Կաննի փառատոնը այս տարի ևս անցավ ոչ առանց էքսցեսների. շատերի մոտ հարցեր առաջացրեց Էմիլի Բիչեմի պարգևատրումը «Փոքրիկ Ջո» ֆիլմում կնոջ լավագույն դերի համար, իսկ Ալեն Դելոնի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» իսկական փոթորիկ հարուցեց ֆեմինիստուհիների շրջանում: Իրենց նոր աշխատանքները ներկայացրին մաստոդոնտներ Տերրենս Մալիկը, Քվենտին Տարանտինոն, Պեդրո Ալմադովարը և Ջիմ Ջարմուշը, սակայն ամենահետաքրքրականը (ինչպես որ հաճախ է դա լինում Կաննում) եղան քիչ հայտնի կինեմատոգրաֆիստների կինոնկարները: Կաննի փառատոնի տասը ֆիլմեր, որոնց արժի ուշադրություն դարձնել:

«Լողլողը», ռեժիսոր՝ Կանտեմիր Բալագով

Կանտեմիր Բալագովի երկրորդ կինոնկարը Կաննում արժանացավ միանգամից երկու մրցանակի՝ լավագույն ռեժիսուրայի համար «Հատուկ հայացք» ծրագրում և Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRESSI) մրցանակը: Ոգեշնչման հիմնական աղբյուր Բալագովի համար եղել է Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կանացի դեմք չունի» գիրքը,- որոշ մանրամասներ ֆիլմում համարյա բառացի արտապատկերված են գրքի էջերից,- իսկ որպես համասցենարիստ իր հետ հանդես է եկել գրող Ալեքսանդր Տերեխովը՝ «Մեծ գիրք» մրցանակի դափնեկիր «Քարե կամուրջ» վեպի համար:

Պատումի կենտրոնում լենինգրադցի երկու կանայք են՝ խեղված Երկրորդ համաշխարհային պատերազմից: Հիմար նիհար ու երկարահասակ Իյան սանիտար է աշխատում զինվորական հոսպիտալում, նրա շուրջ պատերազմի խեղանդամ, բայց ողջ մնացած վետերաններն են: Տանը նրան սպասում է փոքրիկ Պաշկան, որին խնամում է հարևանուհին: Շուտով Բեռլինից վերադառնում է Մաշան, Իյայի մարտական ընկերուհին, աշխույժ, եռանդուն և դաժան, Պաշկայի իսկական մայրը, որ ողջ է մնացել ռազմաճակատում, ինչպես ինքն է ասում, «մի տեղի օգնությամբ»: Նրանց հարաբերությունները – արտառոց, բարդ, սերտ – առիթ դարձան «Լողլողը» առաջադրելու Կաննի «կվիր-արմավենի» ԼԳԲՏ-մրցանակի:

«Անտեսանելի կյանք», (A Vida Invisivel), ռեժիսոր՝ Քարիմ Այնուզ

Գունեղ, զգացմունքային բրազիլական այս դրաման՝ երկու բաժանված քույրերի մասին, ստացավ «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակը: Հերոսուհիներից մեկին իզուր չէ, որ կոչում են Էվրիդիկա.  ամբողջ ֆիլմը վերածվում է նրա որոնումներին: Խոր ողբերգություն՝ արտահայտիչ ֆեմինիստական ենթատեքստով և մաչիստական մշակույթում կանանց կյանքի մանրամասն և անպաճույճ պատկերմամբ, որ արժանացավ բազմաթիվ ոգեշունչ արձագանքների՝ և հանդիսականների, և կինոքննադատների կողմից:

Էվրիդիկա և Գվիդա քույրերը ապրում են պահպանողական նահապետական ընտանիքում Ռիո-դե-Ժանեյրոյում 1950-ականներին: Բռնակալ և կոպիտ հայրը չի կամենում հաշվի առնել նրանց ցանկությունները, բայց քույրերը սատարում են մեկը մյուսին.  Էվրիդիկան պաշտպանում է Գվիդային տղաների հետ նրա գիշերային արկածների ժամանակ, իսկ Գվիդան ոգեշնչում է տաղանդավոր դաշնակահարուհի քրոջը վիեննական կոնսերվատորիայի համար ունկնդրումների ժամանակ: Մի անգամ Գվիդան փախչում է տնից հույն նավաստու հետ, խոստանալով նամակով՝ վերադառնալ ամուսնացած, սակայն վերադառնում է մենակ և հղի: Դաժան հայրը վռնդում է անառակ աղջկան և հայտնում, որ իր քույրը Վիեննա է մեկնել: Գվիդան ապաստանում է նախկին սեքս-աշխատող Ֆիլոմենայի տանը և անվերջ նամակներ գրում քրոջը Եվրոպա, չկասկածելով, որ նա դժբախտ ամուսնությամբ ապրում է բոլորովին մոտիկ, այնքան մոտիկ, որ մի անգամ նրանք սրճարանում են լինում տառացիորեն մի քանի վայրկյան և չեն նկատում միմյանց:

«Արևը երբեք մայր չի մտնում» (A Que Arde), ռեժիսոր՝ Օլիվեր Լակսե

Լակսեն արդեն ունի Կաննի երկու պարգև, և այս տարի ևս ռեժիսորը չմեկնեց առանց նոր պարգևների: Իր նոր ֆիլմը, որ արժանացավ ժյուրիի մրցանակին «Հատուկ հայացք» ծրագրում, որոշակիորեն արժանի է ուշադրության. այն սահուն զարգանում է հիպնոսացնող հովվերգական կինոնկարից՝ սկզբում, դեպի բարձր կրեշչենդո՝ ավարտին, և դրանով սաստիկ հիշեցնում է Կաննի անցած տարվա ֆավորիտին՝ հարավկորեական «Հուրհրատողը» ֆիլմը:

Տանջահար թխաչյա Ամադորը վերադառնում է տուն բանտից, որտեղ անցկացրել է երկու տարի անտառը դիտավորությամբ հրդեհելու համար, համարյա վառելով լեռան կեսը: Երեք կովերով փոքրիկ ագարակում նրան սպասում է պառավ մայրը՝ քչախոս և ուժեղ կամքի տեր Բենեդիկտան: Մայր և որդի ապրում են պարզ կյանքով և հեռու են պահում իրենց տեղացիներից, քանի դեռ չեն հանդիպում բարեհամբույր անասնաբույժ Էլենային, որը վաղուց մեկնել էր տարածաշրջանից և ոչինչ չգիտի Ամադորի անցյալի մասին: Սակայն վիճակված չէ, որ հովվերգությունը կայանա, և պատահում է այնպես, ինչպես կանխատեսում է անվանումը (եվրոպական տարբերակով այն թարգմանված է «Եվ համակում է կրակը»).  հրդեհը վերադառնում է և կրկին ոչնչացնում գրեթե կենդանի ամեն բան: Հետաքրքրական է, որ ռեժիսորն ընտրել է ոչ պրոֆեսիոնալ դերակատարների Գալիցիայի մի գյուղից, որտեղ ապրում են իր ծնողները, իսկ գլխավոր դերակատարն ինքը մի ժամանակ անտառապահ է աշխատել:

«Մակաբույծներ» (Gisaengchung), ռեժիսոր՝ Պոն Չժուն Հո

Առաջին «Ոսկե արմավենու ճյուղը» Հարավային Կորեայի համար, որն արժանացավ տասնհինգ րոպե շարունակվող ծափողջույնների՝ ցուցադրությունից հետո: Եվ սա ռեժիսոր Պոն Չժուն Հոյի ամենևին ոչ առաջին հատկանշական կինոնկարն է, իր ծառայողական ցուցակում արդեն գրանցված են, օրինակ, գիգանտ խոզի փրկության մասին «Օկչա» ֆուտուրիստական դրաման և «Ձյան միջով» ետապոկալիպսային թրիլլերը, որտեղ հուսահատված Քրիս Էվանսը ճանապարհ է հարթում դեպի գնացքի լոկոմոտիվը՝ փրկություն և ճշմարտություն փնտրելով: Նրա «Մակաբույծները» Կաննին ոչ հատուկ հանդուգն և գրավիչ պատմություն է երկու՝ հարուստ և ծայրահեղ աղքատ ընտանիքների դիմակայության մասին:

Աղքատները՝ հայրը, մայրը, տղան և աղջիկը, ապրում են, ինչպես կարող են. բնակվում են նկուղային հարկում և վաստակում են ստվարաթղթե տուփեր պիցցերիայի համար հավաքելով: Մի անգամ ընկերը որդուն խնդրում է փոխարինել իրեն իբրև կրկնուսույց ապահովված մի ընտանիքում: Սա, արագ կազմակերպելով իր համար կեղծ դիպլոմ, հայտնվում է Պակերի շքեղ տանը և որոշում աշխատանքի տեղավորել այստեղ իր ողջ ընտանիքին. և այդպես զարգանում է այս հանդուգն և բազմաստիճան պատմությունը՝ սոցիալական շերտավորման և կարիքի, ճարպկության և պարզամտության, սեփական արժանապատվության զգացումի և անկասելի տարերքի հանդեպ անօգնականության մասին դրամա-թրիլլեր-տրագիկոմեդիան:

«Ես կորցրել եմ իմ մարմինը» (J՚ai Perdu Mon Corps), ռեժիսոր՝ Ժերեմի Կլապեն

Թերևս, փառատոնի ամենազարմանալի պրեմիերան Ժերեմի Կլապենի լիամետրաժ անիմացված ֆիլմն է, որտեղ պատմությունը ծավալվում է հատած ձեռքի անունից, որն իր տիրոջն է փնտրում: Կորստյան մասին – ինչպես ֆիզիկական, այնպես էլ զգացմունքային – մուլտիպլիկացիոն դրամայի ցուցադրման իրավունքն արդեն գնել է Netflix-ը:

Կորսված ափը փնտրում է Նաուֆելին, իր պատանի տիրոջը Աֆրիկայի հյուսիսից, որը երջանիկ է եղել, քանի դեռ ծնողները չեն զոհվել ավտոաղետից, իսկ նա ստիպված մեկնել է Փարիզ իր չարասիրտ հորեղբոր մոտ: Նաուֆելն աշխատում է պիցցայի առաքիչ և ապագայի պլաններ չի կառուցում, մինչև որ մի անգամ պիցցա չի տանում համակրելի և խելացի Գաբրիելին: Որպեսզի նվաճի նրա սիրտը, որոշում է խելք հավաքել և ատաղձագործ աշխատել իր հորեղբոր մոտ – և տառացիորեն իր ձեռքն է առնում կյանքը,- մինչդեռ մյուս ձեռքը միայնակ փնտրում է նրան քաղաքով մեկ, հաղթահարելով սարսափելի և վտանգավոր խոչընդոտներ (օրինակ, բախումներ սոված աղավնիների և առնետների հետ):

«Ցուլը» (Bull )ռեժիսոր՝ Էննի Սիլվերստայն

Էննի Սիլվերստայնի դեբյուտային լիամետրաժ կինոնկարը (կարճամետրաժի համար նա արդեն իսկ Կաննի պարգև ունի) հետազոտում է «երկու անօթևան հոգիներ սփոփանք են գտնում մեկը մյուսի մեջ» հայտնի ժանրը, սակայն ապշեցուցիչ ձևով կարողանում է շրջանցել բոլոր ավանդական կլիշեները և չհայտնվել ավելորդ սենտիմենտալության մեջ:

Երկու կորած հոգիներն այստեղ թինեյջերուհին և ռոդեոյի փորձառու ձիավարն են, որոնք ապրում են հարևանությամբ Հյուստոնի արվարձանում: Տասնչորսամյա Քրիսը տանն է հետևում և խնամում շաքարախտով հիվանդ տատին և կրտսեր քրոջը լիակատար աղքատության մեջ, մինչ մայրը նստած է բանտում: Հասկանալի պատճառներով Քրիսը խռովարար դեռահաս է, և որպեսզի տպավորություն գործի համադասարանցիների վրա, նա մի անգամ ներխուժում է Էյբի՝ նախկին ցլեր սանձահարողի տուն և ջարդուփշուր անում ամեն բան ներսում: Կատաղած Էյբը ոստիկանություն է կանչում, բայց համաձայնում ետ վերցնել մեղադրանքը պայմանով, որ Քրիսը կօգնի կարգի բերել տունը (ինչին սա հոգնած հարցնում է. «Իսկ կարելի՞ է ինձ պարզապես բանտ գնալ»): Մի քանի օր աշխատելով միասին, նրանք դառնում են մեկը մյուսի համար փրկություն սովորական քարացածությունից: Քրիսը հետաքրքրություն է դրսևորում ռոդեոյի հանդեպ, և Էյբը նրան առաջին դասերն է տալիս,- բայց, բարեբախտաբար, ֆիլմն այստեղ էլ չի օգտագործում մշտական փոխաբերությունը նոր հոբբիի կամ աշակերտի մասին իբրև փրկության ուղի՝ աղքատությունից և հուսալքությունից դեպի լույս:

«Թեթևաբարո աղջիկը» (Une Fille Facile), ռեժիսոր՝ Ռեբեկա Զլոտովսկի

Թուլացրած դրամա հասունանալու մասին, հագեցած հարավային Ֆրանսիայի մեղմ արևային լույսով և մթնոլորտով, որ հիշողության մեջ արթնացնում է «Չքացող գեղեցկությունը»:

Տասնվեցամյա Նաիման արձակուրդն անցկացնում է Կաննում, որտեղ իր ողջ ընտանիքը աշխատում է հարուստ հյուրանոցներից մեկում: Նաիման աշխատել չի ցանկանում, ուզում է ժամանակն անցկացնել լողափերին և երեկույթներում. այդ ցանկությունը ուժգնանում է, երբ հորիզոնում հայտնվում է իր ազգական քսանամյա Սոֆիան: Գլամուրային, ազատամիտ, թանկարժեք զարդարանքներով ու շատ բաց զգեստներով «իդեալական» մարմնով, Սոֆիան ժամանակն անցկացնում է ապահովված մեծահասակ տղամարդկանց հետ, չի թաքցնում և չի ամաչում իր հանդուգն կենսակերպից: Նա զարմուհուն նվիրում է Chanel պայուսակ և հրավիրում իր հետ զբոսանավ՝ ընկերոջ մոտ, որտեղ Նաիման իմանում է, թե ինչպես է ապրում աշխարհի ամենահարուստ մարդկանց տխրահռչակ մեկ տոկոսը:

Սոֆիային խաղացել է ֆրանսիացի մոդել և Կարլ Լագերֆելդի նախկին մուսա Զախիա Դեհարը, որ խառն է 2011 թվականի ֆուտբոլի ֆրանսիական հավաքականի իրական էսկորտ-սկանդալին: Նրա և իր հերոսուհու միջև շատ ընդհանուր բան կա. նրանք երկուսն էլ չեն ամաչում սիրունիկի դեր խաղարկել, որի հետ տղամարդիկ կարող են սեփական ֆանտազիաները կառուցել: Նրա Սոֆիան կյանքից վերցնում է ամեն ինչ, քանի թույլ է տալիս արտաքինը, և ջանում է դրանից հաճույք ստանալ: Կարևոր է, որ նաև ռեժիսոր Զլոտովսկին է փողի և նվերների դիմաց ցուցադրական կանացիության սայթաքուն թեմային վերաբերվում շատ զգուշորեն և առանց դատապարտման:

«Երիտասարդ կնոջ դիմանկարը կրակի մեջ» (Portrait de la Jeune Fille en Feu), ռեժիսոր՝ Սելին Սկյամմա

Բրետան, 1760 թվական: Երիտասարդ նկարչուհի Մարիաննային պատվիրում են նկարել Էլոիզայի՝ հարուստ ազնվականի դստեր և հասած աղջկա դիմանկարը: Սակայն Էլոիզան կամակոր է, ամուսնանալ չի ուզում, ուստի Մարիաննան հարկադրված է ձևանալու վարձու ընկերակցուհի և դիմանկարը նկարելու գաղտնի՝ նախ իր գլխում, նկատի առնելով Էլոիզայի դեմքի և կազմվածքի նրբագծերը, հետո միայն այդ տպավորությունները փոխադրել կտավին: Միասին ժամանակ անցկացնելով, աղջիկները մտերմանում են, և նրանց անհաճո ծանոթությունը վերաճում է երկու սիրահարված մարդկանց կրակոտ պատմության, որոնց չի կարելի կորցնել և ոչ մի րոպե այն ժամանակից, որ տրված է իրենց միմյանց կողքին լինելու:

Զգացմունքային  դրաման փառատոնում ստացավ «կվիր-արմավենի» և լավագույն սցենարի մրցանակը հիմնական մրցույթում, ինչը զարմանալի չէ. «Դիմանկարը» ներդաշնակորեն կանգնում է «Թոկից փախածի» և «Ջրաշուշանների»՝ Սկյամմայի նախորդ ոչ պակաս հաջող ֆիլմերի հետ նույն շարքում, որը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում է սեփական սեքսուալության գիտակցման և այն դրսևորելու ազատության թեման:

«Երիտասարդ Ահմեդ» (Le Jeune Ahmed), ռեժիսոր՝ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններ

Ինչպես միշտ իր ֆիլմերում, «Երիտասարդ Ահմեդ»-ում Դարդենները հետազոտում են սուր սոցիալական խնդիր՝ այս անգամ այն, թե որքան խոցելի և ազդեցությունների ենթակա է պատանեկան թույլ մտածողությունը և որքան անհստակ-աղոտ է սահմանը՝ երեխայի ազատությունը չսահմանափակելու և միևնույն ժամանակ նրան տեսադաշտից դուրս չթողնելու ծնողական ձգտումների մեջ: Քննադատներն արդեն հասցրել են մեղադրել Դարդեններին մուսուլմանական ծայրահեղականության թեմայի ոչ բավարար խոր իմացության և առանց որևէ նախապատմության հերոսի մակերեսային պատկերման մեջ, սակայն ժյուրիին այդ հարձակումները չշփոթեցրին և ֆիլմը մրցանակ ստացավ լավագույն ռեժիսուրայի համար փառատոնի հիմնական մրցույթում՝ եղբայրների յոթերորդ պարգևը Կաննի փառատոներում:

Տասներեքամյա Ահմեդը ապրում է Բելգիայում մոր, եղբոր և քրոջ հետ: Դպրոցում նա սովորեցնում է արաբերեն, իսկ ազատ ժամանակը անցկացնում մզկիթում, որտեղ ծայրահեղական իմամը նրա գլուխը լցնում է արմատական իսլամիզմի գաղափարները և պատրաստում ջիհադի: Ահմադը նամազ է անում, ջանում է չշփվել շների հետ, կամայականորեն մեկնաբանում է Ղուրանը և արհամարհում իրեն շրջապատող «ոչ ուղղափառ» մուսուլմաններին. մեղսալից վարքագծի մեջ մեղադրում է և մորը, և քրոջը, իսկ ուսուցչուհու վրա անգամ հարձակվում է դանակով: Սակայն մանկահասակության և զոհի չմահանալու պատճառով Ահմեդին դատի չեն տալիս և ուղարկում են մանկահասակների ուղղիչ հաստատություն, որտեղ նա, չնայած հոգեբանի հետ զրույցներին և վերականգնողական ծրագրին, համառորեն ծրագրում է ավարտին հասցնել սկսածը:

«Պորտ-Աթորիտի» (Port Authority), ռեժիսոր՝ Դանիել Լեսսովից

Սցենարիստ և ռեժիսոր Դանիել Լեսսովիցի առաջին լիամետրաժ աշխատանքը մեծ ուշադրություն գրավեց (Մարտին Սկորսեզեն հիշատակված է իբրև գործադիր պրոդյուսեր, իսկ սաունդտրեկը գրել է Մեթյու Հերբերտը) և արժանացավ քննադատների ջերմ արձագանքներին: Թեմայի բարդության պատճառով ոչ պրոֆեսիոնալ դերասանների կաստինգը մեկ տարի է տևել. նրանց փնտրում էին ինստրագրամի և ֆեյսբուքի միջոցով:

«Պորտ-Աթորիտի» է կոչվում ավտոբուսի կանգառը, որտեղից դեպի նոր կյանք առաջին քայլերն են արել մեծ քաղաքում շատ կինոհերոսներ, և ֆիլմի գլխավոր կերպարը՝ Պոլը (Ֆինն Ուայթհեդը «Դյունկերկ»-ից) բացառություն չէ: Միջին Արևելքից սերող պարզամիտ Պոլը ոտք է դնում Նյու Յորքի խորդուբորդ ասֆալտին, սպասելով տեսնել իրեն դիմավորող խորթ քրոջը, սակայն նրա փոխարեն նկատում է պարողների խայտաբղետ խմբին, որոնք ոչ հեռու փորձում են վոգ պարել, և նրանց մեջ Հարլեմի ծնունդ վառվռուն, հրապուրիչ Ուային:

Քաղաքային հետնաբակերով թափառելուց հետո նա իր համար գտնում է էժան կացարան, որտեղ ապրում են ևս մի քանի մարդ և նրանցից մեկը կայարանի պարող խմբից է: Մի անգամ երեկոյան Պոլը թաքուն գնում է նրա ետևից և հայտնվում անդեգրաունդային պարահանդեսի դռանը (ճիշտ այնպիսի, ինչպիսին ցուցադրվում է «Կեցվածք» սերիալում), որտեղ մրցակցում են պարի և ինքնավստահ կեցվածք ընդունելու արվեստում: Մուտքի մոտ նրան ետ են դարձնում՝ սպիտակամորթ անտաշը տեղ չունի պարահանդեսում, բայց իրադրությունը փրկում է Ուայը, որը ճանաչում և ներս է տանում նրան: Նրանց միջև հաստատվում են նուրբ հարաբերություններ, և առաջին անգամ իր կյանքում, որ լի է կորուստներով և մենակությամբ, Պոլն իրեն զգում է ինչպես տանը: Այնքան ժամանակ, քանի դեռ չի իմանում, որ Ուայը սեռափոխ կին է, և իր բոլոր խարիսխներն ու նախապաշարումները ենթարկվում են ցնցման:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը