Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվում են «Հայֆիլմ» կինոստուդիայից  բերված և այլ աղբյուրներից ստացված չիրականացված սցենարներ, որոնք ժամանակին ինչ-ինչ պատճառներով չեն նկարահանվել։ Դրանց մեծ մասը դեռևս գտնվում են մշակման փուլում, որոշներն արդեն իսկ հասանելի են ընթերցողներին։  

Չիրականացված  սցենարների նյութերի մեջ հանդիպեցինք Հրանտ Մաթևոսյանի Վահան Տերյանի մասին  գրական սցենարին (հայտը)։  Գրական սցենարի հայտը արխիվում պահպանվում է երկու տարբերակով՝  ձեռագիր (7  էջ) և մեքենագիր (6 էջ)։

«Կինոաշխարհը» իր ընթերցողներին է ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի Վահան Տերյանի մասին գրական սցենարի հայտն ամբողջությամբ, որտեղ ներառված են նաև հատվածներ գրական սցենարից (30 էջ)։

Ներկայացվում է առաջին անգամ։

 

Վահան Տերյանի մասին գրական սցենարի հայտ

.

..ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ

Դու մարգարե պիտի լինես,

Խաչակիր ու մարտիրոս,

Խարույկ ու խաչ պիտի ելնես

Ո՚չ իբր ստրուկ, այլ հերո՚ս…

Հեռու սարալանջի արտում քահանան հունձ էր անում, երբ լսեց.

– Տեր հայր, հե՜յ…

Քահանան ականջ դրեց:

– Սուքիաս, հե՜յ,- կանչում էր ձայնը:

Քահանան բարձրացրեց ձեռքն ու ականջ դրեց:

Ձայնն անորոշ մի բան էր ասում, և քահանան ժպտաց և ուզեց շարունակել ձեռքի գործը:

Սակայն ձայնը համառորեն կրկնում էր իրենը՝ թե… ի՞նչ: Կարծես՝ Մարիամը ծնել է՜, Մարիամը ծնել է՜… փրկվել է՜…: Քահանան ձեռքը թափ տվեց՝ քրթմնջալով լսածը.- Մարիամը նոր չի ծնել… Մարիամը եսի՞մ ծնել է, թե՞ հնարել են թե ծնել է:

Քահանան գերանդին սրելով դժգոհեց.

– Փրկիչները շա՜տ…,- սակայն հանկարծ հասկացավ լսածը և գցեց գերանդին ու թափ առած գնաց:

Մարիամը չէր ծնել և Հիսուս չէր ծնել: Գյուղի խեղճ խրճիթում ազատվել էր քահանայի հղի կինը, տղա-երեխա էր բերել: Եվ հակվելով երեխայի ու մոր վրա, քահանան մրմնջաց գուրգուրանքով.

– Բարո՜վ, Վահան, բարո՚վ: Այ դու բարով եկա՜ր:

Եվ Վահանի գալստյամբ քահանան ու գյուղացի տղամարդիկ նստեցին անելու իրենց թախծոտ ուրախությունը, երգելու իրենց թախծոտ երգերը և բարի գալուստ, բարի կյանք, կարմիր արև, անամպ օր, արդար հաց մաղթելու նորածնին, և մեր հայ ազգին մաղթելու մի զորավոր թագավոր, թագ, տեր, վատ թե լավ՝ տեր, հետո նոր՝ լա՚վ տեր:

Իսկ ապա քահանան ժամգիրքը ձեռքին ինքը իրեն ոգեշնչում էր եկեղեցի գնալուց առաջ, իսկ կողքի սենյակում նրան ականջ էին պահել ընտանիքի շատ երեխաները: Երեխաներից մեկը ելավ, մի շոր առավ ուսերին փիլոնի փոխարեն, ձեռքը պահեց՝ իբր թե ժամգիրք է ձեռքին և հոր նման ետուառաջ քայլելով արտասանել ձևացրեց ավետարանի խոսքերը հոր շեշտադրությամբ: Ապա շարժվեցին ու եկեղեցական արարողությունը կատակ-թատրոն դարձրին մյուս շատ երեխաները:

Մայրը ժպտալով գուլպա էր գործում, իսկ ապա ծիծաղում ու խրախուսում էր երեխաների խաղը:

Հայրը բացեց կողքի սենյակի դուռը, մի պահ կարծես թե պիտի բարկանար, բայց ժպտաց ու խառնվեց երեխաներին՝ խաղի մեջ իր դերով:

Ապա քահանան մոմի լույսի տակ Տոլստոյ էր կարդում, վիճում էր Տոլստոյի և Քրիստոսի հետ – մանկան մի ձայն շան հաչոց ձևացրեց: Քահանան հիմա բարկանալու էր, երեխաների խումբը, որ հակված էր գրքերին, վախեցավ, այնինչ քահանան միացավ «հաչող» երեխայի կատակին:

– Էս ի՞նչ շուն եք ներս թողել, հիմա ոտքս կխածի:

Թախտի տակից դուրս եկավ 3-4 տարեկան տղա-երեխան և հոր դեմ կանգնեց ու ծիծաղեց ու ծիծաղեց:

Հոր գգվանքն այդ երեխային անսահման էր, նա զավթեց այդ երեխային, խեղդելու չափ ուժեղ սեղմեց կրծքին և նրա հետ թավալվեց թախտին.-

– Լինում է, չի լինո՜ւմ մի աղքատ մարդ…

Տան մի անկյունում գիմնազիստի հագուստով երկու պատանի գլուխ գլխի քչփչում էին: Ո՚չ, կարդում էին իրենց հոր բանաստեղծությունների տետրը: Բանաստեղծությունը կին արարածի մասին էր: Մյուսը աստծու մասին էր: Բայց ահա քահանան մոտեցավ նրանց, նրանք հանկարծակիի եկան, քահանան ապտակեց ամբողջ կատաղությամբ:

* * *

Որպեսզի կարողանամ ընդգրկել Վահան Տերյանի ամբողջ կյանքը և գոնե հիմնական գույներով տալ ժամանակի հասարակական-քաղաքական խնդիրները, որոնք մեր ժողովրդի կեցությամբ ընդունում են բոլորովին տարբեր երանգներ, անհրաժեշտ եմ համարում խնդիրն առաջ մղել դրվագաբար. դա ամենակարճ ճանապարհն է ինչ-որ մի լավ կամ ինչ-որ արտառոց մի բան անելու տարտամ ցանկությունը վերաճեցնելու սոցիալական հեղաբեկման պահանջի (1), ազգային ազատագրության – անկախ հզորության – երազի գեղեցիկ սուտը դարձնելու ռուսական հեղափոխության իրական հավելված (2), բանաստեղծության միֆական Պեգասը նույնացնելու հեղափոխության սանձազերծած երկաթե հեղեղի հետ (3):

Տերյանը պապերից ու հորից արյամբ ու դաստիարակությամբ ժառանգեց ճշմարտության որոնումը և վերուվարումներով, բայց ընդհանուր առմամբ վերընթացով տարավ այդ ճշմարտության որոնումը մինչև հեղափոխություն: Նա փարեց հեղափոխությանը՝ որպես կայուն խարսխի՝ և՚ որպես ազգային ճակատագրի մարտիկ ու գուշակ, և՚ որպես բանաստեղծ-արվեստագետ:

Ուրվագծվում են հետևյալ դրվագները.

  1. Վահանի ծնունդը: Վահանի ծնունդը արդյունք էր կանանց տաք գեղեցկության, տղամարդկանց հրայրքոտ նայվածքի, ամռան շոգի, արտհնձի կանոնավոր շեշտի և իրերի ու երևույթների այնպիսի համադրության, որոնք հուշում են մեծ սեր առ աստծո աշխարհը:
  2. Պապերից մեկը երիտասարդության տարիներին սկսել է վանք շինել, հիմա ծեր է, շարունակում է կառուցել վանքը – դա ճշմարտության նրա որոնումն է – կառուցում է մինչև վերջ, մինչև հեղափոխություն ու Վահան Տերյանի վախճանը:
  3. Շատ երեխաներով ընտանիքը: Այն ընտանիքը, ուր կար ճշմարտության նախաստեղծորեն կոպիտ որոնումը և գեղեցիկ արվեստայինի նախնական վիճակը:
  4. Վահանի գրքերը: Ինչ են ասում գրքերը, ինչքան գեղեցիկ է աշխարհը գրքերի մեջ: Բանաստեղծությունը. Լենինի և Պլեխանովի անունները. նրանց ճշմարտությունը կարծես Տերյանի ճշմարտությունն է, կարծես նրանը չէ:
  5. Արվեստի բավիղներում մոլորված տղաները: Առաջին հեղափոխությունը քիչ մնաց տաներ Վահան Տերյանին:
  6. Լավագույնը կանանց, գրքերի, պոեզիայի աշխարհն է: Գրքերը լավագույնս են լուծում բոլոր հարցերը, հարկավոր է գրքերի ճշմարտությունը կյանք մտցնել:
  7. Վահանի և Տեր-Գրիգորյան ցեղի տղամարդկանցից մեկի (վանք շինող ծերունու) վեճը աշխարհի խճճված բազում հարցերից մեկի վրա: Վահանի պարտությունը:
  8. Վահանը ժողովրդի մեջ ժողովրդի փրկության քարոզով և ժողովրդից մերժված:
  9. Կատարյալ մի բանաստեղծություն և կասկածանք – ո՞ւմ է պետք բանաստեղծությունը՝ երբ կյանքն այսքան կոպիտ է:
  10. Էջմիածնի պատերի տակ փուլ եկած արևմտահայ գաղթականությունը, բանաստեղծությամբ, էպոսով, հանճարով լեցուն գաղթական բազմությունը, և կասկածանք՝ ո՞ւմ է պետք բանաստեղծության նրբությունը:
  11. Վահանի փառքը – լավագույն բանաստեղծությունների երեկո, և կասկածանք՝ ո՞ւմ է պետք բանաստեղծությունը:
  12. Այդ կասկածն ավելի է խորանում Թիֆլիզ-Մոսկվա գնացքի կուպեում հայ ժողովրդի դահիճներից մեկի հետ զրույցի ու վեճի ընթացքով (?):
  13. Լենինյան ճշմարտությունների կոպիտ, իրական շիտակությունը: Վահանն ու Լենինն ինքը՝ պարզատես, շիտակ, անկողմնակալ՝ արևմտահայության մասին Վահանի հետ զրուցելիս (- Զեկուցագիր պատրաստիր):
  14. Վահանը Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների մասնակից: Նրա տագնապը՝ թե ինչ կլինի հետո իր ժողովրդի հետ:
  15. Վահանի մահը ժողովրդի համար իրական, շոշափելի մի բան անելու ճանապարհին:

* * *

Խուսափելու համար ռուս կերպարներ ստեղծելու մեջ ռուս արվեստագետների հետ հավակնոտ և մեզ համար վտանգավոր մրցակցությունից, շատ հավանական է, որ Տերյանի մոսկովյան-պետերբուրգյան կյանքի շրջանը, նեղացնելով, դարձնեմ կամերային խոսակցություն հայերի և հայերի միջև: Հեղափոխության, պատերազմի, քաղաքացիական կռիվների պատկերումը նույնպես պետք է տրվի լոկալ միջոցներով՝ խուսափելու համար մեզ արդեն ծանոթ շաբլոնից:

Սցենարը լինելու է ժողովրդի հույսերի ու հուսախաբությունների մասին, ժողովրդի տառապանքներին արվեստագետի մերձեցման պատմությունը՝ ընդհուպ մինչև ժողովրդի խաչը ժողովրդի գողգոթա հանելը:

Արվեստագետ և ժողովուրդ հարցը իմ սրտին մոտ է և ինձ թվում է թե կարող եմ պատասխանել այդ հարցին: Սցենարը դոկումենտալության չափ հարազատ կլինի Վահան Տերյանի կենսագրությանը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

30/10-1969