Գրքի երևանյան երրորդ փառատոնի ծրագրում kinoashkharh-ի ուշադրությունը գրավել է  դերասան, ռեժիսոր,  սցենարիստ, պրոդյուսեր, կրկնակի օսկարակիր Թոմ Հենքսի «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքի շնորհանդեսը։    17 պատմվածքներից կազմված ժողովածուն աշխարհահռչակ դերասանի գրական առաջին ժառանգությունն է։ «Բուկինիստն» այն թարգմանել է անգլերենից. գրքի վերնագիրն է «Уникальный экземпляр»։ Հայերեն թարգմանությամբ գրքի անունը փոխվել է. ընտրվել է Հենքսի պատմվածքներից մեկի վերնագիրը՝ «…Այն, ինչ զգում է իմ սիրտը»։ Թարգմանիչը Ռուզան Ազիզյանն է, թարգմանության խմբագիրը՝ Ավետիս Հարությունյանը։

«Եթե գրքի շապիկի վրա ծածկենք Թոմ Հենքսի անունն ու նկարը, որևէ մեկը չի կարող կռահել, որ այս պատմվածքների հեղինակը հոլիվուդյան աստղ է։ Հետաքրքիր է, որ նրա ստեղծագործություններից յուրաքանչյուրում հիշատակվում է գրամեքենայի մասին կամ գրամեքենան առկա է։ Պատմվածքներից մեկում այն առաջին պլանում է, մյուսում՝ երկրորդ, բայցևայնպես, գրամեքենան առանցքային դեր ունի Թոմ Հենքսի համար։

«…Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքի հիմքում իրական պատմություն է. Հենքսը պատմում է, թե ինչպես է 40 տարի առաջ ձեռք բերել իր առաջին գրամեքենան։ Հենքսին՝ որպես գրողի, այս գրքի  շնորհիվ եմ բացահայտել, երբ կարդացի, չէի հավատում, որ դերասանը կարող է այսքան բարձրարժեք գեղարվեստական գիրք գրել։ Նա հրաշալի դերասան լինելով՝ գրողի հրաշալի հոտառություն ունի»,- գիրքն այսպես ներկայացրեց Թոմ Հենքսի գրական ճաշակի հետ առաջինն առնչված խմբագիր Ավետիս Հարությունյանը։

Ակնհայտ է, որ գրամեքենայի մեջ Հենքսն ինչ-որ արտասովոր գեղեցկություն է տեսնում, որն արտացոլում է նաև իր պատմվածքներում։ Ի դեպ, դերասանը գրամեքենաների հավաքածու ունի, ինչպես նաև հավաքել է գրամեքենայի առջև աշխատող հայտնի գրողների լուսանակարներ։ Իսկ նրա պատմվածքներում գրական հերոսներն առաջին անգամ գրամեքենա են տեսնում, հետաքրքրվում, մոռանում իրենց սմարթֆոնների մասին ու սովորում գրամեքենայով տպել, անսարքությունները շտկելու համար անգամ արհեստավոների մոտ են տանում այն։

Գիրքը մարդկային հոգեբանության մասին է։ Թոմ Հենքսի՝ մարդկային հոգու խորքերը տեսնելու ունակությամբ, ուրույն ոճով ու ասելիքով, նաև հումորով համեմված 17 պատմվածքներում կինոյին առնչվող, կինոաշխարհի մասին պատմող ոչինչ չկա։ Այնպես որ «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքի հետևում չպետք է փնտրել ռեժիսորի կամ դերասանի. հեղինակն ուղղակի գեղարվեստական արձակ է գրել՝ ներդնելով իրերի ու երևույթների խորքերն ուսումնասիրած մարդու զգացողությունները, փորձառությունն  ու ապրումները։

«Հանճարեղ մարդ է. հանճարեղ է կինոյում, հանճարեղ է գրքում։ Եթե ես չճանաչեի Թոմ Հենքսին՝ որպես դերսաանի, կմտածեի, որ նա գրող է։  Թեթև, հումորով գրված պատմվածքներ են, բայց մտածելու տեղիք են տալիս։ Կարդալուց հետո ստիպում են վերլուծել իրավիճակները, մարդկանց հոգեբանությունը»,- գրքից ստացած տպավորությունների մասին ասաց «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը։ Նա առաջինն է կարդացել գիրքը, որպեսզի նախ և առաջ պատկերացում կազմի, թե տպագրվելուց հետո ինչ արձագանքների է սպասելու ընթերցողից։

 Թոմ Հենքսի «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» ժողովածուի մասին ոչ միայն ամերիկյան, այլև այլ երկրների ընթերցողները ևս դրական են արձագանքել։ Նույնիսկ կարծիք է հնչել, թե պատմվածքներում սարոյանական շունչ կա։

«Բուկինիստը» մտադիր է  գրքի հայերեն թարգմանության լույս ընծայման առիթով Հայաստան հրավիրել Թոմ Հենքսին։   Լույս ընծայվելուց հետո՝ երկրորդ ամսին, Թոմ Հենքսի գիրքը «Բուկինիստում» դարձել է բեսթսելեր։

Նաիրա Փայտյան