Գրքի երևանյան 3-րդ փառատոնի օրերին, գրքերի և հրատարակչությունների առանձին տաղավարներից բացի, այս տարի կազմակերպվեցին նաև տարբեր ճանչողական ու հետաքրքիր հանդիպում-քննարկումներ, վարպետության դասեր, գրքերի շնորհանդեսներ։

Հերթական հանդիպումը «Կինո և գրականություն» խորագրով էր. բանախոսները կինոգետ Կարեն Ավետիսյանն ու արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանն էին։ Զրույցը ծավալվեց համաշխարհային կինոյի, հանրահայտ գրական գործերի ստացված և չստացված էկրանավորումների շուրջը։ Տեսական դատողություններ, առանձին օրինակներ, խոհեր ու կարծիքներ կինոյի ու գրականության ընդհանրությունների, տարբերությունների մասին. առանձնացնենք բանախոսների մտորումների ու տեսակետերի ամենաէական հատվածները։

Հրաչյա Սարիբեկյան– Կան արվեստի տեսակներ, որոնք տեսողական ընկալում են պահանջում՝ տարածական են, օրինակ՝  քանդակագործություն, կերպարվեստ, իսկ արվեստի մյուս տեսակները լսողական ընկալում են պահանջում, այսինքն՝ ժամանակային են՝ երաժշտություն, գրականություն։  Կինոն համադրում է ժամանակային և տարածական արվեստները, պահանջում է և՛ տեսողական, և՛ լսողական ընկալում։ Կինոյում մեկտեղվում են երաժշտությունը, գրականությունը, պատկերը։ Գրականությունը պատկերային մտածողություն է, այսինքն՝ ստեղծել գրականություն  նշանակում է մտածել պատկերներով։ Պատկերն ստեղծվում է լեզվի միջոցով։ Նույնն անում է կինոն, բայց առանց լեզվի։ Կինոն մինչև իր ստեղծվելն արդեն կար գրականության մեջ։

Ի՞նչ դարձավ կինոն գրականությունից հետո

Կինոն շատ կոնկրետ արվեստ է և իր պատկերներով կոնկրետ ընկալում է պահանջում։ Ի տարբերություն կինոյի՝ գրականությունն իր պատկերներով երևակայության համար շատ ավելի լայն տեղ է թողնում։ Գրողներին հայտնի փաստ է. եթե  ուզում ես գեղեցիկ  աղջիկ նկարագրել, արտաքինը մի ներկայացրու,  դա ընթերցողի երևակայությանը թող։  Կինոյում ռեժիսորը կարող է դիմել երևակայությանը, բայց եթե ուզում է նկարագրել, որ աղջիկը գեղեցիկ է, ուրեմն պետք է էկրանին գեղեցիկ աղջիկ ցույց տա։

Ի՞նչ դարձավ կինոն գրականությունից հետո, և ի՞նչ դարձավ գրականությունը կինոյից հետո

Այս հարցին պատասխանելու համար  նույնն է, թե դիտարկենք գեղանկարչություն -լուսանկարչություն հարաբերակցությունը։ Ի՞նչ ազդեցություն է թողել գեղանկարչությունը լուսանկարչության վրա։ Ի՞նչ ազդեցություն է թողել կինոն գրականության վրա իր ստեղծումից ի վեր։

Կարեն Ավետիսյան– Վիզուալ արվեստի ընկալման երկու մեծ տեսաբանների՝ Անդրե Բազենի և Ժիլ Դելյոզի  տեսություններին անդրադառնանք։ Բազենի տեսությունների  հիման վրա ստեղծվեց ֆրանսիական նոր ալիքը։ Նրա համախոհները՝ Ժան Լյուկ Գոդարը, Ֆրանսուա Տրյուֆոն ստեղծեցին իրենց կինոն։  Բազենը 1950-ականներին էր խորհում կինոյի մասին, երբ կինոն  ընդամենը 60 տարեկան էր և մարդկանց գիտակցության մեջ որպես արվեստի տեսակ դեռ լիարժեք  չէր էլ հաստատվել, և դեռ չէր եկել ռեժիսորների այն սերունդը, որի կարծիքով կինոն սինթետիկ արվեստ է։ Նրանց մեջ կային նաև սովետական արվեստագետներ, որոնց կարծիքով կինոյի հիմքը թատրոնն է։ Նույնիսկ հիմա  բուհերում կան դասախոսներ, որոնք այն համոզմունքն ունեն, թե կինոն սկիզբ է առել թատրոնից կամ գրականությունից։ Եվ նոր սերունդներն էլ այդ համոզմունքը ժառանգաբար շարունակում են։ Բայց օրինակ՝  մեզ դուր գալի՞ս է թատերականացված կինոն. ո՛չ, դուր չի գալիս։ Նման դեպքերում մենք քննադատաբար ասում ենք՝ կարծես ոչ թե ֆիլմ, այլ թատրոն նայելիս լինեինք։ Կինոն՝ որպես հաստատված առանձին արվեստ, պայմանականորեն փոխանցում է տվյալ ժամանակը, պատմությունը և ոչ միայն։ Անդրե Բազենը,  1952 թվականին անդրադառնալով արվեստի տեսակներին, նշում է, որ ցանկացած արվեստ փոխազդեցություն ունի իր նախորդից, օրինակ՝ քանդակն ու գեղանկարչությունը։ Քանդակի առանձնահատկությունները հաճած են արտահայտվել գեղանկարչության մեջ։ Բայց եկավ մի ժամանակաշրջան. պայամանականորեն այդ ժամանակաշրջանում մատնանշենք Ռաֆայելին, Միքելանջելոյին և Լեոնարդո դա Վինչիին։ Եթե Ջոտտոյի ժամանակ գեղանկարչության և քանդակի փոխազդեցությունն ակնառու էր, ապա Ռաֆայելի և դա Վինչիի գործերը նայելիս համոզվում ենք, որ այդ փոխազդեցությունը մարել է.  նույնքան ինքնուրույն ու ինքնաբավ են, որքան Միքելանջելոն, այիսնքն՝ գեղանկարչությունն ինքն իրենով լիովին հաստատվել ու առանձնացել էր։

Այնուամենայնիվ, կինոն սինթետի՞կ արվեստ է

Կարեն Ավետիսյան-Շատ ռեժիսորներ կան, որոնք ջանասիրաբար ապացուցել են, որ կինոն սինթետիկ արվեստ չէ։ Արտավազդ Փելեշյանն ասում է. «Կինոն ոչ թե  սնվում է  թատրոնից կամ գրականությունից, այլ սնվում է  մի տեղից, որտեղից սնվում են առանձին  թե՛ գրականությունը, թե՛ թատրոնը, թե՛ կինոն»։ Պայմանական դրա անունը դնենք մեդիում, որտեղից սնվում են արվեստի ճյուղերը, այսինքն՝ կրում են ազդակներ։ Եթե կինոն իր տեխնիկական միջոցներն ավելի վաղ ունենար, շատ ավելի վաղ կստեղծվեր։ Անդրադառնալով Հրաչյայի մեկնաբանությանը, թե գրականությունը երևակայության ավելի լայն ու մեծ հնարավորոթյուններ է տալիս, իսկ կինոն, ընդհակառակը, մարդուն սահմանափակում է ռեժիսորի կողմից առաջարկված մոդելով, անդրադառնամ Ժիլ Դելյոզին։  Նա ասում էր, թե այն պատկերաշարը, որ  մենք տեսնում ենք մութ դահլիճում, էկրանին, ճիշտ է առաջարկված է ռեժիսորի կողմից, բայց մեկնաբանությունը, ընկալումը, տպավորությունը մեր գլխում, մեր ներսում է կատարվում։ Անկախ այն բանից, թե ռեժիսորն ինչ է ասում, մարդիկ նրա ասածն ընկալում են յուրովի, անհատապես։

Կինոյի և գրականության փոխազդեցությունները

20-րդ դարի գրողներն արդեն կինո տեսել էին ու նրանց գիտակցությունն այնպիսին չէր, ինչպիսին էր մինչև կինո տեսնելը։ Եվ նրանք սկսեցին կինեմատոգրաֆիկ գրել։

Հրաչյա Սարիբեկյան-Շատ հետաքրքիր մի փաստ կա՝ մինչև 20-րդ դարասկիզբ գրականությունը չէր փորձել մտնել մարդու գիտակցական  աշխարհ։ Լև Տոլստոյի գրականության մեջ , օրինակ, տեսնում ենք գիտակցության հոսքի արտահայտություններ։ Գիտակցության հոսքի գրականությունն առաջացավ 20-րդ դարում։ 19-րդ դարում, քանի դեռ կինոն չկար, գրականությունն ավելի պատկերային էր։ Հենց կինոն ստեղծվեց, գրականությունը փորձեց մեկ ուրիշ արտահայտչամիջոց գտնել՝ մտնելով մարդու ներաշխար ու գիտակցական աշխարհ։

Հետաքրքիր է, որ կինոն ստեղծվեց այն ժամանակ, երբ գրականությունն ամենից շատ էր փոխարինում կինոյին. այդ ժամանկ էին ստեղծվում ամենահաստափոր ու ծավալուն վեպերը, որոնք շատ նման էին էկրանացումների։ Արձակագիրները տարբեր թերթերում ու պարբերականներում գրում ու տպագրվում էին հատվածաբար, ինչպես սերիալներ։ Ընթերցողներն անհամբեր սպասում էին, թե երբ է վեպի հաջորդ հատվածը հրատակվելու, որպեսզի իմանան հերոսների ճակատագիրը։ Գրողները դիտավորյալ էին հատվածաբար հրատարակում իրենց վեպերը, որպեսզի հետաքրքրության, ոգևորության ալիքը երկար տևի։ Հենց այդ ժամանակ ծնվեց կինոն, ծնվեց այն ժամանակ, երբ պիտի ծնվեր։

Գիրքն ՝էկրանին

Կարեն Ավետիսյան -Նախորդ դարասկզբին գրողների ստեղծագործությունների ճշգրիտ էկրանացումները բարձրարժեք էին համարվում։ Դրա պատճառն այն էր, որ ռեժիսորները, նաև հանրությունը մեծ ակնածանք ունեին այդ գրողների նկատմամբ։ Մեկ այլ պատճառ կար. կինոն այդ ժամանակ մանուկ արվեստ էր, որն իր կողքին ուներ պատկառելի տարիքի արվեստ՝ գրականություն. մանուկը հաճախ ընդօրինակում էր տարեցին՝ գնահատելով ու հարգելով նրա մեծությունը, ավանդը։  Հետո կինոյի ինքնահաստատման ժամանակները մեկ այլ փուլ թևակոխեցին. ստեղծվեցին գրական գործերի էկրանացումներ, որոնք գրական հիմքից շատ տարբեր էին։ Օրինակ՝ «Մադամ Բովարի» ֆիլմը տուժեց իր վերնագրի պատճառով։ Եթե այն այլ վերնագիր ունենար, կընկալվեր որպես հաջողված  ֆիլմ՝ ոչնչով չզիջող այլ ֆիլմերի, որոնք «Մադամ Բովարի» վերնագրով գրական հենք չունեին։ Ֆիլմն ընկալվեց իբրև համանուն վեպի ստվեր։

Հրաչյա Սարիբեկյան-Հաճախ կինոն արժեզրկելէ գրականությանը։ Օրինակ՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» կամ «Թշվառները» ֆիլմերը  Վիկտոր Հյուգոյի երկու հրաշալի ստեղծագործությունների վրա ստվեր են գցել։ Մինչդեռ պետք էր ընթերցել և ընկալել այդ վեպերի բազմաշերտությունը։ Ի վերջո, կինոն վերցնում է գրական ստեղծագործության մեկ շերտը, օրինակ՝ սյուժեն, մինչդեռ գիրքն ընթերցելիս այնքա՜ն անտեսանելի ու խոր զգացողություններ ենք ապրում։ Ամեն ընթերցող գրական երկից վերցնում է՝  ըստ իր ընկալման, ինտելեկտուալ  կարողությունների, իսկ  ռեժիսորները,  հաճախ վերցնելով գրական գործի միայն մեկ շերտը, արժեզրկում են այն։ Կա նաև հակառակ պատկերը, երբ ֆիլմն ուղղակի փրկում է գրական ստեղծագործությանը։ Երբ գրական դաշտը հեղեղված է տարբեր ստեղծագործություններով, կինոն սեղմ ժամկետում էկրանին ներկայացնում է որևէ գրական գործ՝ այն ավելի ճանաչելի դարձնելով հանրությանը։

Կարեն ԱվետիսյանԱնժեյ Վայդայի վրա ճնշումներ են եղել, թե ինչու է նա Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» ներկայացրել այլ կերպ։ Իսկ նա ասում էր, որ իր առաջ նպատակ չի դրել «Վարպետը և Մարգարիտան» էկրանացնել, ինչպես վեպն է։ Մեկ ուրիշ օրինակ՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը որքան հրաշալի է։ Գրքում ամերիկացի Կեն Կիզին պատմությունը ներկայացնում է հնդկացու տեսանկյունից։ Իսկ չեխ Միլոշ Ֆորմանը պատմությունը ներկայացնում է  եվրոպացու դիտանկյունից։

Կինոյի և գրականության կապը եղել է ու շարունակվելու է։ Այդ կապի արդյունքում գրական գործերը երկրորդ կյանք են ստանում։ Երբևէ որևէ մեկը հստակ մեկնաբանություններով կապացուցի  կինո՞ն է սկզբում առաջացել, թե գրականությունը. Լյումիեր եղբայրների գյուտը նկատի չունեմ։  Հոմերոսի «Իլիականը» կամ «Ոդիսականը» , Սոֆոկլեսի «Անտիգոնեն», Խորենացու «Հայոց պատմությունը» կարդալիս հերոսները, իրադարձությունները, զգացողությունները պատկերաշարով անցնում են մեր աչքի առաջ։ Խնդիրը միայն տեխնիկական միջոցներն են, որ հետո են ի հայտ եկել։ Անգամ մեր նախնիներն են կինո տեսել, երբ քարանձավներում որսի կամ այլ ծեսերի պատկերներ են նկարել։

Նաիրա Փայտյան