Իտալիայում բացվեց Հռոմի կինոփառատոնը
Հոկտեմբերի 17-ին՝ Իտալիայի մայրաքաղաքում, մեկնարկեց Հռոմի միջազգային կինոփառատոնը։ Փառատոնը բացվեց ամերիկացի դերասան Էդվարդ Նորթոնի «Որբերի Բրուքլինը» կինոնկարի պրեմիերայով, որն այս ֆիլմում հանդես է եկել ե՛ւ որպես ռեժիսոր, ե՛ւ որպես սցենարի հեղինակ: Ժապավենըը հանդիսատեսին տանում է 20-րդ դարի կեսերի նյույորքյան իրականություն։ Ֆիլմում նկարահանվել են Ալեք Բոլդուինը, Ուիլեմ Դեֆոն եւ Բրյուս Ուիլիսը:
Նորթոնը փառատոնի շրջանակներում ստեղծագործական հանդիպում կունենա հանրության հետ: Ստուգատեսի հյուրերի թվում կլինեն նաեւ համաշխարհային կինոյի այնպիսի աստղեր, ինչպիսիք են ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը, ամերիկացի ռեժիսոր Իթան Քոենը, ամերիկացի դերասաններ Ջոն Տրավոլտան, ինչպես նաեւ Բիլ Մյուրեյը, որը կարժանանա պատվավոր մրցանակին:
Փառատոնի տարբեր ծրագրերում՝ ներառյալ հատուկ ցուցադրությունները, ներկայացված են 33 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր։ Հռոմի կինոփառատոնը ոչ մրցութային ստուգատես է, այն կոչված է հանրությանը ծանոթացնել արդի համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներին: Ուստի միակ հաղթողին ընտրում է հանդիսատեսը՝ ինտերակտիվ քվեարկության եղանակով։