Պորտուգալական կինոյի օրեր
Հայաստանում անց են կացվում Պորտուգալիայի օրեր։ Այս օրերին Պորտուգալիան փորձելու է հնարավորինս բազմազան ու բազմաշերտ նեկայանալ հայ հանրությանը։ Պորտուգալիայի օրերն անց են կացվում ճանաչված հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150 ամյակի շրջանակում։
Այդ առիթով մեր երկիր են եկել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի 27 ներկայացուցիչները։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պորտուգալացի ներկայացուցիչները չեն թաքցրել իրենց հիացմունքը. մեր երկիրը նրանց շատ է դուր եկել։ Պորտուգալիայի օրերը Հայաստանում նաև հրաշալի առիթ են, որպեսզի նրանք ճանաչեն Գալուստ Գյուլբենկյանի հայրենիքը, ծանոթանան հայ մշակույթին ու ավանդույթներին։
Պորտուգալական օրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախաձեռնությունն է։
Պորտուգալիայի օրերը բացվեցին «Մոսկվա» կինոթատրում՝ պորտուգալական ֆիլմերի հետաքրքիր ծրագրով։ 5 օր շարունակ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու վերջին տարիներին նկարահանված պորտուգալական ֆիլմերի հետ։Ֆիլմերի ցուցադրության կազմակերպչական աշխատանքներն իրականցրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Բացի ֆիլմերի ցուցադրությունից այս օրերին լինելու է պորտուգալական բարձր խոհանոցի ներկայացումը «Ասադոր» ռեստորանում (հոկտեմբերի 14-ին): Այդ նպատակով Հայստան է ժամանելու Պորտուգալիայի լավագույն շեֆ-խոհարարը։ Հոկտեմբերի 15-ին տեղի է ունենալու Գալուստ Գյուլբենկյանի ինքնակենսագրական գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։
Շուտով բացվելու է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության առաջին ներկայացուցչությունը Հայաստանում, որը հայ-պորտուգալական մշակութային կապերն ավելի աշխույժ կդարձնի։
Այսպիսով, Պորտուգալիայի օրերը Հայաստանում մեկնարկել են ֆիլմերի ցուցադրմամբ։ Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ղեկավար Վահե Մխիթարյանն այդ առիթով նկատեց. «Կինոն ամենահասանելի միջոցն է, որով կարելի է ցանկացած երկիր և ցանկացած ժողովրդի ճանաչելի դարձնել օտարազգիներին։ Ի՞նչ հարցեր են մտահոգում այսօր հասարակությանը. ֆիլմեր ընտրելիս մեզ այդ խնդիրն է հետաքրքրել։ Որպեսզի Պորտուգալիան հնարավորիս բազմաշետ ներկայացնենք, մենք ընտրել ենք տարբեր ժանրերի ֆիլմեր։ Օրինակ՝ «Զևս» ֆիլմը, որով բացել ենք պորտուգալական ֆիլմերի ծրագիրը, պատմում է Պորտուգալիայի 7-րդ նախագահի մասին, որը թողնում է իր գրասենյակն ու սկսում աշխարհով մեկ շրջագայել։ Կան նաև կարճամետրաժ, պատմական, ինչպես նաև ժամանակակից թեմաներով ֆիլմեր, օրինակ՝ թրաֆիքինգի մասին։ Աֆրիկայից փախստականները գնում են Եվրոպա և մարդկային առևտրի զոհ դառնում։ Ծրագրում ընդգրկված է նաև կոմեդիա։ Չեմ ուզում ֆիլմերի շարքն ամբողջությամբ ներկայացնել, ավելի լավ է կինոդիտողը գա «Մոսկվա» կինոթատրոն ու ծրագրին ծանոթանա էկրանից։ Մուտքն ազատ է. բոլորին հրավիրում եմ։ Պորտուգալիան ճանաչելու հրաշալի հնարավորություն է սա»։
Վահե Մխիթարյանը նաև պատմեց, որ անցյալ տարի Լիսաբոնի կինոփառատոնին ներկայացվել է հայկական 7 ֆիլմ։ Իսկ մայիսին Լիսաբոնի «Սինեմատեկում» ցուցադրվել են Արտավազդ Փելեշյանի 7 ֆիլմերը։ Վարպետը ևս ներկա է եղել. լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը հանդիպել է Արտավազդ Փելեշյանին, լսել նրա խոսքը, դիտարկումները կինոյի մասին։ Վահե Մխիթարյանը հույս ունի, որ Պորտուգալիայում հաջորդ անգամ կանցկացվի հայկական ֆիլմերի փառատոն։ Իր մտադրության մասին նա տեղեկացնելու է մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանին։
Իր հերթին փոխնախարար Արա Խզմալյանն էլ Պորտուգալիայի օրերի, «Գյուլբենկյան» հիմնադրամի, նաև պորտուգալական կինոյի ծրագրի մասին ասաց. «Հատկանշական է, որ պորտուգալական ֆիլմերի օրերն անցնում են Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150 ամյակի շրջանակում։ Դժվար է լիարժեք գնահատական տալ նրա անունը կրող հիմնադրամի գործունեությանը։ Կրթական, հայագիտական մտքի զարգացմանը, հանրայնացմանն ու ճանաչմանն ուղղված հիմնադրամն այս տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարել։ Իր ծանրակշիռ անցյալով հանդերձ՝ «Գյուլբենկյան» հիմնադրամն ապագայում էլ շատ անելիքներ ունի, որովհետև մեր հույսերի, սպասումների, հասարակական լավատեսութան համատեքստում չափազանց կարևոր է, որ Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը ևս միանա մեր հայանպաստ ծրագրերին ու համատեղ ջանքերով ավելի որակյալ նախագծեր իրականացնեք։ Հնարավոր համագործակցության հեռանկարները դեռ կքննարկենք։ Ֆիլմերը շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ մշակույթների փոխճանաչման գործում։ Խոստովանենք, որ մենք շատ քիչ բան գիտենք պորտուգալացիների անցյալի, ներկայի, սոցիալ-մշակութային իրականության մասին։ Վստահ եմ, որ ցուցադրվող ֆիլմերից ահռելի ինֆորմացիա ենք ստանալու»։
Նաիրա Փայտյան