Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, կինոարվեստի բաժին. որքանո՞վ ենք տեղյակ հայկական կինոյին առնչվող մեր հավաքածուներին և ֆոնդերին, դրանց առանձնահատկություններին, անցած ճանապարհին: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք թանգարանի կինոֆոնդի բաժնի վարիչ Կարինե Սայադյանի հետ:

 Հիմնական կինոֆոնդ և մշտական ցուցասրահ

-Կինոֆոնդի բաժինն ունի հայ անվանի և ոչ այդքան հայտնի կինոգործիչների մեծ ու փոքր 117 ֆոնդեր և հավաքածուներ: Ընդհանուր հաշվով 100.000-ից ավելի նյութեր կան մեր բաժնում նամակների, փաստաթղթերի, վավերագրերի, ձեռագրերի, հրավիրատոմսերի, հուշանվերների, ֆիլմերի էսքիզների, լուսանկարների, սցենարների, պետական պարգևների, կինոսարքավորումների տեսքով: Այդ նյութերից մենք ընտրում ենք ամենաներկայանալիները և ուղարկում մշտական ցուցադրության, որտեղ ներկայացված են  հայ կինոյի ասպարեզում իրենց լուման ունեցած կինոգործիչներին պատկանող իրերը:

 Կինոարվեստի բաժնի ստեղծում, զարգացում, համալրում, առաջին և վերջին նմուշներ

-Կինոյի բաժինը, որ մեր թանգարանի ամենաերիտասարդ բաժինն է, ստեղծվել է 1977-ին: Բաժնի առաքելությունն է հավաքել, մշակել և պահպանել հայկական կինոյին առնչվող այն նյութերը, որոնք արժանի են փոխանցելու սերունդներին: Նախապես բոլորը տեղեկացվել են, այնուհետև սկսվել են հավաքչական աշխատանքները: Կինոգործիչներն աստիճանաբար իրենց պատկանող նյութերը հանձնել են թանգարանին: Շատ նյութեր բերել ենք «Հայֆիլմ» կինոստուդիայից: Բաժինը համալրվել է նաև Կինոյի տանը պահպանված  նյութերով: Ունենք ֆոնդեր, որ բերվել են շարունակաբար՝ մի քանի փուլերով: Օրինակ՝ ֆոնդն ունեցել ենք կինոգործչի կենդանության օրոք, բայց նրա մահից հետո հարազատները կրկին նյութեր են ավելացրել: Արդյունքում փոքրածավալ ֆոնդերը դարձել են լիարժեք:

«Հայֆիլմ» կինոստուդիայից բերված գործիքներ ու կինոտեխնիկա, ապարատներ ունենք, որ վաղուց ապրել են իրենց դարը, բայց այնքան թանկ հիշողություն են կինոյի համար, որ շարունակում ենք պահպանել դրանք՝ թեկուզ առանց ցուցադրման:

Մեր ֆոնդի ամենահին նմուշներն առաջին հայկական ֆիլմի՝ «Նամուսի» հետ կապված լուսանկարներն են և սցենարը: Ժամանակին, երբ կինոֆոնդն ուներ ժապավենների բաժին, ամենահին ցուցանմուշը Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի (1845-1910) թաղման հետ կապված ժապավենն էր: Մեզ մոտ այժմ ժապավեններ չեն պահվում՝ ելնելով պահպանման հնարավորությունների բացակայությունից: Ամենավերջին համալրումը «Ոսկե ծիրանի» այս տարվա նյութերն են: Ի դեպ, ամեն տարի ստանում ենք այդ կինոփառատոնի հետ կապված նմուշները՝ ծրագրերի, ազդագրերի, հրավիրատոմսերի, լուսանկարների տեսքով: Ընդհանրապես ներկայումս կինոֆոնդը համալրվում է հիմնականում ժամանակակից կինոգործիչների ֆիլմերի հետ կապված նյութերով:

Հայտնի ու անհայտ  թանկ անուններ

-Մենք ունենք հայ կինոգործիչների ամենատարբեր ֆոնդեր (ռեժիսորներ, դերասաններ, օպերատորներ, նկարիչներ և այլն): Դրանք այնքան արժեքավոր են, որ ուղղակի չենք կարող որևէ մեկին առանձնացնել: Կինոյի աշխարհը շատ ծալքեր ունի, և կինոյի մեծ ընտանիքում չես կարող որևէ անդամի մյուսից գերադասել:

Անհատական ֆոնդերը կինոբաժնի հենքն են: Եվ ֆոնդատիրոջ մասնագիտությունից կախված էլ ֆոնդերն ունեն յուրահատկություններ: Օրինակ՝ ռեժիսորի ֆոնդում գերակշռում են ռեժիսորական սցենարները, նույն սցենարի տարբերակները, կադեր ֆիլմերից, լուսանկարներ, աշխատանքային պահեր, փաստաթղթեր  և այլն: Մենք ունենք Համո Բեկնազարյանի, Գրիգոր Չախիրյանի, Դանիել Դզնունու, Ստեփան Կևորկովի, Լևոն Իսահակյանի, Առնոլդ Աղաբաբովի, Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Իսրայելյանի, Արա Վահունու, Արման Մանարյանի, Ալբերտ Յավուրյանի, Ազատ Շերենցի, Գալյա Նովենցի, Վիգեն Չալդրանյանի, Սոս Սարգսյանի և հանրությանը հայտնի ու անհայտ այլ կինոգործիչների ֆոնդեր, որ առանձնահատուկ տեղ ունեն կինոֆոնդում և մեր հպարտությունն են:

Կցանկանայինք ունենալ նաև Մհեր Մկրտչյանի, Հենրիկ Մալյանի, Խորեն Աբրահամյանի ֆոնդերը, բայց, ցավոք, դեռևս հնարավոր չէ ամենատարբեր պատճառներով: Ստիպված նրանց անունով հավաքածուներ ենք ստեղծել: Ժամանակը ցույց կտա՝ արդյոք դրանք կդառնա՞ն ֆոնդ, թե՞ ոչ:

Կան ֆոնդեր նաև ոչ հայաստանաբնակ կինոգործիչներից: Օրինակ՝ 1990-ականն թթ սկզբներին Մոսկվայից Հայաստան ենք բերել ռուսաստանաբնակ հայ կինոգործիչներ Վասիլի Քաթանյանի, Գուրգեն Թոնունցի, Հենրիկ Հովհաննիսյանի, Լև Ատամանովի, Լև Կուլիջանովի, Մարո Երզնկյանի, Արշա Ավանեսովայի արխիվները:

 Արժեքավոր հավաքածուներ

-Կինոյի բաժինը հարուստ է նաև իր սցենարների, զգեստների, էսքիզների, լուսանկարների, կինոերաժշտության նոտաների, Ազգային կինոկենտրոնի, Կինոյի տան, կինոնկարահանման սարքավորումների, մամուլի, նեգատիվ ժապավենների, պաստառների (ազդագրերի), փառատոների նյութերի հավաքածուներով:  Դրանց տարաբնույթ նյութերի հիման վրա հրատարակվում են կինոարվեստի վերաբերյալ գրքեր և հոդվածներ, որ կարևոր են կինոյի անցած ճանապարհի պահպանման և փոխանցման առումով:

Շատ հարուստ է մեր սցենարների հավաքածուն: Կա 455 սցենար՝ չհաշված առանձին կինոգործիչների ֆոնդերում պահվող հենց նրանց նկարահանած ֆիլմերի սցենարները՝ հեղինակային ուղղումներով ու լրացումներով: Նշեմ՝ մենք ունենք չիրականացած, ժամանակին ինչ-ինչ պատճառներով չնկարահանված ֆիլմերի սցենարների մի ամբողջ բաժին: Դրանց մեջ կան հաջող սցենարներ, որ մասնագետների համար հետաքրքիր նյութ կարող են ծառայել՝ դառնալով ապագա ֆիլմի հրաշալի հիմք:

 Նյութերի մշակում և պահպանում

-Յուրաքանչյուր նյութ ձեռքբերումից հետո անպայման ցուցակագրվում է ֆոնդապահի մոտ, որից հետո հանձնվում է գիտաշխատակիցներին մշակման համար: Նրանք նախ մանրամասնորեն ծանոթանում են նյութին, ապա սկսում մշակումը: Մշակումից հետո նյութը ծրարավորվում է: Ծրարի վրա մանրամասն գրվում է նյութի տվյալները՝ հեղինակ, վերնագիր, ժամանակագրություն, վայր, չափսեր, էջերի քանակ, մեքենագիր կամ ձեռագիր լինելը և այլն: Այս ամենից հետո այն դրվում է հարմարավետ տուփերի մեջ: Հետագայում դրանք պարբերաբար բացվում են և մաքրվում: Բացի այս ծրարներից՝ կա քարտադարան, որտեղ արդեն քարտերի վրա գրանցվում են նույն տվյալները, որ ցանկացողները կարողանան հեշտությամբ օգտվել քարտադարանից:

Ունենք նաև անմշակ ֆոնդեր: Դրանք այն նյութերն են, որ նոր ենք ստացել և  դեռ չենք հասցրել մշակել ու դնել սպասարկման:

 Կինոֆոնդից օգտվողները

-Կինոֆոնդից օգտվում են ոլորտի մասնագետները, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, ֆոնդատերերի այն ժառանգները, որոնք իրենց հարազատի ողջ արխիվը մեզ են տրամադրել: Կինոֆոնդը շատ արժեքավոր է նաև լրագրողների համար: Օրինակ՝ կինոյի աշխարհին վերաբերող հեռուստատեսային հաղորդումներ կան, որ հենց մենք ենք սպասարկում փաստաթղթերով, լուսանկարներով, ազդագրերով և այլն:

Ընդհանրապես սպասարկման սահմանափակումներ չունենք, բայց կան նյութերի տրամադրման կանոններ,որոնք պարտադիր կիրառվում և պահպանվում են աշխատանքի ընթացքում: Կինոյի բաժնի մասին շատ արժեքավոր տեղեկություններ է պարունակում նաև «Ուղեցույց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կիոնարվեստի ֆոնդերի» գիրքը, որ բարեխղճորեն կազմել է Կինոարվեստի նախկին բաժնի վարիչ Օֆելյա Այվազյանը: Գիրքն ընդգրկում է 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը հայ կինոգործիչների, ինչպես նաև կինոարվեստին առնչվող հավաքածուների և ֆոնդերի համառոտ նկարագիրը:

 Հիշողության պատառիկներ

-Արդեն 33 տարի է աշխատում եմ թանգարանի կինոյի բաժնում՝ սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, հետո՝ ավագ, հիմա արդեն՝ ֆոնդերի վարիչ: Իմ աչքի առաջ կինոյի ֆոնդը հարստացել է, բայց միևնույն ժամանակ մեզնից հեռացել են կինոյի մեծերը, որոնք այցելում էին, թանգարան, հաճախ հենց իրենց ձեռքով բերում նյութերը: Մենք կարոտով ենք հիշում նրանց, որովհետև հասցրել էինք հարազատանալ:

Այսօր էլ երիտասարդ ռեժիսորների, սցենարիստների հետ ենք աշխատում: Լինում է, որ սկզբում մենք ենք նրանց դիմում նյութեր բերելու խնդրանքով, բայց երբ մեկ անգամ լինում են մեզ մոտ և տեսնում, թե ինչ խնամքով ու հոգատարությամբ ենք վերաբերում կինոյի արխիվին, արդեն առանց վարանելու մեր բաժնին են հանձնում անձնական իրերն ու փաստաթղթերը՝ համոզվելով, որ դրանց իրական ապաստարանը կինոֆոնդը պիտի լինի:  Ի վերջո, այն, ինչ կինոգործիչների ժառանգները կամ հենց կինոգործիչները բերում են թանգարան, մասունքներ են, որոնցից այնքան դժվար է բաժանվելը: Դրա համար ճիշտ է նրանց գալը, տեսնելն ու համոզվելը, որ հանգիստ լինեն հետագայում այն ամենի համար, ինչ հանձնում են մեզ:

-Իմ հիշողությունները շատ-շատ են և երբեմն այնքան նվիրական, որ վախենում ես բարձրաձայնել: Հիշում եմ՝ ինչպես նկարիչ, մուլտիպլիկատոր Ստեփան Անդրանիկյանն այնքան էր սիրում մեր թանգարանը, որ հաճախ այցելում էր և զրույցի բռնվում մեզ հետ: Եվ հենց կենդանության օրոք էլ իր բոլոր նյութերը հանձնեց մեզ: Մահվանից երեք օր առաջ նա կրկին մեր թանգարանում էր: Կամ մեկ այլ դրվագ. դրամատուրգ, սցենարիստ Միքայել Չամանյանի արխիվը մշակելիս մի անպարզ թվական ճշտելու համար զանգեցի նրա կնոջը: Իմ հարցը վերածվեց երկար զրույցի, և վերջում Չամանյանի կինը հուզմունքով բացականչեց՝ «աղջիկ ջան, ինչքան բան գիտես մեր մասին, կարծես մեր տանից լինես»: Սա գուցե պարզ մի պատմություն է, բայց ցույց է տալիս մեր նվիրումը կինոյի բաժնին ու իր երախտավորներին:

Կինոխցիկ  «Դեբրի», որով նկարահանվել են հայկական առաջին համր  ֆիլմերը

-Ամեն անգամ իմ աշխատավայրի դուռը բացելիս երկրորդ տուն մտնելու զգացողություն եմ ունենում և այսօր էլ շարունակում եմ նույն սրտացավությամբ մոտենալ կինոյի բաժնի նմուշներին: Տարիքով պայմանավորված  ժամանակն է, որ հրաժեշտ տամ այս գործին, բայց ցանկությունս է, որ այս ամենը կարողանամ պատշաճ մակարդակով հանձնել իմ իրավահաջորդին, որ նա ևս պահպանի նույն խստապահանջությունն ու սրտացավությունը կինոյի աշխարհի կարևոր պատառիկների նկատմամբ:

 Գրականության և արվեստի թանգարանի կինոֆոնդ մեր ճանաչողական  այցն ավարտվեց  թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ զրույցով․․․

-Ինչպես կինոարվեստը հասարակության կյանքում առաջատար արվեստներից է, նույն կերպ էլ կինոյի բաժինը թանգարանի կյանքում ունի մեծ նշանակություն, որովհետև հանրությանը հնարավորություն է տալիս առաջին հերթին գիտակցելու՝ ինչպիսի հրաշալի ժառանգություն ենք ունեցել, և այսօր իրենից ի´նչ է ներկայացնում ժամանակակից կինոարվեստը: Ցավալիորեն դրանք համեմատության եզրեր անգամ չունեն: Ուստի առաջին հերթին հենց այս մտայնությամբ է, որ աչքի լույսի պես բոլոր հնարավոր միջոցներով պահում ու պահպանում ենք կինոյի մեր արխիվը՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելով դրանց հանրահռչակման համար:  Ժամանակակից սերունդը պիտի իմանա, որ ներկայիս այդ համբավավոր արվեստն ինչ հզորագույն հիմքեր է ունեցել Հայաստանում:

Մենք կինոյի բաժնի հիմնական ցուցադրությանը զուգահեռ, որ փոքրիկ սրահ է և շատ մոտավոր պատկերացում է տալիս այն գանձարանի մասին, որը պահպանվում է  մեր կինոֆոնդում, կազմակերպում ենք տարբեր ժամանակավոր ցուցադրություններ, որոնց մասնակցում են բոլոր շահագրգիռ կողմերը (Կինոմիությունը, կինոընկերություններ կամ անհատ մարդիկ), որոնք հետամուտ են կինոարվեստի հանրահռչակմանը մեր երկրում: Բացի ցուցադրություններից, որպես համակազմակերպիչ  մասնակցում ենք տարբեր նախաձեռնությունների իրականացմանը: Եվ ընդհանրապես սիրով ու պատրաստակամությամբ ենք օգնում բոլոր հետաքրքվողներին՝ տրամադրելով նյութեր:

Հայտնի է, որ մեր թանգարանում պահվում են նաև թատրոնի, գրականության, երաժշտության, նկարչության հետ կապված թանկ նմուշներ: Մեր ամենամեծ ձեռքբերումը վերջին տարիների վստահությունն է, որ ունենք հանրության լայն շրջանակներում, նաև սփյուռքում: Մարդիկ հասկանում են, որ ավագների թողած ժառանգության վերջնական հանգրվանը Գրականության և արվեստի թանգարանը պիտի լինի:Արդյունքում թանգարանի բաժինները, այդ թվում նաև կինոյի արխիվները համալրվում են անհամեմատ ավելի շատ, քան Խորհրդային միության լավագույն տարիներին, երբ նույնիսկ պետությունը որոշակի գումար էր հատկացնում նմուշներ գնելու համար:

Այսօր ֆոնդերը հիմնականում համալրվում են նվիրատվությունների շնորհիվ: Երանի՝ կարողանայինք հասնել այն հանգրվանին, որ արտաբյուջետային միջոցները բավարարեին և´ թանգարանի առաջնային կարիքները հոգալուն, և´ ժամանակակից մեթոդներով նյութերի պահպանման ու թվայնացման ծախսերը հոգալուն:

 Արփի Խաչատրյան