Քաղաքներին նվիրված ֆիլմերն առանձնահատուկ են. դրանք սիրո խոստովանություններ են ուրբանիստական համակեցություններին, որոնք կերտում են տվյալ ռեժիսորին կամ սցենարիստին: «Սան Ֆրանցիսկոյի վերջին սևամորթը» (2019) յուրօրինակ ներբող է նվիրված Սան Ֆրանցիսկո քաղաքին, որտեղ մեծացել են ֆիլմի ռեժիսորը` Ջո Թալբոթը և գլխավոր հերոսը` Ջիմին (Ջիմի Ֆեյլս): Լավագույն ռեժիսորի մրցանակ բերելով սկսնակ Ջո Թալբոթին` ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի ունեցավ Լոկառնոյի 72-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում:

Կինոնկարի առաջին իսկ տեսարանն արդեն խաբում է հանդիսատեսին. մեզ խոստանում են հակաուտոպիական կամ հետապոկալիպտիկ պատմություն, բայց փողոցային ճարտասանն արտասանում է մոգական տեքստը, և մենք հայտնվում ենք Ջիմիի ուտոպիայում: Հերոսն ունի մեկ երազանք․ վերադարձնել ընտանեկան տունը` Ֆիլմոր թաղամասում։  Ազնվական կեցվածքով խոյացող տունը կառուցել է Ջիմիի պապը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա Սան Ֆրանցիսկո տեղափոխված առաջին սևամորթն է։

Երազանքը սկսում է իրականանալ:

Ֆիլմի հիմնական հերոսները երկուսն են․քամու արագությամբ երազանքներ հնարող ազատատենչ  Ջիմին,  և Մոնին, որը  հանդարտ ինտելեկտուլ է և երազում է դրամա բեմադրել։ Նրանք լուռ համաձայնության են գալիս բեմադրել Ջիմիի երազանքը, որի հիմնական դեկորացիան լինելու է տունը: Նախ, զարդարում են երազանքը դեղին ծաղիկներով՝ վերագրելով նրան միֆական կարողություններ և  սկսում են ապրել այնտեղ:

Տունը դառնում է ապաստարան, որը  պաշտպանում է նրանց փողոցային առօրյայից, հանցագործություններից, անկարևորության զգացողությունից, միայնությունից: Տան շուրջը հյուսվում է նաև Ջիմիի ընտանիքի անցյալի պատմությունը, այն ընտանիքի, որն, ըստ էության չի եղել:

«Սան Ֆրանցիսկոյի վերջին սևամորթը» հիմնված է Ջո Թալբոթի և նրա մոտ ընկերոջ` Ջիմի Ֆեյլսի  մանկության և անձնական պատմությունների վրա, որոնք ուղղակիորեն կապված են Սան Ֆրանցիսկոյի հետ: Ֆիլմում նրանք պատմում են իրենց քաղաքի կենցաղի,  առանձնահատկությունների, էկոլոգիական ու սոցիալական խնդիրների մասին: Երիտասարդները պատմում են երազել կարողանալու գեղեցկության, միայնության, երազանքը կորցնելու ցավի,  ընկերներին ներելու մասին:

Ողջ ֆիլմն ասես բաղկացած լինի թատերական ներկայացման առանձին դրվագներից, որոնք հարստանում են սրամիտ մոնտաժի միջոցով. տեսարաններն ու իրադարձություններն ուղղակի նետվում են կադրի մեջ` փոխելով քաղաքի և պատմության տրամադրությունը: Մյուս կարևոր բաղադրիչը երաժշտությունն է, որն ապահովում է ֆիլմի շնչառությունը: Եվ, այս բոլոր էլեմենտները, միախառնվելով ամենագեղեցիկ քաղաքներից մեկի պատկերների հետ, ոգեշնչում են փնտրել երազանքեր, երբեմն նաև անիրականանալի:

Սոնա Կարապողոսյան

Լոկառնո, 2019