Արմեն Խոստիկյանը, հայտնի է, իմպրովիզի վարպետ էր: Բայց այն, որ հաճախ ինքն է հեղինակել իր էստրադային տեքստերը մենախոսության տեսքով և կամ երկխոսության մեջ, քչերը գիտեն: Արմեն Խոստիկյանն ունի հարուստ դրամատուրգիական ժառանգություն` դեռևս անտիպ: Այս փոքրիկ մենախոսությունն ուշագրավ է հատկապես երգիծանքի քննադատական բովանդակությամբ` գրված խորհրդային ռեժիմի տարիներին:

 

Մենախոսություն

Ըհը’, վերջապես… Վերջապես ես էլ մի աթոռի տեր դարձա: Որքա~ն եմ մտածել, որքա~ն եմ երազել, որքան-որքան եմ նախանձել այս բոլոր աթոռավորներին, որոնք գրչի մի հարվածով կարող են քեզ մի կողմ նետել, ուզածի չափ բարձրացնել կամ հողին հավասարեցնել:

Հիմա ես մարմին եմ, էն էլ ի’նչ մարմին: Շատերը դեռ չգիտեն ում հետ գործ ունեն:

«Էս էն «Ոսկե ցլիկը» չի՞»,- կհարցնի մի մայրիկ: «Հա’, ինքն ա»,- կասեն տնեցիք: «Չէ~, չէ’, էս էն Մասխարա Զավենն ա»,- ծիծաղից խեղդվելով կբացականչի մեծ մայրիկի սիրած ու երեսառած թոռը:

էհե~յ… Միամիտ գառնուկներ… Դեռ ոչ ազգականներս, ոչ էլ հարևաններս չգիտեն, թե ով իմ յիս, ինչ իմ յիս: Յիս մարդ իմ` ինչ մարդուն պիտի: Ինձ վրա մի աչքով չնայեք, հա~… Ես կարող եմ ձեզ զրկել հողից, ջրից (եթե, իհարկե, ձեր ծորակից դեռ ջուր գալիս է), կարող եմ զրկել լողանալու հաճույքից… Տանիքները կքանդեմ, երկինք ու երկիր իրար կխառնեմ, երբ զայրանամ: Ես կարող եմ երկրներ սննկացնել և հարստացնել, եթե կամենամ` քեզ, սրան, բոլորի’ն…

– Փչու~մ է, փչու~մ է,- լսվում է ծղրտոց:

Այդ ո՞վ ասաց` փչում է… Հե~յ… Ո՞վ կա այստեղ: Փչում եմ, հա՞… Այո~, փչում եմ… Եթե ես փչել չիմանայի, ինձ այս աթոռին չէին նստեցնի, այս գավազանը ձեռքս չէին տա, նկարներս բոլոր թերթերում, ամսագրերում, հրապարակներում չէին փակցնի:

 

Արմեն Խոստիկյան

Ընտանեկան արխիվ, 20.11.1979 թ.

Լուսանկարը՝  Գագիկ Գասպարյանի

 


Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի ժյուրին

Օսկարակիր  դերասանուհի Քեյթ Բլանշետը 2020-ին կգլխավորի Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին։ Այս մասին հայտնում է  SCREENDAILY-ը, հավելելով, որ 2018 թվականին...

|16 Հունվար 2020,18:30