Փարիզի հիվանդանոցներից մեկում 92 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը: Այս մասին հայտնում է Figaro-ն: Շառլ Ժերարը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 1-ին` Մարսելում, հայկական ընտանիքում։

Նա  Ժան-Պոլ Բելմոնդոյի 70 տարիների մտերիմ ընկերն ու բարեկամն էր։ Նրանց ծանոթությունն ու մտերմությունը սկսվել է  1948 թ․՝ բռնցքամարտի ռինգում, որտեղ  խաղի ժամանակ Բելմոնդոն կոտրել է Ժերարի  հայտնի և ընդգծված քիթը։

Դերասանը 1970-80-ական թվականներին նկարահանվել է շուրջ 20 ֆիլմում, խաղացել է հանրահայտ դերասաններ Ժան-Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ:

Շառլ Ժերարն աշխատել է ֆրանսիական կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Լելուշը, Կլոդ Զիդին, Ֆրենսիս Վեբերը, Անրի Վեռնոյը: Ժերարը եղել է երկրորդական դերերի անկրկնելի կատարող և հենց դրա շնորհիվ էլ տարիներ  խաղացել է Կլոդ Լելուշի ֆիլմերում։ Նրանց բարեկամությունն ու մտերմությունը չի սահմանփակվել միայն նկարահանման հրապարակով և ֆիլմերով։

Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Խաղալիք» (Պիեր Ռիշարի հետ, ռեժիսոր Ֆրենսիս Վեբեր), «Հրեշը» (Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, ռեժիսոր Կլոդ Զիդի), «Տղամարդն ու կինը. 20 տարի անց» (Կլոդ Լելուշ) ֆիլմերը: