Վենետիկյան պրեմիերաներ
Վենետիկի 76-րդ միջազգային փառատոնն այս տարի պրեմիերաների պակաս չունի: Իր նոր ֆիլմով թեև Իտալիա չհասավ Մարտին Սկորսեզեն, այդուամենայնիվ ծրագրում կան նոր կինոնկարներ Բրեդ Պիտի, Ջուդ Լոուի, Ջոննի Դեպի, Ռոբերտ Պատտինսոնի, Իտան Հոուկի և ուրիշների մասնակցությամբ: Հիմնական մրցութային ծրագրում, փառատոնի գլխավոր մրցանակի`«Ոսկե առյուծի» համար կպայքարեն նաև հայազգի անվանի երկու ռեժիսորները՝ Ատոմ Էգոյանը («Պատվավոր հյուր» ) և Ռոբեր Գեդիկյանը («Gloria Mundi»)։
«Ճշմարտություն» (La verite) – ռեժիսոր՝ Հիրոկաձու Կորեդա
Փառատոնի բացման ֆիլմը ավանդականորեն աստղային է, որպեսզի կարմիր ուղեգորգով անցնողներ լինեն. Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» նախավերջին դափնեկիր ճապոնացի ռեժիսորի առաջին անգլա- և ֆրանսալեզու նախագծում նկարահանվել են Կատրին Դընյովը, Ժյուլիետ Բինոշը, Լյուդիվին Սանիեն, ինչպես նաև Իտան Հոուկը: Ըստ սյուժեի՝ ֆրանսիական կինոյի լեգենդին, որի կյանքում ամեն բան լավ է, հյուր է գալիս դուստրը ամուսնու և թոռան հետ, և բոլորը սկսում են մեկմեկու ասել շատ ու շատ տհաճ ճշմարտություններ: Նախորդ անգամ, երբ մեծ փառատոնը բացվեց բեմադրողի համար այլալեզու ֆիլմով («Անցյալի լաբիրինթոսները», Ասխար Ֆարհադի, Կանն, 2018 թ.), ոչ մի լավ բանով դա չավարտվեց, սակայն հավանաբար Կորեդայի հետ կապված հույսերը ավելի մեծ են:
«Իդեալական թեկնածու» (The Perfect Candidate) – ռեժիսոր՝ Հայֆա Ալ–Մանսուր
Երիտասարդ բժշկուհին առաջադրվում է տեղական ընտրություններում, և շատերը դժգոհ են դրանից, չէ որ գործողությունը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայում (այո, այնտեղ կան տեղական ընտրություններ, և այո, դրանց, կարծես թե, կանանց կարելի է մասնակցել): Ռեժիսոր Հայֆա Ալ-Մանսուրը համարձակ կին է, ապրում է Բահրեյնում, հայրենիքում նրան հաճախ են սպառնում, նկարահանել է նաև արտասահմանում («Գեղեցկուհի հրեշի համար» Մերի Շելլի մասին՝ Էլ Ֆաննինգի հետ) և ահա այժմ դարձյալ նկարել է Սաուդյան Արաբիայում, որպեսզի, իր հերոսուհու ուժերով մարտահրավեր նետի նահապետական համակարգին և ցույց տա, որ կինը սաուդյան հասարակության մեջ նույնպես մարդ է:
«Ամուսնական պատմություն» (Marriage Story) – ռեժիսոր՝ Նոա Բաումբախ
Ռեժիսորը և իր դերասանուհի կինը ամուսնալուծվում են, ինչը հնարավոր ամեն տեսակ ծայրահեղությունների մեջ է նետում ամուսիններին: Երեխայի խնամակալության հարցը լուծելու փորձերը ավարտվում են երկուստեք զայրույթի բռնկումներով և ատելությամբ: Նոա Բաումբախը նաև «Ամուսնական պատմության» սցենարիստն է, ստեղծված Netflix-ի համար: Ոճի որոնումներում Բաումբախը հենվել է Ինգմար Բերգմանի «Անձի» վրա, ուստի, ըստ նրա, ֆիլմում կլինեն երկու դերասանների բազմաթիվ խոշոր պլաններ մեկ կադրում:
«Դրեյֆուսի գործը» (J՚accuse) – ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկի
Ռոման Պոլանսկին նոր կինոնկարում ուսումնասիրում է դատական գլխավոր սխալներից մեկը պատմության մեջ: Ըստ նրա, ֆիլմի թեման արդիական է և հիմա, երբ աշխարհում «տեղի է ունենում վհուկների որս, հատուկ ծառայությունները դարձել են անվերահսկելի, իսկ մամուլը կատաղել է»:
Ռեժիսորն ինքը մասնակից է դարձել անգամ դատական մի վեճի. 1977 թվականին Պոլանսկին 13-ամյա աղջկա բռնաբարության հանցանքը խոստովանելուց հետո ԱՄՆ-ից փախչում է Եվրոպա, որտեղ արդարադատությունից նա թաքնվում է մինչ օրս: 2018 թվականի մայիսին #MeToo շարժման ալիքի վրա Պոլանսկին հեռացվեց Ամերիկյան կինոակադեմիայի շարքերից: Ռեժիսորը հայց ներկայացրեց հեռացման անիրավաչափության մասին, սակայն դատարանը մերժեց այն:
Ֆիլմում դերերը կատարել են Լուի Գարրելը, Ժան Դյուժարդենը և ռեժիսորի կինը՝ Էմմանյուել Սենիեն:
«Մայրը» (Ema) – ռեժիսոր՝ Պաբլո Լարրաին
Երիտասարդ պարուհին և իր ամուսին պարուսույցը (Գաել Գարսիա Բեռնալ) ծանրորեն բաժանվում են այն բանից հետո, երբ փորձում են երեխա որդեգրել և հասկանում, որ չեն կարող նրան միասին մեծացնել: Կնոնկարը նկարահանել է չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարրաինը, որի «Ջեկին» Նատալի Պորտմանի մասնակցությամբ երեք անգամ ներկայացվել է «Օսկարի» և Վենետիկում մրցանակ ստացել լավագույն սցենարի համար: Ֆիլմը նկարագրվում է որպես «մեդիտացա մարդկային մարմնի, պարի և մայրության մասին»:
«Ջոկեր» (Joker) – ռեժիսոր՝ Թոդ Ֆիլիպս
Կոմիքսների կինոադապտացիան այսօր ոչ միայն Ամերիկյան կինոակադեմիան է ընդունում, այլև Եվրոպայի հեղինակավոր կինոփառատոներն են արժևորում: «Ջոկերը» առաջին կինոկոմիքսն է պատմության մեջ, որ հայտնվել է մեծ եռյակի փառատոների մրցույթում: «Տղաների միջոցառում Վեգասում» եռապատումի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը ֆիլմ է նկարել կոմիքսների գլխավոր չարագործներից մեկի DC-ի մասին: Բեթմենի երդվյալ թշնամուն խաղում է Խոակին Ֆենիքսը (Վենետիկում «Վարպետի» համար ստացել է դերասանական «Վոլպիի գավաթը»): Ըստ որում Թոդ Ֆիլիպսը, որն արդեն մտմտում է «Ջոկերի» սիկվելի մասին, եթե հաջողություն լինի, կարծում է, որ ֆիլմը կարող է դուր չգալ կոմիքսների երկրպագուներին, քանի որ պերսոնաժը ընդօրինակված չէ որևէ կոնկրետ աղբյուրից. հեղինակները որոշել են ստեղծել իրենց տարբերակը, թե ինչպես է անհաջողակ ստենդափ-կոմիկ Արթուր Ֆլեկը Ջոկեր դարձել: Հեղինակներն ակնարկում են, որ չարագործ-տրիկստերի վերափոխվելը կապված է իր ծեր մոր մասին հոգալու, ինչպես նաև այն բանի հետ, որ Արթուրը կոնֆլիկտի մեջ է մտնում հեռուստահաղորդավարի հետ, որին մարմնավորել է Ռոբերտ Դե Նիրոն:
«Ավազակների ցանց» (Wasp Network) – ռեժիսոր՝ Օլիվիե Ասսայաս
1980-1990-ական թվականներին հակակաստրոյական խմբավորումները, որ հաստատված էին Ֆլորիդայում, բազում հարձակումներ էին գործում Կուբայի վրա. ինքնաձիգներից գնդակոծում էին լողափերը և ռմբակոծում հյուրանոցները: Հինգ լրտեսներ Կուբայի կառավարության առաջադրանքով ներդրվում են խմբավորումներից մեկի մեջ, բայց նրանց մերկացնում և ԱՄՆ բանտ են ուղարկում: Անցյալում կինոքննադատ, այսօր փառատոնային գեներալներից մեկը՝ ռեժիսոր Օլիվիե Ասսայասի լրտեսական թրիլերում դերերը խաղում են Պենելոպա Քրուսը, Գաել Գարսիա Բեռնալը, Էդգար Ռամիրեսը, Վագներ Մոուրան և Անա դե Արմասը: Ֆիլմը նկարահանվել է Ֆերնանդո Մորաիսի «Սառը պատերազմի վերջին զինվորները. կուբացի հնգյակի պատմությունը» գրքի հիման վրա:
«Լվացքատուն» (The Laundromat) – ռեժիսոր՝ Սթիվեն Սոդերբերգ
Ապշեցուցիչ կերպով արգասավոր Սոդերբերգը («Ոսկե արմավենու ճյուղ» «Սեքս, սուտ և վիդեո»-ի համար) արդեն երկրորդ ֆիլմն է թողարկում մեկ տարում Netflix-ում («Բարձր թռիչքի թռչուններ»-ից հետո), այս անգամ լրագրողական դրամա Պանամյան օֆշորների գործերով հետաքննության մասին՝ չափազանց ներկայացուցչական դերասանական կազմի հետ, պարզապես թվարկենք՝ Մերիլ Ստրիփ, Գերի Օլդման, Անտոնիո Բանդերաս (այս տարի դերասանական մրցանակ ստացավ Կաննում), Դևիդ Շվիմմեր («Բարեկամներ»), Մատիաս Շոնարտս և այլն:
«Մարտին Իդեն» (Martin Eden) – ռեժիսոր՝ Պիետրո Մարչելլո
Ջեկ Լոնդոնի ինքնակենսագրական վեպի հերթական էկրանավորումն է, այս անգամ իտալերեն: Նավաստի Մարտին Իդենը ծանոթանում է Ելենայի հետ, որը բուրժուական ընտանիքից է, դառնում է գրող, բայց իրեն զգում է օտար բարձրաշխարհիկ հասարակության մեջ և հայտնվում սոցիալիստ ակտիվիստների միջավայրում. բոլորը վաղուց գիտեն այս սյուժեն: Պիետրո Մարչելլոն անցած անգամ Վենետիկի փառատոնին մասնակցել էր «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմով, որ պատմում է հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի մասին:
«Գունազարդված թռչուն» (The Painted Bird) – ռեժիսոր՝ Վացլավ Մարհոուլ
«Գունազարդված թռչունի» սյուժեն հիմնված է Հոլոկոստի մասին Եժի Կոսինսկու համանուն վեպի վրա: Ժամանակին գիրքը բազմաթիվ վեճեր հարուցեց նրա մեջ նկարագրված հանցագործությունների մասին, որ կատարվել են լեհ գյուղացիների կողմից: Չեխ դերասան և ռեժիսոր Վացլավ Մարհոուլը մոտ տասը տարի է կորցրել գիրքը էկրանին ադապտացնելու համար: «Գունազարդված թռչուն»-ում դերերը կատարում են Ստելլան Սկարսգարդը, Բարրի Պեպպերը («Փրկել շարքային Ռայանին»), Հարվի Կեյտելը, Ուդո Կիրը և Ալեքսեյ Կրավչենկոն («Գնա և տես»): Սև-սպիտակ ֆիլմը հրեա տղայի մասին է, որ բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներին և փորձում ողջ մնալ այդ պայմաններում:
«Պատվավոր հյուր» (Guest of Honour) – ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան
Հոգեբանական դրամա 20-ամյա դստեր հետ հոր փոխհարաբերությունների մասին: Աղջիկը հայտնվել է բանտում մի հանցագործության համար, որը չի կատարել: Նա համոզված է, որ արժանի է պատժի այլ արարքների համար, որ կատարել է կանխավ, ուստի մերժում է հոր փորձերը հասնելու իր վաղաժամկետ ազատման: Ինչպես լինում է սովորաբար, ի հայտ են գալիս անցյալի մոռացված պատմություններ:
Ատոմ Էգոյանը, որ ամենահայտնի ժամանակակից եգիպտացի ռեժիսորն է (թեև հայկական ծագում ունի և այսօր ապրում է Կանադայում), նաև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարիստն է: Նա արդեն մի անգամ Վենետիկում մասնակցել է հիմնական մրցույթին 2015 թվականին «Հիշել» ֆիլմով: «Պատվավոր հյուր»-ում խաղում են Դևիդ Տյուլիսը և Լյուկ Ուիլսոնը:
«Անսահմանության մասին» (Om det oandliga) – ռեժիսոր՝ Ռոյ Անդերսոն
Էկզիստենցիալ տրագիկոմեդիայի շվեդ հանճարը, որ «Աղավնին նստել էր ճյուղին, խորհելով կյանքի մասին» կոչվող իր նախորդ ֆիլմով հաղթել էր Վենետիկի փառատոնում 2014-ին, ներկայանում է մարդկային կյանքի գեղեցկության և անհեթեթության մասին հերթական սպառիչ արտահայտությամբ: Սա կլինի դարձյալ նովելների ժողովածու, որ տեղի են ունենում զանազան պատմական պահերի: Ռեժիսորն ասում է, որ ֆիլմի համար իրեն ոգեշնչել է հին հունական առասպելաբանության առատության եղջյուրը, իսկ փառատոնային կատալոգի հեղինակները պնդում են, որ կինոնկարում կադրից դուրս հնչող ձայնը հիշեցնում է Շահրեզադեին, որ հեքիաթներ է պատմում:
«Կաթնատամներ» (Babyteeth) – ռեժիսոր՝ Շենոն Մերֆի
Ծանր հիվանդ դեռահաս Միլան սիրահարվում է թմրավաճառի, ինչը նրա ծնողներին սարսափի է մատնում, սակայն Միլային պարգևում է կյանքի ծարավ: Աղջիկը ցույց է տալիս շրջապատին, ինչպես ապրել, երբ արդեն ոչինչ չունես կորցնելու, և թե ինչի է ընդունակ մարդը հանուն սիրո:
«Կաթնատամները» Շեննոն Մերֆիի լիամետրաժ ռեժիսորական դեբյուտն է, բացի դրանից նա Վենետիկի այս տարվա մրցույթին մասնակից երկու կին ռեժիսորներից մեկն է: Ֆիլմում դերերը կատարել են Էլայզա Սկանլենը («Սուր առարկաներ»), Բեն Մենդելսոնը («Մութ ժամանակներ», «Առաջին խաղացողին նախապատրաստվել») և Էսսի Դևիսը («Գահերի խաղը»):
«Շաբաթօրյա սիրավեպ» (Lan xin da ju yuan) – ռեժիսոր՝ Լոու Ե
1941 թվական, Չինաստանը օկուպացված է Ճապոնիայի կողմից, դերասանուհին ժամանում է Շանհայ, իբր որպեսզի խաղա ներկայացման մեջ, իսկ իրականում՝ ինքն էլ չի որոշել ինչու: Կամ որպեսզի փրկի իր նախկին ամուսնուն, այդ ներկայացման ռեժիսորին, կամ որպեսզի փախչի պատերազմից սիրեկանի հետ, կամ էլ որպեսզի որևէ մեկի հետ կիսվի Պյորլ Հարբորի վրա ապագա հարձակման մասին իր գաղտնի տեղեկությամբ: Լրտեսական այս թրիլերի բեմադրիչը՝ չինացի Լոու Են, նախկինում մրցանակ է ստացել Կաննում «Գարնանային տենդ» ֆիլմի սցենարի համար:
«Աղոթք հանուն Աստծո» (Gloria Mundi) – ռեժիսոր՝ Ռոբեր Գեդիկյան
Ռոբեր Գեդիկյանի հերթական սոցռեալիստական ակնարկն է, ֆրանսիացի ռեժիսոր, որ հավերժ պայքարում է աղքատների, ոտնահարված բանվորների իրավունքների համար և որ վենետիկյան կատալոգում մեջբերում է անում Կարլ Մարքսից: Ըստ սյուժեի մարսելյան աղքատ ընտանիքում ծնվում է աղջիկ և որպեսզի նա այնքան էլ վատ չապրի, ծնողներին հարկ է լինում կրկին բարեկամանալ նրա պապի հետ:
«Կալվածք» (A Herdade) – ռեժիսոր՝ Տյագու Գեդեշ
Պորտուգալացի Տյագու Գեդեշը, որ նախկինում առանձնապես չի նկատվել փառատոնային շարժման թոփում, նկարահանել է ծավալուն, գրեթե երեք ժամ տևող ընտանեկան ասք հարուստ տոհմի կյանքի մասին, որը սեփականատերն է երկրի խոշորագույն կալվածքներից մեկի, 1940-ականներից սկսած 1974 թվականի «մեխակների հեղափոխության» միջով մինչև մեր օրերը: Մրցույթի «անհայտ ձիուկն» է:
«Բարբարոսներին սպասելիս» (Waiting for the Barbarians) – ռեժիսոր՝ Սիրո Գերրա
Ֆիլմի իրադարձությունները զարգանում են ինչ-որ կայսրությունում: Ոչ մեծ գաղութատիրական ավանի վրա սպասվում է բնիկ ժողովուրդների հարձակում, որոնց բարբարոսներ են անվանում: Հենց այդ ժամանակ Մագիստրատը, կայսրության սպաներից մեկը, վկա է դառնում բարբարոսների հանդեպ դաժան վերաբերմունքի և սկսում մտածել ինչպես իմպերիալիզմի օրինականության, այնպես էլ նրան իր հավատարմության մասին:
«Բարբարոսներին սպասելիս»-ի սյուժեն հիմնված է Նոբելյան դափնեկիր Ջոզեֆ Կուտզեի համանուն գրքի վրա: Էկրանին կհայտնվեն Մարկ Ռայլենսը («Լրտեսական կամուրջ»), Ջոնի Դեպը և Ռոբերտ Պատտինսոնը («Փարոս», «Բարձրաշխարհիկ հասարակություն»):
«Մաֆիան արդեն այն չէ, ինչ նախկինում» (La mafia non e piu quella di una volta) – ռեժիսոր՝ Ֆրանկո Մարեսկո
«Մաֆիան արդեն այն չէ, ինչ նախկինում» ֆիլմը ռեժիսոր Ֆրանկո Մարեսկոյի (հնարավոր է, կեղծ) վավերագրական կինոնկարն է, նկարահանված իտալերեն: Ֆիլմը պատմում է մարդկանց պատմություններ, որոնք փորձում էին պայքարել սիցիլիական մաֆիայի դեմ, բայց դրա համար վճարեցին կյանքով կամ կարիերայով: Ֆիլմի հերոսները կարոտում են «անցած ժամանակների մաֆիան», ինչպես նաև հաճախում են տարբեր տոնական միջոցառումների, նվիրված մաֆիայի ձեռքով զոհվածներին:
2014 թվականին «Բելլուսկոնե. սիցիլիական պատմություն» վավերագրական ֆիլմը արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին «Հորիզոններ» բաժնում:
Աղբյուրը՝ kinoart.ru
Պատրաստեց Ռ․Բագրատունյանը