Վավերագրող Ելենա Սաքանյան․«Կինոռեժիսորն ու գիտնականը նույն անձի մեջ»
«Ելենա Սաքանյանը ստեղծել է սեփական ժանրը, որ միաձուլում է գիտությունն ու արվեստը, գիտական ֆանտաստիկան և վավերագրական հետազոտությունը: «Նա կինոռեժիսոր է, մտածող ու գիտնական նույն անձի մեջ» (Ա. Շեմյակին):
Ելենա Սաքանյանի ոճը միանգամայն ինքնատիպ է: Ինչպես և նրա հերոսները… Այն, ինչ նա արել է կինոյում, ոչնչի նման չէ: Չկա մի ժանր, որին հնարավոր լինի վերագրել նրա լավագույն ֆիլմերը: Ամեն անգամ նա նոր ժանր էր ստեղծում և այլևս երբեք չէր կրկնում: Ամեն անգամ ավելի ու ավելի մեծ ըմբոստությամբ էր խախտում եղած սահմանները, նախ և առաջ` կինոյի և կյանքի սահմանները»,- ասվում է ռեժիսորի կենսագրականում:
Փոխզիջման չգնալը ճշմարտությունը հաստատելիս հետազոտողի գլխավոր հատկանիշն է: Մի անգամ դա ստիպեց երիտասարդ գենետիկ Ելենա Սաքանյանին հրաժարվել էվոլյուցիոն գործընթացների ուսումնասիրությունից համալսարանական լաբորատորիայում և հեղափոխություն անել գիտա-հանրամատչելի կինոյում: Երիտասարդ գիտնականները, որոնք 1970-ական թթ. եկան «Ցենտրնաուչֆիլմ», իրենց հետ բերեցին ակադեմիական գիտելիքներ և որոնման կիրք: Ելենա Սաքանյանն առանձնահատուկ թեմա ընտրեց` անհատականությունը պատմության մեջ: Նրա ժապավենները` նվիրված ռուսական գիտության ու մշակույթի ականավոր գործիչների ողբերգական ճակատագրերին, վավերագրական կինոյում դասական են ճանաչվել: Նա կինոյում սեփական ժանրը ստեղծեց, որ միաձուլում է գիտությունն ու արվեստը, գիտական ֆանտաստիկան և վավերագրական կինոհետազոտությունը: Այն, ինչ արել է նա, թափանցված է խոր լավատեսությամբ: Նա մահացավ` նկարելով «Կուլտուրա» հեռուստաալիքի համար ֆիլմ Վ. Վերնադսկու մասին…
«Որպեսզի գիտնական դառնաս, պետք է անհանգստության գենն ունենաս»,- ասել է աշակերտներին գիտնական Նիկոլայ Վավիլովը: Ռեժիսոր-վավերագրող Ելենա Սաքանյանը, անշուշտ, նման գեն ունեցել է: Իսկ նրա ֆիլմերի գլխավոր հերոսները գիտնական գենետիկներն էին: Նա անհաշտ էր` ջանալով պատմել ճշմարտությունը, քանի որ ուրիշ կերպ չէր կարող:
Երևանից Մոսկվա, կենսաբանությունից` ռեժիսուրա: Ելենա Սաքանյանը` Նելեչկան, ինչպես նրան ընկերներն էին կոչում, անցել է այս ուղին: Եվ միշտ ստվերի պես, կարծես թե կողքին`մետաֆիզիկական մակարդակում, նրա հետ քայլել է բռնադատված գենետիկ Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկին: Սաքանյանն իր ողջ կյանքի գործը համարել է նրա արդարացումը: Ծանոթության առաջին իսկ օրից` առաջին իսկ դասախոսությունից սկսած: Այդ հանդիպման մասին նա հետո հաճախ է պատմել:
«Գիտնականի ազատությունը, նյութի շարադրման կերպը, նրա ձայնը, նրա անսովոր տեսքն այնքան էին ազդել Ելենայի վրա, որ նախ որոշեց մասնագիտանալ գենետիկայի ուղղությամբ, երկրորդ` հետագայում ընդունվեց ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժինը և ավարտեց այն կարմիր դիպլոմով»,- պատմում է ՌԴ ԳԱ Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի գիտաշխատող Տատյանա Ավրուցկայան:
Տատյանա Ավրուցկայայի հետ Ելենա Սաքանյանն աշխատել է Իոսիֆ Ռապոպորտի մասին ֆիլմը նկարահանելիս: Դա ռեժիսորի վերջին աշխատանքներից էր: Այդ ժամանակ արդեն նրան համարում էին գենետիկան հանրահռչակող, որը երկար ժամանակ արգելքի տակ էր: Սաքանյանի առաջին մեծ ֆիլմը` «Ո՞վ կարթնացնի ակսոլոտլին», այն տարիներին էվոլյուցիայի խնդիրների ամենահետաքրքիր քննարկումն է: Տիմոֆեև-Ռեսովսկին այդ ժապավենում հայտնվեց արդեն աղմկոտ խոստովանությամբ. մահվանից առաջ գիտնականներն են անգամ հասկանում, որ ոչինչ չգիտեն:
Համարվում էր, որ Տիմոֆեև-Ռեսովսկին հայրենիքի դավաճան է, կատարելագործում է Ֆաշիստական Գերմանիայի ռազմական հզորությունը: Նելյան հավատում էր հակառակին և հավատացնում է հնչյունային ռեժիսոր Նատալյա Ռոգինսկայային: Գրեթե 10 տարի նրանք աշխատեցին Զուբրի մասին եռագրության վրա. այդպես էին անվանել գիտնականին` փորձելով արդարացնել գիտնականին: Առաջին ֆիլմը` «Զուբրի կողքին», երկար ժամանակ էկրան չբարձրացավ:
«Չեք կարող պատկերացնել, թե նա ինչ ապրեց` ինչ սարսափ, ինչ ճնշում: Իշխանությունների ճնշումը: Այն ժամանակ ԿԳԲ-ն կար: Կարծում եմ` լավ հարվածեցին նրան բոլոր կողմերից: Եʹվ զանգահարում էին, ևʹ սպառնում: Աստված գիտի, թե ինչ է եղել, իսկ հետո պարզապես արգելեցին կինոնկարը, ցույց չտվեցին»,- ասում է հնչյունային ռեժիսոր Նատալյա Ռոգինսկայան:
Այդ շրջանում Սաքանյանը տոկուն էր, դիմացավ: Նկարեց ևս երկու ֆիլմ` «Զուբրի որսը» և «Հերոսներ ու դավաճաններ»: Հավատացնում էր, որ հասկացել է իր կոչումը` ասել ճշմարտությունը: Նրա ոգու կորովի մասին գիտի ռեժիսոր Բորիս Զագրյաժսկին. նրանք միասին սովորել են ՎԳԻԿ-ում և 20 տարի անց այնտեղ էլ հավաքել գիտական կինոյի ռեժիսուրայի արվեստանոցը:
«Նա աշխարհից վերցնում էր շատ ավելին, քան աշխարհը վերցնում էր նրանից: Ինձ միշտ այդպես էր թվում: Մեկ-մեկ էլ հետևում էի նրան ու փորձում էի ավելի շատ լսել, քան խոսել այդ դասախոսությունների ժամանակ»,- խոստովանում է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Բորիս Զագրյաժսկին:
Նրա շուրջը միշտ մարդիկ կային, և բոլորը` ոչ անտարբեր: Նա կտրուկ էր (զգացվում էր հայկական խառնվածքը) և հմայիչ: Ոչ ոք ըստ էության չէր հասկանում, թե ինչ նա նկարում. նրա յուրաքանչյուր ֆիլմը ժանրային հեղափոխություն էր:
«Անհայտ Երկիրը» տիեզերքի հանելուկների մասին է: Ֆիլմում նկարահանվել է ողջ նկարահանող խումբը: «Ճանապարհորդություն կրկնակի հետ» և «Ճակատագրի տախտակները» Վելիմիր Խլեբնիկովի և նրա խորհրդավոր գիտելիքների մասին են: Բայց Նելյայի գլխավոր գաղտնիքը և նրա կյանքի բանաձևն այդպես էլ մնացին ճշմարտությունն ու սերը` հավատը Տիմոֆեև-Ռեսովսկու նկատմամբ: Նրա մասին Սաքանյանը ևս մի ֆիլմ նկարեց` «Սեր և պաշտպանություն»: Եվ այդ կինոնկարը ցանկանում էին ոչնչացնել:
«Նելյան միշտ ասում էր. «Չեմ կարող, ուղղակի ինֆարկտ կխփի, ես չեմ դիմանա այս վիճակին»,- պատմում է հնչյունային ռեժիսոր Նատալյա Ռոգինսկայան:
Կինոնկարը հաջողվեց փրկել: Ռեժիսորին` ոչ: Այդ վերքը չփակվեց, ինֆարկտը պատահեց: Նա կանխազգում էր իր մահը: Բայց հանգիստ էր. գիտնականին արդարացրին և դրա համար «շնորհակալություն» ասացին Նելյային:
Ականավոր վավերագրող ռեժիսոր Ելենա Սաքանյանը այս տարի կդառնար 75 տարեկան: