«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Օրդյանի՝ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց հետո, լիամետրաժ խաղարկային ֆիլմի առաջին նախագիծն է։  kinoashkharh -ին տված նախորդ  հարցազրույցում Հայկ Օրդյանը նոր կինոնախագծի մասին տեղեկացրել էր։ Մոտ 2 ամիս է անցել. ֆիլմի նախապատրասատական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին։

Ներկայացնում է բեմադրող ռեժիսոր Հայկ Օրդյանը

Նուրբ ու ցավոտ «Զուլալին»

Ֆիլմն սկսելուց 4 տարի առաջ եմ մտածել՝ ինչպես եմ կարողանալու մեզ համար շատ փխրուն ու ցավոտ 1990-ականների թեման ներկայացնել հանրությանն այնպես, որ համոզիչ ու ճիշտ լինի։ Անկեղծ ասած, այն ժամանակ այդ մտքից շատ էի վախենում։ Պատասխանատվությունն էր պատճառը։ Բայց վախը հաղթահարել եմ։ Այսօր հստակ քայլերով առաջ եմ գնում՝ իմանալով, թե ինչ ֆիլմ պիտի ներկայացնեմ, ինչպես եմ ներկայացնելու պատկերացրածս։ Հանդիսատեսը կորոշի՝ ստացվա՞ծ է աշխատանքը, թե ոչ, բայց ես մաքուր ձեռքերով եմ դիպչում այս գործին ու մաքուր ձեռքերով էլ այն հրամցնելու եմ հանրությանը։ Մեր հասարակությանն ուղղված շա՜տ ուղերձներ  կան ֆիլմում. դրանք պետք է տեղ հասցնեմ։

Շամշադինցի Զուլալին

Նկարահանումների նախապատրաստական փուլում ենք, լոկացիաների ընտրությունն արդեն արել ենք, ռեժիսորական սցանարը՝ ավարտել։ Ամեն ինչ համաձայնեցվել է Նարինե Աբգարյանի հետ, միասին ֆիլմի երկխոսություններների վրա ենք աշխատել։ Զուլալին շամշադինյան աշխարհից է, պատմությունը՝ նույնպես. պետք է այնպես անել, որ շամշադինյան բարբառի համուհուտը պահպանվի, բայց և այդ բարբառը բոլորին հասկանելի լինի։ Նավուր գյուղում մի հրաշալի տուն ենք գտել. իսկը Զուլալիի տունն է։ Այնտեղ ենք նկարահանումներն անելու։ Նարինեն էլ է տունը տեսել ու շատ է հավանել։ Ընդհանրապես Նարինեի հետ ամեն ինչ քննարկում ենք, վերլուծում. մեր համատեղ աշխատանքը հարթ ու հանգիստ է ընթանում, վստահ եմ, մինչև վերջ էլ այդպես է լինելու, որովհետև ամեն բան փոխադարձ հարգանքի ու վստահության վրա է հիմնված։

Զուլալիի հետ նույն հող ու ջրից

Նկարահանումները հոկտեմբերին ենք սկսելու։  Հիմնական տեսարանների համար մեզ մառախլապատ աշուն է պետք։ Բոլոր նկարահանումները Նավուր և  Այգեձոր գյուղերում են լինելու։ Շատ մեծ դեր է խաղացել, որ ես էլ եմ շամշադինյան հող ու ջրի մարդ։ Նարինեն իր վիպակը ֆիլմ դարձնելու գաղափարն ինձ վստահել է հենց դրա համար. գիտեք, որ նա էլէ Շամշադինից։  Բացի այդ, ես զգացի, որ դա ի՛մ պատմությունն է, որովհետև ծնվածս օրվանից  այդ միջավայրում եմ եղել։ Ես հիմա էլ ինձ տեսնում եմ այդ միջավայրում,  դրա համար էլ նախաձեռնել եմ այս ֆիլմը.  ինքս ինձ վստահելով եմ այս պատմությանը մոտեցել։

Համամարդկային «Զուլալի»

Ներկայացնել մեր մենակությունը,  յուրաքանչյուրի մենակությունը և դրանով հանդերձ՝ ապացուցել, որ մենք մենակ չենք. սա է ֆիլմի գլխավոր ասելիքը։ Մարդկային նուրբ հարաբերություններն այսօր մեր հասարակության մեջ շատ են պակասում։ Ինձ համար էական չէ՝ հայաստանյան մի գյուղի պատմություն է սա, թե դեպքերը տեղի են ունենում մեկ այլ երկրի ինչ-որ գյուղում։ «Զուլալին» համամարդկային խնդիրների մասին պատմող ֆիլմ է՝ հայկական միջավայրում։ Մեր ողջ ստեղծագործական խումբը փորձում է այս համատեքստում ներկայացնել թեման։

«Զուլալիի» ստեղծագործական խումբը

ԱՄՆ-ից Հայաստան է տեղափոխվել պրոդյուսեր Արսեն Իսկանդարյանը։ Ամերիկայում նա ինտերնետային կինոյի դիստրիբյուցիայով է զբաղվել։ Արսենը «Զուլալիի» պրոդյուսերն է. իր փորձը կներդնի այստեղ։ Ի դեմս նրա՝ ես ունեմ հրաշալի ընկեր ու գործընկեր, որը հոգով-սրտով կապված է  այս ֆիլմի հետ։ Նա շատ ճիշտ խորհուրդներ է տալիս մեզ։  Իմ անդավաճան օպերատոր Արման Օրդյանն էլ  հրաշալի լուծումներ է առաջարկել։  Զուլալիին մարմնավորելու է դերասանուհի Հերմինե Ստեփանյանը։ Նրա հետ արդեն 3 տարի աշխատում ենք։ Մեր կարծիքով՝ Հերմինեն  մեր պատկերացումներն իրականություն կդարձնի, իր առջև դրված խնդիրը կլուծի։ Ինչ խոսք, Զուլալին շատ բարդ դեր է,  բայց Հերմինեն այն լավ կխաղա։  Հաջրոդ կերպարը մարմնավորելու է վրացի հայտնի դերասան Միխայիլ Գոմիաշվիլին։ Մի շատ կարևոր կերպարլ էլ ունենք՝ աքիրը։ Աքիր շամշադինյան բարբառով քույր է նշանակում. այդ դերը խաղալու է  Մարինե Պետրոսյանը՝ հրաշալի դերասանուհի, որը, չգիտես ինչու, մինչև հիմա ստվերում է մնացել։ Վստահ եմ, որ Մարինեն այս ֆիլմի ծանրությունն իր վրա է վերցնելու և մինչև վերջ տանելու է։

Կինոնախագծի մասին պատմում է Նարինե Աբգարյանը

«Զուլալին»՝ ֆի՞լմ. առաջին արձագանքը

Երբ Հայկն ասաց, որ ուզում է իմ «Զուլալին»  նկարահանել,  շատ զարմացա ու ասացի. «Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես ես այն նկարելու, որովհետև ֆիլմի համար շատ բարդ պատմություն է»։ Քանի որ Հայկն իմ համերկրացին է, մեծացել է նույն միջավայրում, նույն ավանդույթներն ունի, ինչ ես, իմ կարծիքով՝ հենց նա կարող է նկարել «Զուլալին» ։ Ես մեծ սպասումներ ունեմ նրանից։ «Զուլալի» վիպակը ես եմ գրել, բայց «Զուլալիի» սցենարը ես չեմ գրել։ Ու լավ է, որ ես չեմ գրել, թե չէ շատ  անհագնիստ կլինեի, ամբողջ օրն այսուայն կողմ կվազվզեի, հատկապես նկարահանումների ժամանակ դադար չէի ունենա, շատ կհուզվեի։ Ուրախ եմ, որ ֆիլմը հենց  շամշադինյան աշխարհում էլ նկարահանվելու է՝ Նավուր, Բերդ, Այգեձոր։

«Զուլալին» էկրան բարձրացած իմ առաջին ստեղծագործությունը կլինի

Ռուսաստանյան 5 թատրոններում իմ «Մանյունյան» բամականացվել է։ Մանկական գործերս էլ են ներկայացում դարձել։ Դրանից էլ եմ գոհ, իսկ որ ստեղծագործություններս  էկրանավորվեն, ֆիլմ դառնան, նման հավակնություններ երբեք  չեմ ունեցել։ Միակ գործս, որ հեռուստատեսային նախագիծ կարող է դառնալ, «Մանյունյան» է։ Միշտ մտածել եմ, որ «Մանյունյայից» լավ հեռուստասերիալ կստացվի, որովհետև այնտեղ  զավեշտական պատմություններ կան, որոնք կհետաքրքրեն հեռուստադիտողին։ Իհարկե, երբ գրական ստեղծագործությունը ֆիլմի է վերածվում, հեղինակի պատասխանատվությունը, աշխատանքը մեծանում է, բայց ավելի մեծ է ռեժիսորի անելիքը։ Մի ամբողջ ստեղծագործական խումբ պետք է աշխատի՝ պրոդյուսեր, օպերատոր, դերասաններ։ Իսկ գրական ստեղծագործությունը մեկ հեղինակ ունի՝ գրողը,  և վերջ։ Եթե դուք տեսնեք, թե բեմադրող ռեժիսորից բացի, մեր պրոդյուսեր Արսեն Իսկադարյանն ինչպես է տառապում, ինչքան է աշխատում, ինչ ապրումներ  է ունենում, որ ամեն ինչ լավ ստացվի։ Հուսամ՝ ամեն ինչ մեր սպասածի պես շատ լավ է ստացվելու։

Ծննդավայրս՝ գրքերիս հենք ու նախատիպ

Ամեն անգամ, երբ Հայաստան եմ գալիս, անպայման այցելում եմ նաև իմ ծննդավայր Բերդ քաղաք։  Ամեն վերադարձիս հիշողություններս արթնանում են, անցյալը վերապրում եմ, ոգեշնչվում ու ներշնչվում։ Դա մեծ երջանկություն է, որովհետև ես վերագտնում եմ իմ մանկությունը, ես երջանիկ եմ ինձ զգում, քանի որ նորից հայտնվում եմ այն միջավայրում, որտեղ մանկությունս է անցել, որտեղից հրաշալի հուշեր ունեմ, անմոռանալի ակնթարթներ։  Այս ֆիլմով ևս, հուսով եմ, նման վերադարձ վերապրելու եմ։  Նոր գիրք եմ գրում, նոր պատմություն, որի ակունքները դարձյալ Շամշադինում են՝ իմ ծննդավայրում։ Արմատներս այնտեղ  են, այնտեղ էլ կմնան միշտ։

Կինոնախագծի մասին պատմում է պրոդյուսեր Արսեն Իսկանդարյանը

«Զուլալիի» նոր ընտանիքը

Նարինե Աբգարյանն այնպիսի կերպար է ստեղծել՝ անսովոր, հետաքրքրիր, Զուլալին այնպիսի դրամատիկ ճանապարհ է անցել։ Սա  ընտանեկան շատ ազդեցիկ պատմություն է։ Ես իմ առջև խնդիր էի  դրել ստեղծել այնպիսի ընտանիք՝ ռեժիսոր, օպերատոր, դերասաններ, որ այդ ընտանիքի պատմությունը ճիշտ ներկայացվի, որ Նարինեի ստեղծած  պատմությունը համոզիչ, ազդեցիկ, տպավորիչ լինի։

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը «Զուլալի» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նախագիծն օրերս ներկայացրեց հանրությանը։  Ստեղծագործական խումբը շուտով կմեկնի Տավուշի մարզ՝ շամշադինյան աշխարհ։ Աշունն այնտեղ խորհրդավոր է, լուռ ու շքեղ՝ Զուլալիի պատմության պես։

Նաիրա Փայտյան


Կինոֆորումից մինչև կինոտեսիլք

Կինոյի մասին օրենքին շատերն են սպասում, բայց և հասկանում են, որ սպասելուն զուգահեռ՝ պետք է գործել, առաջ շարժվել։ Օրինակ՝ կրթվելու,...

, |15 Դեկտեմբեր 2019,20:23