Բրիտանացի գրող-պոստմոդեռնիստ Ջոն Ֆաուլզի գրքերը, չնայած քննադատների ոչ միանշանակ կարծիքին, նախկինի պես գտնում են իրենց ընթերցողներին ողջ աշխարհում: Իր բազմաշերտ երկերն էկրանավորելը բարդ խնդիր է, բայց և դրանից էլ ավելի ձգողական: Համարձակները, որ ընդունակ լինեն այդ գործն ստանձնելու, այնքան էլ շատ չեն։

«Սև փայտից աշտարակը», 1984 թ.

Ռեժիսոր՝ Ռոբերտ Նայթս

Պայմանականությունների վրա հիմնված խոհեմության և հին բարի կրքերի հակամարտության մասին այս պատմությունն էկրան բարձրացավ իր տպագիր տարբերակի հայտնվելուց 10 տարի անց:

Արվեստագետ-աբստրակցիոնիստ Դեյվիդ Ուիլյամսը (Ռոջեր Ռիս) գնում է նյութեր հավաքելու էպատաժային և ժամանակակից արվեստը քամահրող Հենրի Բրեսլիի (Լոուրենս Օլիվիե) մասին պատմող գրքի համար: Կոտմինե կալվածքում նա հանդիպում է երկու գեղեցիկ և տաղանդավոր նկարչուհիների՝ հին «վիշապի» սիրուհիներին: Իսկ Փարիզում նրան սպասում է երիտասարդ կինը: Սիրահարվածության և պարտքի միջև ընտրությունը Դեյվիդի համար իսկական փորձության է վերածվում, որ կարող է ընդմիշտ փոխել իր կյանքն ու ստեղծագործությունը:

Թեպետ Ջոն Մորտիմերի սցենարը բավականին մոտ է բնագրին, իսկ դերասանները վատ չեն գլուխ հանում իրենց կերպարներից, կինոնկարը, որ ներկայացվել էր BAFTA մրցանակի սաունդտրեկի և ռեժիսուրայի համար, չստացավ պարգևներից և ոչ մեկը: Իսկ հանդիսատեսների ամբողջ ուշադրությունը, թվում է, սևեռված էր մերկ աղջիկների վրա՝ հանդուգն պոպ-աստղ Տոյա Ուիլլկոկսի (Այլանդակ-Էննի դերում) և հանելուկային Գրետա Սկակիի (Մուկ-Դիանա):

«Ֆրանսիացի լեյտենանտի կինը», 1981 թ.

Ռեժիսոր՝ Կարել Ռեյշ

Գրողի կոմերցիոն առումով ամենահաջող վեպի բախտը բերել է նաև էկրանավորման հարցում: Մելոդրաման՝ գլխավոր դերերում Մերիլ Ստրիպի և Ջերեմի Այրոնի մասնակցությամբ, բազում գովասանական արձագանքների և միանգամից մի քանի հեղինակավոր պարգևների արժանացավ, թեկուզև մեծ ջանքերի գնով: Ըստ բրիտանացի պոստմոդեռնիստի ստեղծագործության սցենար գրելու անհաջող բազմաթիվ փորձերից հետո Ֆաուլզին դժվարությամբ հաջողվեց համոզել Կարել Ռեյշին հանձն առնելու գնալ այդ արկածախնդրությանը:

Ռեժիսորի գաղափարը` պատմության երեք հեղինակային եզրափակիչ մասերից երկուսը սյուժետային երկու գծերի միջև բաշխելու, որքան էլ տարօրինակ է, շահեկան եղավ: Արդյունքում, վիրտուոզ-սցենարիստ Հարոլդ Պինտերի քրտնաջան աշխատանքից հետո, Այրոնին և Ստրիպին հարկ եղավ խաղալ երկուական դեր. վիկտորիանական Անգլիայում նրանք ներկայացնում են հնէաբան Չարլզ Սմիթսոնին և կասկածելի անցյալ ունեցող Սառա Վուդրաֆին, իսկ ժամանակակից Ամերիկայում՝ նրանք սոսկ դերասաններ են, որ խաղում են այդ դերերը: Ամենահետաքրքրականը, անշուշտ, սկսվում է այն ժամանակ, երբ իրականը և երևակայականը հանկարծ միահյուսվում և միաձուլվում են:

«Մոգը», 1968 թ.

Ռեժիսոր՝ Գայ Գրին

Ժամանակին «Կախարդը» (այլ թարգմանությամբ՝ «Մոգը») Մեծ Բրիտանիայում ամենաընթերցվող հարյուր գրքերից մեկն էր: Վեպը, որ Ֆաուլզը գրել է դեռ մինչև հռչակավոր «Կոլեկցիոները», հրատարակվել է երկրորդը և այսպես թե այնպես հիշատակվում կամ մեջբերվում է հետագա բոլոր գործերում:

Գայ Գրինի ֆիլմը, որ թողարկվեց գրքի հրապարակումից երեք տարի անց, յուրահատուկ է նրանով, որ սա քմահաճ գրողի իբրև սցենարիստ հանդես գալու առաջին և վերջին փորձն է: Սակայն այդ փորձն ահա եղավ անհաջող: Էկրանավորումը դուր չեկավ ոչ Մայքլ Քեյնին, որ խաղում է գլխավոր դերը, ոչ անձամբ Ֆաուլզին:

Վտանգավոր արկածային պատմությունը, որի մեջ ընկնում է ուսուցիչ Նիկոլաս Էրֆեն ոչ մտացածին հունական Ֆրակսոս կղզում, հարկ եղավ թեթևակի կրճատել, անհետացան նաև որոշ երկրորդական կերպարներ: Էնտոնի Քուինը, արդեն իսկ տեր լինելով երկու «Օսկարի», վարպետորեն խաղաց «մոգ» Մորիս Կոնչիսի բոլոր դիմակները, բայց կինոնկարը, ցավոք, դա չփրկեց:

«Կոլեկցիոները», 1965 թ.

Ռեժիսոր՝ Ուիլյամ Ուայլեր

Ջոն Ֆաուլզի ստեղծագործության երկրպագուները գիտեն, որ հեղինակին ժողովրդականություն բերեց առաջին իսկ վեպը: Սակայն քչերին է հայտնի, որ հռչակավոր էկրանավորումից գրողը դժգոհ էր, ինչը և նրան մղեց անձամբ ստեղծելու «Մոգի» սցենարը:

Ուիլյամ Ուայլերի թրիլլերը թեև կարողացավ ստանալ միանգամից երեք «Օսկար» և Կաննի երկու արծաթե ճյուղ տղամարդու և կնոջ լավագույն դերերի համար, ամեն դեպքում անխուսափելիորեն պարզունակացնում էր Ֆաուլզի մտահղացումը: Հանցագործությունը մոլագարի և զոհի տեսանկյունից նկարագրելու գյուտը պարզվեց չափազանց բարդ է էկրան տեղափոխելու համար, Ֆրեդերիկը Թերենս Սթեմպի կատարմամբ անչափ համակրելի է ներկայանում «Կալիբանի» համար, իսկ դյութիչ Սամանթա Էգգարի Միրանդան արդեն այնպես անմեղ չի թվում, ինչպես իր գրքային քույրը: Միևնույն ժամանակ բոլոր զուգահեռները շեքսպիրյան «Փոթորիկի» հետ խնամքով պահպանված են սցենարիստների կողմից, ինչի շնորհիվ Կլեգգի տանը և Միրանդայի «բանտում» տիրող մթնոլորտը հաղորդված է բոլոր մանրամասներով. ինտերիերը մշակված է մինչև վերջին մանրուքը, իսկ Մորիս Ժառի («Ուրվականի» կոմպոզիտորը Պատրիկ Սուեյզիի հետ) երաժշտությունը հույզերն ու զգացումները, որ նկատվում են գլխավոր հերոսների աչքերում, ավելի ծավալուն և թափանցիկ են դառնում:

Պատրաստեց Ռուզան Բագրատունյանը