Վերջերս արխիվային փաստաթղթեր նայելիս հանդիպեցի կինոքննադատ  Կարեն Քալանթարի «Ինչպես փակվեց «Արտիստը» ֆիլմը» հրապարակմանը («Кино» թերթ, հոդվածը հետագայում ներառվել է հեղինակի «Обаяние национального кино. Очерки о творчестве Армана Манаряна» գրքում)։ Հեղինակն առանց վարանելու բացել է  «Հայֆիլմ» կինոստուդիայում տիրող անառողջ ու ամոթալի բարքերը․ինչպես էին փակվում ֆիլմերը, այրվում էին նկարված ժապավենները, ոչնչացվում էր ստեղծագործ միտքն ու գաղափարը։ Քալանթարը մի ֆիլմի ողբերգական ճակատագրով («Արտիստը»)  ներկայացրել է «Հայֆիլմի» պատմության ամենաամոթալի ու անպատվաբեր  էջերից մեկը։

«Կինոաշխարհը» իր ընթերցողներին առաջին անգամ ներկայացնում է հայերեն թարգմանված Կ․Քալանթարի «Ինչպես փակվեց «Արտիստը» ֆիլմը» հոդվածը։

1964 թվականի սկզբին «Արտիստը» ֆիլմի փակման հետ կապված հանգամանքները ես համարում եմ ամենաամոթալիներից մեկը «Հայֆիլմ» կինոստուդիայի պատմության մեջ:

Կարող է տարօրինակ թվալ, որ Ա. Մանարյանի ամենաառաջին երկու ֆիլմերի՝ իր դեբյուտի՝ «Տժվժիկի» և «Կարինե» ֆիլմերի միջև ընկած է ստեղծագործական անգործության բավականին երկարատև շրջան՝ հինգ-վեց տարի: Սակայն անգործություն չի եղել: Ընդհակառակը, Մանարյանի համար դրանք եղել են լարված աշխատանքի, չիրականացած հույսերի և դառը հիասթափությունների տարիներ:

«Տժվժիկից» հետո իր հաջորդ աշխատանքը Ա. Մանարյանն ուզում էր անել ժամանակակից նյութի հիման վրա, բայց ստուդիայում, ինչպես ինքն է պարզաբանում, հարմար սցենար չկար, և նա ցանկություն հայտնեց լիամետրաժ կինոնկար նկարել ըստ Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի (դա պետք է լիներ իր դիպլոմային աշխատանքը, քանի որ «Տժվժիկը» նա ներկայացրել էր որպես նախադիպլոմային): Ռեժիսորի առաջարկը պաշտպանեց ստուդիայի ղեկավարությունը և սցենարը գրելու պայմանագիր կնքվեց Ե. Մանարյանի հետ: Սակայն ֆիլմը կարող էր թողարկվել միայն 1963 թվականին, և Արմանը մեկնեց Մոսկվա ավարտելու Կինոյի համամիութենական պետական ինստիտուտը:

Հիշում եմ, թե ինչպիսի կրքեր բորբոքվեցին ստուդիայում այդ էկրանավորման գաղափարի շուրջ: Այդ ժամանակ ես սցենարական բաժնի պետն էի, այնուհետև սցենարական խմբագրական կոլեգիայի գլխավոր խմբագիրը և անմիջականորեն մասնակցում էի այդ հարցի քննարկմանը:

«Հայֆիլմում», իմ գալուց ոչ շատ առաջ, այնտեղ աշխատում էր Կենտկոմի հատուկ հանձնաժողովը, որը կարծես թե տնօրեն Մ. Դավթյանի գործունեության մեջ բացահայտել էր աղաղակող սխալներ: Մեղադրանքներում առանձնապես ջերմեռանդ էր այդ հանձնաժողովի նախագահ, գրական և թատերական քննադատ Ս. Հարությունյանը: Դրանից բացի, հենց ստուդիայում շատերն օգտվեցին առիթից, որպեսզի սևացնեն տնօրենին: Մ. Դավթյանը ազատվեց և նրա տեղը զբաղեցրեց Լ. Արամյանը:

Ստուդիայում «Արտիստի» բեմադրման նախագծի շուրջ ընդհանրապես թերահավատ էին, եթե չասենք թշնամական: Նրա հակառակորդների համար, որոնց թվում քիչ չէին դեմագոգները, Շիրվանզադեի պատմվածքը համարյա թե արցունք քամող մի մելադրամա էր, որ արժանի չէ ստուդիայի ուշադրությանը: Ինչո՞ւ է, հարցնում էին նրանք, կինոինստիտուտն ավարտող երիտասարդ ռեժիսորը կրկին դիմում ոչ ժամանակակից գրականությանը, ինչո՞ւ նրան չեն գրավում մեր ներկա կյանքի հանապազօրյա խնդիրները: Արդյո՞ք դա նորմալ է: Բայց «Արտիստն» ուներ և ջերմ կողմնակիցներ: Չեմ կարող չնշել այստեղ ստուդիայի խմբագիր Երանուհի Մաշուրյանին, որ կրքոտ պաշտպանում էր երիտասարդ ռեժիսորի իրավունքը անելու մի բան, որ ներքուստ իրեն հարազատ է: Ես, և անձամբ Լ. Արամյանն էլ, այդ նույն կարծիքին էինք: Մենք համարում էինք, որ պետք է հնարավորություն ընձեռել Մանարյանին, որն այդքան հաջող կերպով դրսևորել էր իրեն «Տժվժիկում», նկարելու այդ ռոմանտիկ ֆիլմը, որի պատանի հերոս Լևոնը խորապես նվիրված է արվեստին, երազում է արտիստական ապագայի մասին, բայց որի երազանքները ողբերգականորեն խորտակում է կյանքը: Կինոնկարում պետք է շատ երաժշտություն լիներ և դա նույնպես խոսում էր հօգուտ Մանարյանի, որը մասնագիտությամբ երաժիշտ էր: Լևոնի կերպարում կռահելի էր խորապես անձնական ինչ-որ բան Մանարյանի համար:

1962 թվականի կեսերին հիմնվեց Հայկական ԽՍՀ Պետկինոն, որն ի դեմս իր նախագահ Ս. Գասպարյանի եռանդով ձեռնամուխ եղավ «կարգուկանոնի հաստատմանը» ստուդիայում:

Միայն 1963 թվականի սեպտեմբերի երկրորդ կեսին «Արտիստը» ֆիլմի նկարահանման խումբը մեկնեց Օդեսա, որտեղ պետք է նկարվեր կինոնյութի մոտ 70 տոկոսը: Օդեսայում խմբի գործերը չափազանց անբարենպաստ ընթացք ունեցան: Նկարահանող խմբի անդամները խոր ցավ ապրեցին՝ ծանր հիվանդացավ և շուտով կյանքից հեռացավ ֆիլմի գլխավոր օպերատոր Դմիտրի Ֆելդմանը:

Նկարահանումները կատարվում էին Օդեսայի կինոստուդիայի տաղավարում, օպերային թատրոնում և նավակայանում, որտեղ դեկորացիա էր կառուցվել: Արդեն խոր աշուն էր և ծովային ուժեղ քամիները խանգարում էին աշխատանքին, նկարահանումները նավահանգստում արդեն իսկ տապալված էին: Սկսեցին անձրևները և փոթորկալի քամիները ավերեցին դեկորացիան…

Դեկտեմբերի վերջին խումբը վերադարձավ Երևան: Նկարահանված նյութը հավանության չարժանացավ ստուդիայի գեղարվեստական խորհրդի կողմից: Արմանը դա հիվանդագին ընդունեց: Նա հիշում է, որ նյութի հանդեպ գեղխորհրդի բացասական վերաբերմունքը առիթ ծառայեց, որ կուսակցական և արհմիութենական մի քանի ժողովներ կայանան ստուդիայում, որոնք նույնպես նյութը համարեցին անբավարար: Վերջ ի վերջո որոշում ընդունվեց ֆիլմը փակելու մասին: Ոչ թե կասեցման-կոնսերվացման, քանի որ համարեցին, որ այդ դեպքում ստուդիան կկանգնի անհաղթահարելի ֆինանսական դժվարությունների առջև, այլ հենց փակման: Այս որոշումը արժանացավ ԽՍՀՄ Պետկինոյի հավանությանը:

Ա. Մանարյանը պատմում է.

«Օգտվելով ստեղծված իրադրությունից, այն ժամանակվա երկու հայտնի կինոքննադատներ սկսեցին ինձ համոզել, որ հարկ է հաշտվել ֆիլմի փակման հետ, որ դա ճիշտ որոշում է: Կմեղադրեն և կհանեն տնօրենին, ասում էին նրանք, և նրա տեղը մենք կբերենք մեր մարդուն, ստուդիան կդառնա մերը, և այդ ժամանակ դու կշարունակես քո ֆիլմը, մի կասկածիր դրանում: Ես այնպիսի ընկճված վիճակում էի, որ ինձ այլ բան չէր մնում, քան միամտաբար սպասելու, որ ստուդիան ղեկավարի «մեր մարդը» և չեղարկի որոշումը, որը ես համարում էի միանգամայն անարդարացի»:

Ավաղ, այդ «մեր մարդը» շուտով պարզ դարձավ, որ Պետկինոյի նախագահ Ս. Գասպարյանն է, որն էլ հենց այդ ամբողջ շիլաշփոթի հեղինակն էր, հենց նա և իր մերձավոր մարդիկ էին ստեղծել անառողջ իրարանցումը այդ ֆիլմի շուրջ: Հարմար թեկնածու չգտնելով, Ս. Գասպարյանը վճռել էր ինքն ստանձնել ստուդիայի տնօրենի պարտականությունները:

…«Արտիստը» ֆիլմի ճակատագրով հետաքրքրվեց ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միությունը:

Նյութի դիտմանը Մոսկվայում ներկա էին Լ.Կուլիջանովը, Ս. Գերասիմովը, մի շարք ականավոր կինոկքննադատներ և լրագրողներ: Չափազանց հետաքրքրական է Ա. Մանարյանի պատմածը դրանից հետո կայացած քննարկման մասին: Լ. Կուլիջանովն ասում է, որ Մանարյանի մասին լսել է Միխայիլ Կալատոզովից, որը նայել է «Տժվժիկը» Երևանում և երիտասարդ ռեժիսորի դեբյուտի մասին արտահայտվել մեծագույն գովասանքով: Հետո Լ. Կուլիջանովն ինքը ևս ծանոթացել է այդ կարճամետրաժին՝ լիովին կիսելով Մ. Կալատոզովի կարծիքը: Ս. Գերասիմովը հայտարարում է, որ պատանեկության տարիներին եղել է Օդեսայի «Գամբրինուս» պանդոկում և կարծում է, որ Մանարյանը այն շատ հավաստի և համոզիչ է պատկերել: Նա հեգնանքով նկատում է, որ Երևանի գործընկերներին ոչ այնքան նյութը դուր չի եկել, որքան դուր չի գալիս անձամբ տաղանդավոր ռեժիսորը: Լ. Կուլիջանովի և Ս. Գերասիմովի նախաձեռնությամբ որոշվում է, որ նրանք Գորկու անվան կինոստոդիային կառաջարկեն շարունակել ֆիլմի նկարահանումները իրենց մոտ, և որպեսզի կինոնկարը դառնա երկու ստուդիաների՝ «Հայֆիլմի» և Գորկու անվան կինոստուդիայի համատեղ աշխատանքը: Ս. Գերասիմովը խնդրում է Մանարյանին, որ ժամանակ չկորցնելով, վերադառնա Երևան և այնտեղից բերի նկարված նյութի նեգատիվները: Մանարյանին համակած ոգևորությանը սահման չկար:

Սակայն Երևանում նեգատիվների որոնումները ապարդյուն անցան: Ի վերջո լաբորատորիայի պետը թաքուն նրան հայտնեց, որ նեգատիվները այրել են: Թե ում ցուցումով էր կատարվել այդ հանցագործությունը, Մանարյանն այդպես էլ չիմացավ…

Ի պաշտպանություն երիտասարդ ռեժիսորի երկու անգամ հանդես եկավ մոսկովյան «Կոմսոմոլսկայա պրավդան»: Հոդվածների հեղինակները՝ նախ Մ. Կվասնեցկայան, հետո՝ Ն. Զորկայան, վրդովմունքով գրում էին այն բարքերի մասին, որ տիրում էին «Հայֆիլմ» ստուդիայում, դատապարտում էին «Արտիստը» ֆիլմի միանգամայն չհիմնավորված փակումը:

«Այն ժամանակ ես ցնցված էի,- պատմում է Ա. Մանարյանը:- Հետո, տարիներ անց, այդ միջադեպի հետ կապված ես սկսեցի ամոթի կսկծալի զգացում ապրել: Ամոթ նրա համար, թե ինչպես էինք վերաբերվում մենք մեկմեկու: Խորհրդային կինոյի գոյության յոթանասուն տարիներին կարելի է մատների վրա հաշվել այն դեպքերը, երբ այրել են նեգատիվները, և բացի այդ էլ դա արվում էր զուտ քաղաքական շարժառիթներով:

Չարամտորեն նեգատիվները ոչնչացնելու եզակի ռեկորդը,- ավելացնում է Մանարյանը,- պատկանում է «Հայֆիլմին». հենց այդպես էին չարակամները հաշվեհարդար տեսնում իրենց անցանկալի ֆիլմերի և անցանկալի ռեժիսորների հետ: Եվ նրանք հասան իրենց ուզածին՝ չորս տարով ես հեռացա գեղարվեստական կինեմատոգրաֆից»:

Իրեն բաժին հասած հոգեկան տանջանքները ինչ-որ կերպ հաղթահարել Արմանին օգնեց Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի գլխավոր խմբագիր Լևոն Բուդաղյանի առաջարկը՝ փաստագրական ֆիլմ ստեղծել Բյուրականի աստղադիտարանի մասին: Արմանը գնաց Բյուրական, ծանոթացավ բազմաթիվ հայ աստղաֆիզիկոսների, այդ թվում Վ. Համբարձումյանի, Լ. Միրզոյանի, Գ. Գուրզադյանի հետ, վերջինիս հետ նույնիսկ ընկերացավ: Գ. Գուրզադյանի պատմությունները տիեզերքի գաղտնիքների, տիեզերական գիտական հետազոտությունների մասին իրապես գրավեցին ռեժիսորին:

Ֆիլմը նկարվեց և նկարվեց լավ: Աստղաֆիզիկոսները գոհ մնացին: Վ. Համբարձումյանը ֆիլմի օրինակները նվիրում էր այն աստղադիտարաններին, որոնց հետ Բյուրականի գիտնականները գործակցում էին:

Սակայն Մանարյանին սպասում էր ևս մեկ փորձություն: Աստղադիտարանի տարածք մուտք գործելիս բեռնատարը հարվածեց նրան: Արմանը հրաշքով հասցրեց ետ ցատկել, սակայն ուշքի եկավ Աշտարակի հիվանդանոցում, որտեղ նրան խնամում էր այդ հիվանդանոցի բժիշկ, այն ժամանակ ֆուտբոլի հայտնի մեկնաբան Լևոն Դանիելյանը: Արմանը վաղաժամ մահացած այդ մարդու մասին ամենաջերմ հիշողություններ է պահպանել:

Հիվանդանոցում Արմանին այցելում էր իր եղբայր Երվանդը: Մի անգամ նա եկավ Լ. Բուդաղյանի հետ, որն Արմանին հայտնեց, որ «Հայֆիլմ» ստուդիան, որի գլխավոր խմբագիր է վերջերս նշանակվել ինքը, ստացել է Լ. Կարագյոզյանի «Կարինե» սցենարը ըստ Տ. Չուխաջյանի կատակերգական օպերայի և որ համընդհանուր կարծիքով ոչ ոք այդ սցենարով ավելի լավ ֆիլմ չի նկարի, քան Արմանը…

Այդպես Արման Մանարյանը վերադարձավ գեղարվեստական կինո:

Այրված ֆիլմի լուսանկարներից