս Երևանում ավարտվեց Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակներում անցկացվող ԵվրասիաԴոկ համատեղ արտադրության ֆորումը: Ծրագրի և դրա առանձնահատկությունների մասին զրուցել ենք ֆորումի կազմակերպիչների ու մասնակիցների հետ՝ հասկանալու համար ԵվրասիաԴոկի նշանակությունը հայկական վավերագրական կինոյի զարգացման գործում։

 ԵվրասիաԴոկ ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Արևիկ Ավանեսյան

– 2016-ին, երբ արդեն վավերագրական կինոյի ոլորտում ունեի տարիների աշխատանքային փորձ, իմ նախագծով առաջին անգամ մասնակցեցի ԵվրասիաԴոկ վավերագրական ֆիլմերի զարգացման ծրագրին և հասկացա նրա կարևորությունն ու եզակիությունը:

Այս տարի ԵվրասիաԴոկի համատեղ արտադրության ֆորումին Հայաստանից ունեինք չորս մասնակիցներ: Մնացած ութը տարածաշրջանի տարբեր երկրներից էին: Ֆորումի ընթացքում նրանք  ներկայացնում են իրենց նախագծերը Հայաստան ժամանած հյուրերին pitching-ների ձևով: Կան նաև փոքր խմբերով առանձին աշխատարաններ հեղինակների հետ։ Այս ամենը շատ օգտակար է մասնակիցներին և ուղղություն է տալիս՝ ինչպես  նախագիծը հասանելի ու  հետաքրքիր դարձնել միջազգային հանդիսատեսին:  Ընդհանրապես հարթակը հայ հեղինակներին սովորեցնում է նկարել ֆիլմեր, որոնք հետաքրքիր կլինեն  ամբողջ աշխարհին:

Մեր հյուրերը, որ տարբեր երկրների հեռուստատեսության ներկայացուցիչներն են, փառատոնային ներկայացուցիչներ և պրոդյուսերներ, գնահատում են նախագծերի հնարավորությունները դեռևս զարգացման փուլում՝ տալով հետագա համագործակցության հնարավորություն: Արդյունքում ներկայացված նախագծերը կարող են մասնակցել անգամ փառատոների արտադրական պլատֆորմերին: Հաջողված նախագծերի դեպքում ձևավորվում են համատեղ արտադրություններ: Ամեն ինչ անում ենք, որ բոլոր մասնակիցներն ունենան իրենց նախագծերով հետաքրքված հյուրեր: Սա նաև ԵվրասիաԴոկի սկզբունքներից է, որ եթե նախագիծն արդեն հասել է ֆորումի փուլին, ուրեմն որոշակի կոորդինացման ճանապարհով պիտի ունենա շարունակություն: Միայն թե մասնակիցները պետք է հասկանան՝ դժվարին ճանապարհ ունեն անցնելու համատեղ արտադրության գնալիս: Դա կարող է լինել և´ մշակութային բախում, և´ բարդ ֆինանսական բանաձևեր ու իրավաբանական խնդիրներ, և´ դժվարին մարդկային հարաբերություններ:

Թեև ֆորումն իրականացվում է 2011-ից, բայց մեզ համար բեկումնային եղան 2014-2015թթ, երբ սկսեցինք ներկայանալ ավելի հետաքրքիր նախագծերով: Եթե մինչ այդ հայկական նախագծերը պտտվում էին անցյալից վերցված թեմաների շուրջ, ապա այժմ մեր մասնակիցները հասկացան, որ եվրոպացի հանդիսատեսին հետաքրքրում է ներկայիս Հայաստանը, այսօրվա մարդիկ: Իրականում մեր հիմնական ասելիքն այնքան գլոբալ է, որ ցանկացած մարդ կարող է դրան հաղորդակցվել, պարզապես պիտի կարողանանք լոկալ պատմությունը ներկայացնել ոչ լոկալ ձևով: Համատեղ արտադրությունը հենց դրանով է ուժեղացնում նախագիծը՝ հասկանալի դարձնելով քո պատմությունը դրսի հանդիսատեսին: Այս ֆորումը մշակութային երկխոսություն է: Մենք սովորում ենք ավելի գլոբալ պատմել մեր պատմությունները, եվրոպացի արտադրողներն էլ ծանոթանում են մեր աշխարհին ու այստեղ ապրող մարդկանց:

Ներկայումս ԵվրասիաԴոկին մասնակցած և արդեն ֆիլմ դարձած մեր ամենահաջող նախագիծը Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմն է, որի պրեմիերան եղել է Լայպցիգի փառատոնի մրցութային ծրագրում, որից հետո այն Փարիզում մասնակցել է նաև ֆրանսիական մի լոկալ փառատոնի ՝ ստանալով գլխավոր մրցանակը: Հպարտությամբ նշեմ, որ ֆիլմը 2020-ին կմասնակցի նաև Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին: Տեղեկություններ ունենք, որ 15 փառատոն է հետաքրքրված այս ֆիլմով, ինչը բացառիկ  հաջողություն է: 

Լայպցիգի փառատոնի մրցութային ծրագրում այս տարի ներկայացված էր նաև Եվրասիադոկին մասնակցած մեկ այլ նախագիծ՝ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» ֆիլմը: Նախորդ տարիների մյուս մասնակիցների նախագծերն էլ ընթացքի մեջ են և համոզված եմ դեռ կզարմացնեն իրենց փառատոնային հաջողություններով:

Ակնկալիքս է, որ այս տարվա մեր բոլոր մասնակիցները գտնեն համատեղ արտադրող և կարողանան մի գեղեցիկ օր ֆիլմ նկարահանել: Այս պահի դրությամբ սա Հայաստանում այլընտրանք չունեցող ծրագիր է։ Նպատակս է ավելի պարզ ու հստակ մարդկանց փոխանցել տեղեկություն ԵվրասիաԴոկի մասին:

ԵվրասիաԴոկ ծրագրի գլխավոր կազմակերպիչ Ֆրեդերիկ Վիոլեու

-Ես աշխատում եմ  DocMonde կազմակերպությունում, և մեր նպատակն է աշխարհի տարբեր երկրներում օգնել տեղի ռեժիսորներին, հեղինակներին՝ զարգացնելու և բարձր հարթակների հասցնելու իրենց ֆիլմերը: Ցանկանում ենք, որ մեր ջանքերով ու ներդրումներով զարգանա կինոյի տեղական ոլորտը՝ դառնալով առավել ինքնուրույն:

Հայաստանում աշխատում եմ արդեն ութ տարի: Մեզ գրավում են տեղական պատմությունները, որ միայն հայ հեղինակները կարող են պատմել: Չէի ասի, որ նրանք պատմելու ինչ-որ հատուկ ձեռագիր ունեն, բայց շատ տաղանդավոր են: Դրա համար էլ կարողանում են այնպիսի ֆիլմեր ստեղծել, ինչպիսին օրինակ՝ Սիլվա Խնկանոսյանինն է: Հստակ նկատելի է, որ այժմ ռեժիսորների մի նոր սերունդ է գալիս, որ հիմնականում կանայք են, ինչը չենք նկատում մյուս երկրներում:

Այս ութ տարիների աշխատանքի ընթացքում միայն անցյալ տարվանից է, որ տեղական կառավարությունն ու ֆոնդերը սկսեցին մեզ ֆինանսապես աջակցել՝ ծրագրի իրականացման համար: Սա կարևոր քայլ է, որ օգնում է ավելի լայն կապեր ստեղծել տվյալ երկրի հետ:

Ուրախալի է, որ Հայաստանում նախագծերը որակային լավ մակարդակի են հասել: Հուսով եմ, այս տարվա ֆիլմերն էլ, ինչպես նախորդ վերջին տարիներինը, անպայման  կարտադրվեն:

ԵվրասիաԴոկ ծրագրի մասնակից Նաիրի Հախվերդի

-ԵվրասիաԴոկի շրջանակներում նկարված «Երևանը ավլելով» վավերագրական ֆիլմն իմ առաջին աշխատանքն է իբրև ռեժիսոր:  Այն պատմում է գիշերը Երևանն ավլողների մասին, որ լրիվ անտեսանելի են մեզ համար, որովհետև աշխատում են այն ժամանակ, երբ բոլորս քնած ենք: Ֆիլմում մի կնոջ կյանքի օգնությամբ փորձում եմ տեսանելի դարձնել այդ մարդկանց, նրանց ապրած կյանքը:

Երբ առաջին անգամ իմացա ԵվրասիաԴոկի մասին, ինձ հատկապես գրավեց այն փաստը, որ ծրագրին կարող են դիմել նաև նրանք, որոնք երբեք ֆիլմ չեն նկարել: Ինքս իրականում գրականությունից եմ գալիս, բայց հասկացել էի, որ պատմություն պատմելու իմ ուժերը կարող եմ օգտագործել՝ կինո նկարելու համար: Ուստի 2017-ին ներկայացրի նախագիծս և հասկացա, որ մենակ չեմ, ինչն էլ ինձ  առաջ գնալու ուժ տվեց: Ինձ համար շատ կարևոր էր երկու իրողություն, որ  նախ օգնում են քեզ զարգացնել նախագիծը դասընթացների ընթացքում, որից հետո, եթե այն արժեք ունի, կարողանում ես ներկայացնել հայտնի պրոդյուսերներին: Pitching-ի ժամանակ շատ մարդիկ հետաքրքվեցին իմ նախագծով: Ես ընտրեցի իմ պրոդյուսերին և  սկսեցինք զարգացնել նախագիծը: Արտադրության ընթացքում աջակցություն ստացա թե´ Հայաստանից, թե´ Ֆրանիսայից: Այժմ աշխատանքները ֆիլմի վրա մոտենում են ավարտին: 2020-ի սկզբին կկարողանանք ուղարկել փառատոնային ցուցադրության:

Ես ուրախ եմ, որ կա ԵվրասիաԴոկ ծրագիրը: Այս մի քանի տարիների ընթացքում տեսել եմ՝ ինչ նախագծեր են դուրս եկել, ինչն այնքան կարևոր է ոչ միայն կինոյի, այլև Հայաստանի ընդհանուր զարգացման համար: Այստեղից դուրս եկած ֆիլմերի փառատոնային ցուցադրություններն օգնում են նաև հայկական մշակույթի տարածմանը:

ԵվրասիաԴոկ ծրագրի մասնակից Անժելա Ֆրանգյան

-Այս տարի ԵվրասիաԴոկին ներկայանում եմ «Համլետը անապատում» նախագծով, բայց անցյալ տարի էլ եմ ունեցել մասնակցություն մեկ այլ՝ «Թոնրատուն» նախագծով՝ որպես պրոդյուսեր:

Եվրասիադոկը մասնակիցներին շատ մեծ հնարավորություններ է տալիս, որոնց մասին մինչ այդ անգամ չես էլ մտածել: Այն սկսնակի համար պրոֆեսիոնալ ճանապարհ բացող ռեալ հարթակ է: «Թոնրատունը», որն արդեն ունի գերմանացի սոպրոդյուսեր, այժմ նկարելու փուլում է: Այդ նախագծով մասնակցել ենք մի քանի workshop-երի: Անգամ  վավերագրական ֆիլմերի ամենամեծ փառատոներից մեկին՝ IDFA-ին ենք ներկայացրել նախագիծը:

Այս տարի հստակ գիտեմ, որ եթե նույնիսկ պրոդյուսեր գտնենք և սկսենք աշխատել «Համլետը անապատում» նախագծի վրա, դա  դեռ սկիզբն է լինելու: Շատ կարևոր է, որ պրոդյուսերը, ում հետ պիտի աշխատես, լինի իրապես համահունչ քո և նախագծի բնավորությանը:

ԵվրասիաԴոկը կինոգործչին նախ տալիս է նախագծին դրսի աչքով նայելու հնարավորություն, ինչն ինձ համար ամենակարևորն է: Շփումը միջազգային պրոդյուսերների հետ, իսկ հետո արդեն ընտրվելու բարեբախտությունն օգնում է և´շատ ֆոնդերի դիմելու, և´ ֆիլմդ իրականացնելու համար լուրջ գումար գտնելու հարցում: ԵվրասիաԴոկի առաջին փուլի տասնօրյա դասընթացները ևս շատ կարևոր են, քանի որ միշտ չէ, որ կարող ես քննարկել նախագծերդ  իրապես լավ մասնագետների հետ, որոնք քեզ ճիշտ հուշումներ կտան, կշտկեն թերությունները, կընդգծեն նախագծի ուժեղ կողմերը:  Ամենասկզբում, ես անգամ չգիտեի ինչպես է պետք ներկայացնել  ֆիլմը: Ծրագիրը ինձ նաև դրա հնարավորությունը տվեց: Այն փաստը, որ ԵվրասիաԴոկի հյուրերն արդեն իսկ հետաքրքրված են տարածաշրջանով, եզակի հնարավորություն է:

Ի վերջո, կինոն,  քո ստեղծագործական պահանջները բավարարելուց զատ տեղեկատվական կարևոր նշանակություն ունի ժամանակակից աշխարհում, հզոր զենք է, որի հնարավորությունը մեզ տալիս է  ԵվրասիաԴոկը։

Արփի Խաչատրյան