Ստացվել է այնպես, որ հոկտեմբերին արցախյան պատերազմի մասին երկրորդ ֆիլմն է ներկայացվելու։ Ամսվա սկզբին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը, իսկ հոկտեմբերի 17-ին «Կինոպարկում» սպասում ենք Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասներ» ֆիլմի պրեմիերային։ Պատասխանատու և հիշարժան օրվան ընդառաջ kinoashkharh.am-ը զրուցել է Ջիվան Ավետիսյանի հետ՝ տեղեկանալու ֆիլմի ստեղծման պատմությանը։

Հասկանելի և ընկալելի լինելու համար՝ անգլերեն

Սա արցախյան պատերազմի մասին իմ առաջին ֆիլմը չէ, բայց իմ բոլոր ֆիլմերից այն տարբերվում է նրանով, որ հասցեագրված է օտարազգի հանդիսատեսին: Ֆիլմի 80 տոկոսն անգլերեն է. էկրանին հայերեն լուսագրեր են լինելու: Մեր թիրախը օտարազգի հանրությունն է:  Գլխավոր հերոսը գերմանացի ֆոտոժուռնալիստ Ռոբերտ Ստերնվալն է, որը գալիս  է Արցախ. նրա շփման լեզուն անգլերենն է: Ֆրանսաբնակ հերոսուհին խոսում է ֆրանսերեն, արցախցիները՝ արցախի բարբառով: Մի բան պարզ է՝ որքան էլ լավ ֆիլմ նկարես, շուկայում անգլալեզու ֆիլմերին է առաջնահերթությունը տրվում. սա փաստ է: Իմ «Թևանիկն» ու «Վերջին  բնակիչը»  շրջել են աշխարհով մեկ, բայց քիչ հանդիսատես են ունեցել. եթե անգլալեզու լինեին, կարծում եմ, ավելի մեծ թվով հանդիսատես կունենային:

Մեր առաջնային նպատակն, իհարկե,  կինոարվեստ ստեղծելն է, բայց,  դրան զուգահեռ,  ֆիլմը պատմի Արցախի մասին ու հնարավորինս շատ հանդիսատես ունենա, հնարավորինս շատ երկրներում շրջի ու շատերը հասկանան այն։ Իսկ դրա առաջնային պայմանը ֆիլմն  օտարազգիներին հասանելի լեզվով՝  անգլերեն մատուցելն է:

Արցախյան պատերազմը՝ մարդկային դրամայի պատճառ

Ֆիլմի վերնագիրը ծնվել է երեքիս՝ իմ և համասցենարիստներ Արտավազդ Եղիազարյանի, Մկո Մալխասյանի համատեղ քննարկում-զրույցների  արդյունքում: «Դրախտի դարպասներին» բոլորովին այլ տեսանկյունից ենք մոտեցել. այն պատմում է  մարդու ներսում տեղի ունեցող կոնֆլիկտի մասին: Դեպքերն ընթանում են 2016 թվականի ապրիլին: Այս ֆիլմն անդրադառնում է արցախյան քառօրյա պատերազմին, բայց հենց դրա մասին չէ:  Անդրադարձից է սկիզբ առնում ֆիլմի պատմությունը:

Հերոսը, որ ֆոտոժուռնալիստ է,  լրատվամիջոցից տեղեկանում է քառօրյայի մասին, և դա առիթ է դառնում, որ նա վերադառնա Արցախ: Մի բան կա, որ նրան հանգիստ չի տալիս. 1990-ականներին իր արած քայլերի հետևանքով ցավի ու մեղքի զգացումի վերածված հոգեվիճակը 25 տարի շարունակ տանջել է նրան։ Ու հիմա  վերադառնում է Արցախ։ Նրան բնավ քառօրյա պատերազմը լուսաբանելը չի հետաքրքրում , նրան այլ բան է հուզում. պետք է նորից Թալիշ գնա։ Եվ  պատմությունը սկսվում է բացվել ու բացահայտվել։ Կա զուգահեռ պատմություն. մի աղջիկ հորը 25 տարի առաջ կորցրել է և չի կարողանում վերադառնալ իր հայրական  տուն, որովհետև երբ ստիպված է եղել գաղթել, կորցրել է և՛ մանկությունը, և՛ հորը։ Հերոսուհին այս ամենը թողել-հեռացել է, հասել Փարիզ, մեծ բեմեր նվաճել, բայց չի ձերբազատվել իրեն տանջող, իր նյարդերին կպած խնդրից։

 Դեպքերի բերումով օտարազգի ֆոտոժուռնալիստն ու այս աղջիկը հանդիպում են։ Ֆիլմը պատառ-պատառ հավաքում է այս պատմությունները։

Ավարտված, բայց շարունակվող պատերազմ

Այս պատմության մեջ ինձ դուր է գալիս այն, որ մենք առկա պատերազմից հեռանում ենք, գնում անցյալ, որտեղ չբացահայտված շերտեր կան, մարդկային ճակատագրերում հանդիպում ենք մեծ դրամայի, մեծ ցավի, որ ծնել է պատերազմը։ Պակաս ծանր չեն պատերազմի հետևանքները, ցավը, հիշողությունը, բարդույթները, քան ինքը՝ պատերազմը։ Որովհետև հասկանում ենք, որ թեև պատերազմն ավարտվել է, բայց այն դեռ չի ավարտվել։ Պատերազմը շարունակվում է։ Ես և իմ սերնդակիցներն ամեն առավոտ արթնանում ենք և պատերազմի հետքերով ապրում։ Ես 10 տարեկան էի, պետք է սկսեի աշխարհը ճանաչել… ու ճանաչեցի պատերազմի միջոցով։  Մեր մանկական խաղերն էլ էին պատերազմական՝ պայթեցնում էինք, կրակում, ինքնաշեն զենքեր ստեղծում. մանկությանս ընկերները աչք ու մատ են կորցրել այդ խաղերի ժամանակ։

Ֆիլմում անդրադարձել ենք քառօրյային. ներկա է նաև ժողովուրդը։  Այդ օրերի մեր ապրումներն ենք նաև ներկայացրել։ Ի վերջո, մենք բոլորս ինչ էլ անենք, ինչով էլ զբաղվենք, մեր հիմնական գործը պատերազմի մեջ ապրելն է։

3 տարի այս ֆիլմի վրա աշխատել եմ։ Անցյալը  վերարժևորելով՝ ես այն պատմում  եմ ապագայի համար։ Ֆիլմում կան արտահայտություններ, որոնք ինձ համար շատ արժեքավոր են։  Ասուլիսի տեսարան կա, երբ դիրիժորին հարց են տալիս, թե. «Մենք օպերայի շենք չունենք, բայց դուք օպերա եք բեմադրել»։ Դիրիժորը պատասխանում է. «Մենք պետականություն չենք ունեցել, բայց բանակ ենք ունեցել. ավերակների վրա էլ օպերա կբեմադրենք»։ Այս ֆիլմով փորձել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանը, տեսակին, բայց մեր պատմությունն այնպես ներկայացնել, որ օտարի համար հասկանալի և ընկալելի լինի։

Կայացած ու հաջողված համարտադրություն

«Դրախտի դարպասները» համարտադրություն է՝ Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Իտալիա, Բուլղարիա, Չեխիա,  Շվեյցարիա, Ավստրիա, նաև ԱՄՆ։ Դերասակական բավականին մեծ կազմ է աշխատել ֆիլմում՝ Տատյանա Սպիվակովա,  Նաիրա Զաքարյան, Ռիխարդ Զամել և ուրիշներ։

Ամենաազնիվ  ճանապարհով ենք նրանց մեր ֆիլմ բերել։ Գերմանացի պրոդյուսերը  բանակցել է աշխարհահռչակ դերասան Ռիխարդ Զամելի  հետ։ Նա սցենարը կարդացել է ու ասել. «Ես սիրեցի այս պատմություն»։ Հետո ինձ ճանաչելու համար դիտել է երկու ֆիլմերս՝ «Թևանիկն» ու «Վերջին բնակիչը», այնուհետև մենք տեսակապով բազմաթիվ անգամ զրուցել ու քննարկել ենք սցենարը, դետալային մանրամասները, կերպարների գործողությունները, տեսարանները։ Ռիխարդ Զամելը  շատ է օգնել ինձ՝  ոչ միայն որպես դերասան,  այլև խորհրդատու, որովհետև նա ահռելի կինոփորձ ունի։ Առաջին անգամ մենք  հանդիպել Արցախում՝  Տատիկ-պապիկի արձանի մոտ։ Գաղտնիք չէ, որ Զամելը շատ թանկ դերասան է, բայց մեր ֆիլմում անհամեմատ քիչ հոնորարով է նկարվել։

Ֆիլմի բյուջեի մեծ մասը ներդրել են համարտադրող օտար պետությունները։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներդրումը 20 միլիոն դրամ  է։ Դերասանները հայաստանյան գումարներից հոնորար չեն ստացել, նրանց վճարել են դարձյալ համարտադրողները։ Երբ եկել է վճարելու պահը, ես իմ իրավունքները, ինձ հասանելիք տոկոսների մի մասը զիջել եմ համապրոդյուսերներին. ի վերջո, ես դա արել եմ հանուն ֆիլմի։

Արցախը՝ միջազգային ֆիլմի կինոհրապարակ

Նկարահանումները եղել են Արցախում՝ Ստեփանակերտում, Շուշիում, Հարավ գյուղում և Լիտվայում։ Հարավ գյուղում՝ ժայռի գլխին, մի ֆանտաստիկ տուն գտանք ու այնտեղ էլ նկարեցինք Թալիշի տեսարանը։ Այդ տանն է ծնվել  մեր հերոսուհին. այն հենց դրախտի դարպասներն է։

Դերասանները սիրահարվել էին Արցախին. դե, Արցախին չսիրահարվել հնարավոր չէ։ Արցախցիներն էլ շատ օգնեցին, շատ էին ոգևորվել, որ իրենց հայրենիքում ֆիլմ է նկարվում։ Ռիխարդ Զամելն էլ էր իրեն լավ զգում։ Նա մեկ ամիս ապրեց Արցախում, ընկերացավ ստեփանակերտցիների հետ։ Մյուս դերասաններին էլ Ստեփանակերտը հրաշալի ընդունեց։ Արցախի կառավարությունը ևս  շատ  աջակցեց մեզ, նաև ռազմատեխնիկայի, նյութատեխնիկական բազայի հարցում շատ օգնեց։ Մենք ուղիղ մեկ օր կաթվածահար ենք արել Ստեփանակարտ-Ասկերան ճանապարհը՝ հանուն 45 վայրկյան տևող կադրի։ Այդպիսի մեծահոգություն ու պատրաստակամություն օտար երկրներում կտեսնե՞ք։

«Դրախտի դարպասները»՝ միջազգային էկրանին

«Դրախտի դարպասներ» ֆիլմի պրեմիերան կլինի Հայաստանում, բայց համարտադրող բոլոր երկրներում  այն կցուցադրվի։ Սա է կարգը և սա ճիշտ է։ Ֆիլմն արժեցել է 510 հազար եվրո. ներդրված գումարները պետք է հետ գան։ Շահում է ֆիլմը, շահում ենք մենք. ի վերջո, հայկական ֆիլմը բազմաթիվ երկրներում է ցուցադրվելու։ Թե՛ օտարազգի հայտնի դերասանների, թե՛ բազմաթիվ երկրների պրոդյուսերների, համարտադրողների մասնակցությամբ այս ֆիլմն օրինակելի է։ Յուրաքանչյուր պրոդյուսեր ինքնին դիստրիբյուտր է, իր երկրում  պետք է ֆիլմը ներկայացնելու, ցուցադրելու ճանապարհներ գտնի։

Եվ վերջում…

Իմ բոլոր ֆիլմերը պատերազմական մանկությանս հետևանքներն են։ Հաջորդ ֆիլմիս վրա եմ արդեն սկսել աշխատել՝ դարձյալ արցախյան թեմայով, դարձյալ միջազգային նախագիծ։  Հայաստանում հնարավոր է քիչ բյուջեով լավ ֆիլմ նկարել. այդ նույն ֆիլմը նույն բյուջեով հնարավոր չէ , օրինակ, Փարիզում նկարել։ Ուրեմն պետք է հայաստանյան էժան հնարավորություններն օգտագործել, բայց նաև օտարների ուշադրությունը գրավել, նրանց էլ մասնակից դարձնել համարտադրությանը։ «Դրախտի դարպասներում» հազար հոգուց ավելի մարդ  խմբակային տեսարաններում նկարահանվել է։

Մարդիկ կային, որ իրենց 5000 դրամից հրաժարվում էին՝ ասելով. «Դու հանգանակություն ես հավաքում ֆիլմի համար, որ բերես ի՞նձ տաս, չեմ ուզում այդ փողը։ Ես անվճար կխաղամ»։  Իմ ծանոթներից, ընկերներից, համաքաղաքացիներից շատ-շատերը շատ հարցերում ինձ օգնել են։ Ռիխարդ Զամելը մի անգամ ասաց. «Ես չեմ հավատում, որ սա փոքր բյուջեով ֆիլմ է, սա առնվազն հոլիվուդյան բյուջե ունի, ինչպե՞ս է հնարավոր 1000 հոգանոց տեսարան նկարել՝ քիչ փող ունենալով։

Ֆիլմում Արցախի Հանրապետություն անունը շատ անգամ է շեշտվում։ Ադրբեջանական ագրեսիային մինչև հիմա հանդիպել ենք. այսուհետև էլ այն  սպասելի է։

Նաիրա Փայտյան