Լևոն Գալստյան․Արցախը սովորական երևույթ չէ
«Չեմ սիրում, երբ գործ ես անում և հետո խոսում դրա մասին. չէ՞ որ գործն ինքն է իր մասին խոսում: Հիմա ես չգիտեմ՝ իմ խոսքով ավելի շատ կխանգարե՞մ, թե՞ կօգնեմ»:
Ահա, հենց այս մտորումերով էլ սկսեցինք մեր զրույցը «Միստիկ երկիր Առան» վավերագրական-խաղարկային ֆիլմի սցենարիստ, կինոդրամատուրգ Լևոն Գալստյանի հետ։
Արդեն կայացել են կինոնկարի առաջին երկու ցուցադրությունները՝ Ստեփանակերտում և Երևանում։ Արցախի մասին պատմող պատմական ու հոգևոր այս ժապավենը կունենա ռուսերեն և անգլերեն տարբերակներ նույնպես։
Որակյալ աշխատանք պահանջող թեմա
-Արցախը սովորական երևույթ չէ, սովորական թեմա չէ և հավելյալ մեկնաբանության կարիք էլ չունի: Ուստի Արցախի մասին ֆիլմի պարագայում կամ պիտի որակյալ աշխատանք անես կամ ընդհանրապես մոտ չգաս այդ թեմային: Դրա համար էլ ֆիլմի առաջին երկու ցուցադրությունները Ստեփանակերտում և Երևանում հույժ պարտավորեցնող էին: Որքան էլ մենք լարված էինք ու մտահոգ, ինչը պրեմիերիայի ժամանակ բնորոշ է բոլոր ֆիլմերի հեղինակներին, ավարտին հաճելի էր լսել դրական արձագանքներ և հասկանալ, որ հանդիսատեսին փոխանցվել էին մեր խոհերն ու հույզերը: Իսկ ստեղծագործող մարդուն դրանից առավել ոչինչ պետք չէ: Այս ֆիլմը մեր ստեղծագործական խմբի տեսլականն է, մեր պատկերացումների, ընկալումների ու մոտեցումների ամբողջացումը: Այստեղ չկա քաղաքական ենթատեքստ, որովհետև դա մեր խնդիրը չէր: Սա միավորող, մարդկանց մեկ դիտանկյունի բերող, բոլորիս համար նվիրական արժեքների մասին հիշեցնող գործ է:
Արցախի թեմի վերաբացման 30-ամյակը
-Ռուսաստանաբնակ բարերար Արթուր Ջալալովը, որն, ի դեպ, Ջալալյանների հայտնի իշխանական տոհմի շառավիղն է, ի թիվս Արցախում արած բազում բարեգործությունների, որոշեց նաև ֆիլմ ստեղծել Արցախի մասին: Այդ նպատակի իրագործման համար նա դիմեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Երբ մեկ տարի առաջ Շուշիում ցուցադրեցինք աստվածամուխ Սուրբ Գեղարդի մասին պատմող «Սուրբ Գեղարդ. Զէն Կենաց» ֆիլմը՝ շեշտադրելով գեղարդի զորության խորհուրդն ու Հայաստանի առաքելությունը՝ որպես գեղարդը պահ տրված երկրի, սրբազանը հավանեց մեր աշխատանքը և առաջարկեց նկարահանել ֆիլմ Արցախի մասին:
Փաստերից անդին
-Սա իմ երկրորդ մասնակցությունն է Արցախի թեմայով նկարահանված ֆիլմերին: Առաջինը «Մի՛ վախեցիր» գեղարվեստական հեռուստատեսային ֆիլմն էր, որը պատմում է այն մասին, թե ինչպես է մարդը սահմանային իրավիճակում ակամա բացահայտում իր առաքելությունն այս կյանքում: «Միստիկ երկիր Առան» ֆիլմում խոսում ենք ոչ թե մարդու, այլ մի ամբողջ երկրի հոգու մասին: Ինչպես մարդը, բացի մարմնից, ունի հոգի, այնպես էլ երկիրն ունի մարմինն ու հոգին: Այս հայացքով էլ դիտարկել ենք ողջ կինոպատումը՝ փորձելով տեսնել՝ ինչ կա փաստերից անդին: Անշուշտ, դեռ շատ ֆիլմեր պետք է նկարահանվեն Արցախի մասին, որոնք ակադեմիական պատմագիտության դիրքերից խնամքով կհետազոտեն թեման, ցույց կտան Արցախ աշխարհի հայկականությունը, հարուստ պատմությունն ու մշակույթը, պատմական հայրենիքի անբաժան մաս լինելը և այլն:
Մե՛ր խնդիրն էր տեսնել, թե մարդկության քաղաքակրթական պատմության համատեքստում ինչ տեղ ունի Արցախը, ովքեր են ապրում այստեղ, ինչ խնդիր է այստեղ լուծվում, սա ինչ բախում է, և ո՞րն է դրա վերին իմաստը:
Պարգև Սրբազանի ներքին տեսողության խորը շերտերը
-Սցենարի զարգացման աշխատանքները հեշտ չընթացան: Նյութը պահանջում էր կենտրոնացում և որոշակի ներհայեցում, որովհետև եթե հոգևոր հայացքով ես փորձում ընկալել պատմական փաստերն ու տվյալները, պահանջվում է ներքի՛ն տեսողություն: Այդտեղ է, որ անգնահատելի էր Պարգև սրբազանի աջակցությունը: Նա իր արժեքավոր խորհուրդներով հոգևոր տարածքում պահեց ստեղծագործական խմբին: Ֆիլմում ունենք հոգևորականի կերպար, որը մարմնավորում է Ամարասի վանքի վանահայր Հայր Գեղարդ Աբեղա Հովհաննիսյանը: Նա քայլում է Արցախ աշխարհով՝ մեր պատմությունը ներկայացնելով այն դիտանկյունից, որ Արցախի հոգևոր կենսագրությունը մի յուրատեսակ ճամփորդություն է դեպի անցյալ: Ընդհանրապես կյանքը որպես ճանապարհ դիտարկելու խորհրդանիշը մարդկային քաղաքակրթության հնագույն ընկալումներից է, որն առկա է շատ դավանանքներում: Ճանապարհ ի լույս, դեպի տուն կամ վերադարձ դեպի տուն. ո՞րն է այս չընդհատվող հավերժական պտույտի էությունը, ի՞նչ է այսօր վճռվում քաղաքական իրադարձությունների խաչմերուկ Արցախում, գուցե վճռվում է մարդկության զարգացման հետագա ընթա՞ցքը: Այս հարցերի պատասխանները որոնելիս հասկանում ես՝ սա արդարության և անարդարության միջև մղվող մի մեծ ճակատամարտ է, որի էությունը հասկանալու համար, ի վերջո, մենք հանգեցինք Հայկի և Բելի նախադեպային բախմանը՝ նրանց տիեզերական հարատև հակամարտությանը: Առասպելի և պատմության փաստերը միահյուսելով՝ մենք փորձում ենք տեսնել երևույթների խորքը, ընկալել հայ մարդու դարավոր պայքարի հոգևոր խորհուրդը: Որքան էլ մեր պատմության աչքերը խոնավ են, միևնույնն է, այդ խոնավությունից լույս է ճառագում: Առան-Արցախ աշխարհն ինքն էլ լույսի ծնունդ է, և, ինչպես ֆիլմում է ասվում, անկասելի է Լույսի ճամփան:
Պատմական հենքին հավատարիմ
-Սցենարը մշակելիս օգտվել եմ բազմաթիվ պատմական ու գիտական աղբյուրներից, որպեսզի ֆիլմի պատմական հենքը երերուն չլինի: Իհարկե, կինոյի լեզուն ունի իր յուրահատկությունները, մանավանդ, երբ ուզում ես փաստից այն կողմ տեսնել, բայց դա չպիտի արվի պատմական արժանահավատության հաշվին: Ինձ օգնեցին Լեոյի, Բագրատ Ուլուբաբյանի, Վահրամ Բալայանի և այլոց աշխատություններն ու հաճախակի խորհրդակցությունները մասնագետների հետ: Մեր նպատակն, իհարկե, ուսումնաճանաչողական ֆիլմ նկարահանելը չէր, բայց բոլոր ներկայացված փաստերը պետք է լինեին ճշգրիտ:
Հոգևոր դիտանկյունից
–Մեր ֆիլմը հայ մարդու հոգևոր հայացքն է Արցախ-Դրախտին, որն, ինչպես ֆիլմում ենք ասում, մի ուրույն դրախտ է դրախտում: Մենք պետք է ինքներս մեզ լավ ճանաչենք, բայց դա անենք աշխարհի առջև բաց լինելու պայմանով: Մեր պատմությունը չպետք է լինի աշխարհից մեկուսացած ինչ-որ փակ համակարգ, այլ դիտվի այլոց հետ դարավոր շփումների համատեքստում: Ֆիլմում սյս դիտանկյունից ենք փորձում տեսնել մեզ: Կարծում ենք՝ այն կհետաքրքրի նաև միջազգային լսարանին: Ի դեպ, ֆիլմն արդեն թարգմանված է ռուսերենի. կպատրաստվի նաև անգլերեն տարբերակը:
Ֆիլմի հերոսները
-Ֆիլմի հերոսները արցախցիներն են և Արցախ աշխարհը՝ Առանը, որն Արցախի հնագույն անվանումն է, հոգևոր ակունքը, մի յուրատեսակ «Երկիր Նաիրի»: Աշխատել ենք պատմական ժամանակն ու տարածությունը ընկալել որպես մեկ ամբողջություն: Կարծում եմ՝ ֆիլմն իր տոնայնությամբ լիովին պատշաճում է Արցախի թեմի հոբելյանական 30-ամյակին:
Կինոլեզվի պահանջները
-Ֆիլմում մնացել է նախապես գրված տեքստի ընդամենը 40 տոկոսը, ինչը որքան էլ «դաժան» լինի սցենարիստի համար, ամեն դեպքում անհրաժեշտորեն բխում է կինոյի պահանջներից: Աշխատանքի ընթացքում նախօրոք գրվածը վերածվում է կինոլեզվի: Սցենարիստները հաճախ են կանգնում գայթակղության առջև: Ի վերջո, ունենք հարուստ պատմություն և մշակույթ, որը ներկայացնելու համար մի քանի ժամն անգամ չի բավականացնի: Ուստի պիտի փորձես թողնել ամենաէական, հանգուցային, ասելիք ունեցող դիպվածները: Դրա համար շատ լավ եմ հասկանում ֆիլմի ռեժիսոր, իմ լավ բարեկամ Հրանտ Մովսիսյանին, որն ինձ միշտ պահում էր կինոյի տրամաբանության, կինոլեզվին անհրաժեշտ պահանջների տարածքում:
Վավերագրական–խաղարկային ֆիլմ
-Ֆիլմը ժանրով և´ վավերագրական է՝ հագեցած պատմական փաստերով, և´ խաղարկային, որովհետև կան պատմության բեմադրված դրվագներ: Ժամանակակից վավերագրական կինոյում ընդունված է խաղարկային տարրեր ներմուծելը: Կարծես ինչ-որ բան չի բավարարում և փորձում են այդպես նյութն ավելի ընկալելի ու տպավորիչ դարձնել, ինչը կնկատեք նաև մեր ֆիլմում:
Ֆիլմը հարուստ է նաև անիմացիոն պատկերներով, փաստավավերագրական տարրերով, հնագույն քարտեզներով: Այդ հարցում մեզ շատ օգնեց հրաշալի քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Ի դեպ, այդ քարտեզներն Արցախի հնամենի պատմության, հայկական լինելու ամենաարժանահավատ ապացույցներից են:
Փայլուն է աշխատել ֆիլմի օպերատոր Սուրեն Թադևոսյանը: Հատկապես ուզում եմ նշել պրոդյուսեր Տաթևիկ Հարությունյանի բացառիկ հստակ ու արհեստավարժ աշխատանքը: Կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանն էլ գրել է ֆիլմին օրգանապես միահյուսված տպավորիչ երաժշտություն: Ֆիլմում հնչում է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» շարականից մի հատված՝ աշխարհաբար թարգմանությամբ, իսկ մնացած աղոթքները համարձակվել եմ գրել ինքս: Անդունդների կողքով անցնելու, արևածաղիկների դաշտով շրջելու կադրերն ինձ համար շատ նվիրական են: Ընդհանրապես, այս ամենի ճաշակավոր և բարձրարվեստ ներկայացման համար ես խորապես շնորհակալ եմ ֆիլմի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանին:
«Երախտագիտություն» մեդալ
-Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերն ու ձեր խոնարհ ծառան արժանացանք «Երախտագիտություն» մեդալի: Ինձ շատ դուր է գալիս այդ «երախտագիտություն» բառը, իսկ մեդալը հաճելի անակնկալ էր: Մեծ պատիվ է մասնակցել Արցախին վերաբերող որևէ աշխատանքի և արժանանալ նման պարգևի:
Խորհրդածության հրավիրված հանդիսատես
–Արցախցիների` սեփական հողին հետևողականորեն տեր կագնելու, պաշտպանելու գիտակցությունը բարձրանում է տեղային խնդիրներից և ձեռք բերում համամարդկային բնույթ: Արցախցին ի՞նչ է ուզում. ուզում է ապրել իր պատմական հողի վրա, ապրել ազատ ու անվտանգ, իսկ դրա դիմաց նա ընդամենը պահանջում է, որ հարգեն իր պատմական, իրավական և քաղաքական իրավունքները: Ես համոզված եմ՝ աշխարհը գիտե պատմական ճշմարտությունը, բայց դեռևս չի ցանկանում առերեսվել դրան: Թե ինչպես կփոխվի այդ վերաբերմունքը, ինչ վերջնական հանգուցալուծում կլինի, ցույց կտա ժամանակը: Իսկ այս ամենից դուրս արցախցիները շարունակում են ապրել ու ստեղծագործել իրենց երկրում՝ դրսևորելով կարգապահություն, զսպվածություն, աշխատասիրություն ու զարմանալի խաղաղություն: «Միստիկ երկիր Առան» ֆիլմի խնդիրն է Արցախին բնորոշ խորհրդավորությունն ու մարդկային հույզերը փոխանցել հանդիսատեսին: Այլ կերպ ասած, մենք հանդիսատեսին հրավիրում ենք մեզ հետ խորհրդածելու Արցախի առաքելության շուրջ, ինչը հենց ֆիլմի առաքելությունն է:
Արփի Խաչատրյան
Լուսանկարները՝ ֆիլմի ֆեյսբուքյան էջից։