Սիրո պատմություններ բրիտանուհի գրողից, ներառյալ իր սեփականը․․․

Անգլիական գրականության «առաջին տիկնոջ» ստեղծագործությունը իսկական գանձ է կինեմատոգրաֆիստների համար: Սկսած 1930-ական թվականներից լույս աշխարհ են եկել նրա ստեղծագործությունների ավելի քան 60 կինո- և հեռուստատարբերակներ: Էկրանավորումների համարյա հարյուրամյա պատմության ընթացքում Օստենի հերոսները այնպես սիրվեցին հանդիսատեսի կողմից ամբողջ աշխարհում, որ սկսեցին երկրից երկիր և դարաշրջանից դարաշրջան տեղափոխվել: Բացի 19-րդ դարի Անգլիայի հարազատ հեռաստաններից, նրանք հասցրել են լինել և ժամանակակից Եվրոպայում, և Ամերիկայում, և Հնդկաստանում, և նույնիսկ ֆանտաստիկ դեկորացիաներով:

«Հպարտություն և նախապաշարմունք»

Ռեժիսոր՝ Ջո Ռայթ, 2005 թ.

Ջեյն Օստենի վեց վեպերից ամենանշանավորը, թերևս, էկրան է բարձրանում առնվազն տասը տարին մեկ: Առաջին էկրանավորումը հայտնվեց դեռևս հեռավոր 1938-ին, իսկ 2020 թվականին մեզ սպասվում է, եթե հավատանք հեղինակներին, այդ պատմության «մութ կողմը»: Դե իսկ ամենավառ կինոնկարը շրջահայաց Էլիզաբեթ Բեննեթի և գրեթե իդեալական Դարսիի փոխհարաբերությունների մասին մինչև օրս մնում է Ջո Ռայթի կինոտարբերակը: Լիզայի դերը կատարել է Կիրա Նայթլին, իսկ իր պարոն Դարսին Մեթյու Մակֆեդիենն է, որ յոթ տարի դրանից առաջ դեբյուտով հանդես էր եկել «Մոլեգին հողմերի դարավանդը» ֆիլմում՝ նկարահանված ըստ Էմիլի Բրոնտեի համանուն վեպի: Ֆիլմը եղավ առաջինը Քերի Մալլիգանի կարիերայում, որ խաղում է Բեննետի քույրերից ամենաանինքնուրույնին՝ Քեթթիին:

Ապշեցուցիչ բնանկարների ֆոնի վրա, ոչ պակաս հրաշալի երաժշտությամբ գունագեղ գործողության ողջ գրավչությամբ հանդերձ, Ռայտի աշխատանքին պակասում է մի բան՝ բուն դարաշրջանի ոգին:

«Հպարտություն և նախապաշարմունք»

Ռեժիսոր՝  Սայմոն Լենգտոն, 1995 թ.

Համենայն դեպս «Հպարտություն և նախապաշարմունք»-ի լավագույն էկրանավորում վեպի երկրպագուները համարում են BBC-ի մինի-սերիալը: Ավելի մեծ ծավալը թույլ է տվել ավելի խնամքով վերաբերվել սյուժեին, իսկ կենցաղը, հագուստը և կերպարների վարվեցողությունը Սայմոն Լենգտոնի աշխատանքում, ամբողջությամբ վերցրած, համապատասխանում է 19-րդ դարասկզբի Անգլիային: Զգեստների համար սերիալը նույնիսկ ստացավ «Էմմի» մրցանակ:

Ջեննիֆեր Էլը և Քոլին Ֆյորտը, որոնք խաղում էին Էլիզաբեթի և Դարսիի դերերը, ֆիլմի թողարկումից հետո դարձան հռչակավոր: Մինչ այդ Ֆյորտը առանձնապես բարեհաճ չէր Օստենի ստեղծագործության հանդեպ և երկու անգամ փորձեց հրաժարվել նկարահանվելուց: Սակայն սկզբնապես դերասանին տափակ թվացած, բայց մարդկության իգական ամբողջ կեսի կողմից աստվածացված պերսոնաժը նրան հասցրեց, միստր Բինգլի Կրիսպինին խաղացած Բոն-Կարտերի հետ միասին, «Հպարտություն և նախապաշարմունք»-ի առավել հաջողված «ժամանակակից» տարբերակներից մեկին, այն է` «Բրիջիտ Ջոնսի օրագիրը»:

«Բանականություն և զգացմունքներ»

Ռեժիսոր՝ Էնգ Լի, 1995 թ.

1995 թվականին նշվում էր Ջեյն Օստենի ծննդյան 220-ամյակը: Հոբելյանին նվիրված բազում էկրանավորումներից զարմանալու հարկ չկա: Դրանցից մեկի մասին արդեն խոսեցինք: Sense and sensibility վեպի ադապտացմանը, որի անվանումը թարգմանում են մերթ «Զգացմունք և զգացմունքայնություն», մերթ «Բանականություն և զգացմունքներ», այդ ժամանակ ձեռնամուխ եղավ Էմմա Թոմփսոնը, նա էլ խաղաց գլխավոր դերերից մեկը (որի համար ստացավ Բրիտանական կինոակադեմիայի միանգամից երկու մրցանակ և մեկ «Օսկար»):

Օստենի առաջին հրատարակված ստեղծագործության կինոտարբերակի համար ընտրվեց եզակի դերասանական կազմ: Էմմա Թոմփսոնը (Էլինոր) և Քեյթ Ուինսլեթը (Մարիաննա) գերազանց էին նայվում Հյու Գրանտի (Էդվարդ Ֆերրարս) և Ալան Ռիկմանի (գնդապետ Բրենդոն) կողքին, իսկ Հյու Լորին և Իմելդա Սթոունը (այստեղ նա ընդհանրապես նման չէ չարասիրտ Ամբրիջին) խաղում էին Պալմեր ամուսիններին:

«Էմմա»,Ռեժիսոր՝ Դյարմուիդ Լոուրենս, 1996 թ.

Վեպը մի աղջկա մասին, որ երիտասարդ է, գեղեցիկ, խելք և հարստություն ունի և չունի փեսացու, եղավ վերջին հրատարակված ստեղծագործությունը Ջեյն Օստենի կենդանության օրոք և, հավանաբար, ամենաուժեղը: Գրական ամսագրերից մեկում սըր Վալտեր Սքոթը իր գրախոսության մեջ չափազանց բարեհաճությամբ է արտահայտվել նրա մասին:

1996 թվականին հայտնվեցին «Էմմայի» միանգամից երկու էկրանավորում՝ ամերիկյան՝ շիկահեր Գվինետ Պելտրոուի, և բրիտանական՝ սևամազ Քեյթ Բեկինսեյլի դերակատարմամբ: Հեռուստաֆիլմը ըստ Էնդրյու Դեյվիսի սցենարի (1995-ին նա է աշխատել «Հպարտություն և նախապաշարմունք»-ի վրա) ստացվեց ավելի դասական. կերպարները իրենց պահում են զուսպ և էլեգանտ, զգացմունքների մասին խոսում են ավելի շատ հայացքներով և դադարներով: Քեյթ Սեկինսեյլը (Էմմայի դերում) իրեն թույլ չի տալիս կտրուկ շարժումներ, Սամանթա Մորթոնը (Հարրիետ Սմիթ) ամբողջովին համեստություն է, իսկ Մարկ Ստրոնգը (միստր Նայթլի) էլ ավելի խիստ ու լուրջ է իր հոլիվուդյան գործընկերոջից:

«Ջեյն Օստին», Ռեժիսոր՝ Ջուլիան Ջարրոլդ, 2006 թ.

Վերջում կուզենայինք պատմել մի ֆիլմի մասին, որ հիմնված է ոչ թե վեպի, այլ բրիտանացի գրողի նամակների վրա: Ցավոք, դրանցից շատերը ուղղումների են ենթարկվել են և նույնիսկ ոչնչացվել Ջեյնի մահից հետո իր քրոջ՝ Կասանդրայի կողմից: Ողջ ընտանիքը այն ժամանակ լրջորեն ձեռնամուխ եղավ «բարի անունը պահպանելու» և մարդկային բոլոր թուլությունները (և մարմնականի մասին ցանկացած հիշատակություն) շատ արագ անհետացան նրա կենսագրությունից:

Հետազոտողների կողմից վերականգնված նյութերը թույլ տվեցին էկրանի վրա վերստեղծել անձամբ Ջեյն Օստենի սիրո պատմությունը: Երիտասարդ իրավաբան Թոմաս Լեֆրոյի հետ աղջկա ամուսնությունը անհնար էր երկու ընտանիքների ցածր եկամտի պատճառով, բայց չէ որ միշտ ուզում ես հավատալ հրաշքի: Իրականության զգացումը, որ կարող էր հեքիաթի վերածվել, հանդիսատեսին նվիրել են Էնն Հեթեուեյը և Ջեյմս Մակեվոյը: Հատկանշական է, որ Հեթեուեյի տեղը կարող էին գրավել Քեյթ Ուինսլետը, Նատալի Պորտմանը և Կիրա Նայթլին, բայց դա տեղի չունեցավ: Գուցե, բարեբախտաբար…

Պատրաստեց Ռուզան Բագրատունյանը