1899 թվականի օգոստոսի 13-ին Լեյսթոունում (Լոնդոն) ծնվեց Ալֆրեդ Հիչքոքը՝ մարդ, որ դարձավ թրիլլերի ժանրում աշխատած ամենահայտնի ռեժիսորներից մեկը, ինչպես նաև սասպենս կինեմատոգրաֆիական հնարքի տեղծողը: Կինոարդյունաբերության մեջ իր կարիերան սկսելով 1920 թ. ստուդիայի էլեկտրիկի պաշտոնից, Ալֆրեդը շուտով վերաորակավորվում է տիտրերի դիզայների և զբաղվում դերասանների անվանական քարտեր նկարելով, իսկ քիչ ավելի ուշ կսկսի սցենարներ հեղինակել և որպես ռեժիսորների ասիստենտ հանդես գալ:

Երկու տարի անց, 1922 թվականին, Հիչքոքը իբրև համառեժիսոր նկարում է իր առաջին ֆիլմը՝ «Միշտ ձայնիր քո կնոջը», իսկ 1925-ին՝ առաջին ինքնուրույն աշխատանքը՝ «Վայելքների այգին»:

Իր նվաճումների և կինոարտադրության վրա իր ազդեցության համար Հիչքոքը արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» պարգևների, «Կինոյի ամերիկյան ինստիտուտի «Ողջ կյանքի ձեռքբերումների համար» պատվավոր պարգևին, ինչպես նաև ասպետի կոչման Ելիզավետա II թագուհու որոշմամբ:

Ռեժիսորի 55 ֆիլմերից 9 ֆիլմ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

HB Style-ն առաջարկում է վերհիշել ռեժիսորի լավագույն հինգ ֆիլմերը:

Պարան (Rope, 1948)

Հիչքոքի շատ առումներով եզակի աշխատանքը՝ իր առաջին գունավոր ֆիլմը, որի առաջին պրոդյուսերն անձամբ ինքն է, ինչպես նաև նկարված է երկար պլաններով և մոնտաժված ընդամենը ինը սոսնձումների օգնությամբ: Իրական դիպքերի վրա հիմնված պատմություն է երկու ընկերների՝ Հարվարդի ուսանողների մասին, որոնք տեսական նկատառումներով (իդեալական հանցագործության կատարում) սպանում են իրենց համակուրսեցուն, խեղդամահ անելով պարանով: Հանցագործները ընկերներին և հարազատներին երեկույթի են հրավիրում այն բնակարանը, որտեղ թաքցված է սպանվածի մարմինը:

Գլխապտույտ (Vertigo, 1958)

Հիչքոքի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ դետեկտիվի տարրեր պարունակող «Գլխապտույտ» թրիլլերը պատմում է ոստիկան Ջոն Սկոտտի Ֆերգյուսոնի մասին, որը զուգընկերոջ ողբերգական մահվանից հետո տառապում է ակրոֆոբիայով (բարձրության վախ): Վախի նոպաների և գլխապտույտների պատճառով Սկոտտին պաշտոնաթող է լինում, սակայն նրան որպես դետեկտիվի վարձում է հին ծանոթը՝ Գեյվին Էլստերը: Գեյվինը Ջոնին հանձնարարում է հետևել իր կնոջը, Մադլենին, սակայն բարձրության վախը արմատապես ազդում է հետաքննության և հերոսների կյանքի ընթացքի վրա:

Դեպի հյուսիս՝ հյուսիս-արևմուտքով (North by Northwest, 1959)

Հիչքոքի արկածային-լրտեսական այս թրիլլերը ոչ միայն երեք «Օսկար» պարգևեց նրան, այլև, ըստ էության, դարձավ սիրված «բոնդիանա» ոճի՝ կինո գաղտնի սուպերգործակալների մասին, առաջին ֆիլմերից մեկը: Ըստ սյուժեի, գոյություն չունեցող մարդու՝ Ջորջ Կապլանի անունով շքեղ համար է ամրագրված նյույորքյան Պլազա հյուրանոցում: Հակահետախուզությունը լրտեսի տեղ է ընդունում գովազդային գործակալ Ռոջեր Թորնհիլլին և սկսում նրան հետապնդել:

Պսիխո (Psycho, 1960)

Հիչքոքի հոգեբանական այս խորրորը, հիմնված վիսկոնսինցի մոլագարի իրական պատմության վրա, արժանացավ կինոքննադատների հակասական գնահատականներին, բայց հեղինակին պարգևեց դրամարկղային տպավորիչ հավաքագրումներ: Անձի երկատվածությամբ մարդասպանի մասին պատմությունը նվաճեց նաև «Օսկար» մրցանակ չորս անվանակարգերում, այդ թվում «Լավագույն ռեժիսուրա»:

Մարնի (Marnie, 1964)

«Սա պատմություն է մի աղջկա մասին, որը չգիտի, թե ով է ինքը: Նա հոգեկան հիվանդ է, գողամոլ, սեքսի սևեռուն վախ ունի, վերջ ի վերջո նա հասկանում է, թե ինչից է դա»,- այսպես է նկարագրում իր կինոնկարի սյուժեն Հիչկոկն ինքը: «Մարնի» հոգեբանական թրիլլերը ավարտում է հոգեբանական շեղումների զոհերի մասին ֆիլմերի եռապատումը և ներկայացնում Մարնի Էդգար աղջկա պատմությունը, որը մտացածին անունով աշխատանքի է տեղավորվում տարբեր ֆիրմաներում և անհետանում է նրանց փողերի հետ միասին: Սեփականատերերից մեկը՝ Մարկ Ռատլենդը մերկացնում է նրան և շանտաժի ենթարկում, ստիպելով ամուսնանալ իր հետ:

Պատրաստեց Ռ․Բագրատունյանը