Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի նոր՝ «Ջոկեր» ֆիլմը դարձել է ամենաբարձր գնահատված կինոկոմիքսը համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ։

Այս մասին գրում է The Independent-ը, հավելելով, որ ֆիլմի վարկանիշը, որի ցուցադրությունը կինոթատրոններում սկսվելու է հոկտեմբերին, արդեն կազմում է առավելագույն 10 բալից 9,7 բալ։ «Ջոկերի» պրեմիերան կայացել է օգոստոսի 31-ին Վենետիկի կինոփառատոնում։ Ֆիլմն այնտեղ արժանացել է ութրոպեանոց ծափահարությունների։

Կոմիքսների կինոադապտացիան այսօր ոչ միայն Ամերիկյան կինոակադեմիան է ընդունում, այլև Եվրոպայի հեղինակավոր կինոփառատոներն են արժևորում: «Ջոկերը» առաջին կինոկոմիքսն է պատմության մեջ, որ հայտնվել է մեծ եռյակի փառատոների մրցույթում: «Տղաների միջոցառում Վեգասում» եռապատումի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը ֆիլմ է նկարել կոմիքսների գլխավոր չարագործներից մեկի DC-ի մասին: Բեթմենի երդվյալ թշնամուն խաղում է Խոակին Ֆենիքսը (Վենետիկում «Վարպետի» համար ստացել է դերասանական «Վոլպիի գավաթը»):

Ըստ որում Թոդ Ֆիլիպսը, որն արդեն մտմտում է «Ջոկերի» սիկվելի մասին, եթե հաջողություն լինի, կարծում է, որ ֆիլմը կարող է դուր չգալ կոմիքսների երկրպագուներին, քանի որ պերսոնաժը ընդօրինակված չէ որևէ կոնկրետ աղբյուրից. հեղինակները որոշել են ստեղծել իրենց տարբերակը, թե ինչպես է անհաջողակ ստենդափ-կոմիկ Արթուր Ֆլեկը Ջոկեր դարձել: Հեղինակներն ակնարկում են, որ չարագործ-տրիկստերի վերափոխվելը կապված է իր ծեր մոր մասին հոգալու, ինչպես նաև այն բանի հետ, որ Արթուրը կոնֆլիկտի մեջ է մտնում հեռուստահաղորդավարի հետ, որին մարմնավորել է Ռոբերտ Դե Նիրոն:

Արդեն նշվել է, որ «Ջոկեր» ֆիլմում գլխավոր դերում հանդես եկած Խոակին Ֆենիքսը դարձել է «Օսկար» մրցանակի հիմնական թեկնածուներից։ Նրա  հնարավորությունը գնահատավում է 30,7 տոկոս։