«Փոշու դուստրերը» (1991թ․) ֆիլմի մտահաղացումը ռեժիսոր Ջուլի Դաշի մտքում էր դեռևս ուսանողական տարիներից: Կալիֆոռնիայի կինոդպրոցի ուսանողուհին որոշել էր ֆիլմ նկարել իր հոր նախնիների` Գուլլահ ցեղի մարդկանց մասին, որոնք ապրում էին Սեա կղզիներում: Ֆիլմը լինելու էր համր, կարճամետրաժ ու վավերագրելու էր ցեղի բնակիչների հարազատ բնակավայրը լքելու և դեպի հյուսիս տեղափոխվելու գործողությունները։

Սակայն 800,000 դոլլար ֆինանսավորում ստանալով PBS-ից` Ջուլին նկարահանեց լիամետրաժ դրամա, որն ընդգրկվեց Սանդենսի հիմնական մրցույթում և գլխավոր մրցանակ բերեց օպերատորին` Արթուր Ջաֆային: «Փոշու դուստրերը» դարձավ առաջին սևամորթ կին ռեժիսորի նկարած կինոնկարը, որը լայնորեն ցուցադրվեց ամերիկյան կինոթատրոններում: Որոշ հատվածներում ֆիլմի երկխոսությունները կրեոլիզացված (աֆրիկյան լեզվի և անգլերենի խառնուրդ) անգլերենով էին և ցուցադրվում էին առանց անգլերեն ենթագրերի, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հանդիսատեսի շրջանում:

Ֆիլմը պատմում է Գուլլահ ցեղի երեք սերունդների մասին, որոնք պետք է կայացնեն թերևս ամենակարևոր որոշումը` լքեն կղզին կամ շարունակեն ապրել այնտեղ՝ մեկուսացված: Նրանց նախնիներն այնտեղ են գաղթել` ազատվելու ստրկությունից, իսկ վերադարձը կնշանակի ինքնության վերջնական կորուստ և ասիմիլացիա: Ֆիլմի հերոսուհիներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, որոնց մասին պատմում է նրանցից ամենաերիտասարդի` Էուլայի չծնված դուստրը:

Ավագ սերունդը մարմնավորում է ցեղի մայրը, որը մահացած նախնիների ու ցեղի անդամների կապող օղակն է: Միջին սերունդի ներկայացուցիչները մի քանիսն են, բայց նրանց միավորում է մեկ փաստ. նրանք  կողմ են հեռանալ կղզուց: Կրտսեր սերնդի ներկայացուցիչներից է Էուլան, որը հղի է և իր չծնված դստեր միջոցով կապ է ստեղծում ապագայի հետ:  Բացի հիմնական սյուժետային գծից, որը կազմված է մի շարք երազանման պատմություններից, ֆիլմը լի է Գուլլահ ցեղի հավատալիքների ու ավանդույթների պատկերներով ու տեսարաններով: Ֆիլմն ասես Թոնի Մորրիսոնի կամ Ալիս Ուոլքերի վեպերի վիզուալ մարմնավորումն ունի, սակայն ավելի պեոտիկ է, եթերային, լուսավոր ու զարդարված մոգական ռեալիզմի տարրերով:

Ֆիլմը փոշու դուստրերի հարյուրավոր տարիների մենության մասին է. սև ցորենանախշ հյուսքերով ու կաթնագույն շրջազգեստներով կանանց, որոնք  ալեկոծվում են օվկիանոսին համընթաց ու հանդարտվում ծովից փչող մեղմ քամուն համահունչ: Նրանք են որոշում իրենց ապագան ու չեն վախենում պարտությունից, մոգական ուժ են ստանում նախնիներից, ապագա սերունդներից ու առաջ շարժվում:

Սոնա Կարապողոսյան