Կինոռեժիսոր, «Արև» ֆիլմ-ստուդիայի հիմնադիր տնօրեն Հրանտ Վարդանյանը մեր քաղաքի կոլորիտային դեմքերից է։ Մշակութային, հասարակական կյանքում նրա ակտիվությունը պայմանավորված է  բուռն, զգացմունքային խառնվածքով. իր հայրենիքում կատարվող ամեն բան հետաքրքրում է նրան, ստիպում իրավիճակը վերլուծել, ծանրութեթև անել ու անպայման արձագանքել։  Հրանտ Վարդանյանին հուզում է նաև մեր կինոիրականությունը. այն ևս արվեստագետն ամենօրյա վերլուծության է ենթարկում, փորձում գտնել հայկական կինոյի առաջընթացի մոտիվացիաները։

Կինոյի հրաշքը

Կինոարվեստի ծնունդը մարդկության գիտակցության մեջ հեղափոխություն արեց։ Մարդը տեսավ  պատկերը, նկարը սկսեց սպիտակ էկրանի վրա շարժվել. դա մշակութային և մարդկային մտածելակերպի մեծ հեղափոխություն էր։ Մարդն իր երազը ցուցադրելու հնարավորություն ստացավ.  ոչ թե իր երազի մասին գրելու, իր երազը քանդակելու կամ  նկարելու, այլ այն ցուցադրելո՛ւ հնարավորություն ստացավ։  Իմ կարծքով՝ մարդկությունը մինչև կինեմատոգրաֆի ի հայտ գալը, միշտ ձգտել է կինոյին։ Եթե մարդը կարողանար նախկինում էլ իր պատկերացրածը կինոյի միջոցով ցուցադրել, այդքան գրքեր չէին գրվի։ Մարդն ուղղակի  կինո կնկարեր,ինչպես  նկարագրվել է աշխարհի տարբեր ժողովուրդների հեքիաթներում, երբ հայելին , ջուրը,կամ ափսեն կարող էին պատկերել անցյալն ու ապագան՝ դիտողին ցուցադրելով շարժվող պատկերներ։

Մտքի պատկերը, երազը  կարողանալ հանձնել էկրանին

Չգիտեմ՝ վաղը մարդն ինչպես կինո կնկարի.  միգուցե տեխնոլոգիաներն այն աստիճան զարգանան, որ մարդը մտածի,  ու հենց այդ պահին, միաժամանակ կինոն նկարվի. չի բացառվում։ Միգուցե մեր գանգատուփին նկարահանող սարքեր միացվեն …Առայժմ կինոն երիտասարդ է ու որոնումների մեջ է։ Ժամանակակից մարդն  իր տեսածը, պատկերացրածը նկարելու և ցուցադրելու այնքա՜ն մեծ հնարավորություններ ունի այսօր։ Դա  է պատճառը, որ աշխարի բոլոր անկյուններոմ, օրվա  բոլոր ժամերին տեսաշարժ է նկարվում : Հենց հիմա, երբ մենք զրուցում ենք,  աշխարհում  միլիոնավոր մարդիկ իրենց մատը տանում  ու սեղմում են  հեռախոսի կամ տեսախցիկի կոճակը և  ֆիքսում մի շարժապատկեր: Ամեն մեկն իր երազն է նկարում, բայց ինձ համար շատ ավելի կարևոր է, թե ով է ցույց տալիս մեզ այն պատկերները , որոնց մենք երազ ենք ասում։ Ո՞վ է կինոխցիկի հետևում կանգնածը։ Եթե ինձ հարցնեն՝ ի՞նչ կուզեիր նկարել,  կպատախանեի՝ իմ տեսած երազները։ Ասեմ , որ ըստ իս՝ դրանք շատ կինեմատոգրաֆիկ երազներ են, ու ես շատ կուզեի  իմ երազները ոչ թե պատմել  կամ գրել,  այլ ցուցադրել։

Կինո պետք է նկարել միայն այն դեպքում, երբ դու տեսնում ես մի իրավիճակ, որն  իրակական կյանքում չկա, դեռ չի տեսնվել։ Կինոն թանկ արվեստ է, եթե պետք է նկարես ուղղակի նկարելու համար, ափսոս են այդ ռեսուրսները։ Փելեշյանը նման առիթներով միշտ ասում է . «Ինչ էլ առողջություն ունեն»։

 Կինոարվեստը շատ  հզոր զենքի տեսակ է, որով  շատ բան կարելի է փոխել մեր միջավայրում, մշակույթում, մեր գիտակցության մեջ։

Կարևորը՝ կինոյի էներգետիկան

Ամեն օր կինոփառատոներ  են լինում՝  տարբեր բնույթի ու տեսակի։  Համացանցը ողողված է ֆիլմերով, բայց  այդ հեղեղի մեջ մեկ-երկու որակյալ ֆիլմ կարող ես տեսնել միայն։ Կինոմտածելակերպն այսօր լիովին փոխվել է։ Ինչից  այն սկսվեց ու հիմա ուր  է հասել՝ սարեր-ձորերի տարբերություն կա։ Բայց կինո նկարելու միջոցը նույնն է մնացել՝ նկարահանման սարք, տեսարանների նկարահանում, ցուցադրում։ Սակայն ի՞նչ էներգետիկա կա այդ ամենի մեջ. սա՛ է կարևորը։ Կինոռեժիսորի գլխավոր խնդիրը դրամատուրգիայի, դերասանների, տեխնիկայի ամբողջ էներգետիկան առավելագույն կերպով  սինթեզելը, հավաքելն ու փոխանցելն է։ Ես շատ եմ ուզում, որ բոլորն էլ փորձեն կինո նկարել:Մարդկության գերակշռող մասը այդ հնարավորությունն  այսօր ունի: Հեռախոսով էլ կարելի է ֆիլմ նկարել,մարդն այդ առումով այսօր ազատ է։ Առնվազն մեկ դարից ավելի  թուղթ ու գրիչ  բոլորն ունեն, բայց քչերն են գրող  դառնում:   Այդպես էլ հեռախոսը. բոլորն ունեն, բայց ֆիլմ կնկարեն միայն նրանք, ովքեր սիրում են արարման այդ միջոցը, ովքեր ունակ են և կարող են : Կարևորն այն  է,  թե ինչ հզորության էներգետիկ դաշտ կունենա արված  աշխատանքը։

Կինոյի կատարսիսը

Արվեստը ժամանակ չի հարցնում. իրական արվեստի համար չկա ժամանակ, որովհետև այն բոլոր ժամանակներից դուրս է։ Բայց և ժամանակն է ցույց տալիս, թե որն է իրական, զտարյուն արվեստը։ Ֆելինիի, Փարաջանովի, Փելեշյանի կինոարվեստի համար կա՞ ժամանակ, ո՞րն է այն։ Նրանց արվեստը բոլոր ժամանակներում էլ արվեստ  է մնալու։ Փելեշյանն ասում է. «Կինոն միակ արվեստն է, որը կարողանում  է ժամանակի հետ խաղալ։ Արվեստի մյուս ճյուղերն այս կամ այն ժամանակն անխախտ ֆիքսել են ու այն տեղաշարժել այլևս  հնարավոր չէ»։ Կինոդիտման ժամանակ նկարահանված նյութն  ու  հանդիսատեսն  ընթացող ժամանակից  դուրս են գալիս ու հայտնվում  մեկ այլ տարածքում ու միջավայրում, որն ընթանում է  էկրանին: Մոնտաժի ժամանակ դու ժամանակը կարող ես հյուսել,կոտրել, երկարացնել, կարճացնել, անգամ  կանգնեցնել։  «Նոր կինո» հասկացությունը միշտ էքսպերիմենտների փուլում պիտի գտնվի, ու լավ է, որ շատ երիտասարդներ մասնակցում են էքսպերիմենտալ կինոյի ամենօրյա կայացմանը, ֆիլմեր են նկարում, որոնց էներգետիկ դաշտն ու ասելիքն  ինձ՝ որպես հանդիսատեսի,կարողանում են  համոզել,կատարսիսի բերել ։ Ամեն մեկիս կյանքում կան գրքեր, ֆիլմեր,  երաժշտություններ , որոնք մեզ ապշեցնում ու հիացնում են,  հայտնվում են նորերը, բայց այդ ստեղծագործությունները չեն հնանում։

Հակակինոյի միջավայր

Կինոարտադրության միջավայր չունենք՝ «Հայֆիլմը» քանդուքարափ անելուց սկսած՝ մինչև այսօր, ավելի շուտ՝ «Հայֆիլմը» քաղաքի կենտրոնից հանելուց սկսած ։ Մինչև կինոարտադրողների  միջավայր, կինոարտադրության պահանջ չունենանք, ֆիլմարտադրությունը մեր երկրում չի զարգանա։ Պետությունը պետք է  կինո ստեղծողներին ինքնադրսևորման, ազատ աշխատելու հնարավորություն տա տարբեր ճանապարհներով։ Օրինակ՝ ես ներկայացնում եմ «Արև» ֆիլմ-ստուդիան. այն միայն ֆիլմարտադրության հետ պետք է գործ ունենա, չի կարող  և՛ համերգ կազմակերպել, և՛  պանիր վաճառել,  և՛  կինո  ստեղծել.  ես դրան չեմ հավատում։  Միայն ֆիլմարտադրությամբ զբաղվող ստուդիաներին կարելի է մատների վրա հաշվել, լավ, թող երկու հոգու  մատների վրա, այսինքն՝ առավելագույնը քսան, որոնք իսկապես ունակ են,  նկարահանում են վավերագրական  կամ խաղարկային, կարճ  կամ  մեծ ֆիլմեր,  պատրաստում են տարբեր գովազադային  հոլովակներ՝ բայց զուտ շարժապատկերի հետ գործ ունենալով:

Այդ   ստուդիաների սկզբնական ինքնուրույնության և ազատ գործելու համար քայլեր են հարկավոր: Որպեսզի այս շահութաբեր և կարևոր բնագավառը զարգացում ապրի, սակավաթիվ ֆիլմարտադրողների համար  պետք է   ֆինանսավորման ձև  մշակել: Օրինակ՝  այս ընտրված քանակի ստեղծագործական միավորներին  պետք է հինգ տարով կցել Կենտրոնական բանկին, որը տարեկան  15.000.000.$-ին համարժեք  ՀՀ դրամ կհատկացնի ընդհանուր ֆիլմարտադրության համար:  Կամ կարելի  է կցել ֆինանսների նախարարությանը.  միևնույն  է, կարևորը կազմակերպված գործողություններն են , որոնք կարող են արդյունք տալ: Ասածս այն  է, որ միայն ճշգրիտ ֆինանսատնտեսական հաշվարկի ու ռիսկերի միջոցով կարելի է ինչ -որ բան փոխել: Հինգ  տարի հետո ընտրվածներից կմնան նրանք , ովքեր  կկարողանան եկամուտ բերել և արդարացնել բանկի, պետության  ներդրումը։  Պետական բանկը կամ ֆինանսական տնտեսվարը պետք է հինգ տարով դառնան  ֆիլմարտադրող ընկերության երաշխավորը, մինչև վերջինս ոտքի  կանգի ու սկսի  ինքնուրույն գործընկերներ գտնել, միջազգային շուկա դուրս գալ, դիվիդենտներ ձեռք բերել։ Լավ  կինոն  մեզ  օդ ու ջրի պես անհրաժեշտ է, իսկ այն,  ինչ այսօր կատարվում է , այն ինչ այսօր ունենք, հակակինո է՝ իր տարեկան բյուջեով ու միջավայրով։

Կինոարտադրության «բանալիները»

Եթե այս ծանր ու սակավապտուղ վիճակում դեռ  «Ոսկե ծիրան» կինոփառատոն ենք կազմակերպում… լավ է, որ այն գոնե կա, բայց այդ փառատոնին ամեն տարի  պետք է  մե՛ր կինոարտադրողները  լինեն՝ ամեն տարի ավելի որակյալ և տարբեր։ Պրոդյուսերական դպրոց չունենք:Սովետից մնացած հիշողությունների և այսօրվա մենեջմենթի տերմիններ օգտագործելու  արանքում ենք մնացել: Կինոյից խոսողները շատ են, իսկ  դեմքի  խելացի արտահայտությամբ  ֆիլմի մասին խոսողների  գլխավոր նպատակը  ծախսած գումարը հետ բերելն է։ Խոսակցությունը  միշտ վերջանում է այնտեղ,  որտեղ կինոն նոր պետք է  սկսվեր։ Բայց կինո զգացող, կինո հասկացող, կինո տեսնող, կինո երևակայող պրոդյուսերներ առայժմ չունենք, ովքեր գիտեն ինչից՝  ինչ սարքելու ճանապարհները. բոլորը դեռ փորձում են։

Կոմերցիոն ֆիլմերը պարտադիր են, բայց ոչ պակաս կարևոր է, որ դրանք ասելիք ունենան, դերասանական, ռեժիսորական, օպերատորական աշխատանք տեսնենք, միջազգային ասպարեզ  դուրս գալու իրական հնարավորություններ ձեռք բերեն:  Ենթադրենք՝ կինոյի մասին օրենքը եղավ, բայց այն ինչի՞ համար պիտի աշխատի, ի՞նչ նպատակով։ Դրան կից՝  ֆինանսատնտեսական ժամանակավոր օրենք էլ է պետք  ընդունել։

Միգուցե առաջին շրջանում բարձր որակ չապահովվի, բայց շարժ կլինի, ոլորտը առաջ կգնա, հետո արտադրողներն իրենք ունակ կլինեն ներդրվածի հարյուրապատիկ անգամ ավելին վաստակել, մշակույթ ու երկիր ներկայացնել ։

Կինո՝ անվերահսկելի ու տարերային

Այսօր ֆիլմեր են նկարվում, որ ավելի լավ է ընդհանրապես չլինեն։ Գողական աշխարհի մասին  ֆիլմեր ու սերիալներ են նկարվում՝ այն էլ սուտ, որովհետև կյանքում իսկականը չեն տեսել։ Սովետմիությունը չի քանդվե՞լ։  Սովետի տարիներին էր  հեղինակությունների ինստիտուտ ստեղծվել , որպեսզի անվտանգությունը  փողոցն էլ ղեկավարեր։ Հիմա ես ի՞նչ մտածեմ։  Սովետը չկա, բայց  նոր սերնդին էլի գողականների ճանապարհն  են ցույց տալիս, գողականների մասին ֆիլմ ու սերիա՞լ են նկարում։ Ինչո՞ւ, ո՞վ է նպաստում, որ փնթի, անորակ ֆիլմ ու սերիալներ  նկարվեն, ո՞վ է դրանց բյուջեն որոշում։ Այդ ֆիլմերից շատերը  անգամ ռեժիսոր չունեն, կան մոտավոր սխեմաներ։ Աբսուրդի հասնող իրավիճակում ենք։ Այս անճաշակությունն ու փնթիությունը մենք սերմանում ենք նոր սերնդի մեջ՝ որպես հայկական կինեմատոգրաֆիա։

Այսինքն՝ Հայաստանում ստեղծվածն այսօր սա է, նայե՛ք։ Ու այդ «արտադրանքն» այնքա՜ն շատ է, որ որակ, մակարդակ է ձևավորել։ Տհասը, որ գրել է այդ սցենարը, իր տհասությունը պարտադրում է  շատերին։  Այս խճճված իրավիճակից դուրս գալու համար պետք է կոնկրետ քայլեր անել՝  վատ սերիալներ ցուցադրելն արգելել։ Պետք է մի նշաձող լինի, որից ներքև սերիալի որակը չպետք է իջնի։  Այս ամենի մասին ո՞վ պետք է մտածի, եթե ոչ պետությունը:

Ելքը՝ փոփոխություն մեր գիտակցության մեջ

Ընկերներիցս  մեկը՝ Կարո Չալիկյանը,  մի օր ասաց. «Աստված մարդու համար համակարգիչներ, հեռախոսներ ու տարբեր միջոցներ ստեղծեց , որպեսզի  մարդն իր ուզածն իմանալու համար ժամանակ չկորցնի, դրա փոխարեն զբաղվի իրենով՝  հոգևոր վերելքին ու աճին ձգտելու համար»։

 Այսօր մարդն ինքնազարգացմաբ, ինքնակրթությամբ զբաղվելու անսահմանափակ հնարավորություն ունի, բայց  մեծ մասամբ ոչ պետքական ինֆորմացիա կլանելով է զբաղված։ Երբ շատերը տեսնելու շնորհիվ սկսեն  գիտակցել  ստեղծագործելու  կարևորությունը, այդ ժամանակ շատ բան կփոխվի դեպի լավը,այդ ժամանակ մարդը կկարողանա վերածնվել ամեն օր:  … Այդ ժամանակ կլինի կատարսիս։

Նաիրա Փայտյան


Հրանտ Մաթևոսյան․Վահան Տերյանի մասին գրական սցենարի հայտ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվում են «Հայֆիլմ» կինոստուդիայից  բերված և այլ աղբյուրներից ստացված չիրականացված սցենարներ, որոնք ժամանակին...

, |21 Հոկտեմբեր 2019,13:38