Մշակույթի ոլորտի կառավարման պատասխանատուների, նաև օրենսդրի կողմից կինոյի ոլորտում բարեփոխումներ անելու վճռականությունն ակնհայտ է։  Կինոյի մասին օրենքի նախագծի մշակմանը զուգահեռ՝ համակարգային փոփոխություններ նախատեսող քննարկումներ, խնդիրներն ու ռեսուրսները գնահատելու պետական մոտեցում է ցուցաբերվում։

Կինոոլորտի  խնդիրների ու սպասվող զարգացումների շուրջ զրուցել ենք   ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանի հետ։ 

Երիտասարդ պատգամավորը կարճ ժամանակում հատկապես կինոյի մարդկանց հետ ծանոթություն հաստատեց, ու սկսվեցին ոլորտին վերաբերող քննարկումները. հիմքում, իհարկե, կինոյի մասին  օրենքի նախագիծն էր։ Այն առաջիկայում կմտնի  ԱԺ, բայց մինչ այդ  պետք է հիմնովին վերանայվի, ամրանա  և հստակեցվի։ Աննա Կոստանյանը նախագծի մշակման և օրենսդրորեն ամրագրելու գործընթացին ամենամոտ կանգնած մարդկանցից մեկն է։

Կինոոլոտի հետ մտերմանալու առաջին քայլերը

Կինոոլորտի  ուսումնասիրություններս սկսել եմ  նախորդ տարվա սեպտեմբերին՝ կինոգործիչների տարբեր խմբերի հետ հանդիպումներով ու  քննարկումներով։ Ինչո՞ւ են հետաքրքրություններս ուղղված այս ոլորտին. նախ որովհետև կինոն սիրում եմ, հետո էլ միշտ ցավոտ է եղել ինձ համար այն հարցը, թե ինչու է կինոն մեր երկրում  այսչափ կաղում։ Չասեմ՝ չի զարգացել, որովհետև ամեն դեպքում վերջին 10-20 տարվա ընթացքում ինչ-որ բաներ արվել են, կան կինոարտադրողներ, որոնք կինո, այնուամենայնիվ, նկարել են, բայց թե ինչ որակի ու մակարդակի՝  սա հարցի մյուս կողմն է։ Մեր քննարկումներն սկսեցինք, ու արթնացավ թեման՝ ոլորտը կարգավորման կարիք ունի, հետո ես իմացա, որ 2017 թվականին e-draft.am իրավական փաստաթղթերի կայքում տեղադրված է եղել օրենքի նախագիծ, որն այդպես էլ  շրջանառության մեջ չի դրվել։

Կինոյի մասին օրենքի նախագիծը՝  սաղմնավորումից  մինչև ձևավորում

Կինոգործիչների հետ հանդիպումների արդյունքում մի միտք գեներացվեց՝  տարբեր կազմակերպությունների կամ անհատների ամենափոքր առաջարկներն անգամ պետք է հավաքագրել և մեկ նախագծի տեսքով ներկայացնել ԱԺ-ին։  Վրա հասան խորհրդարանական ընտրությունները. որոշեցի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և  նախագծի տարբերակը  ներկայացրեցի մեր հանձնաժողովին։ Որպեսզի համապարփակ մեկ  նախագիծ ունենանք, որոշեցինք հանձնաժողովի մակարդակով խորհրդարանական լսումների, տարբեր աշխատանքային քննարկումների միջոցով  ներգրավել կինոոլորտի հետ առնչություն ունեցող կազմակերպություններին ու անհատներին։

Բոլորին լսելու, կարծքներ համադրելու փուլում

Այս պահին օրենքի  նախագծի 3 տարբերակ ունենք․ «Ոսկե ծիրան» փառատոնի, ԻՖԿԱ անկախ կինոգործիչների ակումբի և  անհատական նախաձեռնությամբ ՝  ներկայացված պրոդյուսեր Արմեն Ադիլխանյանի կողմից։  Չնայած նա Հայաստանում չի բնակվում, բայց համատեղ քննարկումներից հասկացել եմ, որ շատ մտահոգ է ոլորտի խնդիրներով  և տևական ժամանակ մշակել է նախագծի իր տարբերակը։

Նրա նախագծում պրակտիկ լուծումներ առաջարկող  հետաքրքիր դրույթներ կան։  Երեք տարբեր նախագծերը պետք է համադրել. «Ոսկե ծիրանի» և ԻՖԿԱ-ի ներկայացրած  տարբերակները  թեթևակի նմանություններ ունեն,  իսկ Ադիլխանյանի մոտեցումը շատ տարբեր է։ Նա կինոյի ոլորտի զարգացումը դիտարկում է բիզնես  տեսանկյունից, ինչը մեր կինոգործիչներն ասեղներով ընդունեցին՝ մեկնաբանելով, որ կինոն առաջին հերթին արվեստ է։

Կինոն արվեստ է, բայց այն կարելի է դիտարկել որպես վաճառքի ենթակա արտադրանք, որից մեր երկիրը կարող է շահույթ ունենալ։ Եթե այս տեսանկյունից նայենք, այո, կարելի է համարել, որ կինոն ոչ միայն արվեստ է, այլ նաև բիզնես՝ արվեստի միջոց, որը ստեղծելուց հետո կարելի է նաև վաճառել։

Կողմերը երկարամյա փորձ ունցող մարդիկ են և ոլորտի բարեփոխման վերաբերյալ իրենց սկզբունքային պատկերացումներն  ունեն,  ինչի  պատճառով միգուցե մի փոքր հապաղենք. բոլորին նույն հարցում համոզելը դժվար է։ Օրինակ՝ ինձ համար որպես  օրենսդրական նախաձեռնության տեսանկյունից շահագրգիռ մարդ՝  բոլորի տեսակետերն էլ շատ կարևոր են, որովհետև դրանք  հօգուտ ոլորտի զարգացման են։

Առջևում նախագծերի համադրման փուլն է

Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում  այս նախագծերը կհամադրենք և կունենանք հնարավորինս կոնսենսուսային լավ տարբերակ. դրա նախադրյալները կան։ Համադրենք, ոչ թե միացնենք, որովհետև միացնելն, իմ կարծիքով, ավելի շատ տեխնիկական գործընթաց է ենթադրում, ինչը լավ որակ չի տա։ Օրինակ՝ երկու նախագծերում կրկնվող դրույթները կարելի է վերաձևակերպել և  ընդունելի տարբերակը ներառել։  Հարկային դաշտի հետ կապված հարցեր կան, որ պետք է կարգավորվեն. հարակից գերատեսչությունների հետ պետք է աշխատենք։

Մտորումներ կինոյի կառույցների վերամիավորման մասին

Կինոժառանգությունն ազգային հարստություն է, որը պետության հոգածության կարիք ունի։ Օրենքի նախագծերից մեկում  դրան անդրադարձ կա։ Փոձել ենք ոչ միայն ժառանգության պահպանման, այլև արխիվների հետ  կապված կանոնակարգումներ սահմանել. ամբողջ ոլորտում  առկա բոլոր կառույցների վերակազմավորման խնդիրն է նաև դրված։ Իմ կարծիքով՝ վերակազմավորումն այնքան էլ օերնսդրական խնդիր չէ.  այն կարելի է իրավական ակտերով կամ կառավարության որոշմամբ կարգավորել։

Հայաստանի նման  փոքր երկրում այսօր կինոյի 3 կառույց կա՝ փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և  ուզենք թե չոուզենք՝  «Հայֆիլմը»։ Այն կազմալուծված, քայքայված  է, բայց փաստացի  կա,  և պետությունը պետք է մտածի՝  արդյո՞ք այն  իրեն պետք է կամ որքանով է պետք։

Կինոյի 3 կառույցների հավանական  ճակատագիրը

Իրավական ձևակերպումները մասնագետները պետք է տան, թե  3 կառույցների վերաձևակերպումը որքանով է հիմնավոր, օրինակ եթե դարձնենք հիմնադրամ։ Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան  այդ դեպքում հնարավորություն կունենա՞ ֆիլմ արտադրել. սա մեծ հարց է, որը դեռ պիտի քննարկվի։ Այդ պատճառով էլ վերջերս  «Հայֆիլմ» խորագրով քննարկումների շարք սկսելու միտք առաջացավ։ Ինչու հենց «Հայֆիլմ», որովհետև կինոգործիչների, նաև երիտասադ սերնդի համար  այդ անունը պահպանելը շատ խորհրդանշական է։

Տեսականորեն պետություն-մասնավոր համագործակցությամբ «Հայֆիլմի» տարածքը կարելի է  արդյունավետ օգտագործել։ Կինոյի հետ առնչություն ունեցող մարդկանց պնդմամբ՝ ձայնային եզակի ստուդիաներ կան, որ  կարելի է վերականգնել։ Ես շրջել եմ «Հայֆիլմի»  տարածքում ու շոկի մեջ ընկել։ Հակված եմ, որ «Հայֆիլմը» վերականգնվի ու այնտեղ տեղակայվեն կինոյի հետ առնչվող բոլոր ենթակառուցվածքները։  Մի խոսքով, հասկանալի է, որ այս ամենը քննարկման ենթակա է. մենք գործ ենք ունենալու ֆինանսական լուրջ ներդրումների հետ, որոնք միայն պետությունը չի կարող տրամադրել։ Սա պետություն-մասնավոր հատված  համագործակցությամբ պետք է իրականացվի։

Կառույցները վերամիավորելու՝  տարակարծությունների, կասկածների փուլ

Իհարկե, կան մարդիկ, որոնք ասում են՝  պատմությունը կկրկնվի։ Իսկ ես  կարծում եմ՝  պատմությունը չի կրկնվի, որովհետև հիմա իրավիճակն ուրիշ է, ԱԺ-ի՝ պետական օղակների նկատմամբ վերահսկողությունն ավելի ուժեղ է։ Չեմ կարծում, թե ինչ-որ մարդիկ կարողանան կամայականություններ անել։ Պետք է  կարիքները գնահատել, հասկանալ՝ ինչ ռեսուրսներ ունենք, ինչ չունենք, ինչ պետք  է անել։ Չի կարելի առաջնորդվել միայն մեկի կարծիքով։  Ռեալ մոնիտորինգ պետք է անց կացնել, փաստացի առկա խնդիրները գնահատել, միջոցներն ու ելքերը գտնել։ Արդյո՞ք պետք է այս հարցում լիովին հիմնվել պետության հոգածության վրա. 21-րդ դարն է, այսօր հիմնադրամի բյուջե ստեղծելու  բազմաթիվ ձևեր կան, պետք է նաև այդ ուղղությամբ աշխատել։

Կինոստուդայի երազանք՝ այլ երկների փորձով

Վերջերս  ԱՄՆ-ի Տեխաս նահանգի  կինոստուդիայում  եղա։  Ու վերահաստատվեց այն միտքը, որ կիսաքանդ տարածքից կարելի է  լուրջ կառույց ստանալ։ Իհարկե,  պետք չէ համեմատվել ԱՄՆ-ի հետ, բայց մի ֆենոմենալ բան կա՝ պետական կառույցը վերականգնելուց հետո պետությունը միջնորդ գործակալություններին հնարավորություն է տվել, որ նրանք բարերաներին, միջազգային կառույցներին ներգրավեն։ Նրանք էլ գումարներ ներդնելով՝ կինոստուդիան վերականգնելու պատրաստակամություն են  հայտնել։ Իսկ կինոստուդիայի վերականգնումն ինքնանպատակ չի եղել. վերականգնելուց հետո տարբեր ստորաբաժանումներ են ստեղծվել, որոնք զանազան  գործառույթներ են իրականացնում՝ կրթական, մաշկութային,  հեռուստառադիոարտադրանքի թողարկում։ Գումարներ հավաքագրելով՝ սկսել են ստուդիան զարգացնել։ Տարբեր մեթոդներ կան, պետք է քննարկել ու ամենակարևորը՝ չառաջնորդվել մեկ-երկու կարծիքով։

Կինոն՝ պետական ռազմավարության բաղադրիչ

Կինոգործիչներին կմաղթեմ վառ իդեաներ և դրանք իրականացնելու լայն հնարավորություններ ոչ թե արտերկրում, այլ Հայաստանում։  Ես ինքս իմ օրինակով համոզվել եմ, որ նույնիսկ սուղ միջոցներով հնարավոր է նպատակն իրականացնել։ Միշտ պատճառաբանում ենք՝ չկա հնարավորություն, չկան միջոցներ. ըստ իս՝ եթե քո առաջ նպատակ ես դրել և ուզում ես այն իրականացնել, ցանկացած հնարավորություն կարող ես օգտագործել։

Նույնը վերաբերում է կինոյին. կինոարտադրանքն ինքնանպատակ չէ։ Ամենակարևոր գործիքը պետության համար կարող է կինոն դառնալ, որի միջոցով կարող ենք  ամբողջ աշխարհում  քարոզել մեր մասին, մեր ինքնության մասին խոսել, ցույց տալ մեր անցած  և անցնելիք ճանապարհը։ Կինոն մարքեթինգային գործիք է, որը պետք է ճիշտ կիրառել։ Կինոգործիչներն այս առումով լուրջ ներդրում ունեն, որովհետև եթե նրանց ֆիլմերում մեր երկրին վնասող բացթողումներ լինեն,  կարող ենք համարել, որ բացթողումը պետական մակարդակով է եղել։ Դրա համար կինոյի ռազմավարության մշակման հարցում պետությունը պետք է ներգրավված լինի՝  ի՞նչ ենք ուզում կինոյի միջոցով ասել աշխարհին։

Մանկության երազանքներ

Կդժվարանամ ասել, թե ժամանակակից հայկական ֆիլմերից որն եմ սիրում. սերիալային «Քաոսն» եմ սիրում։ Բավականին լավ է նկարահանված, ու կարելի է  արձանագրել, որ սերիալների արտադրության հարցում տեղաշարժ ունենք։ Հին ֆիլմերից «Տղամարդիկն»  եմ շատ սիրում։

Դպրոցական տարիքում շատ էի սիրում պատմավեպեր կարդալ։ Երբ կարդում էի, ֆիլմ էի տեսնում։  Միշտ ասում էի՝ որ մեծանամ Տիգրան Մեծ եմ նկարելու։ Տիգրան Մեծ, Պապ թագավոր. շատ կուզեի, որ որպես հայ ժողովրդի պատմության ցայտուն դեմքեր՝  նրանց մասին ֆիլմեր ունենանք։ Եթե ես հետագայում օրինակ, սցենար գրեմ, ի դեպ, թեթևակի փորձառություն ունեմ. Ջիվան Ավետիսյանի հետ սցենար գրելու պրոցեսին մասնակցել եմ,  շատ կուզեմ մեր երկու արքաների մասին ֆիլմեր ստեղծելիս սցենարական աշխատանքում  ներգրավված լինել։

Դարձյալ ու կրկին կինոյի օրենքի մասին

Ինքս ինձ պատվիրակել եմ, նպատակ եմ դրել՝  մենք անպայման կունենանք կինոյի մասին օրենք, որը հնարավորինս կկարգավորի դաշտը և կխթանի կինոյի զարգացմանը։ Շատ մեծ հույսեր ունեմ, որ 2020 թվականի գոնե կեսերին  ԱԺ-ն օրենքը կընդունի։

Նախագծի հետ կապված այնքան քննարկումներ են եղել, որ պատգամավորները  ԱԺ-ի միջանցքում հենց ինձ տեսնում են, հարցնում են՝ հիմա ի՞նչ, օրենք ունենալո՞ւ ենք, կինո նկարելո՞ւ ենք։  Պատասխանում եմ՝ անպայման։

Եթե ես մի աշխատանք սկսում եմ, պետք է այն ավարտին հասցնեմ. ԱԺ ամբիոնից կինոյի մասին խոսելն ինքնանպատակ չէ։ Նպատակն օրենքն ունենալն է, ու որ  բոլոր շահագրգիռ կողմերը համագործակցեն։

Կինոգործիչները  տեսակետերի սկզբունքային դիրքորոշումներ ունեն. շատ կարևոր է, որ կարողանանք այդ սուր կողմերը կլորացնել, որ հանկարծ լարված  մթնոլորտ չստեղծվի։  Իմ կարծիքով՝ դա ինձ ինչ-որ չափով հաջողվել է։ Հույս ունեմ, որ այդ մթնոլորտը մինչև վերջ կպահպանվի, եթե ոչ՝ գործընթացը հետ կգնա։

Հավանական դեմ-երը

Ոլորտի զարգացումը պետք է անձով պայմանավորված չլինի,  որովհետև այդ անձը կարող է այսօր  լինել, վաղը՝ ոչ։ Պետք է համակարգը զարգացնել, որպեսզի անկախ անձերից՝ այն ապրի ու զարգանա։ Բայց Կոսովոյում, օրինակ,  կինոյի ոլորտի զարգացումն անձով է պայմանավորված եղել, որովհետև այդ անձն առանց քաղաքական ենթատեքստի,   համագործակցության է գնացել այդ երկրի խորհրդարանի, անգամ ընդդիմադիրների հետ, բոլոր նախարարությունների դռները թակել, բոլորին համոզել ու բացատրել, թե  ինչի համար է իրենց հարկավոր կինոյի մասին օրենքը։ Ֆինանսական տեսանկյունից, իմ կարծիքով,  մեզ մոտ էլ  է նույնը լինելու. վստահ եմ՝ ֆինանսների նախարարությունն ինչ-որ կերպ ընդդիմանալու է, որովհետև օրենքում այսպես թե այնպես պետության  վրա ինչ-որ բեռ է դրվելու։ Բնական է ՝ ֆիննախը դեմ է լինելու, բայց մենք պետք է  ունենանք բոլոր  փաստարկները, որոնցով կարող ենք համոզել, թե  ինչու է սա պետք ու ինչ է այն տալու մեզ։ Այս սկզբունքով պետք է մտածենք, և հաջողություն կունենանք։

Մարտական տրամադրված, հաջողելու հավատով

Մյուս տարի նախագծի վերջնական տարբերակի շուրջ քննարկումները կվերսկսվեն, բայց  շատ չեն ծավալվի, որովհետև մինչ այդ բոլոր կողմերը լիարժեք մասնակցել ու իրենց խոսքն ասել են արդեն։ Կողմերի նպատակը չպետք է այն լինի,  թե օրենքի տվյալ դրույթն իրենց ձեռք կտա՞, թե ոչ։ Ես դրա մասին խոսել եմ, շեշտել, որ սա ոչ մեր, ոչ ձեր, ոչ էլ մի 3-րդ կողմի համար չէ, սա բոլորի, ամբողջ ոլորտի համար է։

Այս նախաձեռնությամբ ոգևորված՝ նույնիսկ արտերկրից ինձ նամակներ են գրում մարդիկ, որոնք կինոգիտելիք ստանալու համար սովորելու են մեկնել Ֆրանսիա, Ռուսաստան, այլ երկրներ ու հիմա իրենց առաջարկներն են ներկայացնում։ Ուրեմն մենք պետք է օրենք ընդունենք, որը բոլորի շահերից կբխի, բոլորի համար կլինի։ Տեսնենք, ինձ թվում է՝  հաջողելու ենք։ Հետըթացի իրավունք չունենք, որովհետև դա նախադեպ կդառնա, ու նույն հաջողությամբ ցանկացած այլ ոլորտ էլ նույն հետընթացը կունենանա։

Սա մայր օրենք է. շատերն ասում են՝ մայր օրենքը Սահմանադրությունն է. համաձայն եմ, բայց սա էլ ոլորտային՝ զրոյից գրված մայր օրենք է, որը նախորդ նախագծի պատկերացումները չի ներառում։ Միգուցե շատ բան եմ ինձ վրա  վերցնում, բայց քանի որ նախաձեռնությունն իմն է եղել,  չպետք է թույլ տամ, որ որևէ կողմ թուլանա կամ հապաղի։

Նաիրա Փայտյան

Լուսանկարները՝ Աննա Կոստանյանի ֆեյբուքյան էջից