22-ամյա Տաթև Մկրտչյանը սովորում է Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում՝ 4-րդ կուրսում: Վերջին տարիներին անփոփոխ հիանում է Էմիր Կուստուրիցայով, վարպետանում Անդրեյ Տարկովսկու աշակերտի մոտ, Google-ի շնորհիվ ճամփորդում Չինաստանում ու 17 տարեկանում ավտոբուսով միայնակ մեկնում Ռուսաստան՝ երազանքի հետևից:

Հա, ու ինչը պակաս կարևոր չէ՝ չի վախենում երևանյան ցրտից (դե՝ պետերբուրգյան եղանակից հետո…): Տաթևի հետ այգիներից մեկում հանդիպում ենք նոյեմբերին: Խոսում մի քիչ կինոյի, մի քիչ էլ՝ ամեն ինչի մասին:

Ավտոբուսով երազանքի հետևից գնալու մասին

17 տարեկանում, երբ ավարտում էի դպրոցը,  ինձ համար մի բան էր հստակ՝ պետք է սովորեմ ՎԳԻԿ-ի (Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ-հեղ.) դերասանական բաժնում:

Ծնվել եմ Ռուսաստանում, հետո՝  7 տարի ապրել Հայաստանում, այստեղ ավարտել դպրոցը: Պատանեկան մաքսիմալիզմն էր մոտս, առանց որևէ այլ տարբերակ նույնիսկ քննարկելու  որոշել էի մեկնել Մոսկվա  ու սովորել ՎԳԻԿ-ի դերասանականում։ Բայց, ճակատագրական էր երևի, ՎԳԻԿ-ի դերասանական բաժին անվճար ընդունվելու համար ինձ պակասեց ուղիղ 1 բալ: Հետաքրքիր է, որ այդ ժամանակ ընդունող հանձնաժողովում մարդիկ կային, որ ինձ առաջարկեցին՝ «հենց հիմա քեզ ընդունում ենք ռեժիսուրայի բաժին», բայց չէ, ես ոչ մի կերպ չէի ուզում:
Մոսկվա մեկնեցի մենակ՝ ավտոբուսով, այդպես ավելի էժան էր. դպրոցական ատեստատս ստանալու նույն օրը, ժամանակ կորցնել չէի ուզում: Ճանապարհը երեք օր էր տևում: Առաջին անգամ գնացի նախնական փուլին մասնակցելու ու  հետ եկա։ Հետո մի քանի օրից, հետ գնացի՝ արդեն հիմնական քննության համար: Երբ անվճար ընդունվել չստացվեց, վերադարձա Երևան:

Մի տարվա ընթացքում շատ մտածեցի: Ինձ համար գիտակցեցի, որ ինչ-որ անհասկանալի ամբիցիաներ ունեմ, որոնք պատճառաբանված են միայն մի բանով՝ այդպես եմ ուզում և վերջ: Այդ շրջանում ինձ շատ էին խորհուրդ տալիս Սանկտ Պետերբուրգը, որոշ ժամանակ հետո ես էլ հասկացա, որ այո, կա այնպիսի քաղաք ինչպիսին Պետերբուրգն է, որը Մոսկվայից ավելի վատը չէ ու նույնիսկ ավելի լավն է:

Հաջորդ տարի անվճար ընդունվեցի Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին, որտեղ հիմա սովորում եմ Կոնստանտին Լոպուշանսկու վարպետության դասարանում: Նա հեղինակային կինոյին հարող վարպետներից է, եղել է Անդրեյ Տարկովսկու աշակերտներից: Մեր դասերից շատերը սկսվում են  այս  արտահայտությամբ՝ «մի օր ես և Անդրեյ Արսենևիչը»…

Ընտանիքի ու «բարի ճանապարհի» մասին

Իմ ընտանիքում կինոյի կամ թատրոնի հետ կապ ունեցող ոչ մեկը չկար: Երազանքիս սկիզբը դասական պատմություն է․ դե փոքրուց էի ուզում, ինչ-որ մանկական ներկայացումներ էի խաղում, աթոռի վրա արտասանում:
Հայրս մասնագիտությամբ պատմաբան էր, որը կյանքի վերջին տարիներին մեղվաբուծությամբ էր զբաղվում, մայրս ինժեներ է։Նա  4 երեխա է մեծացրել։

Դպրոցիս վերջին տարին, տանն ամբողջ օրը «ՎԳԻԿ, ՎԳԻԿ» էի կրկնում, բայց ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում: Հիշում եմ, մի օր մաման մտավ սենյակ ու հարցրեց․ «բա ո՞նց ենք անելու, հետաքրքրվե՞լ ես գները՝ ավտոբուսի ու ինքնաթիռի տարբերությունները»: Հասկացա, որ տանն ասածս ընդունել են: Իրենց համար խաղացի արձակի այն հատվածը, որն ամբողջ տարի պատրաստում էի ընդունելությանս քննության համար, շատ էի աշխատել դրա վրա: Խաղալուց հետո արձագանքն այնպիսին էր, որ զգացի՝ իրենք ինձ շատ վստահ են ճանապարհում, ոնց որ ասեին՝ «դե բա, իհարկե, միանշանակ, պետք ա գնաս»: Հասկացա, որ մի տարվա լռությունն ընտանիքս  ավարտեց  «բարի ճանապարհով»:
Հիմա տանն ինձ շատ են աջակցում, ոգևորում: Այնպես ստացվեց, որ այս ընթացքում քույրս սկսեց սովորել ՎԳԻԿ-ում՝ որպես պրոդյուսեր, ու իմ երկու կուրսայինների վրա միասին ենք աշխատել, հետագայում էլ պլանավորում ենք այդպես շարունակել: Տանն էլ մեզ ներողամտությամբ են վերաբերվում՝ «դե, ստեղծագործող մարդիկ են»:

Կինոճաշակի հեղաշրջումների մասին

Սովորելու  ընթացքում ֆիլմեր շատ-շատ ենք նայում: Երբ նոր էի ընդունվել, հասկացա, որ բավականին որակյալ ֆիլմեր արդեն նայել եմ, բայց դա արել էի ռեժիսոր ընկերներիս խորհրդով: Եթե ինձ չասեին, այդպես էլ երևի չէի հասնի այդ ֆիլմերին:  Ընդունվելուց հետո շատ կինո-հեղաշրջումներ են եղել մոտս: Երևի գլոբալ փոփոխությունն այն էր, որ մինչև ընդունվելը կարծում էի, թե կինոն Հոլիվուդն է, այժմ արդեն քանի տարի հոլիվուդյան ֆիլմերը նայում եմ ուղղակի, քանի որ պարտավոր եմ տեղյակ լինել մասնագիտական նորություններին: Սկսեցի հեղինակային կինո նայել, հետաքրքրվել եվրոպական, արևելյան կինոյով: Հիմա բացարձակ ֆավորիտս Էմիր Կուստուրիցան է: Առհասարակ, շատ եմ սիրում եվրոպական կինոն՝ թեմաները, մատուցումը:

Հայկական կինոյի մասին

Հայկական կինոյի բոլոր նորություններին չեմ ծանոթանում, բայց, այնուամենայնիվ, ինձ հիացնող բոլոր հայկական գործերը շարունակում են լինել խորհրդային տարիներից եկածները: Հայաստանում շատ եմ սիրում կինոյի առանձին ոլորտներ՝ առանձին դերասանների, առանձին օպերատորների, բայց, որպես միասնական աշխատանք, դեռ գլուխգործոցի չեմ հանդիպել:
Վերջերս ինձ շատ դուր եկավ «Քաոս» բազմասերիանոց ֆիլմը: Հիշում եմ, սկսեցի այստեղ նայել, հետո մեկնեցի Պիտեր ու սպասում էի նոր սերիաներին, որ  համացանցով նայեմ: Ինձ զարմացրեց, որ սերիալը կարող է զուտ ուղղակի այդ գույներն ունենալ:

Ուսանողական կինոյի ու հայ դերասանների աջակցության մասին

Աշխարհում ուսանողական կինոն, կարելի է ասել, ժանր է դարձել: Ինչպե՞ս է լինում ուսանող ռեժիսորի ու դերասանի համագործակցությունը: Եթե հնչում է «ուսանողական կինո» անունն ու դերասանին սցենարը դուր է գալիս՝ անկախ նրանից նա ժողովրդական արտիստ է, թե վաստակավոր, նկարահանվում է: Ու ֆինանսական կողմի կամ վարձատրության մասին նույնիսկ խոսք չի գնում՝ չգրված կանոնի պես մի բան է:

Երբ Հայաստան էի գալիս՝ առաջին կուրսային ֆիլմս նկարելու («Խաչապուրի» – հեղ.), լիովին համոզված էի, որ այստեղ էլ նույնն է լինելու: Բայց շատերն ինձ ասում էին  «ի՞նչ ես խոսում, մի համեմատի, ստեղ նման բան չկա: Պիտերից ես եկել՝ չգիտես, հեսա ստեղ նենց փող են կրակելու…»: Արդյունքում իմ առաջին ու հիմա նաև երկրորդ կուրսային ֆիլմում նկարահանվեցին Հայաստանի լավագույն դերասաններից շատերը՝ Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Լալա Մնացականյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Արթուր Մանուկյանը և այլն: Այստեղի դերասաններից և ոչ մեկի հետ նույնիսկ ֆինանսականին մոտ խոսակցություն չի եղել: Պարզապես ներկայացրել եմ սցենարը, նրանց դուր է եկել, նրանք համաձայնվել են: Ինչ եմ ուզում ասել, մարդիկ չեն պատկերացնում, որ այս դերասաններն ու ընդհանրապես ամբողջ նկարահանող անձնակազմը պատրաստ են լիովին անվճար աջակցել իրենց, մի տեսակ ծեծված բան կասեմ, բայց անհնարին բան, իրոք, չկա ու խոսքը միայն իմ դեպքի մասին չէ. դերասաններից շատերը հաճախ ասում են՝ «էս վերջերս մի հատ ուսանողական ֆիլմ կար…»: Աջակցությունն այնքան մեծ է, որ պարզապես խոնարհվում եմ այդ մարդկանց առջև:

Խնդիրների մասին

Ֆինանսներ: Երիտասարդ ռեժիսորի առաջին ու միակ խնդիրը ֆինանսներն են: Կինոն թանկ է: Այո, ինչպես արդեն ասաց հոնորարների վրա գումար չենք ծախսում, բայց կան շատ ու շատ այլ հարցեր, որ մեծ գումարներ են պահանջում: Ես ու իմ համակուրսեցիները կատակում ենք, որ մենք մի տարի ֆիլմ ենք նկարում, հաջորդ մի տարին փակում պարտքերը: Ամեն ինչ մեր հաշվին ենք անում։ Այդ բոլոր գումարները սեփականն գրպանից են, վարկեր են, որոնք վերցնում ենք ծնողների, բոլոր հարազատների անուններով: Լավ կլիներ, եթե լինեին պրոդյուսերական ընկերություններ, որոնք կֆինանսավորեին հենց ուսանողական կինոն: Որովհետև, ըստ էության, ուսանողը չունի ոչ մի խնդիր, ուսանողը կատաղած  մեկն է, ում առջև բոլոր դռները բաց են, եթե նույնիսկ սխալվես, քեզ ոչ ոք ոչինչ չի ասի՝ դու ուսանող ես: Միակ խնդիրը  ֆինանսական է:

Փառատոների ու Google-ի շնորհիվ Չինաստանում ճամփորդելու մասին

Փառատոնը երիտասարդ ռեժիսորին առաջին հերթին տալիս է լսարան: Իմ առաջին՝ «Խաչապուրի» կարճամետրաժ ֆիլմն, արդեն մասնակցել է մի քանի փառատոների: Դրանց օգնությամբ ես հասկացա, թե ինչ եմ արել: Դու նստած ես դահլճում ու ինչ-որ պահի, որի մեջ դու ծիծաղ ես ներդրել՝ մարդիկ ծիծաղում են, մտածում ես՝ ինձ մոտ ստացվեց: Փառատոները տալիս են քո գործի արձագանքը:

«Խաչապուրին» մասնակցել է նաև Չինաստանի Ֆուջոու քաղաքում «Silk Road» փառատոնին ու այդ պատմությունն իրականում շատ հետաքրքիր է:

Իմ ֆիլմն ինստիտուտում համարվում է լավագույններից մեկն այս տարվա համար ու այդ փառատոնին մեր մոտից ուղարկեցին մի քանի ֆիլմ՝ այդ թվում իմը: Պատասխան եկավ, որ փառատոնն ընտրել է երկու ֆիլմ, որոնց թվում չկար իմը: Ինստիտուտում շատ զարմացան ու նամակ գրեցին փառատոնի կազմակերպիչներին՝ ինչպե՞ս է, որ այս մի ֆիլմը չեք ընտրել: Իրենք էլ պատասխանեցին՝ «ինչի՞ մասին է խոսքը, մենք նման ֆիլմ ոչ տեսել ենք, ոչ՝ ստացել»: Պարզվեց, որ ֆիլմն ուղղարկել են Google-ի հղումով, իսկ այն Չինաստանում արգելված է: Հետևաբար, նրանք չեն ստացել ֆիլմը: Ինստիտուտն այլ կերպ ուղարկեց այն, ու երբ արդեն փառատոնի կազմակերպիչները նայել էին ֆիլմը,  պատասխանեցին, որ  «միանշանակ ձեր ուղարկածներից լավագույն աշխատանքն է, բայց, կներեք, կարճ ցուցակն արդեն հրապարակված է, ու մենք այն փոխել չենք կարող»: Արդյունքում, որպես ներողություն կատարվածի համար, ինձ հրավիրեցին Չինաստան՝ որպես փառատոնի հատուկ հյուր:
Այդպես, ես Չինաստանի հարավում, ծովային Ֆուջոու քաղաքում անցկացրեցի 6 օր, որովհետև Չինաստանում Google-ն արգելված է: Հետաքրքիրն այն է, որ փառատոնի մասնակից բուն ֆիլմերի ռեժիսորները ներկա չէին, պարզապես ներկայացվում էին նրանց աշխատանքները, իսկ ես այնտեղ էի որպես հատուկ հյուր․ինձ դիմավորում էին, վարորդի ուղեկցությամբ  ցույց տալիս քաղաքն ու տեղավորում հինգ աստղանի հյուրանոցում: Դա իմ առաջին, այսպես ասած, մեծ ճամփորդությունն էր: Նախկինում միայն Հայաստանում, Վրաստանում ու Ռուսաստանում էի եղել:

Նոր ֆիլմի ու դրանում անձնական պատմության մասին

Այժմ նկարահանվող կուրսայինս իմ առաջին հեղինակային աշխատանքն է․մոտ 25 րոպե տևողությամբ  կարճամետրաժ է: Աշխատանքային անվանում ունի՝ «Փեթակ», բայց այն հաստատ փոխվելու է:
Ֆիլմում անձնական պատմություն է, իրական դեպք, որ եղել է իմ և հորս հետ: Այս ֆիլմը նրան եմ նվիրում:
Հայրս բոլորից գաղտնի ինձ համար գումար էր հավաքում՝ այն պահելով իր դատարկ փեթակներից մեկում: Այդ թաքստոցի մասին ոչ ոք չգիտեր: Պետք է Պիտեր մեկնեի, նա խմած էր: Ճանապարհից առաջ թաքստոցից հանեց գումարը, տվեց ինձ, ես մեկնեցի: Որոշ ժամանակ անց մայրս անհանգստացած ձայնով զանգեց ինձ ու ասաց․ «սարսափելի բան է եղել, հայրդ բոլորիս մեղադրում է ու հիմա բոլորիս կսպանի»: Նա պարզապես մոռացել էր, որ ինձ է տվել այդ գումարն ու փնտրում էր գողին՝ տանը: Այդ պատմությունը ես դարձրեցի սցենար: Զգալի փոփոխություններ են արվել, բայց հիմքն այս դեպքն է: Սրանով քիչ-քիչ մոտենում եմ ժանրին, որին ձգտում եմ: Շատ հաճելի է ստեղծել ու փոխանցել մի բան, որն անձամբ քեզ հետ է եղել, լրիվ այլ զգացողություն է: Առաջին ֆիլմս՝ «Խաչապուրին» մաքուր կատակերգություն էր, դրամատուրգի հետ աշխատած: Առաջինն էր ու դրա համար ըտրեցի մի պատմություն, որն ինձ անձնապես չի հուզում: Պետք է պարզապես գործս անեի, իսկ երբ քո անձնական պատմությունն է զգացողությունները լրիվ այլ են: Կարծում եմ, երկրորդ ֆիլմս պատրաստ կլինի գալիք հունվարին: Երևանում նախատեսում եմ փոքրիկ ցուցադրություն կազմակերպել:

Տաթև Մկրտչյանի խորհուրդ տված ֆիլմերի մասին

Հի՞նգ ֆիլմ պետք է խորհուրդ տամ: Հմմ…Իսկ եթե բոլորը Կուստուրիցայից ստացվե՞ն (ծիծաղում է – հեղ.): Լավ, պայմանականորեն ֆիլմերը կբաժանեմ ըստ ժամանակաշրջանի՝ ժամանակակից կինո ու խորհրդային: Այսպիսի մի բան կստացվի։
Ժամանակակից կինոյից՝ Քրիստի Պույու «Սիեռանևադա», Կանտեմիր Բալագով «Նեղվածք» , Քսավյե Դոլան «Եվ միևնույն է Լորանս», Գասպար Նոե «Սեր», Պավել Պավլիկովսկի «Սառը պատերազմ», Չուն- հո Պոն «Մակաբույծներ»:
Խորհրդային կինո՝ Ռոման Բալայան «Թռիչքներ երազում և իրականում», Հենրիկ Մալյան «Մենք ենք, մեր սարերը», Ալբերտ Մկրտչյան «Մեր մանկության տանգոն», Կիրա Մուրատովա «Ասթենիկ համախտանիշ», Գեորգի Դանելիա «Կաթում էին արցունքները»:

Հ
Գ Տաթև Մկրտչյանի երկու ֆիլմերի նկարահանումներն իրականացրել է «LC production»-ը, որի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/laboratoryofcreativity/)
հնարավոր է հետևել ռեժիսորի աշխատանքներին և բոլոր նորություններին:


Յանա Շախրամանյան