Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, նոր ուսումնական տարի, բուհի ընթացիկ խնդիրներ, առաջիկա ծրագրեր: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք բուհի ռեկտոր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր,  արձակագիր Լիլիթ Արզումանյանի հետ:

 Էքսպերիմենտալ փոփոխությունների տարի

 -Ես այս բուհում պաշտոնավարում եմ 2018-ի նոյեմբերից: Ինձ համար բավականին դժվար շրջան է, մանավանդ երբ ունես պրպտող, զարգացում ակնկալող, փոփոխությունների ձգտող բնավորություն: Ծանրաբեռնվածությունս և անհանգստությունս պայմանավորված են նաև նրանով, որ իմ առջև դրել եմ շատ նպատակներ և ցանկանում եմ շուտափույթ իրագործել դրանք: Կյանքն առաջ է գնում, շատ ոլորտներ կարիք ունեն նորովի իմաստավորման: Այս տարվա նոր ուսումնական պլաններում որոշ առարկաներ կրճատվել են, որոշներն, ըստ անհրաժեշտության, դասավանդվելու են ավելի սեղմ ժամկետներում (մեկ կիսամյակ), որոշ առարկաներ էլ ավելացել են՝ կրկին պայմանավորված ուսանողների ցանկություններով: Այս առումով աշխատանքը դեռ գտնվում է առաջին փուլում: Հաջորդ ուսումնական պլանները հաստատելիս ավելի մանրակրկիտ հետազոտություններ ենք անելու:

Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետում  դասավանդման հետ կապված որոշ լուրջ փոփոխություններ ենք արել: Այսուհետ մեր ուսանողներն ամեն տարի կսովորեն մի մասնագիտացմամբ՝ խաղարկային ֆիլմ, վավերագրական և հեռուստատեսային, իսկ արդեն չորրորդ կուրսում կընտրեն ո՞րն են ցանկանում շարունակել և ո՞ր վարպետի մոտ: Ժամանակների պահանջով ուսանողներն ավելի լայն կրթություն պիտի ստանան, և մեր խնդիրն է, որ նրանք ինստիտուտն ավարտելիս ծանոթ լինեն երեքին էլ: Շատ բան այժմ կախված է հենց այս էքսպերիմենտից, մեր արվեստանոցի վարպետներից, որոնք այս առումով իրականում փոխզիջման գնացին ինձ հետ՝ համաձայնություն տալով իմ գաղափարներին, ինչի համար ես շնորհակալ եմ նրանց:

Պարտավորություն, ոչ թե բարեգործություն

-Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միակն է, որ մասնագետներ է պատրաստում կինոաշխարհի համար: Այս տարվա ավարտական քննություններին ներկայացված ֆիլմերը բավական հուսադրող էին, ինչը փաստեց նաև  քննությունների նախագահ Զավեն Բոյաջյանը՝ բոլոր օբյեկտիվ դիտողություններով հանդերձ: Ես Զավենին որպես կինոգետ բարձր եմ գնահատում, ուստի նրա կարծիքը շատ կարևոր էր:

Ներկայումս բուհի ամենացավոտ կողմերից մեկը տեխնիկայի պակասն է: Այժմ ուսանողների համար փորձում ենք ստեղծել ֆոտոլաբորատորիա: Ամեն ինչ պիտի անենք տեխնիկայի համալրման համար, ինչքան էլ դա ծանր է ու դժվար բյուջեի խիստ սահմանափակ լինելու պատճառով: Շատ կուզենայի, որ աշխարհի բազում երկրների պես Հայաստանում էլ գործեր հովանավորների մասին օրենքը, ընդ որում ոչ միայն մեր բուհի, այլև ողջ կրթական համակարգի համար: Մեր պետությունն այնքան հարուստ չէ, որ կարողանա ներդրումներ անել կրթության բնագավառում, ուստի հենց նրա շահագրգռմամբ պիտի օգնության հասնեն հարուստ մարդիկ: Նրանք պետք է իմանան, որ կրթության բնագավառում այս կամ այն ներդրումն իրականացնելիս որոշակի հարկեր չեն մուծի: Եվ դա արդեն կլինի պարտավորություն, ոչ թե բարեգործություն, ինչպես այսօր հաճախ ներկայացնում են այս կամ այն կասկածելի ճանապարհներով հարստացած մարդկանց քայլերը: Դա կլինի միակ ճիշտ մեխանիզմը:  Օրինակ՝ այժմ միջազգային հարթակներում կան կինոյի և թատրոնի հետ կապված բազում փառատոներ, բայց ամենամեծ ցանկության դեպքում, եթե անգամ մեզ վրա մնա միայն ճանապարհածախսի խնդիրը, մենք չենք կարող բուհի ուսանողին ուղարկել այդ փառատոներին: Ճանապարհածախսի հարցը բուհի համար մեծ խնդիր է և հրատապ լուծում է պահանջում: Հովանավորների առկայության դեպքում այս և շատ այլ հարցեր արագորեն կգտնեն իրենց լուծումը: Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտող ուսանողը պիտի գոնե մի քանի միջազգային փառատոնի մասնակցած լինի: Չեմ բացառում նաև այն հանգամանքը, որ ուսանողներն իրենք էլ պետք է նախաձեռնող լինեն հովանավորներ, դրամաշնորհներ գտնելու առումով:

 Կինոկրթության վիճակը ինստիտուտում

-Վերջին, գրեթե, մեկ տարում բուհում զբաղվել եմ ամեն ինչով՝ սկսած վերանորոգումից մինչև կրթական պլաններ: Ասել, որ այս պահին արդեն լիարժեք պատկերացնում եմ կինոկրթության վիճակը ինստիտուտում, ճիշտ չի լինի: Եթե հետագայում անհրաժեշտություն ծագի, կիրականացնենք բուհի մասնագիտական որակը բարձրացնելուն նպաստող կադրային քաղաքականություն: Նման աշխատավարձերի պայմաններում եկեք մի քիչ էլ հարգենք մեր մասնագետներին: Մարդիկ աշխատում են իրենց ուժերի ներածին չափով:

Որպես ռեկտոր կփորձեմ կազմակերպել ու իրականացնել արդյունավետ պրակտիկաներ:  Փաստեմ, որ թե´ նախկին ռեկտորների օրոք, թե´ ներկայումս ուսանողների կրթական որակի բարելավման համար մի շատ հետաքրքիր ծրագիր է իրականացվել. արտասահմանից փորձի փոխանակման նպատակով հրավիրվել են ոլորտի առաջատար մասնագետներ: Պարզապես, անկախ բուհի իրագործած բոլոր քայլերից, խիստ անհրաժեշտ է ուսանողների բարեխղճությունը. նրանք պիտի ուշադիր և պարտաճանաչ մոտենան իրենց ուսմանը, ունենան թե´ դասախոսից ամեն հնարավոր բան վերցնելու, թե´ ինքնակրթվելու ցանկություն: Եթե ուսանողը չի ցանկանում սովորել, նա ոչ մեկիn պետք չէ, անգամ՝ ինքն իրեն, և դասախոսն այդտեղ մեղք չունի: Համոզված եմ, եթե երիտասարդը բուհ է մտնում սովորելու համար, դուրս է գալիս գրագետ և կրթված. ամեն ինչ կախված է նրանից: Հայաստանում չկա մի բուհ, որ ոչինչ չտա ուսանողին:

Ուստի, որքան էլ կինոաշխարհի մարդու համար առաջնահերթը տաղանդը լինի, սովորելը մասնագիտության մեջ կայանալու համար ուղղակի անհրաժեշտություն է: Եվ ես բուհում չեմ տեսնում սովորել ցանկացող ուսանողին կաշկանդող որևէ հանգամանք: Անգամ պաշտոնապես հայտարարում եմ, եթե որևէ ուսանող նման խնդրի առաջ կկանգնի, թող դիմի ինձ: 

 Կինոյի գծով պաշտպանողներ չկան

-Կինոյի գծով այսօր չեն պաշտպանում, ինչը լուրջ թերություն է: Անգամ հայտնի կինոգետներ ունենք, որոնք դեռ չեն պաշտպանել: Գուցե մտածում են, որ դա իրենց ոչինչ չի տա: Չեմ կարող ասել: Գիտության աշխարհ մտնելն այնքան էլ հեշտ գործ չէ, հաճախ մարդիկ պարզապես չեն ցանկանում իրենց նեղություն տալ: Բայց բուհում դասավանդելու համար գիտական աստիճան ունենալը ցանկալի է: Եվ այդ հարցում շահագրգռողը ոչ թե ես, այլ նախարարությունը պիտի լինի: Բուհն ընդամենը գիտության թեկնածուին հավելավճար է տալիս, բայց ցանկալի կլիներ, որ դասավանդելու թույլտվություն ունենային միայն գիտական աստիճան ունեցողները, որ ուսանողի և դասախոսի միջև լիներ որևէ աստիճան: Այդ դեպքում արդեն մարդիկ շահագրգռված կլինեին պաշտպանել:

Ցավով պիտի փաստեմ նաև, որ արդեն երեք տարի է կինոքննադատության ուղղությունը ընտրողներ չունենք, նույնը  թատերագիտության դեպքում է: Այս տարի մտածել եմ որոշ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ և դրել եմ քննարկման:

 Գրականություն և կինո

-Մենք հիանալի թեմաներ ունենք գրականության մեջ, որ կինոյի համար լավ սցենար կարող են դառնալ, բայց օգտվել ցանկացողներ չկան:Եվ պատճառն այն է, որ այսօր սցենարներ գրում են պատահական մարդիկ: Այնքան սիրելի ֆիլմեր ունեմ ԽՄ տարիներից   («Մեր մանկության տանգոն», «Մենք ենք, մեր սարերը»,  Մալյանի ֆիլմերն ընդհանրապես), իսկ ժամանակակից հայկական կինոներն ուղղակի քար նյարդեր են պահանջում դիտելու համար: Բայց ազնվության համար նշեմ՝ հիացած եմ Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» ֆիլմով, որ բարձր ճաշակով է նկարված: Հավանել եմ նաև Միքայել Պողոսյանի վերջին ֆիլմը՝ «Արև, սարեր և սեր»:

 Հեռուստատեսային ազգադավ քաղաքականություն

-Ներկայիս հեռուստատեսությունն ուղղակի խայտառակություն է, ազգային ողբերգություն: Այն արդեն 30 տարի քանդում է մեր ազգի հիմքերը՝ բարոյականության, գրագիտության, ազգային մտածողության, մշակութային քաղաքականության տեսանկյունից: Ես խիստ կասկածում եմ, որ հեռուստատեսության համապատասխան մասնագետներն ավարտել են մեր բուհը: Ցավոք սրտի, դա բնավ էլ անհրաժեշտ պահանջ կամ չափանիշ չէ:

Գուցե ես պահպանողական եմ, չգիտեմ, բայց համոզված եմ՝ ոչ միայն կինոարվեստը, այլև արվեստն ընդհանրապես իր հիմքում պիտի գեղեցիկը մատուցի, տանի դեպի գեղեցիկը և անգամ ամենաբացասական երևույթները հասարակության մեջ մատուցի գեղեցիկ ձևով: Արվեստը չի կարող այլ առաքելություն ունենալ, քան ծառայել գեղեցիկին, մարդկայնությանը, բարությանը: Երբ ներկայիս հեռուստատեսությունն ասում է, որ վատը չի քարոզում, այլ ներկայացնում է, որ հասարակությունը բուժվի, ուղղակի փորձում է մեզ խաբել, որովհետև հաճախ մերօրյա ֆիլմերում ու հաղորդումներում բացի այլանդակից ու տգեղից՝ ուրիշ ոչինչ չես տեսնի: Ժամանակակից հեռուստասերիալներում համատարած քարոզվում է չարացած, անբարո, դաժան հասարակություն՝ ինքնադատաստանի օրենքներով,  անհետաքրքիր, ծամծմված երկխոսություններով: Չգիտես ինչու են սցենարիստներին այսօր շատ հետաքրքրում  անօրենները,  գողերը, տարօրինակները: Արդյո՞ք մեր հասարակությունը միայն նման մարդկանցից է բաղկացած: Իհարկե, ոչ: Այդ ամենը պրիմիտիվիզմ է ու դրսի ազդեցություն: Իմիջիայլոց, այս թեման նաև գրականության մեջ կա: Եվ քանի որ միշտ եմ բացեիբաց այս ամենից խոսել, դրա համար հիմա էլ եմ առանց վարանելու բարձրաձայնում՝ եթե այս ազգակործան պրոցեսը հեռուստատեսության պետական քաղաքականություն է, ասեք, իմանանք, իսկ եթե պատահականություն է կամ ժամանակավոր, գոնե տեր կանգնեք իրական արժեքներին ու սպասենք դրական փոփոխությունների:

 Մտորումներ և անելիքներ

-Չզարմանաք, բայց առաջնահերթ փորձելու եմ, որ բուհի ներսում պահպանվի մաքրությունը, կարգուկանոնը, բարեխղճությունը, ստիպելու եմ, որ ուսանողներն ավելի շատ ֆիլմեր նայեն, լավ սովորեն: Ես համոզված եմ, որ մեր բուհի տաղանդավոր շրջանավարտներն անպայման կգտնեն իրենց տեղն այս կյանքում:

Ինձ անընդհատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ եթե չազատվենք սպառողի հոգեբանությունից, ոչ մի լավ բանի չենք հասնի՝ լինի բուհի դասախոս, ուսանող, թե ցանկացած քաղաքացի: Պիտի լրջորեն վերանայենք մեր մոտեցումները կյանքին: Մարդիկ պիտի հասկանան՝ բնակարանից դուրս փողոցն էլ է իրենցը, ինստիտուտի պատերն էլ: Միայն այս մտածողության արմատացումից հետո կկարողանանք խուսափել քարշ գալով ապրելուց և կդառնանք երկիր՝ անկախ նրանից, թե ով կկառավարի այն։

Արփի Խաչատրյան