Թամարա Ստեփանյան․ Սիրում եմ անտեսանելին դարձնել տեսանելի
Այս օրերին Լայպցիգում տեղի ունեցող վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում միաժամանակ ներկայացված են երկու հայկական ֆիլմեր՝ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» և Սիլվա Խնկանոսյանի «Վախենալու ոչինչ չկա»-ն : Հենց այս առիթով էլ զրուցել ենք կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի հետ:
Պարտավորեցնող ներկայություն
-Լայպցիգի փառատոնը վավերագրական ֆիլմերի ամենահին փառատոնն է։ Չգիտեմ, արդյոք Հայաստանը երբևէ մասնակցություն ունեցե՞լ է այս փառատոնին, բայց այս տարի մեր երկիրը ներկայանում է միանգամից երկու ֆիլմով: Դա մեծ հաջողություն է ոչ միայն իմ ու Սիլվայի ֆիլմերի, այլև Հայաստանի համար: Լայպցիգի համաշխարհային փառատոնին ներկա են լինում աշխարհի տարբեր ծայրերից: Որպես կինոռեժիսոր, ուզում եմ խոսել հանդիսատեսի հետ, իմ ֆիլմերով որևէ բան փոխանցել մարդկանց: Ես կհաջողեմ, եթե յուրաքանչյուր հանդիսատես իր փոքրիկ բաժինը քաղի իմ ֆիլմից:
Ցավոտ իրականություն
-1993-ից ես Հայաստանում չեմ ապրում: Ես 11 տարեկան էի,երբ ծնողներիս աշխատանք ստացան արտերկրում։ Մենք հայտնվեցինք Բեյրութում։ Երկար ժամանակ չէի հաշտվում տեղի ունեցածի հետ: Այս բոլոր տարիներին ապրել եմ Երևանով, Հայաստանով։ 1990-ականներին տղամարդկանցից դատարկված հայկական գյուղերը մեր ամենացավոտ խնդիրներից մեկն է: «Կանանց գյուղը» ֆիլմը հենց այդ թեմայի շուրջ է պտտվում: Կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է տան տղամարդը : Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝ բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին: Կինոնկարը սկսվում է ամառվա տեսարաններով, երբ ամեն ինչ դեռ շատ թեթև է, եղանակը՝ արևոտ, երեխաները խաղում են, կանայք՝ աշխատում: Իսկ ահա աշնանը սկսվում են սթրեսային իրավիճակները․կանայք ամեն վայրկյան սպասում են իրենց ամուսիններին, որովհետև չգիտեն, թե ե՞րբ են գալու, և առհասարակ, գալո՞ւ են․․․։
Շատ հետաքրքիր է այն պահը, երբ վերադառնում են ամուսինները: Աչքիս առաջ իմ այդքան լավ ճանաչած կանայք միանգամից վերափոխվում են, դառնում առավել կանացի, սկսում գիտակցել, որ կին են: Ֆիլմը դառնում է կանանց ապրումների, ուրախության, տխրության մասին պատմող վավերագրական հուզիչ պատում:
Սիրո, ցավի ու թախիծի շեշտերով
-Ֆիլմերիս թեմաներն ինձ մոտ ծնվում են ներսից, ես զգում եմ ի՞նչն է ինձ հուզում կամ խանգարում այնքան, որ այլևս չեմ կարող հանգիստ նստել: Դեռ Փարիզում որոշեցի, որ պիտի գնամ Հայաստան, գտնեմ թեմայիս համապատասխան մի գյուղ ու սկսեմ նկարել: Այստեղ, ոչ միայն թեման է ծանր, այլև դժվար էր շահել սպասող կանանց վստահությունը: Ի վերջո, դա նրանց կյանքն է, առօրյան, ինչը պարտավոր չեն ապրել տեսախցիկի առջև: Սկզբում նրանք կասկածանքով էին ինձ վերաբերվում, բայց հետո համոզվեցին, որ հասկանում եմ իրենց, և Փարիզից եկած լինելով՝ կարող եմ իրենց հետ կիսել նույն կենցաղային հոգսերը: Ֆիլմի նկարահանումներին օգնեց իմ և նրանց միջև ստեղծված մարդկային կապը: Վավերագրական ֆիլմերում մարդկային հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն: Դրա համար ստացա այն, ինչ ուզում էի: Երբ սկսում եմ հասկանալ մարդուն, ո՞վ է նա, ի՞նչպես է ապրում, ի՞նչ է փնտրում, արդեն սկսվում է ֆիլմը: Եվ, երբ կանայք համոզվեցին, որ ոչ թե սենսացիոն հաղորդում եմ պատրաստում, այլ լուրջ ֆիլմ եմ նկարում, բացեցին իրենց սրտերը: Ֆիլմում շատ կերպարներ կան, բայց գլխավոր հերոսները չորսն են, որոնց շուրջ պտտվում է ֆիլմի ասելիքը՝ սիրո, ցավի, թախիծի շեշտերով:
Պիտի բացվել աշխարհին
-Երբեմն մտածում եմ, ինչու՞ Լայպցիգում ընտրվեց այս ֆիլմը, ի՞նչը հուզեց ժյուրիի անդամներին, բայց հետո գիտակցում եմ, որ մեզ էլ, որպես ազգ, հուզում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի ամենատարբեր անկյուններում եղած խնդիրներն ու դժվարությունները: Այս պարագայում գերմանացիներին հետաքրքրեցին իմ և Սիլվայի ֆիլմերը, որովհետև նրանք նախ չեն ստանում ֆիլմեր մեր երկրից, և երկրորդ՝ շատ բան չգիտեն Հայաստանի մասին: Նրանց հետաքրքրեց այսօրվա մեր իրականությունը: Անկախ նրանից մեր ֆիլմերը կհաղթեն կամ չեն հաղթի․ մեր հաղթանակը Հայաստանը, հայկական կինոն ճանաչելի դարձնելն է: Ամենակարևորը հանդիսատեսի հետ իմ կիսածն է, և այն, ինչ մնում է նրանց սրտում: Ինձ համար երկու երկիր (ֆիլմը Հայաստանի և Ֆրանսիայի արտադրություն է) ներկայացնելու փաստն արդեն իսկ շահեկան է:
Միայնակ նկարահանումներից մինչև Լայպցիգի կինոփառատոն
-Ֆիլմի նկարահանումները միայնակ սկսելուց հետո, այն հետագայում ներկայացրեցի մի ֆրանսիացի պրոդյուսերի։ Սկսեցինք համագործակցել: Երեք սեզոն մենակ եմ նկարել, որովհետև ընդհանրապես բյուջե չկար: Հետագայում արդեն ֆիլմը ֆինանսավորում ստացավ Հայաստանից և Ֆրանսիայից: Իմ և Սիլվայի ֆիլմերի համար կարևոր հանգրվան է եղել նաև «Եվրասիադոկ» նախագծում ընդգրկված լինելը:
Լայպցիգի փառատոնի շրջանակներում իմ ֆիլմը կունենա երեք ցուցադրություն, որոնք կուղեկցվեն հանդիսատեսի հետ հարց ու պատասխանով, տարբեր հարցազրույցներով: Ֆիլմերն այս փուլում նման են փոքր երեխաների, որոնց սովորեցնում ես առաջին քայլերը: Բայց, քանի որ այս պահին արդեն ունեմ նոր նախագծեր, ընտանիք, երկու բալիկ, չեմ կարծում, կկարողանամ այս ֆիլմով շատ ճամփորդել։
Ֆիլմ՝ ոչ հանդիսատեսի պահանջով
-Ֆիլմ նկարելիս ես մտածում եմ ոչ թե հանդիսատեսի, այլ ֆիլմի մասին: Բնականաբար, ցանկալի է, որ կինոնկարը մեծ թվով հանդիսատես դիտի, բայց եթե նկարահանելիս ռեժիսորը կենտրոնանա դրա վրա, թե ինչ կմտածեն ֆիլմի մասին, ապա ոչինչ էլ չի կարողանա անել: Ես ստեղծում եմ արվեստի գործ, ինչը չի ենթադրում գնալ հանդիսատեսի պահանջների հետևից: Դա կինոյի անելիքը չէ: Ես այս պահին ունեմ հինգ ֆիլմ՝ երկու կարճամետրաժ խաղարկային («Փոքր քարեր», «Փետրվար 19») և երեք լիամետրաժ դոկումենտալ («Անթեղ», «Ձյուն կար» և «Կանանց գյուղը»):
Անտեսանելին դարձնել տեսանելի
-Ես շատ եմ սիրում վավերագրական կինոն, և այժմ ամբողջությամբ խորացել եմ այդ ուղղությամբ: Այնպես չի, որ չեմ ուզում նկարել խաղարկային կինո: Հենց այս պահին էլ երկու խաղարկային նախագծեր ունեմ, պարզապես, դրանք թե´Հայաստանում, թե´ դրսում երկար ժամանակ կպահանջեն ֆինանսավորում գտնելու համար, իսկ ես չեմ կարող սպասել: Դրա համար միաժամանակ նաև աշխատում եմ երկու նոր դոկումենտալ նախագծերի վրա:
Ես սկզբում անում եմ այն, ինչ սիրտս է ուզում, հետո մտածում եմ ինչ ֆորմատով ներկայացնել: Իմ ֆիլմերում կա կարոտ, սպասում և տխրություն: Այդ երեք թեմաները շատ հարազատ են ինձ: Նաև սիրում եմ անտեսանելին դարձնել տեսանելի. ցույց տալ այն մարդկանց, որոնց չենք տեսնում, տեսանելի դարձնել նրանց ներաշխարհն ու գեղեցկությունը: Չգիտեմ, որքանով է ստացվում, բայց միշտ փորձում եմ այդպես աշխատել: Ռեժիսորի ամենամեծ հաջողությունը հենց դա է, խոսել մարդկանց հետ քո կինոյի ձայնով:
Ինչ-որ բան փոխելու մղումով
-Երբ ֆիլմում խոսում ես, ասենք, գյուղի խնդիրների մասին, այնպես չէ, որ նկարահանման ավարտից հետո հանգիստ գնում ես տուն: Այդ ամբողջ ցավն ու չիրականացած երազանքները քեզ հետ ես տանում՝ անընդհատ օգնելու տարբերակներ մտածելով: Իմ ֆիլմերում միշտ ինչ-որ քաղաքական գիծ կա: Ճիշտ է, ես կինոռեժիսոր եմ, ոչ թե քաղաքական գործիչ, բայց փորձում եմ որևէ բան փոխել, առաջ տանել, շարժ ստեղծել: Չգիտեմ, «Կանանց գյուղը» ֆիլմը որքանով օգնեց, բայց նկարահանումների ավարտից հետո չորս կանանցից երկուսի ամուսինները վերադարձան Հայաստան՝ հասկանալով, որ տարիներն անցնում են, և արդյունքում մնում է չապրված մի կյանք: Ես երջանիկ եմ, որ այսօր գոնե այդ երկու ընտանիքները վերագտել են ընտանեկան ջերմությունը:
Դեռևս կաղապարված և չֆինանսավորվող հայկական կինոն
-ժամանակակից համաշխարհային կինոյում, իհարկե, կան լավ ֆիլմեր, լավ ռեժիսորներ, բայց հիմնականում ինձ դուր չեն գալիս այդ ֆիլմերը, որ ստեղծվում են հանդիսատեսի պահանջով: Հայաստանում էլ այլ խնդիրներ կան. մենք դեռ շատ պարփակված ենք, ազատություն չունենք, չենք կարողանում հաղթահարել խորհրդային կաղապարները, ինչն էլ խանգարում է դուրս գալ դեպի կինոյի մեծ աշխարհ։ Երբեմն ինձ հարցնում են ի՞նչ եմ անում, որ ֆիլմերս հայտնվում են մեծ փառատոներում: Իրականում ոչինչ չեմ անում, պարզապես առավել բաց եմ, գնում եմ ռիսկերի:
Ուրախալի է, որ այսօր Հայաստանում մեծացել է կին ռեժիսորների թիվը։ Կանայք տղամարդկանցից ավելի շատ են ռիսկի գնում: Մենք կարող ենք առաջ գնալ, պարզապես պետք է օգնել ռեժիսորներին, հատկապես երիտասարդներին, օգնել պետական աջակցությամբ, ֆինանսավորմամբ, որովհետև եթե պետությունը չհասկացավ, որ կինոն իր կարիքն ունի, ապա մենք այդպես էլ չենք ունենա նորմալ ֆիլմարտադրություն: Վրաստանում կինոն ծաղկում է ապրում, և դա բնավ չի նշանակում, որ վրացիները մեզնից ավելի տաղանդավոր են, պարզապես պետությունը հասկացել է, որ կինոն պետք է իրենց, և նրանք ներդրումներ են անում ոլորտի զարգացման համար:
Պետք է ռիսկի դիմել
-Ես մեծացել եմ արվեստագետների ընտանիքում, շուրջս ամեն ինչ արվեստի շնչով է լցված եղել, այնպես որ, անկախ իմ կամքից և եղած դժվարություններից, պիտի պատկանեի այս աշխարհին: Շատ եմ ուզում, որ հայկական կինոյի կյանքում ամեն ինչ լավ լինի, որ վերջապես ունենանք այդ թիկունքը: Մենք տաղանդների պակաս երբեք չենք ունեցել, ուղղակի պիտի ուժ գտնել և ռիսկի դիմել…
Արփի Խաչատրյան