Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Ջոկերի» ցուցադրությունը Վենետիկի կինոփառատոնում ավարտվեց 8 րոպեանոց հոտնկայս ծափողջույններով և «բռավո»-ներով:

Հոկտեմբերի 28-ը Խոակին Ֆենիքսի ծննդյան օրն է։ Տաղանդավոր դերասանը դարձավ 45 տարեկան։ 

Միջին տարիքի անհաջողակ կոմիկը՝ նյարդային, ողջ աշխարհի դեմ չարացած, անբախտ, պատանդ է վերցնում հաղորդավարին: Պատանդառուն տարօրինակ պահանջ ունի՝ ընդամենը մեկ երեկո իրեն թողնել եթեր դուրս գալ: Հեռուստաընկերությունը համաձայնում է, և հերոսը փայլուն կերպով անցկացնում է հաղորդումը: Ընդ որում, նա հանիսատեսին ասում է զուտ ճշմարտությունը և՛ պատանդառության, և՛ իր կյանքի մասին, բայց հասարակությունը այդ ամենն ընկալում է որպես շոուի մաս: Ֆիլմի վերջում խեղկատակին տանում է ոստիկանությունը, իսկ նա գոհ է ամեն ինչից, չէ որ նրան հաջողվեց մեկ գիշերով դառնալ կատակերգության արքա:

Կինոնկարի պոստերին խաղաթղթեր են դերասանների դեմքերով, թագավոր ու մեկնոց: Հանգիստ. սա ոչ թե Թոդ Ֆիլլիպսի «Ջոկերի» սյուժեի վերապատումն է, այլ Մարտին Սկորսեզեի «Կատակերգության արքան» դասական ֆիլմի, որին եռանդով փորձում էր հավասարվել Ֆիլլիպսը՝ «Տղաների միջոցառում Վեգասում» եռապատումի ռեժիսորն ու «Բորատի» սցենարի համար «Օսկարի» նոմինանտը:

Եվ «Կատակերգության արքա»-ում, և «Ջոկերում» գլխավոր հերոսները երազում են հայտնվել կատակերգական շոուում, և դա արդյունք է ոչ միայն իրենց ներքին աններդաշնակության, այլև շուրջը տիրող քաոսի: Երկու ֆիլմերում էլ խաղում է Ռոբերտ Դե Նիրոն: Հին կինոնկարում նա հենց այդ ամենաուրախ ելուզակն է: Նորում՝ խիստ տպավորիչ հեռուստահաղորդավարը, որի կատակերգական շոուները երեկոյան դիտում է ողջ քաղաքը: Նրա գլխավոր երկրպագուն հոգեպես անառողջ Արթուր Ֆլեկ անունով երիտասարդն է: Արթուրն ապրում է կեղտոտ բնակարանում ծեր մոր հետ, հրավիրյալ-ծաղրածու է աշխատում փողոցներում և մանկական հիվանդանոցներում, երազում է դառնալ ստենդափեր և միշտ կրծքագրպանում պահում է հատուկ քարտ: Դրա վրա գրված է, որ նա հիվանդ է և ցանկացած պահի կարող է սկսել ակամա ծիծաղել: Եթե նոպայի ժամանակ այդ քարտը ցույց տրվի անցորդներին, ապա նրանք, հավանաբար, չեն բղավի Արթուրի վրա, չեն ծեծի, չեն ծաղրի նրան: Սակայն սովորաբար դա չի օգնում, և անբախտ տղային բոլորն իրենց հերթին ծաղրուծանակի են ենթարկում՝ աշխատանքային գործընկերները, բակամուտքի գոպնիկները (լոթիները), ստահակները, անգամ սիրելի հեռուստահաղորդավարը: Գոնե փոքր-ինչ բարի են իր հանդեպ թզուկ-զուգընկերը և հարևան սևամորթ միայնակ մայրը (Զազի Բիտցը «Դեդփուլից»): Սակայն մայրը (Ֆրենսիս Կոնրոյը «Սարսափների ամերիկյան պատմությունից») միևնույն է Արթուրին (Խոակին Ֆենիքս) ասում է, որ իր առաքելությունն է մարդկանց ծիծաղ ու խնդություն տանել: Հատկապես այն ժամանակ, երբ քաղաքը շնչահեղձ է լինում առնետների արշավանքից, գործազրկությունից և բանդիտիզմից՝ եգիպտական մահապատիժներից, որոնց հետ հաշիվ տեսնել չի կարող անգամ միլիարդատեր Թոմաս Ուեյնը: Ախ հա, մոռացանք ասել՝ քաղաքը կոչվում է Գոթեմ, գործողությունը կատարվում է 70-ականների և 80-ականների սահմանագծին, երբ Բեթմենը յոթ տարեկան էր. իսկ Արթուր Ֆլեկը ապագա Ջոկերն է:

Օգոստոսին կալիֆորնիական Անահայմում կայացավ D23 կոնֆերանսը՝ «Դիսնեյ» ընկերության նվաճումների ցուցահանդեսը, որտեղ ստուդիան պատմում էր իր նոր մուլտֆիլմերի, «Աստղային պատերազմների» և «Մարվել» կինոկոմիքսների մասին: Լինելով այնտեղ, հասկանում ես, որ ընկերությունը մոնոպոլացրել է ոչ թե զվարճությունների պարզապես շուկան, այլ հանդիսականների բազային հոգեբանական պահանջարկը: Այսինքն այն, հանուն ինչի մենք այդչափ սիրում ենք կյանքից փախչելով թաքնվել կինոթատրոններում: Այդ պահանջմունքը «Ինձ ցավոտ չէ» ֆիլմում աշխատանքային ընդմիջումների ժամանակ ձևակերպել է Ալեքսեյ Օկտյաբրինովիչ Բալաբանովը. «Գլխավորը կյանքում՝ գտնել յուրայիններին և հանդարտվել»:

«Դիսնեյի» առանց բացառության բոլոր նախագծերը պատմում են միևնույն սյուժեն մի հերոսի մասին, որը նման չէ մնացածներին, բայց որը, եթե լինի խիզախ և ինքն իրեն հավատարիմ, անպատճառ ընտանիք կգտնի:

Ճանապարհ մենակությունից դեպի ընկերակցություն՝ սյուժե, որ այսպես թե այնպես ընդօրինակում-վերարտադրում են նաև «Դիսնեյի» մրցակիցների բոլոր ֆիլմերը, սակայն ո՞վ է նրանց հիմա հավատում: Դա ասես ինչպես «Կոկա-կոլայի» դեպքում՝ այն կա, և կան բոլոր մնացածները: Ոչ ոքի պետք չեն նմանակները:

Բախտ չունեցող Warner Brothers ընկերությունը, որի ֆիլմերը ըստ DC կոմիքսների գերիշխում էին կինովարձույթում ութսունականներից մինչև 2000-ականների վերջը («Մութ ասպետը», օրինակ, հավաքագրեց «Երկաթե մարդուց» ավելի շատ), ճգնաժամի մեջ է գտնվում հենց այն պատճառով, որ կենտրոնացել էր իր հանդիսականների այլ պահանջմունքների վրա: Նա հույսը դնում էր տարեց մարդկանց նեվրոզների շուկայի վրա, իսկ նրա տարողությունը մեղմ ասած ավելի փոքր է: Հույս-ֆիլմերի փոխարեն WB-ն արտադրում է սարսափ-ֆիլմեր: Բեթմենի մասին, որ դատապարտված է իր գաղտնիքի հետ մենակ մնալու: Սուպերմենի մասին, որ վարժված է ինքնազոհաբերվելու հանուն մարդկանց: «Ինքնասպանների ջոկատի» մասին, որ հիշեցնում է ընտանիք սոսկ առաջադրանքների ընթացքում, իսկ մնացած ամբողջ ժամանակ տեղաբաշխված են բանտերի մենախցերում: Եվ «Պահապանների» մասին, որոնք «ապագործառնական» ընտանիքի քրեստոմատիկան օրինակ են, և այնքան ապագործառնական, որ մազերը բիզ-բիզ են կանգնում ողջ ռուս և ամերիկյան գրականության: Որոշ այդ ֆիլմերում ողբերգությունները անհամոզիչ էին, պաթոսը՝ չափազանց, իսկ խավարը՝ ոչ իսկական: Բայց դրանք հո մեզ բերեցին դեպի «Ջոկերը»՝ բացարձակ խավարի սիրտը:

Որքան էլ տարօրինակ հնչի, «Ջոկերը» անդրադառնում է հերոսի ճիշտ այն տեսակին, ինչ որ «Դիսնեյի» բոլոր ֆիլմերը՝ սպիտակ ագռավին, մերժվածին, փխրուն երազով անհաջողակին: Բայց ոչ թե նրա համար դրախտի տոմս է առնում, ինչպես ընդունված է «Դիսնեյի» մոտ, այլ ուղիղ դեպի դժոխք: Մենակությունը կդառնա բացարձակ, «յուրայիններին» Ջոկերը չի հանդիպի (այնուամենայնիվ, Ֆիլլիպսը և Ֆենիքսը չեն բացառում երկրորդ մասի նկարահանումները, իսկ սիրված հերոսը՝ Հարլի Քվինը, շուտով կհայտնվի «Գիշատիչ թռչուններ»-ում), իսկ իր երազանքը ստենդափի մասին կաղճատվի:

«Ջոկերը» ֆիլմ է առանձին մեկ մարդու և Մեծ դեպրեսիայի շրջանի մի ամբողջ քաղաքի կյանքի մասին: Եվ այն բռնության մասին, որ ծնվում է և երկրաչափական պոգրեսիայով բազմապատկվում հավաքական հոգու այդ կացությամբ: Այն իսկական անտիուտոպիա է, բայց, ի տարբերություն մնացած բոլոր կոմիքսների, պատկերվածը հոգեբանորեն հավաստի է:

Հենց այդ հուսահատ ռեալիզմը և գեղարվեստական ռադիկալիզմն են այդքան տարօրինակ դարձնում տեսարանները, որտեղ «Ջոկերը» կամավոր ներդաշնակում է DC-ի ընդհանուր առասպելաբանությանը՝ հանդիսատեսին պատմում է Ուեյն ընտանիքի մասին, ջղայնացնում ծանոթ պերսոնաժներին, կատակում ընդհանուր թեմաներով: Այո, «Ջոկերը» ֆիլմ է այս տիեզերքից, բայց այն ստույգ այդ մոլորակից չէ: Դա կինո է Սկորսեզեի («Տաքսիստը», «Կատակերգության արքան») և Կուբրիկի («Մարդասպաններ», «Լարովի ապելսին») ոգով, այլ ոչ թե մուլտիպլեկսների: Եվ դերասանական խաղն այն մակարդակի է, որ պարզապես անհնար է պատկերացնել ֆրանշիզում, չէ որ ցանկացած ֆրանշիզ ենթադրում է հոգատար վերաբերմունք տաղանդների նկատմամբ, իսկ այն բանից հետո, ինչ արեց Խոակին Ֆենիքսը, մի քանի տարի է պետք ֆիզիկապես և հոգեպես ուշքի գալու համար:

Ինչ-որ բան ավելացնել այն հիացմունքին, որով այսօր բոլորը ամենուր խոսում են նրա խաղի մասին, անհնար է: Նա պարզապես լավագույնն է բոլոր Ջոկերներից, և հիմա ամենահետաքրքրականը՝ արդյոք նրան մրցանակ կտան Վենետիկում ընդամենը երկու տարի անց Կաննում տարած հաղթանակից հետո (ի դեպ, «Դու այստեղ երբեք չես եղել» ոչ պակաս սկորսեզական ֆիլմով) և կդառնա արդյոք Ջոկերը այն կերպարը, որ միանգամից երկու «Օսկար» կբերի միանգամից երկու դերասանի: Չէ որ Խիթ Լեջերին Կինոակադեմիան հետմահու պարգևատրեց երկրորդ պլանի դերի համար: Բայց եթե անգամ ժյուրին և ակադեմիկոսները չգնահատեն Ֆենիքսի կատակները, ներկայումս ապրող դերասանի անուն նշել, որը գլուխ կհաներ Արթուր Ֆլեկի դերից ավելի լավ, անհնար է: Ֆենիքսին հաջողվեց ստեղծել հերոս, որ լիներ իռացիոնալ և համոզիչ միաժամանակ, կրեր ծանոթ դիմակը, բայց բացարձակապես ազատ լիներ այլ էկրանավորումների կերպարների ազդեցությունից, լիներ հոգեկան հիվանդ, որը չի տրվում հոգեվերլուծության:

Արտառոց կհնչի, բայց հույս կա, որ հենց այդ արյունարբու և սարսափելի ֆիլմը 18+ ռեյտինգով կօգնի հոգեկան հիվանդությունների դեստիգմատիզացիայի համար պայքարին: Որովհետև այն, ինչ կատարվում է Արթուրի հետ, ծայրահեղ դեպքում մինչև այն պահը, քանի դեռ նա չի դարձել Ջոկեր, ստիպում է հանդիսականին մտորել այն մասին, թե ինչպես են ապրում մարդիկ՝ հատուկ քարտով կրծքագրպանում: Իրական կյանքում նման քարտեր, անշուշտ, գոյություն չունեն, պարզապես Ֆիլլիպսը ցանկացել է ինչ-որ բանով պաշտպանել հերոսի սիրտը: Շարքային Կատակասերը «Ամբողջամետաղական պատյան»-ից այդ նույն նպատակով իր բանակային սաղավարտին հմայական բանաձևեր էր գրում, վախենալով կորցնել գլուխը պատերազմում:

«Տղայական միջոցառում Վեգասում» ֆիլմը 18+ կատեգորիայում հավաքագրումների պատմական ռեկորդակիրներից մեկն է, և վստահության այդ կրեդիտը ռեժիսորն ակնհայտորեն վճռեց կանխիկացնել «Ջոկերում»:

«Հասուն» ռեյտինգը թույլ է տալիս ֆիլմին ծիծաղել շրջակա ամեն բանի վրա՝ հոգեկան հիվանդությունների, գաճաճների, հաշմանդամների: Դաժանությունը, որով այստեղ սպանում են, Վենետիկում այս տարի առայժմ չեն ցուցադրել և ոչ մի այլ կինոնկարում, ներառյալ անգամ Գասպար Նոեի վերամոնտաժված «Անդառնալիությունը»: Սակայն ամենասարսափելին «Ջոկերում» այն է, որ իր չափազանցված-ուռցված աշխարհը շատ նման է իսկականին: Կամ նրան, ինչ իսկական աշխարհը կարող է դառնալ: Դրա համար էլ հարկավոր է միայն, որ երեկոյան եթերում հայտնվի որևէ չար կատակաբան:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը