Լոկառնոյի 72-րդ միջազգային փառատոնի օրերին կայացավ  առանձնահատուկ հետահայաց ցուցադրություններից մեկը` նվիրված «սև» կինոյին: Փառատոնի  «Սև լույս» ծրագրում ընդգրկված էին սևամորթ ռեժիսորների նկարահանած ֆիլմերը, որոնք բազմազան էին  ինչպե՛ս աշխարհագրական, այնպե՛ս էլ ժամանակագրական տեսանկյունից։ Տարաբնույթ ընտրանին ներառում էր ֆիլմեր Ջամայկայից, Սենեգալից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բրիտանիայից, որոնք նկարհանվել են 1910-1990-ական թվականներն ընկած ժամանակահատվածում: Դրանք հիմանկանում այն ֆիլմեր են, որոնք համարվել են անվերադարձ կորած կամ արգելվել են ցուցադրել։ Այսօր արդեն դրանք վերականգնված են։ Ֆիլմերին  վերադարձվել է արժանի կարգավիճակ և 35 միլիմետրանոց ժապավենով  ներկայացվում են հանդիսատեսին:

Պատմության հորձանուտում ֆիլմին սպառնացող բոլոր դժվարությունների միջով է անցել աֆրոամերիկացի ռեժիսոր Օսկար Միշոյի «Մեր դարպասներից ներս» (WITHIN OUR GATES, 1919) կինոնկարը, որով էլ բացվեց ծրագիրը: Ֆիլմը համարվում է պահպանված ամենաառաջին «սև» ժապավենը և նկարվել է ի պատասխան Գրիֆիտի «Ազգի ծնունդ»-ին (THE BIRTH OF A NATION, 1915): Ի սկզբանե ֆիլմի ցուցադությունն  արգելվել է, ռասսայական ատելություն սերմանելու վտանգից խուսափելու համար, իսկ հետագայում ուղղակի անհետացել է: Այն հայտնաբերվել է Իսպանիայում 1970-ականներին՝ որոշ պակասող հատվածներով և վերականգվել  Կոնգրեսի գրադարանի կողմից 1993 թվականին: Չկան նաև ֆիլմի օրիգինալ լուսագրերը, իսկ այժմյան օրինակի տեքստերը թարգմանված են իսպաներենից: Ֆիլմի հեղինակը` Օսկար Միշոն համարվում է առաջին մեծ աֆրոամերիկացի ռեժիսորը։ Մինչ ֆիլմ նկարելը, նա ստեղծագործել է գրական ոլորտում, հեղինակ է մի շարք պատվածքների: Նրա առաջին լիամետրաժի` «Տնտեսվարի»  հիմքում իր իսկ գրած պատմվածքն է, որն այս պահին դեռևս համարվում է կորած: Իր ողջ կինոկարիերայի ընթացքում Օսկար Միշոն նկարել է շուրջ 44 ֆիլմ:

«Մեր դարպասներից ներս»-ը պատմում է ինտելեկտուալ Սիլվիայի մասին, որի կյանքը փոխվում է, երբ փեսացուն հրաժարվում է ամուսնանալ նրա հետ` չհավատալով վերջինիս հավատարմությանը: Շուտով Սիլվիան դառնում է քաղաքացիական ակտիվիստ՝ պայքարում  սևամորթների կրթության և ընտրելու իրավունքի համար:

Ֆիլմը հատկապես հետաքրքիր է կերպարների ընտրության տեսանկյունից: Ռեժիսորն ստեղծում է սևամորթ կնոջ նոր օրինակ, որը կրթված է, գեղեցիկ է և պայքարում է իր երկրում  ժողովրդավարական իրավունքների համար: Չնայած նրան, որ  Միշոյի ֆիլմերի առանցքում  սևամորթ հերոսներն (դրական թե բացասական) են, միևնույնն է դրանք հեռու են ռասսայական խտրականության տարրերից։ Ռեժիսորն իր այս և մյուս ֆիլմերում ևս խոսում է խառնածինների մասին, որոնք, որպես կանոն, նույնացնում են իրենց սևամորթների հետ և գործում են նրանց «ճակատից»:

Միշոյին հաջողվում է ստեղծել համապարփակ ու սրամիտ դրամա, խոսել մի ամբողջ ազգի սոցիալական ու քաղաքական խնդիրների մասին: Արդյունքում, հանդիսատեսը տեսնում է յուրահատուկ և իր ժամանակի համար շատ խիզախ կինոփորձառություն` անսպասելի զարգացումներով ու զարմանալի ավարտով, որը ոչ միայն ավելի լայն պատկերացում է տալիս 20-րդ առաջին կեսին սևամորթների քաղաքացիական և սոցիալական պայքարի մասին, այլ նաև հուշում է վերանայել պատմության դասագրքերը, գրականությունը, կինոն։

 

Սոնա Կարապողոսյան

Լոկառնո, 2019